Հեղինակ` Անահիտ Աղաբեկյան
27.10.2025/Nid.oragir
Իրիս վան Հերպենը (Iris van Herpen) ծնվել է 1984 թվականի հունիսի 5-ին՝ Նիդերլանդների Վամել քաղաքում։ Նա համարվում է ժամանակակից նորաձևության դիզայներներից մեկը, ում ստեղծագործական միտքը պրպտում է արվեստի, գիտության և տեխնոլոգիայի սահմաններից այն կողմ։ Վան Հերպենը կրթություն է ստացել Arnhem քաղաքի ArtEZ Գեղարվեստի ակադեմիայում, որտեղ էլ ձևավորվել է նրա յուրահատուկ մոտեցումը՝ նորաձևությունը դիտարկել որպես արվեստի, շարժման և գիտության համադրություն։ Ուսման տարիներին նա պրակտիկա է անցել աշխարհահռչակ Alexander McQueen-ի և հոլանդացի Claudy Jongstra-ի մոտ, որտեղ սովորել է համարձակ մտածել, և չվախենալ նյութի ու ձևի անսպասելի միավորումից։
2007 թվականին նա հիմնեց իր սեփական նորաձևության տունը՝ Iris van Herpen-ը, որը շատ արագ դարձավ նորարարական ստեղծագործությունների հարթակ։ Նրա առաջին հավաքածուներից արդեն պարզ էր, որ նա չի հետևելու ավանդական կանոններին․ Վան Հերպենը առաջիններից էր, ով նորաձևության մեջ կիրառեց 3D տպագրությունը՝ ստեղծելով հագուստներ, որոնք նման էին գիտական ֆանտաստիկայի և քանդակագործության միաձուլության։ Նրա աշխատանքները միաժամանակ մարմին են, նյութ և շարժում՝ հաճախ հիշեցնելով կենդանի օրգանիզմներ, ալիքներ կամ գիշերային միջատների թևերի կառուցվածքներ։
Յուրաքանչյուր հավաքածու նրա մոտ ունի գաղափարական հիմք և պատմություն։ Օրինակ՝ “Radiation Invasion”-ը ուսումնասիրում է անտեսանելի ճառագայթների աշխարհը, իսկ “Synesthesia”-ն նվիրված է այն եզակի զգայական երևույթին, երբ մարդը կարող է լսել գույները կամ տեսնել ձայները։ Նրա հագուստները կարծես դառնում են զգայարանների նոր տարածք, որտեղ նյութն ու լույսը շնչում են միաժամանակ։
Իրիս վան Հերպենը հաճախ է համագործակցում տարբեր ոլորտների արվեստագետների, ճարտարապետների, պարուսույցների և գիտնականների հետ։ Նրա գործընկերների թվում են Marina Abramović-ը, Daniel Widrig-ը, Sidi Larbi Cherkaoui-ն, Bart Hess-ը և բազմաթիվ այլ միջազգային անուններ։ Նրանց հետ համատեղ ստեղծված գործերը միշտ էլ ձևավորում են նոր լեզու՝ միաժամանակ գիտական և պոետիկ։
Վան Հերպենը բազմաթիվ անգամներ է ներկայացրել իր հավաքածուները Լոնդոնի, Փարիզի և Ամստերդամի նորաձևության շաբաթներին։ Նա երկու անգամ արժանացել է Dutch Design Award-ի (2009, 2010), ստացել է Mercedes-Benz Dutch Fashion Award-ը (2010), իսկ 2017 թվականին պարգևատրվել է Նիդերլանդների բարձրագույն մշակութային պարգևներից մեկով՝ Johannes Vermeerprijs-ով։ Նրա 3D տպված զգեստներից մեկը ներառվել է TIME ամսագրի տարվա լավագույն նորարարությունների ցանկում։
Ներկայումս մեր ընթերցողները բացառիկ հնարավորություն ունեն մոտիկից ծանոթանալու նրա ստեղծագործություններին, այն այժմ ներկայացված է Ռոտերդամի Kunsthal արվեստի սրահում՝ “Sculpting the Senses” (Զգայարանների քանդակումը) խորագրով ցուցադրությունում, որը նվիրված է նրա վերջին տասնամյակների ամենահզոր աշխատանքներին։ Ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան հարյուր բացառիկ զգեստներ, տեսահոլովակներ և ցուցադրություններ, որոնցում հագուստը վերածվում է բնության, գիտության և մարդկային երևակայության համադրության։ Այստեղ կարելի է զգալ, թե ինչպես է դիզայների մտահղացումը մարմնավորվում օդի, ջրի, լույսի և շարժման մեջ։ Ցուցադրությունը տևելու է մինչև 2026 թվականի մարտ ամիսը։
Ռոտտերդամի արվեստի սրահում (Kunsthal Rotterdam) եղել է նաև Anahit Aghabekyan-ը, ով տեղում իրականացրել է հետաքրքիր նկարահանումներ՝ ներկայացնելով վան Հերպենի հիասքանչ աշխարհը նոր տեսանկյունից։
https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid02hfx4t8Sv5h6UyokwsVsb8Bg32JwH1Cw1qDgRY9anaMM3wUHMyDdgf8ZP9Zy2h73jl





















No comments:
Post a Comment