ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ընթերցման համար
Երգիծական պատմվածք
Երգիծական պատմվածք
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
-Հիմար են, բա ի՞նչ են: Որ հիմար չլինեն՝ էդ տեսակ ավտո կառնե՞ն: Իսկական
ավտոն «Վոլգան» է, «Վոլգա» առեք:
«Վոլգա» ասելիս նրա քիմքով մեղր էր ծորում, սիրտն ուռչում-փքվում էր եռման ջրում ընկած նրբերշիկի պես:
- Բա՜ն գտար, ռսի տապոռով տաշած ավտո՞ն է ավտո, — ընդդիմացան ընկերները:
— «Վոլգան» դիմացկուն է, համա թե կոշտուկոպիտ է, անճոռնի, բա վառելիքի ծա՞խսը: Ծարավ գոմեշի պես բենզինը խմում հա՜ խմում է:
-Ժամանակը գա՝ կապացուցեմ, - բոլորին «հուսադրեց» նա:
Շուտով առիթը ներկայացավ: Գերմանական արտադրության հիշյալ մեքենան խափանվեց: Որպես վարպետ՝ օգնության կանչեցին Սարատով Մոսկովիչին:
Մտավ մեքենայի տակ, քննեց ու հայտնաբերեց փչացած դետալը: Ու երբ ասացին այդ դետալի ահռելի գինը, վարպետի սիրտն ընկերոջ համար մղկտաց.- Բա որ ասում եմ ավտո չի՞: Կնկա նման զադ է, փռշտաս՝ շունչը կփչի: Քանի շուտ է՝ ծախեք, պրծեք:
Ի՞նչ ծախել-պրծնել: Տարիների ընթացքում մյուս ընկերները ևս ձեռք բերեցին
արտասահմանյան ավտոմեքենաներ ու այժմ միահամուռ ուժերով նեղն էին գցում հնասեր ընկերոջը: Վեճերն արդեն վտանգավոր սրացումներ էին ունենում: Վերջին անգամ Սարատովին այնպես ձեռք առան, որ նա գործիքները դեն նետեց, փոսից դուրս եկավ ու հայտարարեց. «Գնացեք ձեր «խնջիլքները» (նրանց մեքենաներին խնջիլք անվանեց) ինքներդ սարքեք, ինձ հետ էլ գործ չունենաք»:
Արդեն մի քանի տարի նրանց հետ չէր հանդիպում, տեսնելիս ճանապարհը թեքում էր: Հրեն՝ ավտոտնակում իր «Կխտարը», միշտ սարքին, իր կամքին հնազանդ կանգնած է, բայց անիրավները ձեռք են առնում՝ «հարգում ենք Վոլգայիդ պայծառ հիշատակը»: Ասում են՝ եթե հանգուցյալ չէ, քշի, էլի՜, գոնե մի քանի կիլոմետր քշի:
Անտեր մեքենան առանց բենզինի դեռ ոչ մեկին չի հաջողվել գործի գցել:
Աշխատանք չունի, մեքենան ո՞նց օգտագործի, բա դրա «ռեխը» պահե՞լ կլինի:
Դրա համար էլ կանգնեցրել է ավտոտնակում, պետհամարանիշերը 40 տարի
առաջ հանել-հանձնել է, որ տույժեր չգան:
Այնուամենայնիվ, հույսը չէր կորցնում: Տղան Սարատովում լավաշ էր թխում,
խոսք էր տվել. «Հայրիկ, համբերիր, գործերս լավանա, փող կուղարկեմ, ավտոյիդ գազի բալոն կդնես, կքշես»: Այդ «մի քիչը» տարիներ շարունակ ձգվում էր...
Ամեն առավոտ այցելում էր Նրան, փոշիները հանում էր փափուկ շորով, շաբաթը մեկ տակնուվրա լվանում էր, երկու-երեք տարին մեկ փոխում շարժիչի յուղը, քսայուղում ժանգոտ դետալները, հինգ տարին մեկ հակակոռոզիոն նյութով ներկում հատակը, 10 տարին մեկ էլ շարժիչը քանդում, նորից հավաքում: Բանալիի մեկ պտույտ, և մեքենան հռնդում էր: Ոչ, գեղգեղում էր անուշ, համաչափ: Երբ սովում էր, ձեռքը դնում էր թափքին ու մեղավոր աղերսում. «Կներես, ախպերս, էս է՝ տուն մտնեմ-գամ»:
Ընկերոջը կոպտորեն ճամփելուց հետո ավտոտնակ մտավ կինը.
-Դամբուլ Վաղոն է եկել, ծննդիդ դամբուլի օղի է բերել…
Սարատով Մոսկովիչն իր 65-ամյակը նշեց կնոջ, մոր և հարևան Դամբուլ Վաղոյի հետ:
- Կենացդ, ախպերս, -բաժակը բարձրացրեց Վաղոն, - աչքիս քոքացել ես…
- Աչքով չտանք, դու էլ պակասը չես, - մռթմռթաց Սարատովը: - Քեֆդ քոք պահի, ամեն ինչ դուզ է: Հենց այդ պահին հեռուստացույցով հաղորդեցին առավել կարևոր իրադարձության մասին. Հայաստանը միանում է Մաքսային Միությանը: Ասել է թե՝ վերստին միանում ենք հզոր Ռուսաստանին:Երբ էկրանին հայտնվեց նրա չսիրած հաղորդավարուհին, կնոջը հրամայեց.
- Էդ սրսկած ալրաթաթախին ռադ արա, կորցրու…
Կինը, բոլոր կանանց նման, ականջի հետև գցեց ամուսնու հանձնարարությունը:
Սարատով Մոսկովիչը ականջի ծայրով որսաց վաղուց սպասված լուրը և
հասկացավ, որ իր ծննդից առավել նշանակալից իրադարձություններ էլ կարող են պատահել այս անցողիկ աշխարհում: Նա իմացավ, որ հայ-եվրոպական չորս տարվա «մոլեգին» շփումների արդյունքում որոշվեց անդամակցել ոչ թե Եվրոպական Միությանը, այլ... Մաքսային Միությանը:
Նա ասես 50 տարով ջահելացավ, տեղից վեր թռավ և պիոների պես «ուռռռա՜» գոռաց: Քիչ անց հողաթափերով վազեց «կուռկուռի ձագ դառնալու» ենթակա ընկերների մոտ: Հերթական խափանված մեքենայի մոտ նրանք անհույս կանգնած մտորում էին՝ գնա՞ն, չգնա՞ն Մոսկովիչի ծննդին, ախր կլոր դատա է, բայց տնից վռնդի՞…
Վարպետը առաջացավ, բոլորին ոտքից-գլուխ չափեց ու հրամայեց.
- Շարվե՛ք:
Շվարած շարվեցին:
-Այ կուռկուռի ձագեր, տեսա՞ք ճիշտն ով է… Հաղթեցինք:
- Ո՞վ հաղթեց, -վախվորած հարցրեցին:
- Ես հաղթեցի: «Վոլգաս» հաղթեց, ոջլոտներ… Միացանք Ռուսաստանին՝
«Վոլգայի» հայրենիքին:
Ընկերների հոմերական ծիծաղի ներքո Սարատով Մոսկովիչը հպարտ,
հաղթանակած հեռացավ: Գնաց, մտավ ավտոտնակ: Մի ուրիշ կարոտով փարվեց իր հին, անխոս ու լուռ, միշտ կազմուպատրաստ Ընկերոջը: Սիրտը խաղաղ էր՝ տղերքի պորտները տեղն էր դրել:
- Դու ուրիշ ես, ախպերս, — նվաղուն ձայնով ասաց նա, ապա ձեռքով ծանրացավ ազդանշանի կոճակին:
Ավտոտնակի փակ պատերից դուրս թռավ ու թաղով մեկ որոտաց «Վոլգայի»
հաղթական խրխինջը ՝ իր ողջույնն հղելով ՄՄ-ին միանալու պատմական
որոշմանը:

No comments:
Post a Comment