Страницы

Thursday, 7 August 2025

Սպիտակ տանը կկայանա Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել խաղաղության շրջանակային համաձայնագիր

 

Համաձայնագրով ԱՄՆ-ն ստանալու է բացառիկ իրավունքներ՝ Հարավային Կովկասով անցնող ռազմավարական տարանցիկ միջանցքի՝ «Թրամփի ճանապարհ՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) նախագծի շրջանակում


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ վաղը Սպիտակ տանը կկայանա Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել խաղաղության շրջանակային համաձայնագիր։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաների։ Համաձայնագրով ԱՄՆ-ն ստանալու է բացառիկ իրավունքներ՝ Հարավային Կովկասով անցնող ռազմավարական տարանցիկ միջանցքի՝ «Թրամփի ճանապարհ՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) նախագծի շրջանակում։

Ամերիկյան կողմի գնահատմամբ՝ փաստաթուղթը ճանապարհ կհարթի դեպի երկարաժամկետ խաղաղություն և կլուծի հաղորդակցության ուղիների շուրջ երկար տարիներ գոյություն ունեցող տարաձայնությունները։ Նախաձեռնությունն ուղղված է Ադրբեջանին Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով կապելու հնարավորության ստեղծմանը։ Հայաստանի կառավարությունը, համաձայն հաղորդված տեղեկատվության, համաձայնել է ԱՄՆ-ին տրամադրել միջանցքի զարգացման բացառիկ իրավունքները՝ երկարաժամկետ պայմանագրով, որի ժամկետները դեռ քննարկման փուլում են։

Kyivpost-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում նախատեսվում է նաև մի շարք փաստաթղթերի ստորագրում՝ ներառյալ համատեղ հռչակագիր, խաղաղության համաձայնագրի նախաստորագրում, Մինսկի խմբից դուրս գալու մասին նամակ և երկկողմ հուշագրեր ԱՄՆ-ի հետ։

Երկու աղբյուրներն ընդգծում են, որ TRIPP-ը տնտեսական և ենթակառուցվածքային նախագիծ է, և չի նախատեսում անվտանգության երաշխիքներ կամ ամերիկյան ուժերի տեղակայման հնարավորություն։ Նախագիծը կիրագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակում, ԱՄՆ-ն այն կհանձնի ենթավարձակալության մասնավոր կոնսորցիումի, որի անունը դեռ չի հրապարակվում։

Սպասվում է, որ նախաձեռնությունը կփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան՝ ամրապնդելով ԱՄՆ-ի դերը Հարավային Կովկասում։

No comments:

Post a Comment