Страницы

Friday, 22 August 2025

Երևանի կրկեսը և Լեոնիդ Ենգիբարյանը

 

Մշակույթ/Նիդ.օրագիր/ Hay  Azian 
Երևանի կրկեսը և Լեոնիդ Ենգիբարյանը 
21.08.2025
Երևանի կրկեսը երկար տարիներ եղել է քաղաքի մշակութային կյանքի անբաժան մասը։ Այն ոչ միայն ժամանցի կենտրոն էր, այլև արվեստի տարածք, որտեղ սերունդները բացահայտել են արվեստի նոր հմայքը։ Կրկեսի պատմության ամենավառ էջերից մեկը կապված է Լեոնիդ Ենգիբարյանի անվան հետ․ ծաղրածու, ով ժանրին տվեց անսպասելի խորություն և փոխեց հանդիսատեսի ընկալումները։
Կրկեսի առաջին կայուն շենքը կառուցվել է 1939 թվականին ճարտարապետ Կորյուն Հակոբյանի նախագծով։ Կլոր դահլիճը նախատեսված էր շուրջ մեկուկես հազար հանդիսատեսի համար և համարվում էր բացառիկ կառույց ողջ տարածաշրջանում։ Տասնամյակներ շարունակ նրա բեմին ելույթ են ունեցել խորհրդային ու արտասահմանյան ճանաչված արտիստներ։ 1962 թվականին կրկեսը հիմնովին վերակառուցվեց՝ դառնալով ԽՍՀՄ լավագույններից մեկը։ Սակայն ժամանակի ընթացքում հին շենքը որոշվեց  փոխարինել նորով։ 2012-ին այն քանդվեց, այժմ բացվել է նոր և ժամանակակից շենք՝ համապատասխան միջազգային չափանիշներին։
Կրկեսում հաճախ ելույթ էր ունենում նաև լեգենդար Լեոնիդ Ենգիբարյանը, որի հուշարձանը կրկեսի առջևում է։  Ծնված լինելով Մոսկվայում՝ նա  սրտով կապված էր Հայաստանին։ Ենգիբարյանը խորհրդային կրկեսի ամենատաղանդավոր կլոուն-միմերից էր, որը ժանրին հաղորդեց փիլիսոփայական խորություն։ Նրա կերպարը կենսունակ էր` ծիծաղ պարգևող, նա հուզում ու ստիպում էր խորհել։ Տեսարանների մեջ նա համադրում էր հումորն ու դրամատիկ զգացմունքները՝ դառնալով խորհրդանշական «տխուր կլոուն»։
Երևանի հանդիսատեսը առանձնակի սիրով էր ընդունում նրա ելույթները։ Դրանք միշտ վերածվում էին մեծ մշակութային իրադարձության։ Ցավոք, Ենգիբարյանը կյանքից հեռացավ շատ երիտասարդ՝ ընդամենը 37 տարեկանում։ Սակայն նրա թողած ժառանգությունն այսօր էլ կենդանի է։ Երևանում նրա անունով կոչվել է փողոց, իսկ նրա հիշատակը պարբերաբար նշվում է տարբեր միջոցառումներով։
Երևանի կրկեսն ու Լեոնիդ Ենգիբարյանը միասին ձևավորեցին մի մշակութային երեւույթ, որը դարձավ քաղաքի ինքնության մաս։ Կրկեսը՝ որպես հաստատություն, և Ենգիբարյանը՝ որպես կենդանի լեգենդ, միասին հարստացրին երևանցիների մշակութային հիշողությունը և շարունակում են ներշնչել նոր սերունդներին։
Նկարներում` Ենգիբարյանի արձանը նոր կրկեսի շենքի մոտ։




No comments:

Post a Comment