Страницы

▼

Friday, 30 October 2026

Յարխուշտայի հնչյունների ներքո՝ հումոր, քաղաքական համեմատություններ

Յարխուշտայի հնչյունների ներքո․ Հայաստանի խորհրդարանական ծեծկռտուքը՝ հոլանդական հումորի և քննարկումների կենտրոնում




 

POWNED-ի տեսանյութը հոլանդացի օգտատերերի շրջանում արձագանքների տարափ է առաջացրել․ մեկնաբանություններում՝ հումոր, քաղաքական համեմատություններ, հայկական երաժշտության ճանաչում և նույնիսկ հայերին ուղղված քաջալերանքի խոսքեր։

Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքը հայտնվել է նաև Նիդերլանդների հանրային մեդիայի ուշադրության կենտրոնում։ Նիդերլանդական POWNED լրատվական հարթակը միջադեպի տեսանյութը հրապարակել է հայկական յարխուշտայի երաժշտության ուղեկցությամբ՝ դրան հաղորդելով յուրահատուկ, հումորային երանգ։

POWNED-ը Նիդերլանդների հանրային հեռարձակման համակարգի մաս կազմող Omroep PowNed-ի առցանց հարթակն է։ Այն հայտնի է իր անմիջական, քննադատական և երբեմն սադրիչ լրագրողական ոճով։ Քաղաքական ու հասարակական իրադարձությունները ներկայացնում է նաև հումորի, երգիծանքի և տեսանյութերի միջոցով՝ հատկապես դիմելով երիտասարդ, համացանցում ակտիվ լսարանին։

Այս անգամ հոլանդական հարթակի ընտրությունը հայկական երաժշտությունն էր։ Յարխուշտան՝ հայոց ավանդական մարտական պարը, տեսանյութի պատկերներին հաղորդել է լրացուցիչ խորհրդանշական երանգ։ Եվ պարզվում է՝ երաժշտությունն աննկատ չի մնացել։

Ի՞նչ են գրում հոլանդացի օգտատերերը

Տեսանյութի տակ տեղադրված մեկնաբանությունները երբեմն ավելի հետաքրքիր են, քան բուն հրապարակումը։ Դրանցում կարելի է հանդիպել հեգնանքի, ծիծաղի, հոլանդական քաղաքական կյանքի հետ համեմատությունների, բայց նաև հայերին ուղղված դրական գնահատականների։

Օրինակ՝ Mario Ringoot-ը կարծում է, որ հայկական տեսարանին ավելի կհամապատասխաներ System of a Down հանրահայտ ռոք խմբի երաժշտությունը՝ հիշեցնելով խմբի հայկական արմատների մասին։

Մեկ այլ օգտատեր՝ Delo Wazzi-ն, հայերի հասցեին բավականին ուշագրավ խոսք է գրել.

«Հայերն առնվազն համարձակ մարդիկ են, որոնցից դուք այստեղ՝ Նիդերլանդներում, շատ բան ունեք սովորելու»։

Այս մեկնաբանությունն առանձնանում է նրանով, որ հեղինակը տեղի ունեցածը դիտարկում է նաև հոլանդական քաղաքական կյանքի հետ համեմատության մեջ։

Հետաքրքիր է նաև Claudius Bronsink-ի դիտարկումը.

«Մի բան հաստատ է՝ քաղաքականությունն ավելի հետաքրքիր է, քան հոլանդական քաղաքականությունը, որը ձանձրալի է»։

Իսկ Marjan de Boer-ն ավելի հեռուն է գնում՝ գրելով.

«Ժամանակն է, որ նման բան տեղի ունենա նաև Նիդերլանդներում»։

Նույն տրամադրությունն արտահայտող այլ օգտատերեր էլ կան։ Manolo Rotterdam-ը գրում է՝ «Նիդերլանդներին սա անհրաժեշտ է», իսկ Fatih Osmanlı-ն առաջարկում է նման տեսարան տեսնել նաև Նիդերլանդների խորհրդարանի՝ Երկրորդ պալատի նիստերի դահլիճում։

Ոմանք էլ հումորով են արձագանքել՝ համեմատելով հոլանդացի քաղաքական գործիչներին և նրանց հնարավոր վարքագիծը։ Vincent Heine-ի կարծիքով՝ այստեղ որոշ տղամարդիկ կկռվեին ձեռքի պայուսակներով։ Մեկնաբանությունների այս շարքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես է օտար երկրում տեղի ունեցած քաղաքական միջադեպը վերածվում սեփական հասարակական ու քաղաքական իրականության շուրջ կատակների առիթի։

Առանձնանում է նաև Sergio Harnandan-ի գրառումը.

«Համենայն դեպս, քաղաքականությունը դեռ որոշ չափով կենդանի է։ Նրանք, ակնհայտորեն, ինչ-որ բանի համար պայքարում են»։

Իսկ Edwin Dorge-ն հեգնանքով նկատում է.

«Սա իսկական ժողովրդավարություն է․ հաղթում է ամենաուժեղը»։

Երբ հայկական երաժշտությունը դառնում է քննարկման առիթ

Հատկանշական է, որ օգտատերերից մի քանիսն անդրադարձել են ոչ միայն տեսանյութի բովանդակությանը, այլև երաժշտությանը։ Ոմանք ճանաչել են հայկական հնչողությունը, մյուսները հայկական պարի շարժումները հումորով համեմատել են խորհրդարանական բախման հետ։

Diana Ekizian-ը գրել է.

«Հոպա՜։ Առա՛ջ, տղաներ։ Գեղեցիկ շարապար է»։

Իսկ Artjomanouska Karaphetian-ը, դիմելով Արման Կարապետյանին, նկատել է, որ երաժշտությունը շատ լավ է համապատասխանում տեսարանին՝ հաղորդագրությանը կցելով նաև Հայաստանի դրոշը։

Այս արձագանքները ցույց են տալիս, որ հայկական երաժշտական մշակույթը կարող է ճանաչելի ու հետաքրքրություն առաջացնող ներկայություն ունենալ նաև նման անսպասելի միջավայրում։

Հումորի սահմաններից այն կողմ

Իհարկե, բոլոր մեկնաբանությունները չէ, որ դրական են։ Կան նաև քննադատական, վիրավորական և նույնիսկ հայերի նկատմամբ բացասական երանգ ունեցող գրառումներ։ Որոշ օգտատերեր ծաղրում են Հայաստանի քաղաքական վիճակը, մյուսները հարցականի տակ են դնում նման միջադեպերի համատեղելիությունը ժողովրդավարության և խաղաղության գաղափարների հետ։

Սակայն ընդհանուր քննարկման մեջ նկատելի է մի հետաքրքիր հանգամանք․ Հայաստանի խորհրդարանական միջադեպը հոլանդացի օգտատերերի մի մասի համար դարձել է նաև իրենց երկրի քաղաքական կյանքի հետ համեմատություններ անելու առիթ։ Ոմանք քննադատում են Նիդերլանդների քաղաքական գործիչների պասիվությունը, մյուսները պարզապես ցանկանում են տեսնել ավելի աշխույժ քաղաքական պայքար։

Պետք է նկատի ունենալ, որ սոցիալական ցանցի մեկնաբանությունները չեն կարող ներկայացնել ամբողջ հոլանդական հասարակության կարծիքը։ Դրանք տվյալ հրապարակման շուրջ ձևավորված անհատական արձագանքներ են։

Այդուհանդերձ, ուշագրավ է, որ հայկական խորհրդարանի միջադեպը, հայկական մարտական պարի երաժշտության ուղեկցությամբ, դուրս է եկել զուտ հայկական լրահոսի սահմաններից և դարձել Նիդերլանդների առցանց քննարկումների թեմա։

Եվ գուցե այս պատմության ամենահետաքրքիր դրվագն այն է, որ տեսանյութի տակ հնչած հումորի ու քաղաքական կատակների արանքում գտնվել են նաև մարդիկ, որոնք հայերին քաջալերանքի խոսքեր են ուղղել։

Հավաքեց, պատրաստեց`    Hay Azian-ը

«Նիդերլանդական օրագիր»

Աղբյուրներ՝ POWNED-ի հրապարակումը և դրա տակ տեղադրված օգտատերերի մեկնաբանությունները։


No comments:

Post a Comment