Страницы

Friday, 26 September 2025

Դեպի Նիդերլանդների խորհրդարան

 ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԹԵԿՆԱԾՈւՆԵՐԸ

Ծանոթացեք. Անի Զալինյան․ Դեպի Նիդերլանդների խորհրդարան

Հոլանդահայ քաղաքական գործիչ Անի Զալինյանը, ով ներկայումս ծառայում է որպես Հեմսկերքի համայնքի wethouder (փոխքաղաքապետ), առաջադրվել է Նիդերլանդների Tweede Kamer-ի (Ներկայացուցիչների պալատ) 2025 թ․ հոկտեմբերի 29-ին կայանալիք ընտրություններին։ Նա ընդգրկված է GroenLinks կուսակցության ցուցակում՝ 15-րդ համարի ներքո։

Այդ տեղը ցուցակում ունի կարևոր նշանակություն, քանի որ GroenLinks-ը նախորդ ընտրությունների ժամանակ խորհրդարանում ապահովել էր ավելին` քան 15 մանդատն է։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ առաջիկա ընտրություններից հետո Զալինյանը կարող է դառնալ Նիդերլանդների առաջին հայազգի պատգամավորն ազգային ժողովում:

Ով է Անի Զալինյանը

Անի Զալինյանը մասնագիտությամբ իրավաբան է՝ պետական և վարչական իրավունքի ոլորտում։ Քաղաքականություն մտնելու հիմնական դրդապատճառը եղել է հավատը, որ յուրաքանչյուր մարդ արժանի է կայուն հիմքի՝ ապահով տուն, որակյալ առողջապահություն, կրթություն և ապրելու համար անվտանգ ու կայուն միջավայր։

Նա բազմիցս ընդգծել է, որ քաղաքականությունը պետք է իրական լուծումներ տա իրական խնդիրներին։ Իր խոսքերով՝ «Շատ մարդիկ այսօր աշխատում են գոյատևելու համար, ոչ թե ապրելու։ Դա պետք է փոխվի»։

2024 թ․ Անի Զալինյանը ճանաչվեց «Տարվա երիտասարդ կառավարիչ», երբ որպես Հեմսկերքի փոխքաղաքապետ հաջողությամբ զբաղվեց բարդ սոցիալական և բնապահպանական հարցերով իր միսիան։ Նրա առանձնահատկությունն այն է, որ կարողանում է դժվարին իրավական և քաղաքական թեմաները մատուցել պարզ ու հասկանալի ձևով՝ մարդկանց ներգրավելով իր տեսլականում։

Ինչու է սա կարևոր

Զալինյանի հնարավոր ընտրվելը կարող է պատմական պահ դառնալ Նիդերլանդների հայ համայնքի համար։ Դա ոչ միայն կխորհրդանշի հայերի ներդրումը հոլանդական հասարակության մեջ, այլև կնշանակի, որ նրանց ձայնը լսելի կլինի երկրի քաղաքականության բարձրագույն մակարդակներում։ Մենք դեռ տարիներ առաջ էինք կանխորոշել, որ հայերը Նիդերլանդների հասարակության մեջ իրենց ծանրակշիռ դերն ու դիրքն են զբաղեցնում:

Հիմա մնում է համբերությամբ սպասել հոկտեմբերի 29-ին և օգտվել ընտրության հնարավորությունից։ Ինչպես նշում են կուսակցության համակիրները՝ յուրաքանչյուր ձայն կարող է վճռորոշ լինել։ Եթե արդյունքները լինեն այնպես, ինչպես կանխատեսվում է, ապա առաջին անգամ Նիդերլանդների խորհրդարանում կներկայանա հայազգի պատգամավոր՝ Անի Զալինյանը։

26.09.2025/Նիդ.օրագիր

No comments:

Post a Comment