Страницы

Saturday, 5 July 2025

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության մասին բանաձևին

 

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 2-ին հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության մասին բանաձևին։ Ինչպես հաղորդում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը, բանաձևում դատապարտվում են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք սպառնում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը՝ Հայաստանը ներկայացնելով որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Բանաձևն աջակցություն է հայտնում Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ որպես տարածաշրջանային համագործակցության և խաղաղության նպաստող տեսլական։Ուշադրություն է հրավիրվում Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում ընթացող դատավարություններին, որոնց ժամանակ միջազգային դիտորդների և օտարերկրյա մամուլի մուտքն արգելված է։ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի բանաձևը պահանջում է ազատ արձակել 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո ձերբակալված բոլոր հայ պատանդներին, այդ թվում՝ նախկին տեղական պաշտոնյաներին, և ապահովել նրանց հիմնարար իրավունքների պաշտպանությունը՝ հանրային դատավարությունների և բժշկական վերահսկողության ներքո։ Բանաձևում անդրադարձ է կատարվում 2025 թ. մարտին բանակցված խաղաղության համաձայնագրի նախագծին Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ կոչ անելով կողմերին հնարավորինս արագ ստորագրել այն առանց նախապայմանների։

Բելգիացի խորհրդարանականները նաև դատապարտում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի գրասենյակների փակումն  Ադրբեջանում։ Բանաձևում նաև նշվում է, որ դիտարկվում են Երևանում Բելգիայի դեսպանատանը հյուպատոսական ծառայությունների ներդրման հնարավորությունները։ Կոչ է արվում թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգության վիճակը գնահատելու և պահելու նպատակով։Ընդգծվում է, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել ավելի քան 220 քառ. կմ Հայաստանի Հանրապետության տարածք։ Բանաձևն աջակցություն է հայտնում թիրախային պատժամիջոցների կիրառմանը այն անձանց ու կառույցների նկատմամբ, որոնք խախտել են 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարը, խախտել են մարդու իրավունքներն ու հումանիտար իրավունքը կամ սպառնացել են Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Բանաձևը կքննարկվի և կքվեարկվի նաև Բելգիայի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում։

No comments:

Post a Comment