23.08.2026/Նիդերլանդական օրագիր
Ալմելոյի «Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի երկարամյա ուսուցչուհի ու տնօրեն Սվետլանա Անդրեսյանը ավարտում է տնօրենի իր պաշտոնավարման փուլը՝ նոր պատասխանատվությունների ու ծրագրերի ճանապարհին։
Կան մարդիկ, որոնց համար հայապահպանությունը պարզապես աշխատանք կամ պաշտոն չէ, այլ երկար տարիների նվիրում և ամենօրյա պատասխանատվություն։ Այդ մարդկանցից է Սվետլանա Անդրեսյանը, որի անունը շուրջ երկու տասնամյակ անքակտելիորեն կապված է Ալմելոյի հայկական համայնքի և «Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի հետ։
22 տարի Սվետլանա Անդրեսյանը աշխատել է դպրոցում՝ սկզբում որպես ուսուցիչ, ապա՝ որպես տնօրեն։ Այս տարիների ընթացքում նա իր պարտականությունները կատարել է մեծ պատասխանատվությամբ՝ իր ներդրումն ունենալով հայ երեխաների կրթության, մայրենի լեզվի պահպանման և հայկական ինքնության փոխանցման գործում։
Վերջերս նա որոշել է վայր դնել դպրոցի տնօրենի պարտականությունները։
Սակայն սա հեռացում չէ հայապահպանության գործից։
Սվետլանա Անդրեսյանի խոսքով՝ որոշման հիմնական պատճառներից մեկը Հայաստանի Առևտրա-Արդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցչի պարտականությունը Նիդերլանդների Առևտրի պալատում ստանձնելն է, որը պահանջում է ժամանակ և մեծ նվիրում։ Միաժամանակ շարունակվում և ընդլայնվում են նաև նրա կողմից տարիներ առաջ հիմնադրված «Հոլլանդ-Արմենիա բարեգործական ընկերության» ծրագրերը։
Այս նոր պարտականությունները, բնականաբար, պահանջում են նոր ժամանակային և մասնագիտական ռեսուրսներ։
Միևնույն ժամանակ, Սվետլանա Անդրեսյանը համոզված է, որ փոփոխությունները անհրաժեշտ են յուրաքանչյուր գործում, և նոր մարդկանց ու գաղափարներին պետք է հնարավորություն տալ նոր շունչ հաղորդելու դպրոցին։
Դպրոցին հրաժեշտի խոսքում նա առանձնահատուկ երախտագիտությամբ է հիշել ուսուցիչներին, ծնողներին, աշակերտներին, եկեղեցու սպասավորներին և համայնքի անդամներին՝ տարիների աջակցության ու համագործակցության համար։
Նրա գործունեությունը գնահատվել է նաև եկեղեցական շրջանակների կողմից։
Աստվածածնի Վերափոխման և Խաղողօրհնեքի Սուրբ Պատարագից հետո, եկեղեցու սրահում կազմակերպված ջերմ միջոցառման ընթացքում, Սվետլանա Անդրեսյանին շնորհվել է «Մեսրոպ Մաշտոց» պարգևը։
Նրա համար սա առանձնահատուկ պատիվ է, հատկապես այն հանգամանքի կողքին, որ 11 տարի առաջ նա արժանացել էր նաև «Մայրենիի դեսպան» շքանշանին։
Սվետլանա Անդրեսյանի հրաժեշտի խոսքի ամենակարևոր միտքը, թերևս, այս է․
«Ես հեռանում եմ տնօրենի պաշտոնից, բայց ոչ՝ մեր եկեղեցուց, համայնքից և հայապահպանության գործից»։
Եվ հենց սա է նրա անցած ճանապարհի լավագույն բնորոշումը։
22 տարին պարզապես պաշտոնավարման ժամանակահատված չէ։ Դա հարյուրավոր երեխաների հետ աշխատանք է, նրանց մայրենի լեզվին ու հայկական մշակույթին կապելու ջանք, ծնողների հետ համագործակցություն, համայնքային կյանքի կազմակերպում և ամենօրյա հետևողական աշխատանք՝ հայկական ինքնությունը Նիդերլանդներում պահպանելու համար։
«Նիդերլանդական օրագիրը» շնորհավորում է Սվետլանա Անդրեսյանին ստացած բարձր գնահատանքի առիթով և շնորհակալություն հայտնում տարիների նվիրված աշխատանքի համար։
Մենք նրան հաջողություն ենք մաղթում նոր պատասխանատվությունների, նոր ծրագրերի և նոր նախաձեռնությունների ճանապարհին։
Թող այս նոր փուլը լինի նոր հնարավորությունների սկիզբ։
Եվ թող նրա տարիների փորձն ու նվիրումը շարունակեն ծառայել հայ համայնքին, հայապահպանությանն ու Հայաստանի ու Նիդերլանդների միջև կապերի ամրապնդմանը։
Տիկին Անժելային մաղթում ենք նոր պատասխանատվություն, նոր ճանապարհ, աշխատանքային նույն նվիրումը, որ ապացուցվել է տարիների քրտնաջան աշխատանքով:
Սվետլանա Անդրեսյանի գրությունը Նիդ.օրագրին
Սրտանց շնորհակալություն եմ հայտնում «Նիդերլանդական օրագրին»՝ իմ գործունեությանն անդրադառնալու և իմ տարիների աշխատանքը բարձր գնահատելու համար։
Ինձ համար առանձնահատուկ կարևոր ու հուզիչ է այն փաստը, որ այս տարիների ընթացքում «Նիդերլանդական օրագիրը» հետևողականորեն հետևել և լուսաբանել է մեր դպրոցի կյանքը, մեր ձեռքբերումները, նախաձեռնություններն ու կարևոր իրադարձությունները։ Հարգելի բարեկամ՝ «Նիդերլանդական օրագրի» հիմնադիր և գլխավոր խմբագիր Աշոտ Կնյազյան, ձեր անդադրում աշխատանքը մեծ արժեք ունի, որովհետև դրանով ոչ միայն տեղեկացնում եք, այլև պահպանում ու արժևորում եք հայկական համայնքների միասնականության, գործունեության և ինքնության հետ կապված կարևոր դրվագները։
Առանձնահատուկ և բազմապատիկ շնորհակալություն եմ հայտնում այն հետևողական ու նվիրված աշխատանքի համար, որի շնորհիվ այսքան երկար տարիներ լուսաբանվում է հային ու հայկականին առնչվող յուրաքանչյուր կարևոր նորություն, իրադարձություն և նախաձեռնություն՝ Նիդերլանդներում և նրա սահմաններից դուրս։
Ձեր կատարած աշխատանքը մեծ ներդրում է հայ համայնքի կյանքը ներկայացնելու, հայկական արժեքները պահպանելու և դրանք հանրությանը հասանելի դարձնելու գործում։
Շնորհակալ եմ տարիների համագործակցության, ուշադրության, վստահության և գնահատանքի համար։
Մաղթում եմ «Նիդերլանդական օրագրին» նորանոր հաջողություններ, ստեղծագործական եռանդ և երկար տարիների բեղմնավոր գործունեություն՝ ի նպաստ հայ համայնքի և հայկականի պահպանման ու տարածման։
Սվետլանա Անժելա Անդրեսյան




No comments:
Post a Comment