Страницы

Saturday, 9 August 2025

Օգոստոսի 7-ին Վանաձորում նշվեց Հայաստանի Ազատագրության բանակի նահատակների հիշատակի օրը

Ձեր նվիրումը անմահություն էր Ու ձեր վախճանը՝ հարություն հայի:

Կարո Վարդանյան
Գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

1982թ. օգոստոսի 7 Այս օրը ոսկե տառերով է գրված հայ ազատագրական պայքարի դարավոր պատմության մեջ, որ իսկական մղձավանջ դարձավ հարևան Թուրքիայի կառավարության համար: Ազգի մեջ հույս արթնացնելու, ուժ, կորով, ոգի հաղորդելու աներեր կամք ունեցող մի խումբ հայորդիներ՝ ԱՍԱԼԱ-ի մարտիկներ, պատժիչ աննախադեպ գործողություններ իրականացրեցին մայրաքաղաք Անկարայի սրտում՝ հարձակվելով Էսենպողա միջազգային օդանավակայանի ոստիկանատան վրա: Այն մկրտվեց «Կարին» գործողություն անվամբ, պատասխանատվությունն ստանձնեց ՀԱՀԳԲ-ի «Խրիմյան Հայրիկ անձնասպանական խմբակը» և «Նահատակ Պիեռ Կյուլյումյան անձնասպանական խմբակը»: Անհնար է առանց զարմացական հպարտության հիշել ԱՆՄԱՀՆԵՐԻ սխրագործությունը: Չորսուկես ժամ տևած զինված բախումների ընթացքում անվտանգության ուժերից և ներկաներից սպանվում է 9մարդ, նրանց մեջ նաև մայրաքաղաքի անվտանգության ապահովության ծառայության փոխտնօրեն Համտի Յահյա-օղլուն:

Վիրավորվում է 80 մարդ: Զոհ է գնում նաև հայ մարտիկ Զոհրապ Սարգսյանը, Լևոն Էքմեքջյանը վիրավոր վիճակում ձերբակալվում է և զինվորական ատյանում ձևական դատավարությունից հետո , առանց պաշտպան-փաստաբանի, հոկտեմբերի 7-ին դատապարտվում է մահվան /կախաղան/: Նա եղավ վերջին անձը, ով Թուքիայում կախաղան է բարձրացվել: Զոհրապ Սարգսյանն էլ թուրքական հողերում առաջին հայ նահատակն էր, ուստի ՀԱՀԳԲ-ն օգոստոսի 7-ը հետագայում հայտարարում է Հայ նորագույն զիված ազգային ազատագրական պայքարի ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՕՐ: /տվյալները վերցված է այս տարի հրատարակված «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ (ԱՍԱԼԱ) » գրքից:

Հայաստանի «Ինտերկապ» ԲԿ-ն, ԵԿՄ մարզային եւ Վանաձորի քաղաքային կառույցների համատեղ նախաձեռնությամբ լոռեցիները երախտիքի տուրք մատուցեցին Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում՝ ԱՍԱԼԱ-ի դյուցազն որդիների գործն ու հիշատակը հավերժացնող խաչքար- հուշակոթողի առջեւ։ Մասնակցեցին դպրոցականներ ու ուսանողներ, ազատամարտիկներ, պատերազմի վետերաններ, հկ-ների, ձեռնարկությունների աշխատակիցներ, ԱՍԱԼԱ-ի մարտիկներ, երախտագետ քաղաքացիներ, խաչքար-հուշարձանի առջեւ պահակեցին պատանի կամավորականները: Տերունական աղոթքով հոգեհանգստյան կարգ մատուցեցին և վրիժառու խենթ մարտիկներին օրհնաբանեցին Գուգարաց թեմի մի խումբ հոգևոր հայրեր՝ նույն եկեղեցու հոգեւոր հովիվ, ավագ քահանա տեր Օհան Լուսարարյանի հանդիսապետությամբ: Այն սկսվեց և ավարտվեց «Տերունական» աղոթքով:

Վերստին հնչեց հուշակոթողի կառուցման նախաձեռնության հեղինակների՝ բարերարներ Պողոս Հակոբյանի, Վահե Միկիչյանի և Ռազմիկ Մադարյանի անունները, իսկ հուշակոթողն օծեցին Գուգարաց թեմի առաջնորդ, երջանկահիշատակ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը և գերաշնորհ Տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը: Իրենց կյանքը հայ ժողովրդի ազատությանն ու արդարությանը նվիրած ԱՍԱԼԱ-ի անվեհեր մարտիկների, անձնուրաց հայորդիների կյանքի ու գործունեության մասին գնահատանքի և երախտիքի ջերմ խոսքեր հնչեցրեց Լոռու ասպետ, բանաստեղծ, ՀԳՄ Լոռու գրողների բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը:

Նա վերահաստատեց, որ Հայ Գաղտնի Բանակի կազմակերպած և իրականացրած գործողությունները ոչ թե սոսկ «տեռորիստական ակտեր» էին, այլ հայության արժանավոր զավակների կողմից կոչնակ էին՝ արթնացնելու աշխարհի նիրհած և Հայոց ցեղասպանությունը մոռացության տալով ուրացող հզորներին, որ պարտք ու անելիք ունեին պատասխանատվության կանչելու ոճրագործ պետությանը։ Նրանք երեք տասնամյակ շարունակ ցնցեցին եվրոպական մայրաքաղաքների այն հաստատությունները, որոնք պատկանում էին Ցեղասպան պետությանը։ Այդ նրանց պայքարի արդյունքում էր, որ քաղաքակիրթ աշխարհին ստիպեցին քննարկման օրակարգ բերել ցեղասպանության դատապարտման անհրաժեշտությունը: Արդյունքներն իրենց երկար սպասեցնել չտվեցին՝ մեկը մյուսի հետևից աշխարհի հզոր պետությունները «ուշքի եկան» և ճանաչեցին մարդկությանը պատուհասած առաջին մեծ ցեղասպանությունը՝ Հայոց եղեռնը: Եվ այդ ամենը անգամ հայրենիք չտեսած, օտար ափերում ծնված մի սերունդի՝ հայրենապաշտ աղջիկների ու տղաների գիտակցված, անձնազոհ պայքարի շնորհիվ: Այո, նրանք հույսը դարձան իրենց հուսահատ ազգի... Միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Զինյալ պայքարի հերոս նահատակների հուշարձանին։

Եվ մի նորություն. Այս տարի Լիբանանում հրատարակվող «Սփյուռք» պարբերաթերթի գլխավոր խմբագիր, ազնվագույն մտավորական ՍԱԳՈ ՕԳՆԱՅԱՆԻ եռանդուն ջանքերի շնորհիվ լույս ընծայվեց անչափ կարևոր, շքեղաշուք մի ՝ գիրք ««Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ (ԱՍԱԼԱ) » վերնագրով: Այն իրոք երախտիքի ու հիշատակի մի անգնահատելի նվեր է, գեղեցիկ մի հուշամատյան-հուշակոթող ԱՆՄԱՀՆԵՐԻ անանց փառքի: Հուշամատյանը 2015թ. հայերեն լույս է տեսել որպես գիրք, ապա 2022թ.՝ որպես հուշամատյան՝ անգլերեն: Այս գիրքը թարգմանությունն է անգլերեն հուշամատյանի՝ անհրաժեշտ փոփոխություններով: ներկայացված են՝ ՀԱՀԳԲ-ի զինյալ գործողությունների ցանկը, կազմակերպության հրատարակած թերթերի, գրքույկների և ազդագրերի (որմազդների) ցանկը, մարտիկների և անդամների անունները և գործողությունները, որոնք նահատակվել կամ վախճանվել են և որոնցից շատերի տապանաքարերը տեղադրված են Երևանի Եռաբլուրի պանթեոնում և ՀԱՀԳԲ-ի նահատակների հուշահամալիրում:

Գագիկ Անտոնյան



No comments:

Post a Comment