Страницы

Thursday, 14 August 2025

Օշականի դպրատուն-թանգարանին Նիդ. օրագիրը կնվիրի այն հիմնադրած Ամատունիների լուսանկարներից

«Նիդերլանդական օրագիրը»  Ամատունիների իշխանական տոհմի մասին Օշականում նկարահանման ժամանակ դպրատան աշխատակից Կարինե Սարգսյանին խոստացավ նվիրել այս դպրատան` Օշականի հին դպրոցի հիմնադիրների լուսանկարները։ Այդ լուսանկարներն արդեն պատրաստ են և կտրամադրվեն դպրատուն-թանգարանին: 

Լուսանկարներում`(Ձախից աջ` վերևից ներքև)Օշականի դպրոցի կառուցմանը հիմնական ներդրում ունեցող, ցարական Ռուսաստանի իսկական պետական խորհրդական Նիկոդիմոս Ամատունին (1859-1946): Նիկոդիմոս Ամատունու հայրը՝ Օշականի եկեղեցու ավագ քահանա Տեր Եսայի  Ամատունուն (1829-1913): Ամատունիների նախարարական տոհմի նշանակը՝ զինանշանը հաստատված՝ Վրաց Հերակլ Բ թագավորի կողմից՝ 1784 թ-ին հունվար 1-ի հրովարտակով:

Գարեգին Ամատունին`(Ներքևի շարք` ձախից) Եսայի քահանայի ավագ որդին, Օշականի տանուտեր, դպրոցի հոգաբարձու-նախագահ: Սահակ վարդապետ Ամատունին` հայ գիտնական, բանասեր, հոգևորական, ձայնագրագետ, շարականագետ, մանկավարժ և բառարանագիր, Եսայու եղբայրներից մեկի` Գևորգի որդին: Գարիկ Ամատունին` Տեր Եսայի քահանայի թոռան թոռը, կամ Նիկոդիմոս Ամատունու եղբոր` Գարեգինի ծոռը, նախնիների լուսանկարների իր հավաքածոյի հետ:

Նիկոդիմոս Ամատունին և նրա ընտանիքի անդամները հսկայական ավանդ ունեն Օշականի եկեղեցու և դպրոցի վերակառուցմանը և շինարարության օժանդակությանը: Դա տարիներ տևած քրտնաջան աշխատանքի արդյունք էր: Եթե սկզբնական շրջանում՝ եկեղեցու (1879) և զանգակատան (1884) կառուցման հսկայածավալ աշխատանքի գրեթե ողջ հոգսը բաժին էր ընկել Նիկոդիմոս Ամատունու հորը՝ Օշականի եկեղեցու ավագ քահանա Տեր Եսայի  Ամատունուն (1829-1913), ապա դրանց հիմնավոր վերանորոգումից հետո և մեծն իշխան  հայոց Վահան Ամատունու գերեզմանին 1880թ. հուշաքար տեղադրելուց  հետո, Մեսրոպ Մաշտոցի անունը կրող դպրոցի կառուցման թույլտվության ու նյութական աջակցությանը անգնահատելի ծառայություն մատուցեց  նրա որդին՝  Ցարական Ռուսաստանի իսկական պետական խորհրդական Նիկոդիմոս Եսայի Ամատունին: Գևորգ Դ կաթողիկոսի 1872թ գրված կոնդակից հետո` 1875թ. սկսվում է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կառուցմանը նախատեսվելիք դրամահավաքի ու միաժամանակյա վերանորոգման աշխատանքները: Այդ պահից ի վեր, իր մտահաղացումը կյանքի կոչելու համար, Տեր Եսայի քահանա Ամատունին մինչև կյանքի վերջը ձեռնամուխ եղավ հարազատ եկեղեցու, ապա և դպրոցի վերակառուցման գործին:

Թիֆլիսում լույս տեսնող «Նոր Դար» թերթը 154 համարում(1890 թ.հոկտեմբերի 10),  արդեն վերակառուցված եկեղեցու  մասին  հետևյալն է գրել. «Օշական այցելելով, աւելորդ չենք համարում տեղիս նորակառոյց եկեղեցու պատվին մի քանի խօսք ասելու: Այս եկեղեցին սրբատաշ և մեծադիր մի շինութիւն է, որ մի մեծ քաղաքի էլ պատիւ կարող է բերել:Եկեղեցին նոյնպէս սրբատաշ և մեծադիր մի զանգակատուն ունի: Թէ եկեղեցին և թէ զանգակատունը շինուած է տեղիս Ամատունի աւագ-քահանայի աշխատանքով.գուցէ թիֆլիսեցոց յայտնի լինի, որ 1879 թուին յիշեալ քահանան դրա համար ժողովարարութիւն էր անում այդ քաղաքում...»

 (ամբողջական մասը)

Հ.Գ- Ամատունիների տոհմի հետ կապված հինգ լուսանկար օգոստոսի 16-ին հանձնվեց դպրատուն-թանգարանի աշխատակցուհի Կարինե Սարգսյանին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Ամատունիներին, եկեղեցուն և դպրոցին վերաբերվող լրացուցիչ այլ լուսանկարներ ևս հանձնել դպրանոց-թանգարանին` Ամատունիներին նվիրված սենյակ, կամ առանձին անկյուն ստեղծելու պայմանով: ՈՒրախություն մեզ և Օշական այցելող հյուրերի ու աշակերտների, խմելու ջրի ցայտաղբյուրն արդեն գործում է:





No comments:

Post a Comment