31.01.2026/Նիդ.օրագիր
Նիդերլանդներում ընթերցանության խրախուսումը տարիներ շարունակ հանդիսանում է մշակութային և կրթական քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։ Այդ նպատակով երկրում ամեն տարի կազմակերպվում են ազգային մակարդակի կարդալու օրեր և շաբաթներ, որոնք ընդգրկում են տարբեր տարիքային խմբեր և իրականացվում են գրադարանների, դպրոցների, մանկապարտեզների և մշակութային կենտրոնների միջոցով։
Ամենահայտնի ազգային նախաձեռնություններից է De Nationale Voorleesdagen-ը (Ազգային բարձրաձայն ընթերցման օրերը), որը հիմնականում ուղղված է 0-6 տարեկան երեխաներին։ Այս օրերին ուշադրությունը կենտրոնանում է ծնողների և մանկավարժների կողմից երեխաներին բարձրաձայն կարդալու կարևորության վրա՝ լեզվական զարգացման, երևակայության և ընթերցանության հանդեպ հետաքրքրության ձևավորման նպատակով։ Միջոցառումների շրջանակում գրադարաններում կազմակերպվում են հեքիաթների ընթերցումներ, հանդիպումներ երեխաների գրքերի հեղինակների հետ և ընտանեկան ծրագրեր։
Բացի այդ, ազգային նշանակություն ունի նաև Boekenweek-ը՝ Գրքի շաբաթը, որը սովորաբար անցկացվում է գարնանը և ընդգրկում է ամբողջ երկիրը։ Այդ ընթացքում գրադարաններն ու գրախանութները դառնում են գրական հանդիպումների, քննարկումների, ընթերցումների և մշակութային միջոցառումների կենտրոններ։ Boekenweek-ը նպատակ ունի ընդգծել գրքի և ընթերցանության դերը ժամանակակից հասարակության մեջ՝ խրախուսելով հատկապես մեծահասակների ընթերցողական ակտիվությունը։
Երեխաների համար առանձնահատուկ նշանակություն ունի նաև Kinderboekenweek-ը (Երեխաների գրքի շաբաթը), որը անցկացվում է աշնանը և նախատեսված է հիմնականում դպրոցական տարիքի երեխաների համար։ Այդ շաբաթվա ընթացքում դպրոցներում և գրադարաններում իրականացվում են գրական խաղեր, մրցույթներ, ընթերցումներ և կրթական ծրագրեր։
Թեև Նիդերլանդներում չկա մեկ միասնական «ազգային կարդալու օր» մեծահասակների համար, սակայն նշված օրերն ու շաբաթները միասին ձևավորում են ընթերցանությանը նվիրված համազգային մշակութային օրացույց։ Այս նախաձեռնությունները նպաստում են նրան, որ ընթերցանությունը դիտարկվի ոչ միայն որպես անհատական զբաղմունք, այլ որպես հասարակական արժեք և կրթական ներդրում ապագայի համար։
Տեսանյութը` Անահիտ Աղաբեկյանի
Երբ լույսը վերադառնում ու հեքիաթ է դառնում
30.01.2026/Anahit Aghabekyan /Nid.oragir
Մանկություն, որ լույս է վառում անգամ մթության մեջ
Կյանքի ինչ–որ փուլում անսպասելիորեն հասկանում ես, որ կինոթատրոն ես գնում ոչ թե ֆիլմ դիտելու, այլ՝ մուլտֆիլմ։ Ու այդ պահին հանկարծ նկատում ես՝ դա միայն երեխայիդ համար չէ։ Դա նաև քեզ համար է։
Տարիների հետ, երբ մեծանում են երեխաները, պարզվում է՝ ծնողները ևս կարիք ունեն վերադառնալու իրենց մանկություն։ Նիդեռլանդներ տեղափոխվելու առաջին տարիներին ինձ համար մի փոքր անսովոր էր կինոթատրոն գնալ ու մեծահասակների պես լրջությամբ մուլտֆիլմ դիտելը։ Բայց ժամանակի ընթացքում հասկացա՝ սա այստեղ ձևավորված մշակույթ է․ մարդիկ չեն ամաչում իրենց ներքին երեխային ազատություն տալուց։ Եվ հենց այդ ազատության մեջ է թաքնված երջանկության պարզ բանաձևը։
Մուլտֆիլմ դիտելիս, անկախ տարիքից ու փորձից, ներսումդ ինչ–որ բան փափկում է։ Թեև արդեն փորձառու մամա ես, միևնույն է՝ մուլտֆիլմի ընթացքում դու էլ ես մանկանում։ Կինոթատրոնի մթնոլորտը՝ ձայնը, լույսերը, մեծ էկրանը, ստեղծում են մի կախարդական տարածք, որտեղ առօրյա հոգսերը ժամանակավորապես դադարում են գոյություն ունենալ։ Եթե տանը երեխայի մուլտֆիլմ դիտելու ընթացքում մայրիկը հասցնում է միաժամանակ պատրաստել, հավաքել, պլանավորել վաղվա օրը, ապա կինոթատրոնում նա ակամայից մոռանում է ամեն ինչ ու պարզապես վայելում պահը՝ երեխայի պես։
Մուլտֆիլմերը միայն գունավոր պատմություններ չեն։ Դրանք հաճախ ավելի խորը ու կարևոր հաղորդագրություններ ունեն, քան շատ լուրջ ֆիլմեր։ Դահլիճից դուրս ես գալիս թեթևացած, լիցքաթափված, լցված նոր երազանքներով ու հավատով, որ բարությունը, գեղեցկությունն ու հրաշքները միայն հեքիաթների աշխարհում չեն։ Դրանք կարող են իրականություն դառնալ նաև մեր կյանքում։ Պետք է ընդամենը մի փոքր ավելի հանդուրժող լինել, մի փոքր ավելի հոգատար, ու սրտում մի քիչ ավելի շատ սեր ունենալ մարդկանց հանդեպ։
Սակայն մուլտֆիլմերի հետ կապված իմ հիշողությունները միայն այսօրվա խաղաղ ու ապահով կյանքի մասին չեն։ Դրանք ինձ հաճախ հետ են տանում մանկություն՝ մի ժամանակաշրջան, երբ լույսը շքեղություն էր, իսկ մուլտֆիլմ դիտելը՝ իսկական տոն։ Հայաստանում ցուրտ ու մութ տարիներին երեխաները հաճախ զրկված էին այդ պարզ ուրախությունից։ Մենք երազում էինք, թե երբ վերջապես լույսերը կտան, ու արդյոք կհասցնե՞նք այդ ընթացքում մի մուլտֆիլմ դիտել։ Սիրելի մուլտֆիլմը բաց չթողնելու համար օրեր առաջ հետևում էինք հեռուստատեսային ծրագրերին ու գովազդներին՝ սպասելով մեր փոքրիկ հրաշքին։
Գուցե հենց այդ տարիների կարոտն է, որ այսօր մուլտֆիլմ դիտելիս դարձնում է պահը ավելի թանկ։ Յուրաքանչյուր ծիծաղ, յուրաքանչյուր երջանիկ ավարտ, յուրաքանչյուր պարզ բարություն հիշեցնում է՝ մանկությունը երբեք ամբողջությամբ չի հեռանում մեզանից։ Այն ապրում է մեր հիշողություններում, մեր երեխաների աչքերում, ու երբեմն էլ՝ կինոթատրոնի մթության մեջ, որտեղ մեծահասակներն ու երեխաները միասին հավատում են հրաշքներին։
Եվ գուցե հենց մանկությունն է, որ ի վերջո միշտ հաղթում է՝ հիշեցնելով մեզ, որ նույնիսկ ամենամութ տարիներից հետո լույսը միևնույն է վերադառնում է։

No comments:
Post a Comment