Страницы

Friday, 5 September 2025

Գևորգ Հակոբյանը Նիդերլանդների ազգային օպերայում՝ Սկարպիայի դերում

 


Գևորգ Հակոբյանը Նիդերլանդների ազգային օպերայում՝ Սկարպիայի դերում

Հայաստանյան և միջազգային օպերային բեմերում մեծ ճանաչում ձեռք բերած բարիտոն Գևորգ Հակոբյանը կրկին վերադարձել է Նիդերլանդների ազգային օպերային թատրոն՝ հանդես գալու Ջակոմո Պուչչինիի անմահ ստեղծագործությունում՝ «Տոսկա» օպերայում։

Ներկայացումները տեղի են ունենում սեպտեմբերի 3-ից մինչև 25-ը՝ հանճարեղ ռեժիսոր Բարի Կոսկիի բեմադրությամբ։ Հայ երգիչը մարմնավորում է Բարոն Սկարպիայի կերպարը՝ այն դերերգը, որով արդեն իսկ 2022թ․ Նիդերլանդներում արժանացել էր հանդիսատեսի և երաժշտական քննադատների բարձր գնահատականներին։

Գևորգ Հակոբյանը համարվում է մեր ժամանակների լավագույն Սկարպիաներից մեկը։ Նրա ուժեղ և դրամատիկ բարիտոնը, իտալական օպերային ավանդույթներին հատուկ ճշգրտությամբ և խորությամբ կատարումները, ինչպես նաև կերպարային հզոր ու հոգեբանական լիարժեք մեկնաբանությունները միջազգային բեմերում առանձնացնում են նրան։

Հակոբյանի մասնակցությամբ «Տոսկա»-ի ներկայացումները Նիդերլանդներում կկայանան սեպտեմբերի  6, 9, 12, 15, 18, 21, 23 և 25-ին։ Սա հայ օպերային արվեստի նշանակալի հաղթանակներից մեկն է, որը կրկին վկայում է հայ արտիստների բարձր վարպետության և միջազգային հարթակներում մրցունակության մասին։

Գևորգ Հակոբյանը իր բեմական կարիերայի ընթացքում արդեն հանդես է եկել աշխարհի հեղինակավոր օպերային թատրոններում՝ Հռոմի օպերայում, Մոսկվայի Մեծ թատրոնում, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, Վալենսիայի «Սոֆիա թագուհու» արվեստների պալատում, Բոլոնիայի Տեատրո Կոմունալեում, Շտուտգարտի օպերայում և այլուր։ Նրա գործընկերներն են եղել Պլասիդո Դոմինգոն, Մարիա Գուլեգինան, Լիաննա Հարությունյանը և բազմաթիվ այլ օպերային աստղեր։

Նիդերլանդներում սպասվող այս ներկայացումները նոր ապացույց են, որ Գևորգ Հակոբյանը շարունակում է հաստատուն քայլերով ամրապնդել իր տեղը համաշխարհային օպերային արվեստի առաջատար բարիտոնների շարքում։

Տես` Dutch National Opera - Tosca (2022) Barrie Kosky - Marco Borggreve 15.jpg - Google Drive



No comments:

Post a Comment