Страницы

▼

Tuesday, 27 October 2026

Բարեկամական այց «Վարդուհի» արվեստի դպրոց

 


Նիդերլանդների և Հայաստանի «Ալվան ծաղիկ» կառույցների ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հնարավորությունները

27.10.2027/Նիդ.օրագիր

Անցած շաբաթավերջին «Միացյալ Հայերը Հոլանդիայում» (ՄՀՀ) կազմակերպության նախագահ, Stichting VAN   մեկօրյա հայկական դպրոցի տնօրեն Սվետա Աբրահամյանի Sweta Abrahamian֊ի նախաձեռնությամբ Գյումրու «Ալվան ծաղիկ» հասարակական կազմակերպության տնօրեն Լիլիթ Գյունաշյանը և Նիդերլանդների «Alvan Tsaghik» հիմնադրամի վարչության անդամ Սերվաս Բեունքը (Servaas Beunk) բարեկամական այց են կատարել «Վարդուհի» արվեստի դպրոց։

Հյուրերին դիմավորել են «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Գագիկ Լաճիկյանը և «Վարդուհի» արվեստի դպրոցի ուսումնական գործընթացի կազմակերպիչ Նվարդ Եղոյանը։ Նրանք ներկայացրել են հիմնադրամի և դպրոցի ստեղծման պատմությունը, գործունեությունն ու կրթական առաքելությունը։

Այցի ընթացքում հյուրերը ծանոթացել են դպրոցի ուսումնական պայմաններին, սաների հաջողություններին և ստեղծագործական աշխատանքներին։ Նրանք ունկնդրել են սաների երաժշտական կատարումները, դիտել բալետի բաժնի պարային համարներն ու գեղարվեստի բաժնի աշակերտների նկարները։

Հանդիպման ավարտին կայացած գործնական զրույցի ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները։ Կարևորվել է երկու կառույցների ջանքերի համադրումը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու, կրթական ու մշակութային նախաձեռնություններին աջակցելու և փոխգործակցությունը զարգացնելու նպատակով։

Այցը ևս մեկ առիթ էր՝ ընդգծելու Հայաստանի և Նիդերլանդների հայ համայնքային ու կրթամշակութային կառույցների միջև կապերի ամրապնդման կարևորությունը։

No comments:

Post a Comment