Անտառում, դաշտում, ճանապարհի եզրին կամ զբոսայգում․ ի՞նչ է ասում օրենքը, և ի՞նչ անել, երբ մոտակայքում զուգարան չկա, իսկ բնական պահանջն այլևս չի սպասում։
Երկար զբոսանք, հեծանվային ուղևորություն, անտառային արահետ կամ պարզապես ճանապարհորդություն Նիդերլանդների գեղատեսիլ բնության միջով։ Ամեն ինչ լավ է, մինչև առաջանում է միանգամայն բնական, բայց ոչ միշտ հարմար պահի անհրաժեշտություն․ զուգարան չկա, մոտակայքում ոչ մի բնակելի շինություն կամ սրճարան չի երևում, իսկ օրգանիզմը սպասել չի պատրաստվում։
Ի՞նչ անել նման իրավիճակում։ Կարո՞ղ է մարդը տուգանվել, եթե բնության մեջ, ծառերի կամ թփերի հետևում հոգում է իր բնական կարիքը։ Իսկ եթե տարածքում այլ մարդիկ կան, կամ իրավիճակն այնքան հրատապ է, որ այլընտրանք պարզապես չի մնում։
«Նիդերլանդական Օրագիրը» փորձել է պարզել, թե ինչ սահմաններ է դնում օրենքը նման առօրյա իրավիճակներում՝ ուսումնասիրելով Նիդերլանդների իրավական կարգավորումները և մասնավորապես Զեուս-Վլանդերենի երեք համայնքների՝ Հուլստի, Սլաուսի և Տերնեուզենի կանոնակարգերը։
Ի՞նչ է ասում օրենքը
Հոլանդերենում հասարակական վայրում, դրա համար չնախատեսված տեղում միզելը կոչվում է wildplassen։ Նիդերլանդներում դրա համար սահմանված արգելքը հիմնականում ամրագրված է համայնքների տեղական կանոնակարգերում՝ APV (Algemene Plaatselijke Verordening)։
Մեր ուսումնասիրած գործող փաստաթղթերում Հուլստի համայնքի APV-ի 4:9 հոդվածը, Սլաուսի համայնքի APV-ի 4:8 հոդվածը և Տերնեուզենի ֆիզիկական միջավայրի կանոնակարգի 3.48 հոդվածը նախատեսում են, որ բնակավայրի սահմաններում հասարակական վայրում, դրա համար նախատեսված տեղերից դուրս բնական կարիքները հոգալն արգելվում է։
Այսինքն՝ իրավական տեսանկյունից կարևոր է ոչ միայն այն, թե որ համայնքում է գտնվում մարդը, այլև՝ արդյոք տվյալ տարածքը բնակավայրի սահմանների ներսո՞ւմ է, թե՞ դրանից դուրս։
Բնակավայրի սահմաններից դուրս՝ անտառում կամ դաշտում
Նիդերլանդների ոստիկանության պաշտոնական պարզաբանմամբ՝ բնակավայրի սահմաններից դուրս (buiten de bebouwde kom) նման արարքը հաճախ պատժելի չէ։ Սակայն սա համընդհանուր թույլտվություն չէ․ անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ համայնքի կանոնակարգը և կոնկրետ տարածքում գործող սահմանափակումները։
Օրինակ՝ անտառը կարող է գտնվել նույն համայնքի վարչական տարածքում, բայց բնակավայրի սահմաններից դուրս։ Այդ հանգամանքը կարևոր է, քանի որ համայնքի ամբողջ տարածքի նկատմամբ նույն արգելքը չի գործում։
Ճանապարհներին հանդիպող «Einde bebouwde kom» նշանը ցույց է տալիս բնակավայրի ավարտը։ Այն օգտակար կողմնորոշիչ է, բայց չի նշանակում, որ դրանից հետո ցանկացած տարածքում կարելի է անտեսել տեղական կամ բնության պահպանության կանոնները։
Իսկ եթե անտառում մարդիկ կան
Բնության գրկում զբոսնելիս հնարավոր է, որ մոտակայքում լինեն այլ այցելուներ։ Նրանց ներկայությունն ինքնին դեռ չի նշանակում, որ մարդն անպայման խախտում է օրենքը։
Կարևոր է, թե որտեղ և ինչ պայմաններում է նա գործում։ Մի բան է հնարավորինս մեկուսացված տեղ գտնելը, հեռանալ արահետից և խուսափել ուրիշների տեսադաշտից, մեկ այլ բան՝ մարդկանց աչքի առաջ կամ հանրային արահետի անմիջական հարևանությամբ բնական կարիքները հոգալը։
Այս հարցում հետաքրքիր է Նիդերլանդների վերաքննիչ դատարանի 2022 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը։
Տղամարդը Ամստերդամի Բեատրիքսպարկում՝ ծառերի և թփերի մոտ, բնական կարիքները հոգալու համար տուգանվել էր։ Նա պնդել էր, որ գտնվել է զբոսայգու ներսում, ոչ թե հանրային ճանապարհի վրա, և մոտակայքում զուգարան չի եղել։
Սակայն Առնհեմ-Լեուվարդենի վերաքննիչ դատարանը (Gerechtshof Arnhem-Leeuwarden) ուժի մեջ է թողել տուգանքը։ Պարզվել էր, որ տղամարդը գտնվել է հանրության համար բաց արահետի մոտ, իսկ նրա գործողությունը տեսանելի է եղել այդ արահետից։ Դատարանը նաև հաշվի է առել, որ նա նախապես գիտեր իր հաճախակի և հանկարծակի անհրաժեշտության մասին և կարող էր զբոսանքը կազմակերպել այնպես, որ խուսափեր այդ իրավիճակից։
Այս որոշումը ցույց է տալիս, որ նույնիսկ զբոսայգու կամ կանաչ տարածքի ներսում գտնվելը միշտ չէ, որ մարդուն ազատում է պատասխանատվությունից։ Կարևոր է նաև՝ արդյոք նրա գործողությունը տեսանելի է հանրային ճանապարհից կամ արահետից։
Երբ անհրաժեշտությունն այլևս չի սպասում
Ամենաբարդ իրավիճակն առաջանում է, երբ մարդը ոչ թե պարզապես հարմարություն է փնտրում, այլ իսկապես չի կարողանում զսպել բնական պահանջը։
Պատկերացնենք՝ մարդը երկար զբոսանքի է դուրս եկել, մոտակայքում զուգարան չկա, իսկ անհրաժեշտությունը հանկարծակի է առաջացել։ Նա պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ փորձի գտնել հնարավորինս մեկուսացված տեղ, կա՛մ վտանգի տակ դնի իր առողջությունն ու բարեկեցությունը։
Իրավական առումով նման հանգամանքները կարող են նշանակություն ունենալ, բայց ավտոմատ կերպով չեն ազատում պատասխանատվությունից։
2022 թվականի դատական գործը հենց դրա օրինակն է։ Դատարանը չի համարել, որ զուգարանների բացակայությունն ու հաճախակի անհրաժեշտությունը բավարար են պատասխանատվությունից ազատելու համար, քանի որ տվյալ անձը նախապես գիտեր իր խնդրի մասին և կարող էր հաշվի առնել այն։
Միևնույն ժամանակ, հանկարծակի և իսկապես անկանխատեսելի արտակարգ անհրաժեշտության դեպքում հանգամանքները կարող են այլ կերպ գնահատվել։ Սակայն դա յուրաքանչյուր դեպքի առանձին քննության հարց է, ոչ թե տուգանքից ազատվելու երաշխավորված միջոց։
Որքա՞ն կարող է կազմել տուգանքը
Նիդերլանդների Դատախազության (Openbaar Ministerie) 2026 թվականի պաշտոնական տուգանքների ցանկում բնակավայրի սահմաններում հանրային վայրում, դրա համար չնախատեսված տեղում բնական կարիքները հոգալու համար սահմանված է 170 եվրո տուգանք։ Դրան ավելանում է 9 եվրո վարչական վճար։ Այսպիսով՝ ընդհանուր գումարը կազմում է 179 եվրո։
Սակայն այս գումարը վերաբերում է համապատասխան իրավախախտմանը, ոչ թե անտառում կամ բնակավայրից դուրս բնական կարիքները հոգալու յուրաքանչյուր դեպքի։ Տուգանքի համար անհրաժեշտ է, որ տվյալ վայրում առկա լինի համապատասխան արգելք։
Ի՞նչ խորհուրդ է տալիս «Նիդերլանդական Օրագիրը»
Երկար զբոսանքից կամ հեծանվային ուղևորությունից առաջ արժե պարզել՝ ճանապարհին կա՞ն արդյոք հանրային զուգարաններ։ Եթե գիտեք, որ նման անհրաժեշտություն կարող է հանկարծակի առաջանալ, նախապես պլանավորեք երթուղին և անհրաժեշտության դեպքում ընտրեք ավելի կարճ ճանապարհ։
Եթե բնության գրկում անսպասելի իրավիճակ է ստեղծվել, իսկ մոտակայքում զուգարան չկա, հնարավորության դեպքում հեռացեք հանրային արահետից և ընտրեք մարդկանցից հեռու, մեկուսացված տեղ։ Մի՛ աղտոտեք ջրային աղբյուրները, մի՛ վնասեք բուսականությունը և հարգեք տվյալ տարածքի հատուկ արգելքներն ու կանոնները։
Եզրակացությունը պարզ է․ Նիդերլանդներում բնական կարիքները հոգալը մարդկային բնական անհրաժեշտություն է, բայց հասարակական վայրում դրա իրականացումն ունի իրավական սահմանափակումներ։ Բնակավայրի ներսում այն կարող է արժենալ 179 եվրո, իսկ բնակավայրից դուրս՝ անտառում կամ դաշտում, հաճախ պատժելի չէ, եթե տվյալ տարածքի կանոններով այլ բան նախատեսված չէ։
Օրենքը չի կարող վերացնել մարդու բնական պահանջները, բայց պահանջում է հաշվի առնել նաև հասարակական կարգը, շրջապատի մարդկանց և բնության պահպանությունը։
Նիդերլանդական Օրագիր
Հրապարակման աղբյուրները
Լուսանկարը՝ Axelse Bos, Zeeuws-Vlaanderen։

No comments:
Post a Comment