Страницы

Monday, 8 September 2025

Ալմելոյի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցը նոր ուսումնական տարին սկսեց տոնական տրամադրությամբ

 

Նիդերլանդների հայկական դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական տարին:

Աշունը՝ նոր սկիզբների ու հույսերի եղանակը, ուրախություն ու խանդավառություն բերեց Ալմելոյի հայ համայնքին։ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցը բացեց իր դռները՝ դիմավորելով փոքրիկներին և նրանց ծնողներին տոնական մթնոլորտում։

Օրվա խորհրդավոր սկիզբը նշանավորվեց գեղեցիկ ավանդույթով․ երեխաները քայլեցին կարմիր գորգի վրայով և միասին ուսուցիչների ու ծնողների հետ կիսեցին տոնական նախաճաշը։ Շնորհալի պարը՝ «Կարնո քոչարին», հնչեց սրահում՝ զարդարելով բացման արարողությունը և հիշեցնելով ազգային ինքնության ուժն ու համախմբող ոգին։

Դասարաններում մանկիկները պատմեցին իրենց ամառային հիշողությունները, ծանոթացան նորեկ ընկերների հետ և բարձրաձայնեցին իրենց ցանկություններն ու երազանքները՝ լի նոր ձեռքբերումների սպասումով։

Այս ուրախ առիթին զուգահեռ դպրոցական ընտանիքը շնորհավորեց դպրոցի տնօրեն, հմուտ ու սրտացավ մանկավարժ Սվետլանա Անդրեսյանին։ Նրան ուղղված շնորհավորանքները լցվեցին սիրով և երախտագիտությամբ՝ որպես մանկավարժի, ով տարիներ շարունակ իր ջերմությամբ և նվիրումով դեպի գիտելիքների տաճար է առաջնորդում իր սաներին։

«Նիդերլանդական օրագիր» պարբերականը սրտանց շնորհավորում է ինչպես բոլոր ուսուցիչներին ու աշակերտներին նոր ուսումնական տարվա առթիվ, այնպես էլ տիկին Սվետլանա Անդրեսյանին։ Մաղթում ենք առողջություն, անսպառ ոգևորություն և նորանոր հաջողություններ։

Այսպիսով, Ալմելոյի հայ համայնքը մեկ օրվա ընթացքում կրկնակի տոն ունեցավ՝ գիտելիքի ու մանկավարժի օրվա գեղեցիկ միախառնումով։

Ի դեպ Նիդերլանդների գրեթե բոլոր հայկական կիրակնօրյա դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական տարին։

Բարի երթ...



No comments:

Post a Comment