Страницы

Saturday, 5 September 2026

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ. Երկու պատմվածք

 Գագիկ Անտոնյանը ոչ միայն փորձառու ու վաստակաշատ լրագրող է, այլև գրող ու հրապարակախոս, որի ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ ունեն մարդկային ճակատագրերը, կյանքի տարբեր դրսևորումներն ու ժամանակի հետ առերեսվող մարդը։ Լրագրողը պատմում է այն, ինչ տեսնում է, իսկ գրողը՝ այն, ինչ տեսածի ու ապրածի խորքում զգում է։ Լրագրությունը մարդուն սովորեցնում է լսել, նկատել ու հարցեր տալ, իսկ գրականությունը՝ այդ ամենի մեջ տեսնել մարդու հոգին, լռությունը, ցավն ու չասված խոսքը։

Գագիկ Անտոնյանի ստեղծագործական ճանապարհը այս երկու աշխարհների հետաքրքիր հանդիպումն է։ Տարիների լրագրողական փորձը նրան տվել է մարդկանց, նրանց ճակատագրերն ու կյանքի բազմաթիվ պատմություններ տեսնելու հնարավորություն, իսկ գրողն այդ ամենը վերածում է գեղարվեստական խոսքի՝ երբեմն խոհական, երբեմն հուզական, բայց միշտ մարդկային։

Գրողի համար պատմվածքը  մարդու հոգու մի փոքրիկ պատուհան է, որի միջից ընթերցողը կարող է տեսնել իրեն, իր ապրումները, իր հիշողություններն ու երբեմն՝ իր չասված խոսքերը։

Այսօր «Նիդերլանդական օրագիրը» իր գրական էջում հյուրընկալում է Գագիկ Անտոնյանին՝ ներկայացնելով նրա մեզ ուղարկած երկու պատմվածքները։

Հրավիրում ենք մեր ընթերցողներին կարդալու, զգալու և, գուցե, այդ պատմությունների հերոսների մեջ գտնելու մի ծանոթ հայացք, մի վաղուց մոռացված զգացում կամ սեփական կյանքի մի փոքրիկ դրվագ։


ՉՈԹՌԱՇԵՆՑԻՔ ՊԱՇՏՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՏԱՆՈՒՏԵՐԻՆ

Չոթռաշենում տանը, փողոցում, եկեղեցում, գոմում ու ցախանոցում, նույնիսկ այն տեղերում, որտեղ վաղուց ոչ Աստված կա, ոչ էլ հույս, մարդիկ աղոթում են իրենց գյուղապետի արևշատության համար։
Զարմացա։
Մի՞թե հայոց արգանդը չի ցամաքել, և մեր երկրում ազնիվ ու ժողովրդաշահ պաշտոնյաներ դեռ կան։
Հաջորդ օրը Չոթռաշենում էի։
Գյուղը կախված էր ձորի եզրին՝ ինչպես տխուր միտքը՝ խառը գլխում։ Գլուխը սարերի մեջ էր, ոտքերը՝ ջրի, հոգին՝ պարտքերի, սիրտը՝ վախերի։
Կիսաքանդ եկեղեցին լեփ-լեցուն էր։ Մարդիկ ծնկաչոք էին։ Բայց նրանց հայացքը վերև չէր, այլ ինչ-որ անտեսանելի կենտրոնի, որը, հավանաբար, գյուղապետարանի ուղղությամբ էր։
Քահանան խաչակնքեց, ու աղոթքը սկսվեց.
— Հայր մեր, որ երկինս ես, մեր գյուղապետին պահիր ու պահպանիր։ Տուր նրան այնքան, որքան կարող է տանել, մեզ՝ այնքան, որքան կարող ենք գոյատևել։ Թող նա աճի, մենք՝ հարմարվենք։ Թող նա ուտի, մենք հավատանք, որ կշտանում ենք։ Երկար կյանք տուր նրան, որ գլխներիս տիրություն անի։ Մենք մեր գլխին ուրիշ տեր չենք ուզում։ Ամե՜ն։
Աղոթքն ավարտվեց։
Մոտեցա մարդկանց՝ գյուղապետի մեծագործությունների մասին իմանալու։ Ոչ ոք չխոսեց։ Քահանայի մի շարժումով՝ կին ու տղամարդ, ահել ու ջահել, շտապ բարձրացան եկեղեցու բակում կայանած ավտոբուսները, որոնք ծուխ արձակելով հեռացան։
Ո՞ւր՝ չիմացա։
Մտամոլոր ման եկա գյուղում։ Մարդ-արարած չկար։ Փողոց կոչվող արահետներով մի քիչ վեր ելա, մի քիչ վար իջա, մինչև մի տան պատի տակ, տաք աթոռին նստած, արևկող անող մի ծերուկ տեսա։
— Բարի լույս, պապի,— բարևեցի,— լրագրող եմ, ուզում եմ Ձեր գյուղապետի գործունեությունը լուսաբանել։
Ծերունին սկզբում ոչ մի բառ չասաց։ Հետո բեղերը ոլորեց ու ցանկապատի վրայից կանչեց.
— Սաթո՜, հե՜յ, Սաթո՛, մի էն արաղի շտոփը սուփրին դիր։ Արի, քո մատա՜ղն ըլեմ, էս սհաթիս գեղըմըս իսան չես գտնի։ Ինչ իմանալ կուզես՝ չիմնու պատասխանը կտամ, էլ դեսուդեն ընկնիլ մի՜։
Երբ մի թասով «բարլիս» ասաց, բեղի ծայրից հոտ քաշեց ու ինձ նայեց։
— Ասում ես՝ գեղացիք ինչի՞ են աղոթքն անում մեր տանուտերի համա՞ր։ Ասեմ։ Բա չասե՞մ։ Ուստի՝ մեր տանուտերը մեր տանուտերն ա, ուրիշինը չի՜։ Ուրիշն իրա լավը մեզ տալ չի։ Դրա համար աղոթքն ենք անում, որ երկար ապրի, որ գլխներիս տիրություն անի։ Մեր գեղը տանուտեր շատ ա տեհել, համա սրա նմանը չի տեսել։
— Իսկ ինչո՞վ է արժանի այդքան սիրո։
Պապը նորից բեղերը ոլորեց։
— Աչքաբաց տղայա՜։ Գյուղի ջրատար խողովակները գետնի տակից հանել, տարել, գազալցակայանի վրա օգտագործել ա։ Հետո էլ հանդամաս չմնաց՝ իրանով արեց։ Մի տեղ վիշկա պիտի դնեին, էդ հողն էլ վռազ իրանով արավ։ Էդ հողերից գեղի բյուջեն կոպեկ չի մտնում։ Որ մինն ասեմ, որը թողամ... Բա ի՞նչ անի, թողա՝ ուրի՞շն անի։
Մի պահ սպասեցի, որ պապը ծիծաղի։ Չծիծաղեց։
— Իսկ գյուղի համա՞ր, վերջապես, նա ի՞նչ լավ բան է արել։
Պապը մի թաս էլ ներս գցեց։
— Ասում ես՝ լավ բան... Հա՜։ Ութ տարվա մեջ լուսավորություն տվուց մեր փողոցին։ Հիմի մենակ մի սյուն է մնացել, մի լիս ա պեծին տալիս, բայց ժամանակին շատ էին։ Հետո մի 10–110 մետր ասֆալտ անել տվուց։ Օրեր եդը ասֆալտը թրիքի, ցեխի մեջ կորա՜վ, անդարձ գնա՜ա՜ց...
— Իսկ ինչո՞ւ են նրան Մոզանբեկ ասում։
Պապը ժպտաց։
— Մեր գեղի նախկին գյուղապետերը «բեկեր» են եղել։ Մեկը՝ Ասլիբեկ, մյուսը՝ Սարիբեկ, Ղարաբեկ, Ուլանբեկ, Թալանբեկ... Էս մեկի անունում «բեկ» չկար, բայց մարդը պիտի բեկ լիներ։ Մի անգամ էլ գնացել ա Մոզամբիկ։ Էդ օրվանից գեղացիք անունը կնքեցին՝ Մոզանբե՜կ։
Հարցրի՝ ժողովրդի սերը վայելող այս բեկը տոկոսային ի՞նչ հարաբերությամբ է գործում՝ որքա՞նն է իրենը, որքա՞նը՝ գյուղինը։
Պատասխանը շշմեցուցիչ էր.
— Իննսունինը ամբողջ իննսունինը տոկոսը՝ իրան, զրո ամբողջ զրո մեկը՝ գեղին։
— Եվ աղոթո՞ւմ են նրա համար,— զարմացա։
— Բա ինչ անենք,— հանգիստ պատասխանեց պապը։— Մարդիկ համոզված են, որ հաջորդ բեկը զրո տոկոսով է ծառայելու։ Հիմա Մոզանբեկը պալատնի ա կառուցում։ Ողջ գյուղը լծված ա էդ գործին։ Առավոտը նախ ժամ են կոխում, աղոթն անել տալիս գյուղապետի արևշատության համար, հետո գնում պալատի վրա չալիշ գալու։ Իրիկունը մաշնեքով հետ են բերում, էլի աղոթում են, հետո տուն են գցում, որ հանգստանան՝ մինչև առավոտ։
Վերջապես պապն ինձ ճանապարհ դրեց։
Նրա տան կից փողոցում, ցեխի ու թրիքի հաստ շերտի տակ, ասֆալտի հետք նկատեցի։ Մի կողմում էլ մի լուսասյուն էր մնացել, որի լամպը պեծին էր տալիս։
— Պապի,— ասացի,— երևում է՝ գյուղապետը քեզ շատ է հարգում։ Բյուջեի էդ զրո ամբողջ զրո մեկ տոկոսից մի մասն էլ քո տան մոտակայքում է ծախսել։
Պատասխանն անմիջական էր.
— Հարամ լակոտն էդքանն էլ չանե՞ր։ Էս տանն ա ծնվել, մեծացել։ Մենք էլ, ոչ բարով, իրա ծնողնին ենք դեռ։ Մեզ էլ էստեղ ա թողնում... որպես հուշարձան։
Ետդարձի ճանապարհին դառն էին մտքերս։
Ամեն երկրում տերն ու տիրականը ժողովուրդն է։ Իսկ մենք տեր ենք միայն մեր սեփական դժգոհությանը։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Ո՞ւմ էին մի կտոր հաց տվել


Մայրուղով սուրում էր գերթանկարժեք մի մեքենա։
Ուղևորները չէին զգում ո՛չ դարուփոսերը, ո՛չ էլ ակնակիր խավարը։
Մեքենան փափուկ էր, լուսարձակները՝ հզոր։ Երկուսով էին՝ հանրաճանաչ վարորդն ու նրա բարկաճայթ կինը։
Անուններ չուզեք։ Գաղտնիք է... Կատակ արի։ Հարկ չկա պատմությունը ծանրաբեռնել, հետն էլ՝ օտարածին անուններով։ Հազարավորների մեջ նրանց կճանաչեք։ Շունը պոչը ոնց պտտի՝ նմաններին կկպչի։
Հնչեց հեռախոսազանգ.
— Բարաջողում։ Էս ո՞ւր ես։ Անվտանգությունից են հարցնում։
Մեքենայից պատասխանեցին.
— Նո՞ր չէին մեզ մոտ։ Ինչքան ուզեցին՝ տվինք։ Էլ ի՞նչ են ուզում։
— Ուղղորդել են։ Ասում են՝ ո՞նց եք թողել քաղաքապետարանի մոտ ձիանոց կառուցեն... Մեր շենքը հուշարձան է, քսան մետրից մոտիկ ոչինչ չի թույլատրվում կառուցել։ Օրենք է։
— Դուք եք ասել՝ «Օրենք է, որ օրենքը շրջանցենք»։ Դե, մենք էլ սազացրել ենք։ Դուք ևս հավանություն տվիք, ինքնագլուխ չարի՜։
— Տեղյակ չեմ, կլյաուզնիկի մեկը։ Արձակուրդում եմ եղել, ստորագրությունս չկա՜։ Նստեցնելը քիչ է, քեզ կախել է պետք... Տո՛ւ, տո՛ւ, տո՛ւ...
Վարորդի սիրտն արագ բաբախեց, արյունը գլուխը տվեց։ Հայհոյեց.
— Ես քո հոր հոգին, ծառան քոքին...
Ու ամբողջ ուժով հուպ տվեց արագության ոտնակին։ Մեքենան մռնչաց։ Ակնթարթ անց սլանում էին անդունդի վրայով։
Կինը հասցրեց հարցնել.
— Էն կե՞ղտն էր։
Անդունդի եզրին մեքենան հանդիպեց մի բլրի, որ չգիտես ինչու դարերով անշարժ ցցվել էր իր իսկ տեղում։ Հետո սկսվեց գլորվելով գահավիժումը։ Յոթ շրջապտույտից հետո նրանց առջև ծառացավ դարավոր կաղնին, որն իր կրծքին ընդունեց մի ծանր հարված և ճղատումների ու ճարճատյունների ճիգով կանգնեցրեց մեքենան։
Հաստատ՝ Աստծո մատը խառն էր։
Այլապես ինչո՞ւ գլորվեցին յոթ անգամ։ Որովհետև ութերորդից հետո մի այլ անդունդ էր, որի հատակով հոսում էր փրփրաբաշ գետը։ Որովհետև իմ հերոսներն այս կյանքում դեռ այնքան կարևոր արարումներ պիտի անեին։
Որոշ ընթերցողներ գուցե հենց այստեղ կդադարեցնեն կարդալը՝ մի պարզ բան կռահելով. եթե ողջ են մնացել, ուրեմն ձորից դուրս կգան։ Էլ ինչո՞ւ աչք քոռացնել։
Բայց առաջարկում եմ մինչև վերջ կարդալ։ Իմ հերոսներն արժանի են նման վերաբերմունքի։
Ամեն ոք կարող է դասեր քաղել թռփոշ ապրելու հնարի մասին /հասկացեք՝ հունարի/, իմաստնանալ՝ ըմբռնելով, թե ինչպես կարելի է առոք-փառոք, պատվավոր բարձրության վրա ապրել մերկ ու թշվառ, խեղճ ու տկլոր հայրենակիցների մեջ։
Ես պատմում եմ մերօրյա կյանքի ռիթմին համահունչ ապրող ռիթմիկ մարդկանց մասին։ Ոչինչ չեմ հնարում։
Նրանց կյանքից դեպքերն ու եղելությունները, որոնց դուք կտեղեկանաք մի քանի րոպեի ընթացքում, տարիների իմ դիտարկումների արդյունքն են։ Դրանք կկլանվեն նույն արագությամբ, ինչ արագությամբ մայր հողն է կլանում լճակից դուրս ելած բադիկի փետուրից կաթող ջրի կաթիլը։
Ծառին բախվելուց հետո տիրեց լռություն։ Մարդուկին շոկի մեջ էին։ Վերջապես ուշքի եկան, սարսափած իրար նայեցին։ Էս ի՞նչ հրաշք էր՝ ողջ են մնացել։ Հասկանո՞ւմ եք՝ կենդանի են։ Ինչպե՜ս է կյանքը կախված մեկ ակնթարթից։
Ամուսինը ծխախոտ վառեց։ Կրակայրիչի լույսի տակ նայեց կնոջը։ Նրա քթին էլ արյուն չկար։ Ծխի ամպերը հաճախակիացրեց։
Կինը հազկրտաց ու թափ առավ.
— Մի մխի... Ասա՝ ի՞նչ ենք անելու։
Մարդը մի կերպ դուրս եկավ մեքենայից, փորձեց մայրուղի ելնող մի արահետ գտնել։ Սոսկալի խավար էր։ Երկնքում միայն մի աստղ էր անորոշ հեռվում փայլփլում՝ թիթեռնիկի թևերի պես։ Անդունդից լսվում էր խենթ գետի թշշոցը։ Մտածեց. «Այ թե ձկների կեր էինք դառնալու»։ «Խոշոր պլանով» հասկացավ անելանելի վիճակը։ Ետ դարձավ՝ փորուփոշման։ Կինը նրան էր նայում։ Բայց ի՞նչ ասեր։
— Հը, խոտի դեզ հո չես՝ ի՞նչ ես պպշկվել։ Պարոն, մի բան ասացե՜ք...
Պարոնն ասաց.
— Ճանտրակուլի վիճակ։ Սատանեն էլ պոզերը ցցած դուրս գա՝ բան չի կարա։ Ճամփա չկա, ճարուիլլաջ չկա՜։ Լուսանա՝ մի բան կանենք։
Կինը չհամբերեց.
— Այ տրեխավոր անճարակ, ձիաուժդ հերիքում է սրա-նրա կնկան մերկացնես, հա՞...
Մարդը, որ ուսումնասիրել էր համատեղ կյանքի նրբությունները, զգաց, որ կնոջ լեզվի քորն սկսվեց։ Եվ որպեսզի ակունքներում չգլգլան նրա մայրենի լեզվի ջրերը, համակերպությամբ «օ՜ֆ» արեց ու ինքնատիրապետման ճիգով սլլացրեց.
— Այ կնիկ, սաղ հեչ... Էս ո՞ւմ էինք մի կտոր հաց տվել...
Կինը մի պահ լռեց։ Հետո աչքերը ոլորեց։ Պառավ ծտին ծղոտո՞վ կխաբես։ Ու շանթախաղաց հայացքով վրա տվեց.
— Ասա, որ չես ուզում գլխիդ զոռ տաս, որ գլուխդ էլ խելքիդ զոռ տա։ Էս ձորում ենք մնալու, հա՜։
Ամեն հայ գիտի «մի կտոր հաց տալու» մոգական երևույթի մասին մեր ժողովրդին հատուկ ակնածալից վերաբերմունքը։ Ով օգնության ձեռք է մեկնել մոտիկին, խեղճին ու տկարին, երկրի ու երկնի վրա անհետևանք չի կորչում։ Մի լավ օր փորձանքից քեզ անպայման ազատում է։ Մի խոսքով՝ ինչպես ժողովուրդն է ասում՝ լավությունն արա, ջուրը գցիր, մի տեղ դուրս կգա։ Մնում է միայն լինել կամեցող, նվիրատու, մի խոսքով՝ «հաց տվող»։ Բայց արդյո՞ք նրա ամուսինն այդպիսին էր։ Նրա մտքի ծանծաղ հորիզոնում վեր հառնեցին ամուսնու եսակենտրոն, գծուծ էությունը։
Խարույկը մեղմ հովից էլ բորբոքվում է։ Բորբոքվեց.
— Այ ողորմելի, մի կտոր հաց դու ո՞ւմ ես տվել։ Ես նման բան չեմ հիշում։ Ու զարմանում եմ, որ քեզ նման ավազակը փորձանքից ազատվել է։
Էստեղ ոչ մի տղամարդ չէր դիմանա։ Անմիջապես վրա բերեց.
— Չանածեծոցին վերջ։ Մի կտոր հաց տվել-չենք տվել, իհարկե տված կլինենք, կարևոր չէ։ Կարևորը՝ փրկված ենք։ Ու երեսով տվեց, որ կնոջ պատճառով «իրենք շան փայ» էին դառնալու։
Նույն օրվա առավոտյան կինն իրեն արթնացրել ու հայտնել էր, որ ընկերը մահացել է, թաղմանը գնալ է պետք։ Անկողնում մռլտացել էր. «Եթե մի մարդ մահացել է, էլ ի՜նչ ընկեր»։ Կինը համաձայնել էր։ Մեռածն էլ ի՞նչ ընկեր։ Բայց հիշեցրել էր, որ մեռածի կինը դեռ չի մեռել, նա իր վերադասն է նախարարությունում։ Ճարահատ՝ թաղման։ Վերադարձին էլ այս «օղբաթ» պատահեց։
Ամուսինը պահեստարանից վերցրեց կոնյակի շիշն ու դուրս եկավ մեքենայից։ Թիթեռնիկի թևերի պես փայլփլող աստղի տակ բացեց կոնյակի շիշը, մի քանի ումպ արեց, ծխախոտ վառեց և ընկավ նիրհուն երանության մեջ։
Երբ շիշը կրկին մոտեցրեց բերանին, հիշեց կնոջ ձաղկող խոսքը. «Դու ո՞ւմ ես մի կտոր հաց տվել»։ Սկսեց մտորել։ Ուզեց հիշել որևէ դեպք, թե ում է մի կտոր հաց տվել։ Երկար մտածեց։ Չէ։ Ոչինչ չէր ստացվում։ Գոնե մի դեպք հիշեր։ Սրտի արվարձաններում ոչ մի աղքատ, հացի կարոտ մարդ տեղ չէր ունեցել։ Ահա, հիշում էր իր կյանքի ամեն մի մանրուք՝ սկսած մանկության օրերից։ Դեռ տասներեք տարեկան էր։ ԽՍՀՄ-ի երանելի օրերն էին։ Գյուղում լուր տարածվեց, թե խանութում «կոնփետ» /շոկոլադ/ են ստացել։ Մորը խանութ տարավ։ Երբ հերթը իրենց հասավ, վաճառողը հայտարարեց.
— Ապրանքը հատա՜վ։
Բայց ուշիմ աչքերը տեսել էին, թե ինչպես «խանութի մարդը» մի արկղ շոկոլադ տակառի ետևը «պառտակեց» /թաքցրեց/։ Մութն ընկնելուն պես իրենց գոմից իշուկին հանեց, եկավ խանութի հետևի փոքրիկ պատուհանիկի տակ /մեջով մի կատու հազիվ անցներ/, բարձրացավ իշուկի մեջքին, նեղ անցքով «ճլպստաց» ներս։ Հասավ տակառին։ Գտավ երազային քաղցրության «կանփետը»։ Նույն ճանապարհով էլ ետ՝ իշուկի մեջքին։ Ճարպիկն էր։ Այնքան, որ մինչև տուն մի արկղ շոկոլադը «ջիբից» հանեց՝ փորը լցրեց։
Վարդամատն առավոտը դեռ չէր բացվել, երբ մեղրանման քնից բոթբթելով արթնացրին։ Հոր ուսի վրայով տեսավ վաճառողի կարմիր դեմքը, միլիցիոների կարմրերիզ գլխարկը։ Նրանք եկել էին իր փորում անհետացած շոկոլադի թղթերի հետքով, որ անփույթ թափել էր տունդարձի ճանապարհին։ Հոր ապտակը նպատակային էր։
Հետագայում կյանքի ապտակներն էլ հլու-հնազանդ ընդունում էր։ Ի՞նչ պիտի անեին դպրոցական լակոտին։ Ասացին.
— Էլ նման բան չանես։
Ասաց.
— Չեմ անի։
Բաց թողեցին, որ աճող ցլիկը արձակ հանդերում տրտինգ տա։ Բաց թողեցին, որ հարևանների հավուճիվը ընկեր-լակոտների հետ ուտի։ Ձվերից հետո ձիերի հերթը հասավ։
Անհուսալիին լծելու /հասկացեք՝ խելոքացնելու/ նպատակով քաղաքի շուկայում կանգնեցրին.
— Մեր յուղուպանիրը վաճառիր՝ մարդ դարձիր։
Մի օր աղվեսի դեմքով մի մարդ եկավ։ Գյուղի հանդերում աղվես տեսել էր։
— Տղա ջան, իմացիր՝ ձեր գեղումը ձի ծախող չկա՞։ Ձիան եմ ուզում։
Էլ ի՞նչ գյուղ, որ ձի չունենա։ Խոստացավ՝ ինքն իր ձեռքով կբերի։
Հաջորդ օրը գրպանները լցրեց ձի վաճառելու ցանկություն չունեցող հարևան Աթանեսի խարտյաշ ձիու դիմաց ստացած փողը։ Մի քանի օր անց աղվեսին հասցրեց քեռի Ենոքի ձյունաճերմակը՝ քուռակի հետ։ Մարդը քուռակը չէր ուզում։ Մեր հերոսը մեծահոգաբար ասաց.
— Քուռակը լավ մարդուն՝ նվեր։
Պատիժն եկավ երրորդ փորձին։ Ծաղկաշատ մարգագետնում Գափո բիձուն պատկանող արածող ձին թռցնելիս ռազմավարական սխալ թույլ տվեց։ Ձիուն մոտեցավ ետևից։ Ի՞նչ իմանար, թե ձիերի աչքերը մայր բնությունն այնպես է ստեղծել, որ տեսնում են իրենց գավակը։ Տեսնում են, բայց չեն իմաստավորում։ Այլապես մարդուն չէր շփոթի գայլի հետ ու մի ծանր աքացի չէր հասցնի պեպենոտ դեմքին։
Հարվածն «անբեկանելի» էր՝ ինչպես նա կասի հետագայում։
Քաղաքի հիվանդանոցում բուժման ու դաստիարակչական երկար շրջան ապրեց, մինչև դպրոցական արձակուրդներն ավարտվեցին։
Գլխավոր դասը լավ ընկալեց. Ոչ մի գործի չպետք է ետևից մոտենալ։ Կոկորդից է բռնել հարկավոր։
Այս բանաձևից հետագայում երբեք չշեղվեց։ Ճակատի սպին էլ՝ վերևից ներքև, հետագայում ընդմիշտ դաջված մնաց՝ որպես հերոսական արարքի անմոռաց վկայություն։
Տնեցիք որոշեցին, որ քաղաքում պիտի դպրոց հաճախի։ Գուցե մարդ դառնա։
Նոր դպրոցում առաջին օրը մի վատ ու մի քանի լավ անակնկալներ էին սպասվում։ Վատից սկսենք։ Դասղեկը տարավ ու մի բբռեջի կողքին նստեցրեց։ Լավն այն էր, որ բբռեջի հայրը պաշտոն ուներ։ Լավ էր նաև, որ այդ աղջիկը չբեր էր։ Պատկերացնո՞ւմ եք՝ այլ պարագայում նրանից ի՜նչ բբռեջներ լույս կընծայվեին։ Այդ հիշարժան օրից սկսած՝ կյանքը նրա համար թափ առած՝ սլհկուն հոսեց։
Աղջկա հայրը պեպենոտին թևի տակ քաշեց, փայփայեց, դպրոցը, տեխնիկումը բարեհաջող ավարտել տվեց, «ինստուտ» խցկելուց մեկ օր հետո էլ տարավ մի հողակտորի առջև կանգնեցրեց.
— Վաղն սկսում ենք ձեր պալատի շինարարությունը։
Հարցրեց.
— Ու՞մ պալատի։
Ապագա աները դեսուդեն չգցեց.
— Քո ու իմ աղջկա։ Իրար կողքի մի նստարանի եք նստել, մի օր թատրոն եք գնացել՝ սիրած կլե՜ք։
Ցլիկը քթածակերով զգաց իրեն հասանելիք բարիքները։ Չխորասուզվեց այլակերպ մտքերի մեջ։ Եռանդագին համաձայնություն տվեց։ Օրեր անց պսակեցին, ու մեր պեպենոտը սուզվեց կնոջական նոր, անծանոթ հրապույրների աշխարհը։
Հետո կյանքը լիահոժար նրան տրամադրեց իր ճոխ «դմակը»։ Տղա էր՝ կտոր-կտոր ծվատում էր։
Գործի նշանակեցին, հետո՝ մի այլ գործի։ Բոթեցին առաջ։ Գործերը տռճիկ տվեցին, փթթեցին։ Ինքն էլ փթթեց, փարթամացավ, ծանրացավ։
Հասկացավ՝ փողը համ չունի, աղի ջուր է, չի հագեցնում։
Ու փող «շինող» դարձավ։
Շինեց ու շինեց։
Տալիս էլ էր, ավելի շատ՝ շինում էր։
Սահմանափակ մարդիկ՝ անսահման ախորժակով, բարձունքների են հասնում։
Քաղաքում պաշտոնի հասավ։ Թուրը աջ էլ, ձախ էլ պտտում է։
Իր պաշտոնավարման օրոք թույլ չի տվել որևէ շինարարություն կատարվի առանց «խարջի»։ Եկել են մոտը.
— Թույլ տուր այսինչ փողոցում խանութ դնենք։
— Օ՜, դուքան։ Դուքանն էլ մեր ժողովրդին պետք է։ Անհրաժեշտ բան է։ Առանց դուքան՝ երկիրը վարի կգնա։ Դեմ չէ, բոլորովին դեմ չէ, մանավանդ մեր ժողովրդի բարօրության համար՝ լավ է, շատ լավ է։ Բայց այդ տեղը, օ՜, իր վարորդին է հատկացված։ Էն մյուս տեղը՝ ավագանու անդամ Անդամյանին։ Հարկավոր է նրանց հետ խոսել։ Ինքը կխոսի, կընդառաջի գործարար մարդկանց...
Այսպես՝ տասնյակ տարիներ։
Իսկ ո՞ւմ է մի կտոր հաց, մի քանի դրամ տվել։ Ոչ մեկի։ Իսկ ինչո՞ւ պիտի տար։ Հե՞շտ է փող սարքելը։ Հազար շառուփորձանք կա մեջը։ Որ բռնվեց, ո՞վ կբերի մի քանի դրամ, կտա, որ ազատվի։ Ո՞վ կգա իր հետ բանտ կնստի, դարդը կլացի։ Ոչ ոք։
Ճիշտ է՝ փողի մեջ հոգեկան անդորր կամ մարդկային խոր գաղափարներ չկան, բայց դե միայն փող ունենալու դեպքում է, որ թե՛ իր, թե՛ մարդկանց ապրելը գալիս է։
Մի խոսքով՝ ինչպես ապրել է՝ լավ է ու լավ։ Էդպես էլ պետք է ապրել։ Միայն թե...
Աստված էսպիսի կնոջ է իրեն դեմ արել՝ փողասեր, քինախնդիր, հիշաչար, կատաղի և, որ ամենից ահավորն է՝ միալար տգեղ ու տգեղ։
Հիշեց մի դեպք ու ինքն իրեն ժպտաց։ Տասը տարուց ավելի է՝ քնում են առանձին սենյակներում։ Կինը հաճախ է ներս մտնում իր մոտ ու քաղցրանվաղ հարցնում.
— Դուռս դո՞ւ թակեցիր։
— Ոչ։ Քամին է եղել։
Մի օր էլ ասաց.
— Ես եմ։ Առա՛ջ արի։
Կնոջ ուրախությանը չափ չկար։ Թռավ ամուսնու գիրկը։
— Դե, դե՜... — մռնչաց նա։ — Առ, նայի՛ր։
Ու կնոջ քթի տակ պահեց իր տղամարդկային անկարողունակությունը փաստող բժշկական տեղեկանքը։
Մեկ ամիս անց՝ կնոջ աչքի տակ պահեց դպրոցի տնօրեն նշանակվելու մասին հրամանը։
Մի կրակոցով երկու նապաստակ որսաց՝ սիրաշահեց կնոջը, իրեն էլ ազատեց նրան փող տալու ծանրածանր պարտականությունից։ Դե, այլևս տնօրեն է։ Թող ռադը քաշի, ինքն իր համար փող «տաշի»։
Շուտով զգաց, որ ցուրտը վրա է տալիս։ Անաղմուկ մտավ մեքենա։ Կնոջ աչքերը փակ էին։ Մտածեց՝ քնել է։ Բայց ոչ։ Նա էլ էր մտորումների մեջ։ Ուզում էր մտաբերել, թե ե՞րբ է մի կտոր հաց տվել կարիքավորին։ Չէր գտնում։ Բայց մեկառմեկ հիշում էր, թե ինչպես է իր դպրոցում անհնազանդ ուսուցիչներից ազատվել ու գումարով նոր աշխատողներ ընդունել։ Ոչ մի բացառություն չի հիշում։ Վաղը-մյուս օրը քննություններ են։ Ոսկե մեդալի երկու թեկնածու ունեն։ Հենց էնպես հո չի կարելի կանաչ ճանապարհ տալ։ Եկ ու լուսանկարիչչի՜ն տես։ Աշակերտությանն ուզում է նկարել, գումար վաստակել՝ հին նվիրատվագումարով։ Հարկավոր է ուրիշին գտնել... Օֆ, Աստված։ Էս ինչքա՜ն հոգսեր ունի։ Բա սա կյա՞նք է, որ քաշում է։
Քրքմահանդերձ այգը բացվեց։ Արևի ոսկե մատները շոյեցին կնոջ թավամազ այտերը։ Տեղից վեր թռավ, մարդուն բոթեց, արթնացրեց։ Իջան ավտոմեքենայից, փնտրեցին, վեր տանող մի շավիղ գտան, մայրուղուն հասան։ Հեռախոսները սկսեցին աշխատել։ Ամուսինը հանձնարարեց ինչ-որ մեկին, որ սա գնա ֆիրմային մեքենաների օֆիս ու մի նոր մեքենա դուրս գրի իր անունով։
Դեռ չէին բացել ճանապարհից ոչ հեռու ռեստորանի դուռը, երբ ձորից նրանց հասավ հեռավոր ու խուլ մի աղմուկ։ Կաղնին ողջ գիշեր պահել էր մեքենան։ Էլ չդիմացավ։ Գրկից բաց թողեց, որ անպետքությունը ձորն ընկնի։
Ամուսինը երկար նայեց ներքև։ Հետո, կարծես ինչ-որ բան հիշելով, մռթմռթաց.
— Ում էինք մի կտոր հաց տվել...
Կինը ատամների արանքից նետեց անկեղծացման իր հազվագյուտ ակնթարթներից մեկը.
— Որ ինձ հարցնես՝ ոչ մեկս էլ չպետք է պրծնեինք։
Ամուսինը չասաց։ Օրվա երկրորդ կեսին ռեստորանին մոտեցավ ձորն ընկած մեքենայի նմանակը՝ «թափ-թազա, յուղը վրան»։ Հանձնարարությունը կատարված էր։
Նստեցին ու քշեցին իրենց քաղաք։
Հնչեց հեռախոսազանգ։ Կհասկանաք՝ ով է։
— Բարաջողում, արա՜... Դեռ սաղ ե՞ս։ Էս ինչի՞ չես երևում։ Թե՞ ինֆարկտից, բանից ես ստացել։ Այ թրիք գզող, կատակը հո լուրջ չե՞ս ընդունել։ Ախր երեկ ապրիլի մեկն էր, չէ՞... Հա՜, հա՜, հա՜։ Տո՛ւ, տո՛ւ, տո՛ւ...
Մարդուկին շանթազվարճ նայեցին իրար։ Հետո, պայծառացած, հաշտուխաղաղ, արշավասույր փութացին քաղաք։
Այս անգամ բարեհաջող հասան մեզ և դարձյալ սուզվեցին «արարչագործ» կյանքի քաղցրանվաղ վայելումների մեջ։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

No comments:

Post a Comment