ՈՒՐԱԽԱԼԻ ԼՈՒՐ
Մաստրիխտ, Նիդերլանդներ – 2025 թ. սեպտեմբերի 16/Նիդ.օրագիր
Մաստրիխտի հայ համայնքի համար այս օրը պատմական և անչափ ուրախալի է․ պաշտոնապես հաստատվեց, որ Սուրբ Կարապետ Հայ Առաքելական եկեղեցին այսուհետ պատկանում է համայնքի սեփականությանը։
Պաշտոնական ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Մաստրիխտի նոտարական գրասենյակում, գլխավոր նոտար Antoine C.J. Huenges Wajer-ի և նոտար P.A.J.H. Van Oss-ի ներկայությամբ։ Հաստատման փաստաթղթին ստորագրեցին համայնքի ատենապետ Լևոն Սարգսը և եկեղեցական ծխական խորհրդի ներկայացուցիչները։ Միջոցառմանը ներկա էին նաև հոգևորական քհ. ՌԵնե Շոլցը նախագահ և քարտուղար Էդվին Հաեսենը, որոնց ներկայությունն ու ստորագրությունը պարտադիր էին ու կարևոր այս պատմական պահի նշանակության համար ։
Սուրբ Կարապետ եկեղեցին, օծված դեռևս 2013 թվականի հունվարի 26-ին Նորվան Արքեպիսկոպոս Զաքարյանի ձեռամբ, ավելի քան տասնամյակ ծառայել է որպես հոգևոր և մշակութային կենտրոն՝ միավորելով Լիմբուրգի նահանգի հայերին։ Այսօր այն ոչ միայն հավատքի վայր է, այլև հայկական ինքնության ու համախմբվածության խորհրդանիշ։
Այս իրադարձությունը արդյունք է համայնքի անսահման նվիրումի, հավատքի և միասնականության։ Տարիներ շարունակ հայերը սեփական ուժերով պահպանել են եկեղեցին՝ այն դարձնելով աղոթքի, մշակույթի և կրթության կենտրոն։ Այժմ, իրավական ամրապնդմամբ, Սուրբ Կարապետը դառնում է Մաստրիխտի հայերի մշտական տունը՝ ապագա սերունդների հոգևոր կյանքը ապահովելու համար։
Շնորհավորում ենք համայնքի բոլոր անդամներին այս նշանակալի հաղթանակի առթիվ։ Սա ոչ միայն իրավական փաստ է, այլև հավատքի ու համախմբվածության հաղթանակ։ Թող Սուրբ Կարապետի օրհնությունը ուղեկցի համայնքին, և եկեղեցին շարունակի մնալ խաղաղության, համերաշխության ու հայկական ոգու անկյուն Մաստրիխտում։



No comments:
Post a Comment