Страницы

Thursday, 17 September 2026

Հիշո՞ւմ եք Տաթևիկ Ռևազյանին

 

17.09.2026/Նիդ.օրագիր

Հիշո՞ւմ եք Տաթևիկ Ռևազյանին՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի այն երիտասարդ ղեկավարին, որի անունը մի քանի տարի շարունակ հաճախ էր հնչում Հայաստանի ավիացիային վերաբերող հրապարակումներում։

Այսօր նրա մասին կրկին առիթ կա խոսելու, սակայն այս անգամ՝ ոչ թե Հայաստանի, այլ Սկանդինավիայի ավիացիոն պատմության հետ կապված։

Scandinavian Airlines-ը՝ SAS-ը, նշում է իր 80-ամյակը։ Եվ այս հոբելյանը Տաթևիկ Ռևազյանի համար սովորական ավիացիոն տարեդարձ չէ։ SAS-ի հետ է կապված նրա մասնագիտական ճանապարհի ամենասկզբի մի կարևոր էջը։

Ռևազյանը օրերս հրապարակել է լուսանկար, որի առիթով պատմել է, թե ինչպես է ընդամենը 19 տարեկանում մուտք գործել ավիացիայի աշխարհ՝ աշխատանքի անցնելով SAS Ground Services-ում։

Այսօր, տարիների հեռավորությունից, այդ առաջին աշխատանքը կարող է սովորական թվալ, սակայն հենց այնտեղ՝ Կոպենհագենի օդանավակայանում, սկսվեց մի մասնագիտական ճանապարհ, որը հետագայում նրան պետք է հասցներ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պետական կառավարման համակարգ։

19-ամյա Տաթևիկը զբաղվում էր ուղևորների գրանցմամբ և ինքնաթիռ նստեցմամբ, ուղեկցում էր առանց ուղեկցողի ճանապարհորդող անչափահասներին, ինչպես նաև թարգմանում ռուսերեն փաստաթղթեր։

Այսինքն՝ ավիացիան նրա համար սկսվեց ոչ թե ղեկավարի աշխատասենյակից, այլ օդանավակայանի ամենօրյա աշխատանքից՝ ուղևորների սպասարկումից և գործնական փորձից։

Տարիներ անց այդ փորձը շարունակվեց արդեն ավելի բարձր մակարդակում։ 2018 թվականին Տաթևիկ Ռևազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ՝ ղեկավարելով երկրի քաղաքացիական ավիացիայի ոլորտի պետական կարգավորման համար պատասխանատու մարմինը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրեց մինչև 2022 թվականը։

Հետաքրքիր է նաև նրա մասնագիտական կրթության և ավիացիայի նկատմամբ վաղ ձևավորված հետաքրքրության կապը։ Կոպենհագենի օդանավակայանում աշխատելու տարիներին Ռևազյանը ուսումնասիրել է օդանավակայանների կառավարման և պետական կառույցների փոխհարաբերությունների թեմաները՝ իր ակադեմիական աշխատանքում համեմատության մեջ դիտարկելով Կոպենհագենի և Երևանի «Զվարթնոց» օդանավակայանները։

«Այս լուսանկարին նայելով և մտածելով, թե ուր է ինձ հասցրել ավիացիան, հատկապես երախտապարտ եմ այն վայրի համար, որտեղ ամեն ինչ սկսվեց»,– գրել է նա՝ շնորհավորելով SAS-ի նախկին և ներկա աշխատակիցներին։

SAS-ի պատմությունն այս տարի նշում է ութ տասնամյակ՝ Սկանդինավիան աշխարհի տարբեր ուղղությունների հետ կապելու ճանապարհին։   Իսկ Տաթևիկ Ռևազյանի անձնական պատմության մեջ այդ ճանապարհը սկսվել է 19 տարեկանում, Կոպենհագենի օդանավակայանում։

No comments:

Post a Comment