Страницы

Friday, 24 October 2025

Երազիկ Գրիգորյանի երկարամյա ծառայությունը գնահատվեց պատվոգրով

 


24.10.2025/Nid.oragir

Պետական լեզվաքաղաքականության իրականացման և իրազեկման գործում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաև երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար Լեզվական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Երազիկ Գրիգորյանը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով։

Տիկին Գրիգորյանը Լեզվի կոմիտեում աշխատում է 1998 թվականից։ Գրեթե երեք տասնամյակ նա անշեղորեն հավատարիմ է մնացել իր մասնագիտական սկզբունքներին՝ ցուցաբերելով բարձր պատասխանատվություն, նվիրվածություն և սեր դեպի իր աշխատանքը։ Տարիքային կենսաթոշակի անցնելու կապակցությամբ այսօր նա ավարտեց իր աշխատանքային գործունեությունը՝ իր հետևում թողնելով բարի հիշողություններ, գործընկերների ջերմ վերաբերմունք և մասնագիտական մեծ փորձ։

«Ինձ համար այս պատվոգիրը շատ թանկ է ու միշտ կունենա իր պատվավոր տեղը։ Այսօր երջանկությամբ ու խաղաղ սրտով եմ հրաժեշտ տալիս իմ աշխատավայրին, քանի որ այս բոլոր տարիների ընթացքում սիրով ու նվիրումով եմ կատարել իմ գործը։ Շնորհակալ եմ այն ջերմության ու սիրո համար, որ ստացել եմ Կոմիտեում», — շնորհակալությամբ նշեց Երազիկ Գրիգորյանը։

Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ   Երազիկ Գրիգորյանը նաև «Նիդերլանդական օրագրի» լավ բարեկամն ու աջակիցն է․ տարիների ընթացքում նա մասնակցել է մեր գրական նախաձեռնություններին, կիսվել իր մասնագիտական գիտելիքներով ու սրտացավ խորհուրդներով։

Մենք վստահ ենք, որ տիկին Գրիգորյանի ստեղծագործ ու լուսավոր հոգին դեռ շատ անելիքներ ունի՝ ինչպես մշակույթի, այնպես էլ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։

Նրա նվիրումը և մարդկային ջերմությունը շարունակելու են ոգեշնչել բոլորիս։

No comments:

Post a Comment