Страницы

Monday, 3 November 2025

Կանանց քաղաքական մասնակցությունը Հայաստանում՝ քանակից դեպի բովանդակություն

Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է կանանց ակտիվ ներգրավվածության աճ քաղաքական կյանքում։ Նրանց մասնակցությունը չի սահմանափակվում միայն քվոտաների կամ ձևական ներկայությամբ, այլ աստիճանաբար դառնում է գիտակցված և բովանդակային՝ ձևավորելով ավելի ներառական, մարդակենտրոն և սոցիալական առումով զգայուն քաղաքականություն։

Սոցիալական օրենսդրությունը՝ կանանց ձեռքով


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը համոզված է՝ երբ կանայք ներգրավվում են քաղաքական գործընթացներում, օրենսդրական դաշտում ի հայտ են գալիս ավելի մարդակենտրոն նախաձեռնություններ։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին հենց կին պատգամավորների շնորհիվ ընդունվել են այնպիսի փոփոխություններ, որոնք ուղղված են ոչ միայն կանանց, այլև ընտանիքի և հասարակության սոցիալական բարեկեցությանը։ Օրինակ՝ հայրության արձակուրդի ներդրումը, ընտանեկան բռնության և հետամտման քրեականացումը, ինչպես նաև աշխատավայրում սեռական ոտնձգությունների և բռնության արգելքը։ «Գենդերազգայունությունն ու սոցիալական զգայունությունը կանանց ավելի բնորոշ է»,- ընդգծում է նա։

Տիգրանյանն ընդգծում է ՀԿ-ների դերը երիտասարդ կանանց ակտիվացնելու գործում․ «Եթե կանայք դիմել են ՀԿ-ներին և մասնակցում են ծրագրերին, նշանակում է՝ մոտիվացիա կա, և մենք աջակցում ենք նրանց քաղաքականության մեջ մտնելու կամ մնալու հարցում»։ Մարզերում և հասարակական ծրագրերում կանանց ներգրավումը նպաստում է նրանց ակտիվության աճին և ինքնավստահությանը։

Նա նաև ընդգծում է կարծրատիպերի ազդեցությունը․ «Երիտասարդ կանայք երբեմն չեն ունենում բավարար խրախուսում ընտանիքից։ Ընտանիքում դեռ մտածում են, որ կինն անպայման պետք է հոգա տան գործերը, տղամարդն՝ վաստակի։ Սա քաղաքական մասնակցության ճանապարհին խոչընդոտ է»։

Փոփոխությունը խորքային պետք է լինի

Այն հարցին, թե ինչու՞ է սեռային անհավասարակշռությունը հանձնաժողովների մի մասում, օրինակ՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում՝ 11-ից միայն 2-են կին, Տիգրանյանը նշում է. «Իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովում 7 անդամից 6-ն են կին։ Կան ոլորտներ, որտեղ կարծրատիպերն ուժեղ են, բայց դրական տենդենց կա․ այսօր արդեն տեսնում ենք, որ կինն էլ կարող է գլխավորել այնպիսի ոլորտներ, որոնք նախկինում երբեք կին ղեկավար չեն տեսել, օրինակ՝ ՆԳՆ-ն»։

Նրա խոսքով՝ այս փոփոխությունները հաճախ պայմանավորված են իշխող քաղաքական ուժի կամքով, բայց նպատակն է ստեղծել ինստիտուցիոնալ հիմք՝ քվոտաների և օրենսդրության միջոցով․ «Քվոտան ներգրավվածությունը դարձնում է տեսանելի, նորմալացնում, և հետո կարելի է այն հանել, երբ հասարակական ընկալումը փոխվի»։

Քաղաքացիական հասարակությունից՝ դեպի քաղաքականություն

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կարծում է, որ քաղաքացիական հասարակությունում կանայք ավելի ակտիվ են, քան քաղաքականությունում, քանի որ այն ավելի ազատ և բաց միջավայր է։ Ըստ նրա՝ քաղհասարակությունում կանայք միշտ մեծ դեր են ունեցել, իսկ քաղաքականության մեջ նրանց ներկայությունը հաճախ ձևական բնույթ է կրում, ինչը վնասում է իսկապես գիտակ ու արդյունավետ աշխատող կանանց իմիջին։ Քաղհասարակությունից քաղաքականություն անցնող կանայք հաճախ բախվում են անվստահության, նշում է Կարապետյանցը, հավելում՝ իրեն դա չի վախեցնում․ «Ես գիտեմ՝ ինչ եմ ուզում։ Ուզում եմ պետություն, որի պայմաններում հաջորդ սերունդը կուզենա մնալ, վերադառնալ և իր պոտենցիալը հենց այստեղ իրականացնել։ Մնացած մանր խնդիրները էական չեն»։

Կարապետյանցի համոզմամբ՝ կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ պետք է լինի բնական, ոչ արհեստական։ Պնդում է՝ պոզիտիվ դիսկրիմինացիան ճիշտ լուծում չէ։ Մարդուն՝ կին լինի, թե տղամարդ, պարզապես «տեղավորել» քաղաքական դաշտում, արդյունավետ չէ։ Պետք է ստեղծել պայմաններ, որ կանայք իրենք ցանկանան զարգանալ, իրենց կարողությունները բացահայտել և մասնակցել։

Նրա խոսքով՝ կանայք քաղաքական դաշտ բերում են ավելի հանդարտ և ռացիոնալ մթնոլորտ․ «Այն միջավայրերում, որտեղ կան գիտակից, պատրաստված և ինքնորոշված կանայք, ագրեսիան նվազում է, քննարկումները դառնում են ավելի կառուցողական, իսկ ծրագրերը՝ ավելի մարդկային դեմք են ստանում։ Երբ քաղաքականություն են մտնում ոչ պատրաստ մարդիկ՝ զուտ ամբիցիաներով, դա կործանարար է՝ լինի կին, թե տղամարդ»։

Կարծրատիպեր կոտրող կինն արդեն փոփոխություն է բերում

Կարապետյանցը վստահ է՝ քաղաքականություն մտնելը պահանջում է մեծ խիզախություն։ Շատերը պարզապես պատրաստ չեն հանրային քննադատության, քանի որ երբ դառնում ես հանրային մարդ, պետք է կարողանաս դիմանալ ոչ միայն քննադատությանը, այլև վիրավորանքներին։ «Դա մի բան է, որ ես վաղուց եմ սովորել։ Բայց շատ կանայք հենց այդ պատճառով չեն գալիս քաղաքականություն։ Քաղաքականությունը բենեֆիտների դաշտը չէ, այն պատասխանատվության դաշտ է, որտեղ պետք է գան մարդիկ, ովքեր պատրաստ են այդ պատասխանատվությունը ստանձնել»։

Կարապետյանցի խոսքով՝ Հայաստանում դեռ պահպանվում են կարծրատիպեր կանանց առաջնորդության վերաբերյալ․ «Դպրոցում ու համալսարանում աղջիկները սովորում են ավելի պարտաճանաչ, բայց որոշումներ կայացնելու պահին կարծես կանգ են առնում։ Խնդիրը մեր հասարակության մտածողության մեջ է։ Շատերը դեռ համարում են, թե կինն առաջնորդ լինել չի կարող։ Բայց նոր սերունդն արդեն այլ է՝ նրանք չեն ապրում հին շաբլոններով»։

Նրա կարծիքով՝ գիտակցության փոփոխությունը անխուսափելի է, քանի որ արդեն կա այն սերունդը, որը կոտրում է կարծրատիպերը։ «Երբ կինը խիզախում է կոտրել կարծրատիպերը, հենց այդտեղ էլ սկսվում է փոփոխությունը։ Դժվարություն լինելու է, բայց պետք է պարզապես քաջություն ունենալ պատասխանատվությունը վերցնելու։ Իսկ մենք արդեն ունենք այդ խիզախ սերունդը»։

Ժողովրդավարությունը՝ կանանց մասնակցությամբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի խոսքով՝ քվոտաները ձևական չեն, բայց դեռ բավարար չեն բովանդակային փոփոխության համար։

Նշում է՝ ընտրական օրենսգրքով կանանց ներգրավվածությունը Ազգային ժողովում քանակապես ապահովվել է, սակայն, ըստ նրա, դա դեռ չի բերել իրական ազդեցության իշխանական բալանսի վրա։ «Ազգային ժողովի նախագահը և երկու փոխնախագահները տղամարդիկ են։ Քանակն ապահովված է, բայց բովանդակային մասնակցությունն՝ ոչ։ Պետք է օրենքով էլ նախատեսվի, որ գոնե ղեկավար կազմում կին լինի»,- ասում է Սաքունցը։

Աղբյուր

Նրա խոսքով՝ որոշ ոլորտներում կանայք թվով շատ են, սակայն ղեկավար պաշտոններում շարունակում են գերակշռել տղամարդիկ։ Սաքունցը ընդգծում է՝ կուսակցությունների ներսում նույնպես կանայք քիչ են ներկայացված ղեկավար մակարդակներում։ «Ցուցակներում կանայք կան, բայց ընտրություններից հետո շատերը հրաժարական են տալիս, և նրանց փոխարինում են տղամարդիկ։ Քանակական փոփոխությունը դեռ չի վերածվել իրական առաջնորդության փոփոխության»,- ասում է նա։

Այնուամենայնիվ, Սաքունցը հույս ունի՝ ժամանակի ընթացքում այս միտումները կվերածվեն ժողովրդավարական մշակույթի. «Ժողովրդավարությունը կայացած կլինի, երբ մարդկանց կարողությունները կգնահատվեն ոչ թե սեռով, այլ մասնագիտական որակներով։ Քվոտաները պետք են, որպեսզի ստեղծեն ելակետային պայմաններ, բայց դրանք բավարար չեն բովանդակային փոփոխության համար»։

Սաքունցը նաև կարևորում է կանանց իրավագիտակցության աճը։ նկատել է՝ կանայք այսօր ավելի համարձակ են, չեն հաշտվում արժանապատվության նվաստացման հետ, ավելի պահանջատեր են դարձել։ «Սա արդեն մթնոլորտի փոփոխության նշան է։ Եթե տասը տարի առաջ կանայք լուռ էին, այսօր նրանք պայքարում են իրենց իրավունքների համար՝ ակտիվորեն մասնակցելով քաղաքական կյանքին և հասարակական փոփոխություններին»։

Քանակից՝ բովանդակություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը տեղեկացնում է՝ կանայք ավելի շատ ուշադրություն են դարձնում սոցիալական, կրթական, առողջապահական և համայնքային հարցերին։ Գալստյանի խոսքով՝ կանանց ձայնը հատկապես ազդեցիկ է սոցիալական քաղաքականության, կրթության, մշակույթի և առողջապահության ոլորտներում, քանի որ նրանք առաջնահերթ դիտարկում են համայնքի կարիքները, ոչ միայն քաղաքական շահերը։

Խոչընդոտները բազմաթիվ են՝ հասարակական կարծրատիպերից մինչև ինստիտուցիոնալ սահմանափակումներ. «Շատ հաճախ կանայք պետք է կրկնակի ջանք գործադրեն, որպեսզի նրանց կարծիքը լրջորեն ընդունվի»,- ընդգծում է նա։ Ընդդիմադիր դաշտում կանանց ձայնը հաճախ ավելի քիչ է լսվում, բայց ակտիվ մասնակցությամբ ու մեդիայի հետ աշխատանքով հնարավոր է հաղթահարել այս դժվարությունները։ «Պակասում է ինստիտուցիոնալ աջակցությունը և հասարակական ընկալումների փոփոխությունը»,- եզրափակում է նա՝ շեշտելով որ թվերի աճը բավարար չէ, կարևոր է որակական ներգրավվածությունը։



Հոդվածը ստեղծվել է Participate and Promote Democracy Եվրամիության ծրագրի շրջանակում՝ Bright Future նիդերլանդական կազմակերպության և Promising Youth Հայաստանյան կազմակերպության անդամների կողմից։


Կարեն Կոլոսով, Անի Ավանեսյան, Աննա Ստեփանյան

No comments:

Post a Comment