Страницы

Tuesday, 22 September 2026

Անկախությունը՝ բացարձակ արժեք. Հայաստանի տոնը Կալկաթայում

Անկախությունը բացարձակ արժեք է, որի պահպանումն ու  հզորացումը յուրաքանչյուր հայի գլխավոր առաքելությունն է

21.09.2026/Կալկաթա/Նիդ.օրագիր

Հայաստանում և սփյուռքում սեպտեմբերի 21-ը տոնախմբվում է ՀՀ պետական և ազգային ամենակարևոր տոներից մեկը` Հայաստանի անկախության տոնը։ Այն խորհրդանշում է հայ ժողովրդի դարավոր երազանքի իրականացումն ու անկախ պետականության վերականգնումը։ Տոնը համախմբում է աշխարհասփյուռ հայությանը։

Այդ առիթով,  տարվույս` սեպտեմբերի 21-ին , Կալկաթայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում  կատարվեց Հանրապետական մաղթանք Հնդկահայոց հոգևոր հովիվ  և Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանի կողմից։ Այնուհետև ճեմարանի բակում թմբկահարների ելույթից հետո հանդիսավոր կերպով բարձրացվեց ՀՀ եռագույնը, հնչեցին Հայաստանի և  Հնդկաստանի պետական օրհներգերն ու ճեմարանի հիմնը։ Միջոցառման գեղարվեստական մասը տեղի ունեցավ  ճեմարանի հանդիսությունների դահլիճում։ Ամենուր թևածում էր հայկյան հայրենասիրական ոգին։

Տոնական օրը շարունակվեց Կալկաթայի հայտնի Վիկտորիա Մեմորիալում, որտեղ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Հնդկաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպվել էր  գեղեցիկ  համերգային միջոցառում, որով էլ տրվեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգային շրջագայության մեկնարկը։ Համերգաշարի գեղարվեստական ղեկավարն  էր Մաեստրո  Սիփան Օլահը( Մեծ Բրիտանիա)։  Միջոցառմանն իրենց ներկայությամբ պատվել էին Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը և Արևմտյան Բենգալիայի  բարեկեցության վարչության քարտուղար Սանջայ Բանսալը։ Երեկոյի ընթացքում հնչեցին հայ  և արտասահմանցի հայտնի կոմպոզիտորների գործեր` Կոմիտաս, Ա. Խաչատրյան,Ալ. Սպենդիարյան, Ա. Բաբաջանյան, Շ. Ազնավուր, Էդ. Միրզոյան,  Լ. Արդիտի, Էդ. Գրիգ, Ս. Բիքսիո։

Իրենց կատարողական արվեստով փայլեցին և հանդիսատեսին դյութեցին  Աստղիկ Վարդանյանը( ջութակ), Կատարինե Հովսեփյանը ( դաշնամուր), Շողիկ Թորոսյանը( սոպրանո), Սիփան Օլահը( տենոր)։

Տոնական համերգին ներկա էին նաև Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի աշակերտությունն ու  ուսուցչական ողջ կազմը` տեսուչ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանի անմիջական ղեկավարությամբ։

Համերգը հիշարժան էր  ու   արժանացավ հայ և  հնդիկ հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու չդադարող  ծափողջյուններին։

Շնորհավո'ր  տոնդ, Հայաստան։

       Կալկաթայից`   Լիանա       Փիրումյան 










No comments:

Post a Comment