Wednesday, 23 April 2025
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի և «Ազգային» պատմամշակութային ՀԿ-ի համատեղ հայտարարությունը
Tuesday, 22 April 2025
Նիդերլանդներում տեղի են ունենում Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումներ
Մամուլի համար/Նիդ.օրագիր/Hay Azian
Նիդերլանդներում տեղի են ունենում Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումներ
2025 թվականի ապրիլը Նիդերլանդների հայ համայնքի համար դարձել է համազգային հիշատակի և ոգեկոչման ամիս։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնց կազմակերպման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, արդեն իսկ ձևավորում են հիշողության, դիմադրության և ինքնության պահպանման հստակ ուղեգիծ։
Միջոցառումների շարքը բացվեց ապրիլի 11-ին Ամստերդամում՝ «Ծիրանի ծառ» երգչախմբի համերգով։ Խումբը, որի կազմում ընդգրկված են հիմնականում հոլանդացի երաժիշտներ, հանդես եկավ Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Վլադիլեն Բալյանի, գուսան Շերամի և գուսան Աշոտի ստեղծագործություններով։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանը, իսկ խմբավարը՝ հոլանդացի երաժիշտ Իվո Բոսվայկը։ Համերգը վերածվեց մշակութային երկխոսության՝ ցավի ու կարեկցանքի, միասնության ցուցադրության հուզիչ դրսևորման:

Հաագայի Կենտրոնական Գրադարանը Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) նախաձեռնությամբ, այս ապրիլին ներկայացնում է գրքերի հատուկ հավաքածու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Գրադարանում մինչև ամսվա վերջ խնամքով կազմված գրքերի ու բրոշյուրների ընտրանին Հայոց Ցեղասպանության մասին պարունակում է խորքային գիտելիքներ, իրադարձությունների պատմական համատեքստ և այս ողբերգության մնայուն ազդեցության խորաթափանցություն։ Սա պատշաճ առիթ է՝ ծանոթանալու պատմական անցյալին և հայ ժողովրդի տոկուն ոգուն։
Սակայն հիմնական միջոցառումները դեռ առջևում են։
Այս օրերին Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Եվրոպայի թեմի հովանու ներքո Եվրոպայում համերգների շարք կունենա Կոմիտասի անվան լարային քառյակը: Ապրիլի 22-ին, Ալմելո հայաշատ քաղաքում ի հիշատակ 1915 թվականի անմեղ նահատակների Ալմելոյի հայկական եկեղեցում խումբը` սոպրանո Ռուզաննա Նահապետյանի մասնակցությամբ ոգեկոչման համերգ կունենա։

Այդ օրը` Ապրիլի 22-ին, ժամը 19:30-ին, մեծ միջոցառում է տեղի ունենալու Հաագայի գերմանական եկեղեցում («Deutsche Evangelische Kirche»): Այս տարվա ոգեկոչման թեման է` «Երիտասարդությունն ու ցեղասպանության ուսուցման կարևորությունը»: Այս թեմայով կհնչեն քաղաքական ու վերլուծական ելույթներ։ Մասնակիցների շարքում կլինեն ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը, պատգամավոր Դոն Սեդերը, վավերագրող Սինան Ջանը, պատմաբան Դիրկ Ռոդզանթը։ Երաժշտական մասը կիրականացնեն սոպրանո Միլենա Բեգլարյանը և «Աբովյան» միության երիտասարդական երգչախումբը։
Ապրիլի 23-ին, Նիդերլանդների ՀՅԴ երիտասարդական միությունը կկազմակերպի ավանդական ջահերով երթ՝ Ալմելոյում։ Երթի մեկնարկը՝ 19:15-ին Սխելֆհորսթ առևտրի կենտրոնից, խորհրդանշական ժամանակով հիշեցում է ցեղասպանության տարեթվի մասին։ Հազարավոր մասնակիցներ քայլելու են դեպի Հայ Առաքելական եկեղեցու բակ՝ դեպի հուշհամալիր: Դա հիշողության ու պարտքի զգացողության քայլերթ է։

Ապրիլի 24-ին, Կոմիտասի անվան քառյակը` սոպրանո Ռուզաննա Նահապետյանի մասնակցությամբ կլինի Diemen քաղաքում, տեղի կունենա բացառիկ մշակութային միջոցառում՝ «Դիմադրության արձագանքները. Նվիրվածություն նահատակներին Կոմիտասի սրբազան ձայնով» խորագրով։ Սա կլինի երաժշտության միջոցով տրված խոնարհումը՝ մեր նախնիների հիշատակին։

Նույն օրը՝ Ապրիլի 24-ին, ժամը 13:00-ին, Ասենի Բոսկամպ գերեզմանատանը տեղի կունենա հիշատակի արարողություն՝ ծաղկեպսակների զետեղմամբ, ելույթներով ու համայնքային աղոթքով։ Կմասնակցեն ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը, քաղաքական գործիչներ, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ապրիլի 24-ը մարդաշատ է լինելու Ալմելոյում: Հազարավոր հայեր և համակիրներ հնարավորություն կունենան այցելել ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Միջոցառմանը կմասնակցեն դեսպանը, Ալմելոյի քաղաքապետը, խորհրդարանի և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, տարբեր համայնքների ներկայացուցիչներ։
Հայկական բոլոր եկեղեցիներում կղողանջեն զանգերը, կկատարվեն պատարագներ։
Հաշվի առնելով Նիդերլանդներում Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների հագեցվածությունն ու ֆիզիկական մասնակցության հնարավորությունները` Ամստերդամում այն կնշվի ապրիլի 27-ին: Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու պատին տեղադրված հուշաքարի մոտ կանցկացվի ամենամյա հիշատակի արարողությունը։ Միջոցառման ընթացքում ելույթ կունենան ՀՀ դեսպանը, Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման, Նիդերլանդների և ԵՄ խորհրդարանների պատգամավորներ։

Այս ամենի կողքին շարունակվում է նաև քաղաքական պայքարը։ Ապրիլի 15-ին FAON-ը կրկին ներկայացրեց հանրագիր Նիդերլանդների խորհրդարանին՝ կոչ անելով ոչ միայն ընդունել Հայոց ցեղասպանությունը հստակ ձևակերպմամբ, այլև ամրապնդել դրա ուսուցումը միջնակարգ կրթության համակարգում։ Վերջին բանաձևը՝ Դոն Սեդերի և գործընկերների նախաձեռնությամբ, ընդունվել է գրեթե միաձայն։ Կառավարությունն այժմ պարտավորվել է մայիսյան արձակուրդներից առաջ ներկայացնել իր պաշտոնական դիրքորոշումը։
Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության հիշատակը վերածվել է հոգևոր, մշակութային և քաղաքական դիմադրության խորհրդի։ Այս տարվա ոգեկոչումը՝ իր բազմազանությամբ, ընդգծում է հիշողության շարունակության՝ ապրող սերունդների մեջ։ Հիշողությունն այստեղ ապրում է ոչ միայն ազգային ինքնապահմանմամբ, այլ երգով, քայլով, պատարագով ու քաղաքական հնչեղությամբ։
«Նիդերլանդական օրագիր»

Monday, 21 April 2025
Ֆրանցիսկոս պապը մահացել է 88 տարեկանում
2025 թվականի ապրիլի 21-ին Վատիկանում մահացել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս պապը։ Նա 88 տարեկան էր։ Պապը տառապում էր շնչառական հիվանդություններից, որոնք վերջնականապես սրվել էին երկկողմանի թոքաբորբով։
Ֆրանցիսկոս պապը ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում՝ Խորխե Մարիո Բերգոլիո անունով։ 2013 թվականին ընտրվել է պապ՝ Բենեդիկտոս XVI-ի հրաժարականից հետո։ Նա պատմության մեջ առաջին լատինամերիկյան և առաջին Հիսուսյան միաբանության ներկայացուցիչ պապն էր։
Ֆրանցիսկոսը հայտնի էր իր համեստությամբ, աղքատների և մարգինալացվածների պաշտպանությամբ, ինչպես նաև՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու կոչերով։ Նրա մահվան լուրը մեծ վշտով է ընդունվել ամբողջ աշխարհում։
Նա հիշվելու է որպես ժամանակակից աշխարհի կարեկցող և առաջադեմ առաջնորդներից մեկը։
Sunday, 20 April 2025
Սուրբ Հարության տոնական Սուրբ Պատարագները Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցում
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը: Այն մեր եկեղեցու հինգ տաղավար տոներից երկրորդն է և քրիստոնյաների կյանքում նույնպիսի կարևորություն ունի, ինչպիսին Սուրբ Ծննդյան տոնը: Ըստ Նոր Կտակարանի ՝ խաչելությունից և թաղումից հետո երրորդ օրը Հիսուս հարություն առավ և խաչի վրա թափված արյամբ ու հարությամբ մարդկության առջև բացեց փրկության ու լույսի ճանապարհը:
Ապրիլի 19-ին ՝ Ավագ շաբաթվա երեկոյան , Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության առիթով , Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցում , մատուցվեց Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագ : Պատարագիչն էր Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարչի օգնական , Արժանապատիվ Տ. Պետրոս քահանա Կադեյանը: Մինչ Սուրբ Պատարագը, ճեմարանականների կողմից ներկայացվեցին սուրբգրային ընթերցումներ, որին հաջորդեց Դանիելի թղթի ընթերցումը՝ դարձյալ ճեմարանականների կողմից: Սրբազնագույն արարողությանը ներկաները միմյանց փոխանցեցին օրվա ավետիսը՝ Քրիստոս հարյավ ի մեռելոց: Ձեզ և մեզ մեծ ավետիս:
Ճրագալույցի Պատարագին հաջորդեց Զատկական Տնօրհնեքի կարգ՝ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում:
Իսկ այսօր՝ ապրիլի 20-ին, Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցում, Զատկական Սուրբ Պատարագ մատուցվեց՝ ձեռամբ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ և Հնդկահայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանի: Հըթացս Սուրբ Պատարագի, Հայր սուրբը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով: Սրբազան արարողությանը ներկա էին Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայոց եկեղեցու վարչության անդամներ տիկին Սյուզան Ռուբենը, տիար Սյունիլ Սոբտին, հնդկահայ համայնքի ներկայացուցիչներ, Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի ուսուցիչներ ու աշակերտներ:
Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
Ձեզ և մեզ մեծ ավետիս:
Լիանա ՓԻՐՈՒՄՅԱՆ
Կալկաթա











