Հայ գրականագիտությունը համալրվել է արժեքավոր նոր աշխատությամբ։ Լույս է տեսել «Նիդերլանդական օրագրի» հետ երկարամյա և ակտիվ համագործակցություն ունեցող գրականագետ, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Համբարձումյանի նոր ուսումնասիրությունը՝ «Սրբուհի Տյուսաբ. Հոդվածներ, քերթվածներ, հրապարակումներ» (Երևան, «Էդիթ Պրինտ», 2026, 504 էջ)։
Սա հերթական կարևոր ներդրումն է 19-րդ դարի արևմտահայ գրականության և հատկապես հայ առաջին արձակագիր կնոջ՝ Սրբուհի Տյուսաբի (Վահանյան, 1830–1901) ստեղծագործական ու հասարակական ժառանգության ուսումնասիրման գործում։ Հատորը ոչ միայն համախմբում է Տյուսաբի գրական ժառանգության կարևոր հատվածները, այլև գիտական նոր դիտարկումների և մինչ այժմ անհայտ փաստերի շնորհիվ նոր լույս է սփռում նրա կենսագրության, գրական գործունեության և ժամանակի մտավոր-մշակութային կյանքում ունեցած նշանակալի դերակատարության վրա։
Աշխատությունն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ՝ 24SSAH-6B006 ծածկագրով հետազոտական նախագծի շրջանակում, իսկ հրատարակությունը կատարվել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ։ Գրքի լույսընծայումը հնարավոր է դարձել Յովսէփ և Գարոլին Նալպանտեանների (Լոս Անջելես, Սթուդիո Սիթի) մեկենասական աջակցության շնորհիվ։
Հատորի խմբագիրներն են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալբերտ Խառատյանը և Նաիրա Համբարձումյանը, գրախոսը՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը։
Գրքի գիտական առաջաբանը ներկայացնում է Սրբուհի Տյուսաբի կյանքի և գործունեության ամբողջական պատկերը՝ անդրադառնալով նրա ընտանիքին, կրթությանը, գրական և հասարակական միջավայրին, ժամանակի նշանավոր մտավորականների հետ ունեցած հարաբերություններին, ինչպես նաև նրա հասարակական նախաձեռնություններին։ Առանձնակի ուշադրության են արժանացել մինչ այժմ քիչ հայտնի կամ ամբողջությամբ չուսումնասիրված փաստերը, որոնք վերաբերում են գրողի ստեղծագործական կենսագրությանը, հասարակական-քաղաքական գործունեությանը, երաժշտական և թատերական հետաքրքրություններին։
Հեղինակը նաև գիտական շրջանառության մեջ է դնում նոր տեղեկություններ Սրբուհի Տյուսաբի «Գարուն» խորագրով գրաբար առաջին բանաստեղծության տպագրության պատմության, ինչպես նաև Կոստանդնուպոլսի հայկական կրթական և բարեգործական հաստատությունների հետ նրա կապերի և գործունեության վերաբերյալ։ Այս փաստերը հնարավորություն են տալիս առավել ամբողջական գնահատելու Տյուսաբի ներդրումը ոչ միայն հայ գրականության, այլև ազգային հասարակական կյանքի ձևավորման գործընթացում։
Հատորը կառուցված է երեք բաժիններով։ Առաջինում ընդգրկված են տարբեր պարբերականներում հրապարակված հոդվածները, երկրորդում՝ հեղինակի պահպանված բանաստեղծությունները, իսկ երրորդ բաժնում տեղ են գտել Սրբուհի Տյուսաբի վեպերին և հրապարակախոսությանը նվիրված տարբեր հեղինակների հոդվածներն ու գնահատականները։ Բոլոր նյութերը ներկայացված են գիտական ծանոթագրություններով, ինչը հրատարակությունը դարձնում է կարևոր սկզբնաղբյուր հետազոտողների, դասախոսների, ուսանողների և հայ մշակութային ժառանգությամբ հետաքրքրվող ընթերցողների համար։
Նոր աշխատությունը ևս մեկ անգամ վկայում է, որ Սրբուհի Տյուսաբի գրական և հասարակական ժառանգությունը շարունակում է բացահայտվել նոր փաստերով ու մեկնություններով՝ հաստատելով նրա բացառիկ տեղը հայ նոր գրականության և կանանց մտավոր պատմության մեջ։
«Նիդերլանդական օրագիրը» շնորհավորում է Նաիրա Համբարձումյանին հերթական գիտական ձեռքբերման առիթով և վստահ է, որ այս հիմնարար աշխատությունը կարևոր ուղենիշ կդառնա ինչպես հայ գրականագիտության, այնպես էլ արևմտահայ մշակութային ժառանգության ուսումնասիրության համար։
Հիշեցնենք, որ «Նիդերլանդական օրագիրը» և «Օրեր» եվրոպական ամսագիրը համատեղ իրականացնում են գրական նախագիծ՝ նվիրված 19-րդ դարի երկրորդ կեսի արևմտահայ կին գրողների գրական ժառանգության հանրահռչակմանը։ Նախագծում ներկայացվում են Էլպիս Կեսարացյանը, Սրբուհի Տյուսաբը, Սիպիլը (Զապել Խանջյան), Հայկանուշ Մառքը (Թոփուզյան), Զապել Եսայանը, Մառի Պեյլերյանը, Զարուհի Գալեմքյարյանը, Արշակուհի Թէոդիկը (Ճէզվէճյան) և այլ նշանավոր հեղինակներ։
Նախագծի հեղինակն ու վարողը ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Համբարձումյանն է, որի երկարամյա հետազոտական աշխատանքը կարևոր դեր ունի արևմտահայ կին հեղինակների գրական ժառանգության պահպանման, գիտական արժևորման և հանրայնացման գործում։
«Նիդերլանդական օրագիր»


No comments:
Post a Comment