Страницы

Wednesday, 22 July 2026

Գալուստ Կյուլպենկյանի տեսլականը՝ 70 տարի անց էլ շարունակում է ծառայել աշխարհին

21.07.2026/Նիդ.օրագիր

Լիսաբոնում հանդիսավորությամբ նշվում է Կյուլպենկյան հիմնադրամի 70-ամյակը․ հարգանքի տուրք մեծ բարերարի հիշատակին

Յոթ տասնամյակ առաջ կյանքի կոչված մի գաղափար այսօր շարունակում է իր ազդեցությունն ունենալ աշխարհի մշակութային, գիտական, կրթական և մարդասիրական կյանքում։ 2026 թվականին լրանում է Գալուստ Կյուլպենկյան հիմնադրամի հիմնադրման 70-ամյակը՝ մի կառույցի, որը դարձել է ոչ միայն միջազգային հեղինակավոր հաստատություն, այլև հայ ժողովրդի ամենանշանակալի բարեգործական ժառանգություններից մեկը։

Լիսաբոնում անցկացվող հոբելյանական միջոցառումները վերածվել են ոչ միայն անցած ճանապարհի ամփոփման, այլև հիմնադրամի հիմնադիր Գալուստ Սարգիս Կյուլպենկյանի հիշատակի ու տեսլականի արժևորման։ Այս օրերին կազմակերպված համերգները, ցուցահանդեսները, թանգարանի վերաբացումը և հիշատակի արարողությունները մեկ անգամ ևս ընդգծում են այն բացառիկ ազդեցությունը, որ ունեցել և շարունակում է ունենալ Կյուլպենկյանի ստեղծած հիմնադրամը համաշխարհային մշակույթի և հայապահպանության գործում։

1956 թվականին, Գալուստ Կյուլպենկյանի կտակի համաձայն, հիմնադրված այս հաստատությունն այսօր գործում է որպես աշխարհի ամենահեղինակավոր բարեգործական հիմնադրամներից մեկը։ Նրա գործունեությունն ընդգրկում է մշակույթի, գիտության, կրթության, առողջապահության, սոցիալական նորարարության և մարդասիրության ոլորտները։ Միաժամանակ հիմնադրամը հավատարիմ է մնացել իր հիմնադրի ազգային պատգամին՝ շարունակելով աջակցել Հայաստանի և սփյուռքի հայկական կրթական, մշակութային ու գիտական ծրագրերին, արևմտահայերենի պահպանմանն ու հայկական ինքնության ամրապնդմանը։

Հոբելյան՝ մշակույթի, հիշողության և պատասխանատվության խորհրդանիշ

Հոբելյանական տարվա գլխավոր միջոցառումներից էր հուլիսի 18-ին կայացած հանդիսավոր համերգը, որտեղ ելույթ ունեցան Կյուլպենկյանի նվագախումբն ու երգչախումբը։ Միաժամանակ վերաբացվեց հիմնովին նորոգված Կյուլպենկյան թանգարանը, որն իր եզակի հավաքածուով շարունակում է համարվել աշխարհի կարևորագույն մասնավոր արվեստի թանգարաններից մեկը։ Բացվեց նաև «Gulbenkian, 70 Years, Post It!» ցուցահանդեսը, որը ներկայացնում է հիմնադրամի յոթ տասնամյակների գործունեությունը, կարևոր նախաձեռնություններն ու համաշխարհային ազդեցությունը։

Սակայն հոբելյանի ամենահուզիչ դրվագներից մեկը դարձավ Գալուստ Սարգիս Կյուլպենկյանի հիշատակին նվիրված արարողությունը, որը միավորեց հիմնադրամի ղեկավարությանը, աշխատակիցներին և հոգևորականությանը։

Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի պատգամը՝ ծառայության և հավատքի մասին

Կյուլպենկյան հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահի հրավերով, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը մասնակցեց հիշատակի միջոցառումներին։

Օրը սկսվեց Գալուստ Կյուլպենկյանի կիսանդրու առջև հարգանքի տուրքի արարողությամբ, որից հետո մասնակիցները ներկա գտնվեցին կաթոլիկ եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագին՝ ի հիշատակ մեծ բարերարի։

Պատարագի ավարտին Խաժակ Սրբազանը հանդես եկավ խորիմաստ հոգևոր խոսքով՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթական ժառանգությունը կապելով Գալուստ Կյուլպենկյանի կյանքի ու առաքելության հետ։ Վկայակոչելով Նարեկացու անմահ տողերը՝ «Սրտիս ողբաձայն հառաչանքների աղաղակն, ահա՛, դեպ երկինքն ի վեր՝ քեզ եմ ընծայում», նա ընդգծեց, որ մարդն Աստծո առջև ներկայանում է ոչ միայն իր հաջողություններով, այլև իր սրտի ճշմարտությամբ, և հենց այդ ճշմարտությունն է աղոթքը դարձնում կենդանի ու իրական։

Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նշեց, որ Սուրբ Գրիգոր Նարեկացին սովորեցնում է՝ իսկական հավատքը չի խուսափում մարդկային տկարությունից, այլ այն վերափոխում է Աստծո լույսի ներքո։ Այդ միտքը նա կապեց Գալուստ Կյուլպենկյանի կյանքի հետ՝ ներկայացնելով նրան որպես մարդու, ով իր կարողությունը, ազդեցությունն ու հեռատեսությունը ծառայեցրել է մարդկությանը։

«Նա հասկացել էր, որ տաղանդը պատասխանատվություն է բերում, հարստությունը՝ հոգատարություն, իսկ տեսլականն իր ճշմարիտ արժեքը գտնում է ծառայության մեջ»,– նշեց Սրբազանը։

Նրա խոսքով՝ եթե Սուրբ Գրիգոր Նարեկացին Աստծուն ընծայեց իր սրտի աղոթքը, ապա Գալուստ Կյուլպենկյանը մարդկությանը նվիրեց իր կյանքի պտուղները՝ վերածելով դրանք կրթության, մշակույթի, գիտության և բարեգործության։

Հայանպաստ առաքելության շարունակականությունը

Հիշատակի արարողության ավարտին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդական աղոթքով ոգեկոչվեցին Գալուստ Սարգիս Կյուլպենկյանի և Կյուլպենկյան ընտանիքի հանգուցյալ անդամների հիշատակը։

Այցի շրջանակում Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը հանդիպում ունեցավ Կյուլպենկյան հիմնադրամի հայկական համայնքների բաժնի տնօրեն, դոկտոր Ռազմիկ Փանոսյանի հետ։ Քննարկվեցին հիմնադրամի հայանպաստ գործունեությունը, իրականացվող ծրագրերը և ապագա համագործակցության հեռանկարները։

Սրբազանը նաև այցելեց նորոգված Կյուլպենկյան թանգարան, որի բացառիկ հավաքածուն ընդգրկում է Հին Եգիպտոսի, Միջագետքի, իսլամական արվեստի և եվրոպական կերպարվեստի եզակի ստեղծագործություններ։ Այդ հավաքածուն ոչ միայն վկայում է Գալուստ Կյուլպենկյանի բացառիկ գեղագիտական ճաշակի մասին, այլև արտահայտում է նրա հավատը համաշխարհային մշակույթի պահպանման և հանրահռչակման գաղափարին։

Ժառանգություն, որը շարունակում է կերտել ապագան

Գալուստ Կյուլպենկյանի անունը վաղուց դուրս է եկել միայն բարեգործի սահմանումից։ Նա դարձավ մի մարդ, ով կարողացավ անձնական հաջողությունը վերածել համամարդկային արժեքի, իսկ հարստությունը՝ կրթության, գիտության, մշակույթի և մարդասիրության ծառայության։

Յոթանասուն տարի անց նրա հիմնադրած հաստատությունը շարունակում է հավատարիմ մնալ այդ սկզբունքներին՝ ներդրումներ կատարելով այնտեղ, որտեղ ծնվում են գաղափարներ, զարգանում են հասարակություններ և պահպանվում են մշակութային արժեքները։

Կյուլպենկյան հիմնադրամի 70-ամյակը հիշեցում է, որ իրական ժառանգությունը չափվում է այն արժեքներով, որոնք փոխանցվում են սերունդներին։ Եվ այդ առումով Գալուստ Սարգիս Կյուլպենկյանի անունը շարունակում է մնալ հայ ժողովրդի և համաշխարհային բարեգործության պատմության ամենավառ էջերից մեկը։

Լուսանկարները` Pontifical legation Western Europa  կայքից 




No comments:

Post a Comment