Ցերակույթը վարեց Հայաստանի գրողների և ժուռնալիստների միության Լոռու մարզային բաժանմունքների նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը: Համառոտ ներկայացնելով և արժանվույնս գնահատելով կրթության, գրահրատարակման, լրագրողական և այլ բնագավառներում Գ. Աթաբեկյանի ազգաշահ գործունեությունը, նա խոսք ասելու իրավունք վերապահեց տողերիս հեղինակին:
Նախ հիշեցրի, որ Գագիկ Աթաբեկյանը ծնվել է հայոց մեծագույն տոներից մեկի՝ Թարգմանչաց տոնի օրը, որը, թերևս, նրա ամենասիրելի տոներից ամենանախընտրելին էր: Գիտակցելով, որ գրերի գյուտից հետո լայն թափով ծավալվող ու մեծ զարգացում ապրող թարգմանչական արվեստը հայ ազգին բերեց այն բացառիկ հնարավորությունը, որով գիր ու գրականությամբ, պատմագրությամբ, փիլիսոփայական երկերով հռչակված ազգերի մեջ Հայն էլ ունեցավ իր ուրույն ու արժանապատիվ տեղը: Ահա ինչու նա տոնին նախապատրաստվում էր հանգամանորեն, որևէ արժանահիշատակ գործով, միջոցառմամբ էլ նշանավորում այն: «Մաշտոցը» վերելքի ճանապարհին Այսպես վերնագրեցի ասելիքս, այն հաստատ համոզմամբ, որ նրա ստեղծած ՀԿ-ն, սիրելի դարձած ամսագիրը չեն դադարեցնելու իրենց գործունեությունը, շարունակելու են լեգենդար սկզբնավորում ունեցողվերելքի ճանապարհը: 30 տարի առաջ ստեղծվեց «Մաշտոց ՀԿ-ն, որին հետևեց լույս տեսնել «Մաշտոց» Լոռվա մշակույթ» կրթամշակութային հանդեսի առաջին համարը: Մի հոբելյանի առթիվ շնորհավորական առաջին ուղերձը «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանից էր:
-Գրավոր խոսքն արժեքավոր երևույթ է և իր հետքն է թողնում մշակույթի պատմության մեջ: Հանդեսի առաքելությունն այդ առումով առանձնահատուկ է , որովհետև ծնունդ առավ ծանր ժամանակահատվածում, երբ թերթեր ու ամսագրեր էին փակվում, և գրավոր խոսքի յուրահատուկ վակուում էր առաջացել:Պարբերականում ներկայացվում են հայտնի ու նորահայտ ստեղծագործող արվեստագետներ, հայագետներ, ուսուցիչներ և այլ ոլորտի մասնագետներ: Ուրախությամբ կարող ենք արձանագրել , որ «Մաշտոցը» վերելքի ճանապարհին է և իր նոր ու հետաքրքիր հրապարակումներով դեռ ավելի մեծ լսարաններ պիտի հավաքի իր շուրջը,-ոգևորիչ այս խոսքերով հարգարժան խմբագիրն արժևորեց շնորհավորանքը:
Անկեղծ, ջերմ ու հուզիչ է երիտասարդ երաժիշտ, քանոնահար , միջազգային փառատոների դափնեկիր Մարիաննա Գրիգորյանի շնորհավորական խոսքը.
-Բացում եմ հանդեսի թիվ 58 համարը և, այ քեզ հրաշք... ես ներկայացված եմ քանոն նվագարանով հանդեսի շապիկին և «Հայուհին իր քանոնի պես հնչեղ» վերտառությամբ հոդվածով: Նման պատվի ես դեռ չէի արժանացել:
Կորցրել էի խոսելու ընդունակությունս , արցունքները հոսում էին այտերիցս, հուզմունքս անասելի էր...Շատ պարտավորեցնող է, մեծ պատիվ է, մտածում եմ՝ ես հիմա ինչ պետք է անեմ, որ արժանի զավակը լինեմ իմ երկրի ու հայ մշակույթի»:
Երախտագետ քանոնահարուհին հիշատակում է նաև թիվ 80-ում «Քանոնի ոսկեմատիկ քրմուհին» հոդվածը՝ դարձյալ իր մասին, և հպարտությամբ տեղեկացնում, որ երկու հոդվածներն էլ մեծ արձագանք են գտել սփյուռքի հայության շրջանում, այն իրենց էջերում վերատպել են Հունաստանի «Ազատ օր», Լիբանանի «Արարատ» ու «Ազդակ», Իրանի «Ալիք», Մոնրեալի «Ապագա» և «Հորիզոն», Թուրքիայի «Մարմարա», Կահիրեի «Յուսաբեր» և այլ պարբերականներ:
«Մեծածավալ ու շռայլ շտեմարան՝ մտքի, խոսքի, գրի, ապրած կյանքի, վաստակի, սերունդներ կրթած ու ճանապարհ տված՝ ահա այսպիսին են «Մաշտոցն» ու նրա խմբագրապետը». այս դիպուկ գնահատանքով է քանոնահարուհին ավարտում իր երախտագիտության խոսքը, խոսք, որի տակ իրենց ստորագրությունը սիրով կդնեն բազմաթիվ թե երիտասարդ, թե մեծահասակ արվեստագետներ, մշակույթի գործիչներ, ուսուցիչներ, վաստակաշատ այլ այրեր ու տիկնայք:
«Մաշտոց» հանդեսի ծնունդն աշխարհ եկող մանկան ծնունդի նման դժվարին, բայց և սպասելի-ուրախալի էր: Այն մտահղացավ, հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը դարձավ վաստակաշատ ուսուցիչ, մշակույթի նվիրյալ, հրատարակիչ Գագիկ Աթաբեկյանը: Այդ մասին, թե ինչպես «հանկարծակի ձեռնամուխ եղավ գործունեություն ծավալել իր համար անսովոր, իր մասնագիտությանից հեռու մի նոր բնագավառում» (սա իր խոսքերն են), Նա գեղարվեստորեն անպաճույճ լեզվով հրաշալի է ներկայացրել «Երեկ լավ էր, քան վուր էգուց» նովելային վերջաբան ունեցող պատմվածքում: Այն տպագրված է «Մաշտոցի» -ում: Գագիկ Աթաբեկյանը ֆիզիկայի ուսուցիչ է, ով դեռևս ուսանողության տարիներին ինստիտուտի ղեկավարության, ժողկրթբաժնի խնդրանքով կամավորության հիմունքով աշխատել է Սպիտակի թիվ 4 դպրոցում:
Ծառայել է ԽՍՀՄ բանակում, զորացրվել կոմկուսի անդամատոմսը գրպանում և անմիջապես աշխատանքի անցել Կիրովականի պոլիմերային սոսինձների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ինժեներ:
Պատահաբար եմ տեղեկացել, որ նաուշագրավ հաջողություններ է ունեցել գիտահետազոտական աշխատանքների բնագավառում: Պոլիմերային սոսինձների գործարանի կարևոր բաժիններից մեկի այն ժամանակ նրա ղեկավար, այժմ Վանաձորի համալսարանի պրոֆեսոր Հրաչիկ Ղազարյանը մի առիթով ինձ տեղեկացրեց, որ Գագիկ Աթաբեկյանը արտոնագրված երկու գյուտի հեղինակ է, նրա գյուտերը տեխնիկական, կամ որ նույնն է, ֆիզիկայի բնագավառին վերաբերող գյուտեր են, որոնք նպաստել են պոլիմերային սոսինձների արտադրության և իրացման խնդիրների իրագործմանը: Ցերեկույթին այն օրերի համատեղ աշխատանքի մասին հետաքրքիր հուշերով էլ հանդես եկավ հարգարծան պրոֆեսորը:
Արգասաբեր է եղել նրա 15-ամյա գործունեությունը ՀՀ ԿԳ նախարարության թիվ 45 պրոֆտեխուսունարանում : Այդ մասին էլ ուշագրավ մանրամասներ հաղորդեց, գնահատանքի խոսք ասաց նրա ընկեր, բանաստեղծ Գագիկ Խաչատրյանը, ով այդ տարիներին ևս աշխատել է նույն ուսհաստատությունում, որի ընթացքում է հաստատվել նրանց անդավաճան ընկերությունը:
1995թ.-ին Գ. Աթաբեկյանը ստանձում է Վանաձորի ամենահեղինակավոր՝ թիվ 1 միջնակարգ դպրոցի, տնօրենի պարտականությունը: Երիտասարդ էր, եռանդով ու նոր մտքերով լեցուն: Նա դպրոցի հեղինակությունը նոր բարձունքի հասցրեց: Բավական է միայն մի փաստ հիշատակել. Նրա կամքով թիվ 1 դպրոցը իր թևերի մեջ էր առնում այսպես կոչված «դժվար դաստիարակվող» այն երեխաներին, որոնք տարբեր առիթներով ազատվել-վտարվել էին այլ դպրոցներից: Ու դպրոցի հանրույթը ջանք չէր խնայում նման սովորողներին վերադաստիարակելու, վերակրթելու և կյանքի ճիշտ ուղու վրա կանգնեցնելու ընթացքում: Պատահական չէ, որ դեռ հեռավոր 1996թ. Լոռու մարզում նա ստեղծեց առաջին կրթահամալիրը: Այդ օրերի մասին էլ անկեղծ ու ջերմ հուշեր պատմեց նույն դպրոցի ուսուցչուհի Մարիետա Սարգսյանը: 2001թ. նա ընտրվեց «Սանահին» կառավարման ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ, լինելով կառավարման հոգեբանության և վարչական իրավունքի ամբիոնի դասախոս, պատվավոր պրոֆեսոր:
2006թ. ծառայության անցավ ՀՀ ԿԳն «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ում, ապա տնօրեն նշանակվեց Ձորագյուղի, Չկալովի դպրոցներում: 2013թ.- ից Վանաձորի «Մաշտոց» հրատարակչության տնօրենն էր:
Տարբեր բնագավառում նրա եռանդուն, նվիրվածությամբ լեցուն, ժողովրդաշահ գործունեության մասին խոսում են հենց թեկուզ տարբեր գերատեսչությունների և կառավարական տարբեր օղակների կողմից նրա ստացած պարգևները, պատվոգրերը, շնորհակալագրերը, մեդալները, կոչումները, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ վաստակի արժանի գնահատանք:
Պատմում է ինքը՝ Գագիկ Աթաբեկյանը. «1995թ. ՆՍՕՏՏ Գարեգին Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իրn հովվական առաջին այցը կատարեց Վանաձոր: Վեհափառն օրհնեց իր նախորդի՝ երջանկահիշատակ Վազգեն Առաջինի անունը կրող դպրոցը և հավաստիացրեց. «Դպրոցը հոգևոր երևույթ է , որը կայանում է աշակերտների հոգիներում և սրտերում»: Նա խոստացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օժանդակությունը բերել դպրոցի երկրաշարժից տուժած մասնաշենքի ամրացման և վերակառուցման գործին: Նրա այցից հետո դպրոցում ծնունդ առավ կրթասիրաց նպատակ, որն իրագործելու համար 1995թ. ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցվեց «Մաշտոց» հիմնադրամը, որի առաքելությունն աղետի գոտու կրթադաստիարակչական հաստատությունների, շենքերի ու շինությունների ամրացման, վերակառուցման ու նորոգման գործին և կրթության ու մշակույթիզարգացմանը նպաստելն էր: Այդ խնդիրները վեր հանելու և հանրայնացնելու նպատակով «Մաշտոց» հիմնադրամը նախաձեռնեց և 1997թ.-ից սկսեց հրատարակել «Մաշտոց» հանդեսը: «Ես ակամա դարձա խմբագրապետ, հետագայում հիշում է նա»:
Այդ աշխատանքը դարձավ ոչ միայն պատվի խնդիր, այլև սիրելի ու նվիրական գործ: Խմբագրակազմում ընդգրկվեցին ոչ միայն Լոռու մարզի, այլև հանրապետության ճանաչված մտավորականներ, գրողներ, լրագրողներ, նկարիչներ, կրթության և գիտության բնագավառներիերևելիներ: «Մաշտոցը» դարձավ մի հանդես, որն այսօր կարևոր դերակատարություն ունի հայագիտության զարգացման, կրթության համակարգի բարեփոխումների լուսաբանման, ժամանակակից արվեստի ևգրականության մտքի տարածման, համամարդկային արժեքների պահպանության, հասարակայնությանը պետական կրթամշակութային քաղաքականությանն իրազեկելու, Հայաստանում քաղաքացիական հասարակայնության ձևավորմանը նպաստելու գործում»: Այսօր մենք ունենք հանդեսի գրեթե 100-ի հասնող համար: Դա հաստատապես մեծ, տիտանական աշխատանքի արդյունք է, եթե հաշվի առնենք տպագիր լրատվամիջոցների առջև ծառացած դժվարությունները, իսկ եթե գումարենք և այն, որ թավշյա անվանված հեղափոխությունից հետոլիովին դադարեցվեց «Մաշտոցին» ևս տրամադրվող պետական աջակցության խղճուկ միջոցները, պատկերն առավել պարզ կդառնա: Հրատարակված համարները ժողովելով «Մաշտոց» հրատարակչությունը լույս է ընծայել ստվարածավալ 9 հատոր, որոնց օրինակներն իրենց պատվավոր տեղն են գրավել Մեսրոպ Մաշտոցի անվան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մատենադարաններում, ՀՀ նախագահի և ազգային գրադարաններում, մի շարք թանգարաններում և հայագիտական կենտրոններում: «Մաշտոց» հկ-ն հիմնադրել է նաև «Մեսրոպ Մաշտոց» հեռուստառադիոխմբագրությունը, համանուն նախասիրական դպրոցը, հրատարակչությունը, «Մաշտոց» հանդեսի հավելված «Կանաչ Լոռի» բնապահպանական ամսագիրը:
Ակնածանքով պիտի խոսենք նաև «Մաշտոց» ՀԿ-ի «Հայ դպրության և առաջին ազգային հերոս Վազգեն Առաջին Վեհափառ Հայրապետի թանգարան» հիմնարկի, գրադարանի և գեղարվեստական ֆոնդի մասին, ֆոնդ, որն ունի շուրջ 150գեղանկար՝ հանրապետության և Լոռու ճանաչված գեղանկարիչների գործեր, որոնք ցուցադրվում են, իսկ վերատպությունները զարդարում են «Մաշտոցի» շապիկները: 1998թ. սահմանվեց «Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին» մեդալ՝ ի երախտագիտություն Վազգեն Առաջին Վեհափառ Հայրապետի: Մեդալի առաջին օրինակն ընծայվեց ՆՍՕՏՏ Գարեգին Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսին, ում օրհնությամբ ծնունդ էր առել կրթահամալիրը և բարեսեր ներդրումով կառուցվել կրթահամալիրի «Մաշտոց» նախասիրական դպրոցի մասնաշենքը: «Մաշտոց» հրատարակչությունը լույս է ընծայել 30հեղինակի ստեղծագործությունների ժողովածուներ: Գագիկ Աթաբեկյանի Մեծ աշխատանքը գնահատվել է: Կրթամշակութային գործիչը, ՀՀ մշակույթի, կրթության, գիտության նախարարությունների Ոսկե, Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան», Պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեեդալների ասպետը արժանացել է նաև ՀՀ ԱԺ պատվոգրի և պետական ու հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միությունների մեդալների, պատվոգրերի ու շնարհակալագրերի:
Գագիկ Աթաբեկյանի անդուլ գործունեությունը, նրա ստեղծած «Մաշտոց» ՀԿ-ն, համանուն հանդեսը իրենց լուսավոր հետքն ունեն հայ մշակույթի ու դպրության պատմության մեջ, այդ անունները արդեն իսկ ոսկե տառերով են գրված հայոց պատմության անմոռաց էջերում:
Ելույթի վերջում ներկաների համար ընթերցեցի ՀՀ վաստակավոր լրագրող Ֆահրադ Ափուջանյանի և Էկոլոգիայի պրոֆեսոր, Բանաստեղծ Սահակ Կավես-Զարիշի շնորհավորական ուղերձները: Համատեղ աշխատանքի, համագործակցության ընթացքում իրենց ստացած տպավորությունների մասին խոսեցին, հետաքրքիր հուշեր պատմեցին ու Գագիկ Աթաբեկյանի վաստակն արժանիորեն գնահատեցին նաև ընկերները, գործընկերներն ու համախոհները՝ Վանաձորի պետհամալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը /(Գագիկ Աթաբեկյանն իր սովորույթի համաձայն հատուկ անվանումով նրան «կնքել է» որպես Թերեզա Գանդի), «Արվեստագետ» ՀԿ-ի նախագահ, համանուն ամսագրի խմբագիր Իվան Անտոնյանը հուզիչ խոսքից հետո տեղեկացրեց ՀԿ-ի խորհրդի որոշման մասին, ըստ որի՝ Գագիկ Աթաբեկյանը հետմահու արժանացել է սահմանված «Պատվավոր Հայ» տիտղոսին, լրագրող Սամվել Դուրինյանը, լուսանկարիչ Էմիլ Յավրյանը:Իրենց սիրելիի վաստակի գնահատությունն էր, միջոցառման կազմակերպիչների մասին շնորհակալական խոսքեր էին կնոջ՝ ԱնահիտՂազարյանի, դստեր՝ Մարիամ Աթաբեկյանի եզրափակիչ ելույթները:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ



No comments:
Post a Comment