Страницы

Friday, 29 August 2025

ԻՆՉՊԵՍ ՄԵԿՆԵԼ ՕՇԱԿԱՆ

Օշական հասնելը հանրային տրանսպորտով պարզ ու հարմար տարբերակ է, բայց քչերին է հայտնի դրա մանրամասների մասին։ Երևանից դեպի Օշական ուղևորությունները կազմակերպվում են Կիլիկիա ավտոկայարանից, սակայն ճշգրիտ ժամանակացույցի բացակայությունը և սահմանափակ մեկնման ժամերը հաճախ որոշակի դժվարություններ են առաջացնում։

Կիրակի առավոտյան մենք եղանք Կիլիկիա ավտոկայարանում՝ նախատեսելով մեկնել ժամը տասին։ Սակայն պարզվեց, որ հաջորդ միկրոավտոբուսը միայն ժամը տասներկուսին է շարժվելու։ Երկու ժամ սպասելուց հետո ժամանեց 16 տեղանոց 517 համարի նոր միկրոավտոբուս, որը կեսով լցված ուղևորներով մեկնեց դեպի Օշական։ Հանգստյան օրերին Երևանից Օշական մեկնում է ընդամենը չորս միկրոավտոբուս, իսկ աշխատանքային օրերին՝ ութ։ Այդ ժամերը տեսանելի են միայն միկրոավտոբուսի մեջ` վարորդի մոտ տեղադրված գրաֆիկում, բայց համացանցում նման մանրամասը տեղեկատվություն չկա։ Նույն ժամանակահատվածում մեկնում է նաև Ոսկևազի միկրոավտոբուսը, ինչը նշանակում է, որ ուղևորները ստիպված են լինում երկար սպասել հաջորդ երթին։ Տրանսպորտի պատասխանատուները վստահեցրեցին, որ գրաֆիկը կարգավորման փուլում է և առաջիկայում կարող են լինել փոփոխություններ։ Ուղևորության արժեքը 350 դրամ է։ Սակայն մարդկանց սակավությունը միկրոավտոբուսներում հիմնականում բացատրվում է ոչ թե պահանջարկի բացակայությամբ, այլ տեղեկացվածության պակասով։

Բացի տրանսպորտային դժվարություններից, Օշական այցելելը ուղևորություն է նաև դեպի պատմություն։ Գյուղը ոչ միայն Հայաստանի ամենամեծերից մեկն է, այլև ունի բացառիկ մշակութային և հոգևոր ժառանգություն։ Բունիկ/Bounik ում ամեն բանի մասին ձեզ սիրով կպատմեն։ Այստեղ է գտնվում հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը, ուստի Օշականը վաղուց համարվում է ուխտագնացության վայր։ Գյուղը դարեր շարունակ եղել է Ամատունիների կենտրոնը։ Ներկայիս եկեղեցին վերանորոգվել է 1879 թվականին՝ Եսայի ավագ քահանա Ամատունու ջանքերով, իսկ մեկ տարի անց` 1880թ. վերականգնվել է իշխան Վահան Ամատունու գերեզմանը։ 1913 թվականին Նիկոդիմոս Ամատունու նվիրատվությամբ Օշականում կառուցվել է ժամանակի համար շքեղ դպրոցի շենք։ Գյուղն ունեցել է նաև իր բանկը, որի հաշվապահն էր Սարդարապատի հերոսամարտի մասնակից Վահան Ամատունին։ Նրա ավագ եղբայրը՝ Գարեգին Ամատունին,  եղել է Օշականի ու մի քանի գյուղերի ղեկավար, իսկ որդիներից մեկը զոհվել է նույն Սարդարապատի պատերազմում։ Խորհրդային տարիներին գյուղում  քահանա է եղել Վազգեն Ամատունին՝ շարունակելով ընտանեկան ավանդույթը։

Այսօր Օշականը մի վայր է, որտեղ միախառնվում են անցյալի հերոսական էջերը և ներկայի առօրյան։ Այնտեղ մեկնելը ոչ միայն հնարավորություն է մոտիկից տեսնելու Մաշտոցի հանգրվանը և Ամատունիների ժառանգությունը, այլև փորձ է հաղթահարելու մեր հանրային տրանսպորտի բացերը։ Եթե տեղեկացվածությունը մեծանա, և երթուղիների կազմակերպումն ավելի արդյունավետ դառնա, Օշականը կարող է վերածվել ոչ միայն ուխտատեղիի, այլև ամեն օր հասանելի և հարմար ուղևորության վայրի։




No comments:

Post a Comment