The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 17 January 2026

Սահակ վարդապետ Ամատունի․ մոռացված էջերի բացահայտում և պատմական ժառանգության վերականգնում


Սահակ վարդապետ Ամատունին Օշականի իր տան աշխատասենյակում(եզակի լուսանկար);


Հունվարի 22-ին Սահակ վարդապետ Ամատունու ծննդյան 170-ամյա տարելիցն է

Հայ ազնվական Ամատունիների տոհմին նվիրված իր շարունակական նախագծի շրջանակում «Նիդերլանդական օրագիրը» կարևոր քայլեր է իրականացնում՝ ուղղված ազգային պատմության և հոգևոր ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը։ Նախագծի առանցքում է Սահակ վարդապետ Ամատունու կյանքն ու գործունեությունը, որի շուրջ իրականացվել են փաստահավաք և դաշտային ուսումնասիրություններ։

Հետազոտական աշխատանքի ընթացքում ուսումնասիրվել են Սահակ վարդապետ Ամատունուն վերաբերող փաստաթղթային և վավերագրական նյութեր, բացահայտվել են մինչ այժմ քիչ հայտնի կենսագրական տվյալներ, ինչպես նաև ձեռք են բերվել արժեքավոր և եզակի լուսանկարներ, որոնք լրացնում են վարդապետի կերպարի պատմական պատկերը։

«Նիդերլանդական օրագրի» գործուն աջակցությամբ իրականացվել է նաև Սահակ վարդապետ Ամատունու տապանաքարի հուշագրի վերականգնումը․ մաքրվել է հուշարձանը և դրա շրջակայքը՝ արժանապատիվ տեսք հաղորդելով պատմական հիշատակի վայրին։ Ավելին, վերջերս Օշականի գերեզմանոցում իրականացված նպատակային փնտրտուքի արդյունքում հայտնաբերվել են Սահակ վարդապետի հոր` Գևորգի և մոր` Քիշմիշի տապանաքարերը, որոնք ևս կարևոր վկայություններ են Ամատունիների տոհմի պատմության ուսումնասիրման համար։

Նշենք, որ հունվարի 22-ին նշվում է Սահակ վարդապետ Ամատունու ծննդյան 170-ամյա տարեդարձը, ինչը ևս մեկ առիթ է արժևորելու նրա թողած հոգևոր և ազգային ժառանգությունը։ «Նիդերլանդական օրագիրը» վստահ է, որ նման նախաձեռնությունները ոչ միայն վերականգնում են մոռացված պատմական էջերը, այլև նպաստում են ազգային հիշողության պահպանմանն ու փոխանցմանը հաջորդ սերունդներին։

Սահակ վարդապետ Ամատունու բառարանագիրքը` իր իսկ ձեռքով մակագրած:
Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանաքարի միջուկը վերականգնված` Նիդ.օրագրի ջանքերով 2021թ. հուլիսին:

Սահակ վարդապետ Ամատունու  հոր` Գևորգի և մոր` Քիշմիշի գերեզմանքարերը Օշականում

Թեմային առնչվող հոդվածներ

Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից

https://www.nidoragir.com/2019/01/blog-post_97.html


Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված

https://www.nidoragir.com/2019/06/blog-post_6.html


Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ

https://www.nidoragir.com/2020/01/blog-post_28.html


Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

https://www.nidoragir.com/2019/06/blog-post_18.html


Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին

https://www.nidoragir.com/2021/07/blog-post_30.html

«Խաղաղ Ամանոր»՝ համերաշխության և հոգատարության դրսևորում

14.01.2026/Նիդ.օրագիր

«Միասին» համահայկական  հասարակական կազմակերպությունը՝ Վաղարշապատի համայնքապետարանի հետ համագործակցությամբ, հունվարի 10-ին Էջմիածնում իրականացրեց «Խաղաղ Ամանոր» բարեգործական ծրագրի երկրորդ փուլը։ Միջոցառումը տեղի ունեցավ Հովհ. Հովհաննիսյանի տուն-թանգարանի հանդիսությունների սրահում՝ ջերմ, տոնական և հոգատար մթնոլորտում։

Ծրագրի շահառուներն էին 44-օրյա արցախյան պատերազմի ընթացքում Վաղարշապատ համայնքի զոհված հայորդիների, անհետ կորածների ընտանիքների, ինչպես նաև համայնքում հաստատված արցախցի ընտանիքների 25 երեխաներ։ Նախաձեռնության նպատակն էր ոչ միայն երեխաներին պարգևել ամանորյա տրամադրություն, այլև փոխանցել ուշադրություն, ջերմություն և հոգատարություն՝ կարևոր ուղերձ հղելով, որ նրանք միայնակ չեն։

Միջոցառման շրջանակում երեխաները դիտեցին «Խարիսխ Թատրոն»-ի գունեղ ու ուսուցողական «Կախարդական տոնածառը» ներկայացումը, որը մեծ հետաքրքրությամբ ընդունվեց փոքրիկների կողմից։ Այնուհետև Ձմեռ պապը երեխաներին հանձնեց նվերներ՝ տաք հագուստ, խաղեր, խաղալիքներ և քաղցրավենիք։ Օրվա ավարտին կազմակերպվեց նաև հյուրասիրություն։

Միջոցառմանը ներկա էին Վաղարշապատ համայնքի ղեկավարի օգնական Մանվել Մելիքյանը, Հովհ. Հովհաննիսյանի տուն-թանգարանի տնօրեն Քրիստինե Թորոսյանը և այլ հյուրեր։ Նախաձեռնությունն իր բովանդակությամբ դարձավ Հայաստան–Սփյուռք համագործակցության հերթական օրինակելի դրսևորումը։

Էջմիածնում կայացած ծրագրին նշանակալի աջակցություն էր ցուցաբերել Ստամբուլի «Հրանտ Դինք» հայկական վարժարանը։ Վարժարանի աշակերտները մեծ նվիրումով պատրաստել էին ձեռագիր տոնական բացիկներ՝ ամանորյա բարեմաղթանքներով՝ ուղղված Հայաստանի իրենց հասակակիցներին։ Բացիկները կրում էին անկեղծ հոգատարության, կարեկցանքի և համերաշխության շունչ։ Բացի այդ, վարժարանը ծրագրին ցուցաբերել էր նաև նյութաբարոյական աջակցություն։

Նախաձեռնությանը միացել էր նաև Ստամբուլում գործող «Ալյուր» սրճարան-ռեստորանը՝ Արշալույս Պալմումճույանի գլխավորությամբ, որի ջանքերով կարճ ժամանակում պատրաստվել և Հայաստան էին ուղարկվել ամանորյա թխվածքաբլիթներ։ Նվերների պատրաստման գործում իրենց ներդրումն էին ունեցել նաև Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի ուսանողները, ինչպես նաև «Մարտին Սթար» ընկերությունը։

Իր ողջույնի խոսքում «Միասին» ՀԿ հիմնադիր նախագահ Գևորգ Չիչյանը նշեց, որ նման ծրագրերը մշտապես կազմակերպության ուշադրության կենտրոնում են։ Նրա խոսքով՝ կազմակերպությունը հետևողականորեն ձգտում է համախմբել Հայաստանի և Սփյուռքի գործընկերների ուժերը՝ երեխաներին ուրախություն, ուշադրություն և ժպիտ պարգևելու համար։

 Գևորգ Չիչյանը (Gevorg Chichyan)   հատուկ շնորհակալություն հայտնեց Ստամբուլի «Հրանտ Դինք» վարժարանին՝ տնօրեն Արեգնազ Ավագյանի գլխավորությամբ՝ ընդգծելով, որ կարճ ժամանակում կարողացել են համախմբել թե՛ աշակերտներին, թե՛ ծնողական համայնքին նախաձեռնության արդյունավետ իրականացման շուրջ։ Նրա խոսքով՝ վարժարանի ներգրավվածությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ անկախ տարածքային հեռավորությունից՝ հնարավոր է լինել միասնական։

Նա նաև իր երախտագիտությունը հայտնեց Վաղարշապատի համայնքապետարանին աջակցության համար, Էջմիածնի պետական քոլեջի ուսանողներին՝ նվերների պատրաստման, ինչպես նաև «Martin Star LLC – От Мартина» ՍՊԸ-ին՝ իրենց ապրանքատեսականուց տրամադրելու համար։

Վաղարշապատ համայնքի ղեկավարի օգնական Մանվել Մելիքյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց նման նախաձեռնությունների կարևորությունը համայնքային համերաշխության և սոցիալական աջակցության տեսանկյունից՝ վերահաստատելով համայնքապետարանի շարունակական ներգրավվածությունը նման ծրագրերում։

Միջոցառման ավարտին Գևորգ Չիչյանը շնորհակալագրեր հանձնեց Վաղարշապատի համայնքապետարանին, Ստամբուլի «Հրանտ Դինք» վարժարանին, «Ալյուր» սրճարան-ռեստորանին, «Մարտին Սթար» ՍՊԸ-ին և ծրագրի իրականացմանը նպաստած բոլոր գործընկեր կառույցներին։

«Խաղաղ Ամանոր» բարեգործական ծրագիրն իրականացվում է 2022 թվականից՝ Հայաստանի և Սփյուռքի գործընկեր կազմակերպությունների, հայկական դպրոցների, երիտասարդական միությունների, մշակութային խմբերի, հանրային դեմքերի և անհատ բարեկամների աջակցությամբ։ Տարիների ընթացքում այն իրականացվել է Երևանում, Վաղարշապատում, Լճաշենում, Գագարինում և Արարատ համայնքում։

Ծրագրի առանցքային առաքելություններից մեկն է Սփյուռքում ապրող երեխաներին հաղորդակից դարձնել Հայաստանում բնակվող իրենց հասակակիցների խնդիրներին՝ նրանց մեջ ձևավորելով աջակցելու և հոգ տանելու պատասխանատվության զգացում։ Ընդհանուր առմամբ, նախաձեռնությունից օգտվել է շուրջ 180 երեխա։

Նշենք, որ սա «Միասին» համահայկական ՀԿ-ի գործունեությանը նվիրված Նիդերլանդական օրագրի երկրորդ հրապարակումն է, ինչը ևս մեկ անգամ վկայում է կազմակերպության գործունեության միջազգային արձագանքի և կարևորության մասին։






Մի փունջ բարիություն

 

 Ծաղկեփնջային պատմություն, որ դարձավ ժպիտների շղթա

Anahit Aghabekyan /Նիդ.օրագիր/14.01.2026

Կյանքում կան փոքր թվացող պահեր, որոնք կարող են վերածվել մեծ պատմությունների։ Երբեմն մի ծաղկեփունջը կարող է ավելին անել, քան հազար բառը։

Ես հաճախ եմ ինքս ինձ համար հենց այնպես ծաղիկներ գնում։ Ոչ առիթով, ոչ հատուկ օրվա համար․ պարզապես՝ հոգուս խաղաղության համար։ Այդ օրը ևս մտադրված էի ծաղիկ գնել, սակայն մանկասայլակով էի, և ֆիզիկապես հարմար չէր։ Թվում էր՝ պիտի հրաժարվեմ մտքիցս։

Բայց հենց այդ պահին տեղի ունեցավ մի բան, որն ավելին  էր, քան պատահականությունը։ Անծանոթ մարդը ինձ նվիրեց մի քանի ծաղկեփունջ։

Ստանալը հաճելի է։ Դա ջերմություն է, ուշադրություն, սեր։ Բայց կա մի զգացողություն, որն անգամ դրանից ուժեղ է՝ տալու, նվիրելու զգացողությունը։ Ես որոշեցի  ծաղիկները չպահել ինձ համար։ Տրանսպորտում գտնվող կանանց բաժանեցի ծաղիկներից, իսկ մի մասն էլ նախատեսել եմ նվիրել հարևաններիս։

Դուք չեք պատկերացնի, թե ինչքան լույս կար այդ կանանց աչքերում։ Անակնկալ ժպիտներ, զարմանք, շնորհակալություն՝ առանց ավելորդ խոսքերի։  Հասկացա մի պարզ ճշմարտություն․ միշտ կա ելք մի լավ բան անելու։

Եվ գուցե սա հենց այն ձևն է, որով Աստված որոշում է ուրախացնել մեզ։ Երբեմն՝ ոչ ուղղակիորեն, այլ անծանոթ մարդկանց միջոցով։ Երբեմն՝ հենց մեր  միջոցով։

Այս փոքր պատմությունը ծաղիկների մասին չէ միայն։ Այն բարիության մասին է, որը փոխանցվում է մարդուն։ Այն հիշեցում է, որ յուրաքանչյուր օր կարող է դառնալ գեղեցիկ, եթե մենք ընտրում ենք լավը անել։

Թող այս պատմությունը դառնա օրինակ՝

բարի լինելու,

կիսվելու,

և հավատալու, որ աշխարհը կարելի է մի փոքր ավելի լուսավոր դարձնել…

մի փունջ ծաղիկով



Saturday, 10 January 2026

Նիդերլանդական մամուլը անդրադարձել է հայուհի Կարինե Քլյանին

 

09.01.2026/Նիդ.օրագիր 


Նիդերլանդների հեղինակավոր De Telegraaf թերթը իր հանրաճանաչ «Mooi op elke leeftijd» («Գեղեցիկ ցանկացած տարիքում») խորագրի ներքո հոդված է հրապարակել Բիլտհովենի քաղաքային խորհրդի անդամ, հասարակական գործիչ Կարինե Քլյանի (56) մասին։

Հոդվածում ներկայացվում է Կարինե Քլյանի կյանքի ուղին՝ որպես ուժեղ և ինքնուրույն կին, որը տարիներ առաջ սիրո համար Հայաստանից տեղափոխվել է Նիդերլանդներ։ Օտար երկրում հայտնվելով երկու փոքր երեխաների հետ՝ նա կարողացել է հաղթահարել սոցիալական և անձնական բարդությունները, ինտեգրվել նիդերլանդական հասարակությանը և կառուցել ինքնուրույն կյանք։

De Telegraaf-ը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Կարինե Քլյանի ակտիվ կենսակերպին, դրական մտածողությանը և հասարակական ներգրավվածությանը։ Թերթը շեշտում է, որ նա, թեև 56 տարեկան է, իրեն զգում է ավելի երիտասարդ՝ շնորհիվ առողջ ապրելակերպի, հոգևոր հավասարակշռության և կյանքի հանդեպ բաց ու համարձակ վերաբերմունքի։

Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև նրա հանրային ճանաչմանը՝ հեռուստատեսային B&B Vol Liefde հաղորդման շրջանակում, որտեղ Կարինե Քլյանը մասնակցել է որպես հյուր։ Այդ փորձառությունը, ըստ նրա, ևս մեկ հնարավորություն է եղել ցույց տալու իր բնավորությունը, մարդկային վերաբերմունքը և անկեղծությունը։

Բացի այդ, Կարինե Քլյանը ներկայանում է որպես սննդաբան և սեքսոլոգ, ով իր մասնագիտական գործունեության միջոցով նպատակ ունի օգնել հատկապես ռուսալեզու և հայ համայնքների ներկայացուցիչներին՝ հաղթահարելու մարմնի, առողջության և ինտիմ կյանքի շուրջ գոյություն ունեցող տաբուները։

Հոդվածի ավարտին Կարինե Քլյանը կիսվում է իր կյանքի կարևորագույն սկզբունքով՝ մնալ դրական, սիրել ինքդ քեզ և ընդունել կյանքը այնպիսին, ինչպիսին այն կա։ Նրա խոսքով՝ իրական գեղեցկությունը գալիս է ներսից, և տարիքին անկախ՝ մարդը կարող է շարունակել զարգանալ ու նոր ճանապարհներ գտնել։

De Telegraaf-ի այս հրապարակումը ևս մեկ անգամ վկայում է, որ հայկական ծագում ունեցող կանայք իրենց գործունեությամբ և արժեհամակարգով արժանիորեն ներկայացնում են Հայաստանը միջազգային հարթակներում։

Friday, 9 January 2026

Հունվարյան լուրեր. 2026

Էթնայում ձյունն ու լավան կողք կողքի։
Էտյուդային լուսանկար` Պեպե Ֆավորիտոյի (Նիդ.օրագրի համար)։






 Ձմեռային ռեկորդ․ աշխարհում ստեղծվել է ավելի քան 13 մետր տրամագծով ձնագնդիկ


Ձմեռային անսովոր նախաձեռնության շրջանակում աշխարհի մի հատվածում գրանցվել է տպավորիչ արդյունք․ կոլեկտիվ ջանքերի շնորհիվ ստեղծվել է ավելի քան 13 մետր տրամագծով ձնագնդիկ, որը ներկայացվում է որպես հնարավոր նոր համաշխարհային ռեկորդ։ Ըստ Նիդ. օրագրի մամուլից հավաքած

տեղեկությունների՝ ձնագնդիկի ստեղծման աշխատանքներին մասնակցել են բազմաթիվ մարդիկ։ Գործընթացը պահանջել է ոչ միայն մեծ քանակությամբ ձյուն, այլև երկարատև ֆիզիկական աշխատանք և կազմակերպված թիմային մոտեցում։ Ստացված արդյունքը լայն արձագանք է ստացել համացանցում և լրատվամիջոցներում՝ բնորոշվելով որպես «ձմեռային կոլեկտիվ խելահեղություն»։

Նշենք, որ ըստ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի՝ մինչ այժմ պաշտոնապես գրանցված ամենամեծ ձնագնդիկը ունեցել է մոտ 10 մետր շրջագիծ և ստեղծվել է 2013 թվականին ԱՄՆ-ում՝ Միչիգանի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների կողմից։ Այդ պատճառով 13 մետրից ավելի չափ ունեցող նոր նախաձեռնությունը կարող է հավակնել ռեկորդային ճանաչման, եթե համապատասխան չափումները և փաստաթղթավորումը հաստատվեն պաշտոնական կառույցների կողմից։

Այս պահին դեռևս չի հաղորդվում՝ արդյոք նախաձեռնողները դիմել են Գինեսի ռեկորդների գրքին՝ արդյունքը պաշտոնապես գրանցելու նպատակով։ Այնուամենայնիվ, այս բացառիկ ձմեռային նախագիծը արդեն իսկ համարվում է մարդկային համագործակցության և ստեղծարար մոտեցման վառ օրինակ։

Ինչ է հիմա կատարվում Իրանում

Իրանում վերջին օրերին իրավիճակը կտրուկ սրվել է և բնորոշվում է որպես բազմաշերտ ճգնաժամ՝ միաժամանակ ներառելով սոցիալական, տնտեսական և քաղաքական գործոններ։ Երկիրը կանգնած է ներքին լարվածության նոր փուլի առաջ, որը, փորձագետների գնահատմամբ, աստիճանաբար դուրս է գալիս իշխանությունների լիակատար վերահսկողությունից։

Սոցիալական ու քաղաքացիական բողոքներ

Երկրի տարբեր քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերը, որոնք սկզբնական շրջանում կրում էին հիմնականում սոցիալ-տնտեսական բնույթ, սակայն այժմ ավելի հաճախ ուղեկցվում են քաղաքական պահանջներով։ Ցուցարարները դժգոհում են կենսամակարդակի կտրուկ անկումից, աշխատավարձերի ու թոշակների անբավարարությունից, ինչպես նաև իշխանությունների անգործությունից։ Բողոքները հատկապես ակտիվ են խոշոր քաղաքներում և առևտրային կենտրոններում։

Տնտեսական խորացող ճգնաժամ

Իրանի տնտեսությունը շարունակում է ծանր ճնշման տակ մնալ։ Ազգային արժույթի արժեզրկումը, բարձր գնաճը և առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճը զգալիորեն նվազեցրել են բնակչության գնողունակությունը։ Փոքր և միջին բիզնեսները դժվարանում են աշխատել, իսկ հասարակության լայն շերտեր հայտնվել են սոցիալական անապահով վիճակում։ Կառավարության առաջարկած սահմանափակ աջակցման միջոցները լայնորեն ընկալվում են որպես անբավարար։

Քաղաքական և անվտանգության իրավիճակ

Իշխանությունները փորձում են վերահսկել իրավիճակը անվտանգության ուժերի միջոցով՝ սահմանափակելով բողոքի ակցիաները և խստացնելով վերահսկողությունը տեղեկատվական դաշտի նկատմամբ։ Միևնույն ժամանակ պաշտոնական Թեհրանը հայտարարում է, որ ներքին զարգացումները արտաքին միջամտության արդյունք չեն և զգուշացնում է արտաքին ուժերին չմիջամտելու մասին։ Այս ֆոնին աճում է միջազգային ուշադրությունն ու մտահոգությունը Իրանում կայունության հեռանկարների շուրջ։

Ընդհանուր պատկեր

Այս պահին Իրանում ձևավորվել է լարված ու անկայուն միջավայր, որտեղ սոցիալական դժգոհությունը, տնտեսական խնդիրները և քաղաքական կոշտ արձագանքը փոխադարձաբար ուժեղացնում են միմյանց։ Թե ինչ ուղղությամբ կզարգանան իրադարձությունները՝ կախված է իշխանությունների հետագա քայլերից, բողոքների մասշտաբից և արտաքին գործոնների ազդեցությունից, սակայն ակնհայտ է, որ երկիրը գտնվում է բարդ և վճռորոշ փուլում։ Հիմա արդեն լսվում են կրակոցներ բառի բուն և փոխաբերական իմաստով

Այո՛, այսօր մեծանուն ռեժիսոր և սցենարիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է


Նա ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին, Թբիլիսիում և համարվում է համաշխարհային կինոյի ամենաեզակի ու նորարար արվեստագետներից մեկը։ Փարաջանովը հատկապես հայտնի է իր պատկերային լեզվով, սիմվոլիզմով և ազգային մշակույթների խորը վերաիմաստավորմամբ։

Նրա ամենանշանավոր գործերից են՝

«Մոռացված նախնիների ստվերները»

«Նռան գույնը» (Սայաթ-Նովա)

«Աշուղ Ղարիբ»

Փարաջանովի արվեստը երկար տարիներ ենթարկվել է խորհրդային ճնշումների, սակայն նրա ստեղծագործական ժառանգությունը այսօր գնահատվում է ամբողջ աշխարհում՝ որպես ազատ մտածողության և արվեստի հաղթանակ։

🕯️ Փառք մեծ վարպետին, որի արվեստը շարունակում է խոսել սերունդների հետ։

ԲԱՑԱՌԻԿ

Ովքեր գնահատում են արվեստն ու գեղեցիկը։

10.01.2026/Նիդ.օրագիր

🎬 Սերգեյ Փարաջանովը կինոյի պատմության ամենաինքնատիպ, համարձակ և սահմանները խախտող ռեժիսորներից մեկն է։ Նրա արվեստը երբեք չի ենթարկվել կանոնների՝ ոչ էկրանի վրա, ոչ էլ կյանքում։

Նույնիսկ բանտարկության մեջ՝ զրկված ազատությունից, նյութերից և տարրական պայմաններից, Փարաջանովը չդադարեց ստեղծագործել։ Նա ստեղծում էր կոլաժներ, նկարներ, խորհրդանշական առարկաներ, «ծաղկեփնջեր»՝ փշալարից ու գուլպաներից։ Նրա համար արվեստը գոյության ձև էր, ոչ թե պայմանների արդյունք։

✨ Վարպետի ծննդյան 102-ամյակի առթիվ արժե հիշել մի բացառիկ պատմություն, որը կապում է Փարաջանովին համաշխարհային կինոյի մեկ այլ հսկայի՝ իտալացի ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի հետ։

Բանտում մի օր Փարաջանովից խլում են նույնիսկ նկարելու վերջին մատիտը։ Սակայն դա էլ չի դառնում վերջ։ Նա սկսում է քանդակել պատկերներ կեֆիրի խցանների վրա։ Այդ փոքրիկ, բայց խորապես խորհրդանշական ստեղծագործությունները հետագայում անվանվում են «Փարաջանովի մեդալներ»։ Դրանք ազատության, ստեղծագործական անհնազանդության և մարդկային ոգու հաղթանակի խորհրդանիշ էին։

Տասը տարի անց այդ մեդալներից մեկը հայտնվում է Ֆեդերիկո Ֆելինիի մոտ։ Տպավորված լինելով գաղափարով ու ձևով՝ Ֆելլինին ստեղծում է դրա արծաթե օրինակը և այն դարձնում է Իտալիայի Հռոմի կինոփառատոնի պաշտոնական մրցանակը։ Այդ պարգևով հետագայում արժանացել են համաշխարհային կինոյի մեծությունները՝ Սոֆի Լորենը, Միլոշ Ֆորմանը և ուրիշներ։

Փարաջանովի ազատության համար պայքարում էին համաշխարհային կինոյի խոշորագույն վարպետները՝ Անդրեյ Տարկովսկին, Ֆեդերիկո Ֆելլինին, Միքելանջելո Անտոնիոնին, Ֆրանսուա Տրյուֆոն, Լուիս Բունյուելը, Բեռնարդո Բերտոլուչին։ Նրանցից ոմանք նույնիսկ հավաքել էին շուրջ 40 հազար դոլար, որպեսզի թեթևացնեն նրա պայմանները ճամբարում։ Սակայն խորհրդային «Սոյուզկինոն» պատասխանել էր կոշտ ու անողոք.

«Մեզ մոտ բոլորը պետք է նույն պայմաններում նստեն»։

Սերգեյ Փարաջանովը համաշխարհային կինոյում մնաց որպես պոետական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը։ Նրա «Մոռացված նախնիների ստվերները» (1964) և «Նռան գույնը» (1968) ֆիլմերը ոչ միայն կինո են, այլ տեսողական պոեզիա, խորհրդանիշների լեզվով պատմված մշակութային հիշողություն։

Փարաջանովը ապացուցեց, որ իրական արվեստը հնարավոր չէ բանտարկել։ 

Hay  Azian













ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, ԿԱՐԴԱՑԵՔ` ճիշտ է, թե՞ սխալ

Միքայել Միքայելյանի քայը դահուկավազքում` արժանապատվություն թե՞ մարզիկի անվայել արարք։

12.01.2026/Նիդ.օրագիր

Օրեր առաջ տեղի ունեցած միջազգային մրցավազքի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը մարզաշապիկի վրա գրված «ադրբեջան» բառը փակել է կպչուն ժապավենով։ Դեպքը լայն արձագանք է ստացել թե՛ հանրային, թե՛ պաշտոնական մակարդակներում։ ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես հետաքրքրվել է մարզիկի քայլի պատճառներով՝ նշելով, որ սպորտը չպետք է քաղաքականացվի։

Ինքը՝ Միքայել Միքայելյանը, իր հերթին, պարզաբանել է, որ չի կարող ընդունել այլ երկրի անվան առկայությունը սեփական համազգեստի վրա՝ անկախ այն հանգամանքից, որ տվյալ երկիրը հանդիսացել է մրցումների հովանավորը։ Մարզիկի խոսքով՝ այդ երկրի զինված ուժերի գործողությունների հետևանքով նա կորցրել է իր մտերիմ ընկերներին, իսկ նույն պետությունը օկուպացրել է Արցախի Հանրապետությունը և զավթել ՀՀ սուվերեն տարածքներ։ Այս համատեքստում նա գտնում է, որ իր քայլը քաղաքական չէ, այլ՝ արժանապատվության և խղճի հարց։

Միջազգային սպորտային պրակտիկայում ընդունված է պնդումը, որ սպորտը պետք է մնա քաղաքականությունից դուրս։ Սակայն փորձագետների կարծիքով, երբ մրցումների հովանավորը պետություն է, և այդ պետության անվանումը պարտադիր կերպով տեղադրվում է մարզիկների հագուստի վրա, քաղաքական բաղադրիչը փաստացի ներթափանցում է սպորտային դաշտ։ Այդ դեպքում առաջանում է հիմնարար հարց՝ արդյո՞ք մարզիկը պարտավոր է իր մարմնի վրա կրել մի երկրի անվանում, որը իր համար կապված է պատերազմական հանցագործությունների և անձնական ցավի հետ։

Իրավական տեսանկյունից նման քայլը կարող է դիտարկվել որպես մրցաշարի հագուստի կանոնակարգի խախտում, ինչի համար որոշ դեպքերում նախատեսվում են կարգապահական միջոցներ՝ նախազգուշացումից մինչև դրամական տուգանք։ Սակայն միջազգային ֆեդերացիաների մեծ մասում նման դեպքերը դիտարկվում են անհատական կարգով՝ հաշվի առնելով մարզիկի շարժառիթները, վարքի ոչ սադրիչ բնույթը և իրավիճակի ընդհանուր զգայունությունը։

Հանրային արձագանքը Հայաստանում հիմնականում պաշտպանողական է եղել մարզիկի նկատմամբ։ Շատերը նրա քայլը գնահատում են որպես արժանապատիվ և մարդկային դիրքորոշում՝ ընդգծելով, որ սպորտային կանոնները չպետք է գերակայեն մարդկային հիշողության, ցավի և ինքնության նկատմամբ։

Միքայել Միքայելյանի դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ «սպորտը քաղաքականությունից դուրս է» բանաձևը միշտ չէ, որ կիրառելի է իրական կյանքում։ Երբ խոսքը վերաբերում է պատերազմի հետևանքներին, անձնական կորուստներին և ազգային արժանապատվությանը, սպորտը հաճախ հայտնվում է բարոյական բարդ ընտրությունների առաջ, որոնց միանշանակ լուծումներ պարզապես չկան։


13.01.2026/Նիդ.օրագիր/Երևան

Երևանի սրտում՝ Խորենացի 3 հասցեում գործող գեղեցկության սրահը իր տեսակի մեջ եզակի է։ Այն առանձնանում է ոչ միայն նրանով, որ այստեղ կիրառվում են բացառապես Նիդերլանդներից ներմուծված օրգանական բուսական համակցությունների հիմքով պատրաստված բազմատեսակ նյութեր և առաջատար կոսմետիկ բրենդների բարձրորակ արտադրանք, որոնք նպաստում են մաշկի երիտասարդացմանն ու առողջ պահպանմանը, այլև մասնագետների բարձր մասնագիտական պատրաստվածությամբ։

Սրահի աշխատակիցները վերապատրաստում են անցել Նիդերլանդներում՝ հոլանդացի մասնագետների անմիջական ղեկավարությամբ։ Իսկ սրահի հոլանդացի տնօրենի համար առաջնահերթ է հայ կնոջ առողջ գեղեցկության պահպանումը՝ բնական ու անվտանգ միջոցների կիրառմամբ։

Այս բացառիկ սրահի և նրա գործունեության մասին առաջիկայում ռեպորտաժ կներկայացնի Հայաստանի մեր թղթակից Նաիրա Գասպարյանը։


 Քրիստոնեաների միասնության համար Աղոթքի շաբաթվա առաջին ազգային բացման ծառայություն – 2026

13,01.2026/Էդգար ՎԱՀԱՆՅԱՆ/Նիդ.օրագիր

Հունվարի 17-ին առաջին անգամ Քրիստոնյաների միասնության համար Աղոթքի շաբաթը կբացվի ազգային մակարդակով՝ Ուտրեխտի Սուրբ Ռաֆայել եկեղեցում անցկացվող բացման ժամերգությամբ։ Տարբեր եկեղեցական ավանդույթներ ներկայացնող հավատացյալների հետ միասին մենք կերկրպագենք և կաղոթենք «Միասնական՝ մեկ Հոգով» թեմայով։

Այս ժամերգությունը կազմակերպվում է «Samen Kerk in Nederland (SKIN)», Նիդեռլանդների Եկեղեցիների խորհուրդը, Ազգային Սինոդը, Նիդեռլանդական Քրիստոնեական Ֆորումը և MissieNederland կազմակերպությունների կողմից՝ *Նիդեռլանդներում գործող հայկական եկեղեցիների հետ համագործակցությամբ։* 


 Շաբաթ, 17 հունվարի 2026 թ.

 Ժամը 19։00

 Սուրբ Ռաֆայել եկեղեցի, Ուտրեխտ

 Ժամերգությունը հեռարձակվելու է EO հեռուստաընկերությամբ՝ հունվարի 25-ին

Մասնակցությունը գրանցում չի պահանջում

Միասնության հանդեպ ցանկություն ունեցող բոլոր մարդիկ սիրով հրավիրված են։

Մամուլի հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ՝

www.weekvangebed.nl


Ռուբիոն ու Միրզոյանն են հանդիպել

Ռուբիոն՝ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ TRIPP նախագիծը կարող է դառնալ համաշխարհային մոդել, թե ինչպես կարող է երկիրը բացվել տնտեսական հնարավորությունների առաջ՝ առանց վտանգելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Վաշինգտոնում լրագրողների հետ ճեպազրույցում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ․
TRIPP-ը բացում է Հայաստանը բիզնեսի և տնտեսական բարեկեցության համար
Նախագիծը ոչ մի կերպ չի խախտում Հայաստանի ինքնիշխանությունը, որը լիովին հարգված է
Այն նպաստում է Հայաստան–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների խորացմանը, նաև TRIPP-ից դուրս շրջանակներում
ԱՄՆ-ը շարունակելու է «Թրամփի ուղու» շրջանակում քայլեր ձեռնարկել՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման
Ռուբիոն և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի շրջանակում Հայաստան–ԱՄՆ համատեղ կենսագործման հայտարարությունը.

Վիզային ձգձգումների պատճառով Հայաստանը բացակայում է Գեղասահքի Եվրոպայի առաջնությունից

14.01.2026/Nid.oragir
Հայաստանի գեղասահքի ազգային հավաքականը այս տարի չի ներկայանում Եվրոպայի առաջնությանը՝ Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից մուտքի վիզաների ժամանակին չտրամադրման հետևանքով։ Սիմոն Դանիլյանցը և սպորտային զույգ Կարինա Ակոպովա / Նիկիտա Ռախմանին, չնայած լիարժեք պատրաստվածությանը, զրկվեցին մրցաշարին մասնակցելու հնարավորությունից։
Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սահմանված ժամկետներում, սակայն վարչական ձգձգումները վերածվեցին լուրջ խոչընդոտի՝ խաթարելով մարզիկների մրցաշրջանը, միջազգային վարկանիշային դիրքերը և տարիների հետևողական աշխատանքը։ Ֆեդերացիան ընդգծում է, որ սպորտային հնարավորությունները չպետք է կախված լինեն վարչական գործընթացների անորոշությունից։
English version 🇬🇧
Armenia Absent from European Figure Skating Championships Due to Visa Delays
Armenia’s national figure skating team is absent from this year’s European Championships after failing to receive UK entry visas in time. Despite full competitive readiness, Simon Danilyants and the pairs team of Karina Akopova / Nikita Rakhmanin were unable to travel and compete.
The Armenian Figure Skating Federation stated that all required documentation was submitted within the established deadlines, yet administrative delays turned into a decisive obstacle. The Federation stressed that the situation undermines the athletes’ season, international rankings, and years of dedicated work, emphasizing that sporting opportunities should not be compromised by bureaucratic uncertainty.

ՎԵՐՋԱՊԵՍ

Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երեւան։ Այդ մասին հայտնում է Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան  ֆեյսբուքյան  էջը

ՀԻՇԵՑՆԵՆՔ
Ադրբեջանը 2023-ի հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետից առևանգել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանավորության տակ գտնվող և բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին:
Բաքվում նրան շինծու մեղադրանքներ են առաջադրել՝ իբր ԼՂ առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»։
2023-ի նոյեմբերին Խաչատրյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։

***
Լիբանանահայ Վիգէն Էօլճեքճեանը գերեվարվել է 2020-ի պատերազմից անմիջապես հետո։ 2021-ին Էօլճեքճեանին Ադրբեջանը մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտել նրան։

***
Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանը գերեվարվել էին 2020-ի նոյեմբերին՝ Արցախում մարտական գործողությունների ավարտից հետո։ Սուջյանը պատերազմի օրերին ընկերների հետ միասին օգնություն էր տեղափոխում Արցախ։ Սուջյանին ու Դավթյանին Ադրբեջանը մեղադրում է լրտեսության մեջ։ Նրանք դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման։
2֊րդ լուսանկարը` ըստ արհեստական բանականության։

Լինդա Էուլջեքջյանը ժամանել է Հայաստան՝ գերությունից վերադարձած ամուսնուն հանդիպելու
Գերությունից վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, ժամանել է Հայաստանի Հանրապետություն՝ ամուսնուն հանդիպելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։
Լինդա Էուլջեքջյանը Հայաստան է ժամանել այն բանից հետո, երբ Ադրբեջանը  Հայաստանին փոխանցել է չորս հայ գերիների, որոնց թվում էր նաև Վիգեն Էուլջեքջյանը։ Վերջինս տարիներ շարունակ պահվել էր ադրբեջանական բանտում և դատապարտված էր երկարատև ազատազրկման։
Օդանավակայանում Լինդա Էուլջեքջյանին դիմավորել են ՀՀ իշխանական շրջանակների ներկայացուցիչներ և աջակիցներ։ Նրա Հայաստան գալու գործընթացը, ըստ հրապարակված տեղեկությունների, որոշակի կազմակերպչական դժվարություններով է ուղեկցվել, սակայն դրանք հաղթահարվել են՝ մասնավոր աջակցության միջոցով։
Լինդա Էուլջեքջյանի այցի հիմնական նպատակն է հանդիպել ամուսնուն, որը վերադարձից հետո անցնում է անհրաժեշտ բժշկական զննում և վերականգնողական փուլ։ Նախատեսվում է նրա այցը նաև բուժհաստատություն, որտեղ գտնվում են վերադարձած մյուս գերիները։
Հիշեցնենք, որ գերության տարիներին Լինդա Էուլջեքջյանը բազմիցս բարձրաձայնել է ամուսնու խնդիրը միջազգային և հանրային հարթակներում, դիմել տարբեր կառույցների և անգամ նամակով դիմել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային՝ խնդրելով մարդասիրական մոտեցում ցուցաբերել։
Վիգեն Էուլջեքջյանի վերադարձը Հայաստան և նրա կնոջ ժամանումը հանրության կողմից ընկալվում են որպես երկարատև սպասման ավարտ և ևս մեկ հումանիտար հարցի լուծում՝ շարունակվող գերիների վերադարձի գործընթացում։

Ստեփան Զորյանի տուն-թանգարան / Stepan Zoryan house-museum-ը հանդես է գալիս նոր մշակութային նախաձեռնությամբ՝  նպատակ ունենալով նորովի ներկայացնել գրողի հարուստ գրական ու մտավոր ժառանգությունը։

 Զորյանասերներ, հարգելի՛ հետևորդներ,
Ուրախ ենք տեղեկացնելու, որ Ստեփան Զորյանի տուն-թանգարանը մեկնարկում է նոր նախագիծ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ մեծանուն գրողն ու մտավորականը ծնվել է սեպտեմբերի 15-ին, յուրաքանչյուր ամսվա այդ օրը մեր ֆեյսբուքյան էջում կներկայացվեն զորյանական ընթերցումներ և էջեր գրողի կյանքից։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շարքի առաջին ընթերցումը՝ կարդում է ասմունքող Ջիվան Սարգսյանը:

Ուտրեխտի կենտրոնում տեղի է ունեցել հզոր պայթյուն․ կան վիրավորներ և մեծ ավերածություններ

Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքի կենտրոնում տեղի է ունեցել ուժգին պայթյուն, որի հետևանքով առնվազն չորս մարդ վիրավորվել է։ Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի պատմական հատվածում՝ բնակելի և առևտրային շենքերի հարևանությամբ, այդ մասին հայտնում է Նիդերլանդական մամուլը։։
Ականատեսների խոսքով՝ պայթյունն այնքան հզոր է եղել, որ շենքերը սկսել են ցնցվել, իսկ շատերը այն համեմատել են երկրաշարժի հետ։ Պայթյունից անմիջապես հետո բռնկվել է խոշոր հրդեհ, ինչի հետևանքով մի քանի շենքեր լրջորեն վնասվել են, որոշ հատվածներ՝ մասամբ փլուզվել։

Տարածքում կոտրվել են բազմաթիվ ապակիներ, վնասվել են տանիքներ և ճակատային պատեր։ Ոստիկանությունն ու փրկարար ծառայությունները արագորեն մեկուսացրել են դեպքի վայրը, իրականացվել է բնակիչների տարհանում։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակի մասին մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։
Հրշեջ-փրկարարները շարունակում են աշխատել դեպքի վայրում՝ մարելով հրդեհը և որոնելով հնարավոր այլ տուժածների։ Քաղաքի իշխանությունները հայտնել են, որ դեռևս հստակ չէ՝ արդյոք մարդիկ կան փլատակների տակ։
Պայթյունի պատճառը դեռևս անհայտ է։ Իրավապահ մարմինները սկսել են քննություն՝ պարզելու դեպքի հանգամանքները։ Այս պահին որևէ պաշտոնական տեղեկություն չկա, որը կհաստատի դիտավորյալ գործողության կամ ահաբեկչության վարկածը։
Քաղաքապետարանը բնակիչներին կոչ է արել խուսափել տարածքից և հետևել պաշտոնական հաղորդագրություններին։


Նորայր Զուլոյան –75. Մարդ, որ միշտ ազգասիրություն է կամրջել

Նորայր Զուլոյան –75

 

75 տարի՝ ծառայություն հիշողությանը, հայրենիքին և ազգին

Վանաձորի սրտում կա մի տարածք, որը առաջին հայացքից թանգարան է հիշեցնում, բայց իրականում ապրող պատմություն է։ Լուսանկարներ, խաչքարերի մանրակերտներ, ձեռագրեր, հուշանվերներ ու շնորհակալագրեր։ Այդ ամենի կենտրոնում մեկ անուն է՝ Նորայր Զուլոյան։ Մարդ, որի կենսագրությունը պարզապես անցած ճանապարհ չէ, այլ շարունակվող առաքելություն։
Նորայր Զուլոյանի կյանքն ու գործունեությունը սերտորեն միահյուսված են անկախ Հայաստանի նորագույն պատմության ամենադժվար տարիներին։ 1990 թվականին հիմնադրելով «ԻՆՏԵՐԿԱՊ» բարեգործական կենտրոնը՝ նա ձևավորեց մի կառույց, որը Վանաձորից սկսած հասավ Եվրոպայի ու աշխարհի տասնյակ քաղաքներ՝ առանց պետական բյուջեների, առանց դրամաշնորհային կախվածության, միայն վստահության, անձնական հարաբերությունների և արժեքների վրա հիմնված։

Մարդասիրություն՝ գործով, ոչ խոսքով

Երկրաշարժի, պատերազմի և շրջափակման տարիներին «ԻՆՏԵՐԿԱՊ»-ը դարձավ ոչ թե պարզապես օգնություն բաժանող կազմակերպություն, այլ իրական հենարան հազարավոր մարդկանց համար։ Եվրոպայից Հայաստան տեղափոխված մարդասիրական բեռները՝ դեղորայք, բժշկական սարքավորումներ, սնունդ, դպրոցական ու մարզական պարագաներ, հասցեագրված էին կոնկրետ մարդուն՝ վիրավորին, մանկատան երեխային, ծերանոցին, զինվորի ընտանիքին։
Նույն պատասխանատվությամբ Նորայր Զուլոյանի ջանքերով մի խումբ հայ պատանիներ հնարավորություն ստացան անվճար կրթություն ստանալ Իտալիայի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում։ Այդ կրթությունը դարձավ ոչ միայն գիտելիքի, այլև աշխարհայացքի ձևավորման կարևոր փուլ։ Նրա համար կրթությունը միշտ եղել է ոչ թե ծրագրային կետ, այլ ապագայի ներդրում։

Խաչքարերը՝ հիշողության կենդանի վկաներ

Նորայր Զուլոյանի նախաձեռնությամբ և անձնական ջանքերով 11 խաչքար է տեղափոխվել և տեղադրվել Եվրոպայի տարբեր երկրներում։ Դրանք կանգնեցվել են ոչ միայն հայկական համայնքների տարածքներում, այլև հանրային միջավայրերում՝ որպես հիշողության, արժանապատվության և ինքնության խորհրդանիշներ։
Առանձնահատուկ նշանակություն ունի խաչքարի տեղադրումը Շարլ Ազնավուրի պարտեզում, որը դարձավ հայ մշակույթի և համաշխարհային ճանաչման խորհրդանշական խաչմերուկ։ Այս քարե հուշարձանները խոսում են 1915-ի մասին, բայց միաժամանակ ապրում են ներկայում՝ հիշեցնելով, որ հիշողությունը սահմաններ չի ճանաչում։

Մշակույթ և սպորտ՝ որպես պետություն կառուցելու լեզու

Նորայր Զուլոյանի համար մշակույթն ու սպորտը երբեք երկրորդական չեն եղել։ Նրա նախաձեռնությամբ կազմակերպվել են համերգներ, ցուցահանդեսներ, գրական ու մշակութային հանդիպումներ Եվրոպայի տարբեր քաղաքներում՝ ներկայացնելով հայկական արվեստը որպես ժամանակակից և կենսունակ մշակույթ։
Սպորտի ոլորտում նրա գործունեությունը նպատակ ուներ ձևավորել սերունդ, որը կսովորի կարգապահություն, թիմային մտածողություն և արժանապատիվ պայքար։ «Լոռի», «Սպիտակ», «Շիրակ», «Արարատ» ակումբների և Վանաձորի մանկապատանեկան թիմերի միջազգային մասնակցությունները հարյուրավոր երիտասարդների առաջ բացեցին աշխարհը՝ նրանց տալով ոչ միայն խաղային փորձ, այլև ինքնավստահություն։

Զորավար Անդրանիկի արձանը՝ քաղաքացիական հիշողություն

Նորայր Զուլոյանի և նրա համախոհների նվիրատվությամբ Վանաձորում կանգնեցվեց Զորավար Անդրանիկ Օզանյանի բրոնզաձույլ արձանը։ Դա պարզապես հուշարձան չէ, այլ քաղաքացիական հիշողության վերականգնում՝ մի քայլ, որը քաղաքին վերադարձրեց իր պատմական ինքնագիտակցությունը։

Պատվավոր քաղաքացի՝ ըստ արժանիքի

Նորայր Զուլոյանը Վանաձորի պատվավոր քաղաքացի է՝ կոչում, որը ոչ թե ձևական գնահատական է, այլ քաղաքի և նրա բնակիչների խորին երախտագիտության արտահայտություն։ Նրա անունը նույնացվում է Վանաձորի նորագույն պատմության, արժանապատիվ պայքարի և համայնքային համերաշխության հետ։

Լռությամբ նշվող հոբելյան

Թեև Նորայր Զուլոյանը իր սիրելի կնոջ մահից հետո չի նշում իր հոբելյանական 75-ամյակը, այնուհանդերձ չի կարելի լռությամբ շրջանցել այդ տարեդարձը։ Կան մարդիկ, որոնց հոբելյանները նշվում են ոչ թե հանդիսություններով, այլ արված գործերով, ոչ թե բարձրախոս խոսքերով, այլ թողած հետքով։
Նորայր Զուլոյանի 75 տարիները հենց այդպիսի տարեդարձ են՝ արժանապատիվ, լուռ, բայց խորքային։ Նրա ճանապարհը շարունակվում է, իսկ նրա ստեղծած արժեքները վաղուց դուրս են եկել մեկ մարդու կենսագրության սահմաններից։
Եվ հենց այդ պատճառով Նորայր Զուլոյանը մնայուն ներկայություն է ոչ միայն Վանաձորում, այլ այնտեղ, որտեղ կա հիշողություն, մարդասիրություն և հայրենիքին ծառայելու կամք։
«Նիդերլանդական օրագիրը» սիրով շնորհավորում է իր բարեկամին՝ մաղթելով երկար տարիների ստեղծագործ ու իմաստուն կյանք։
Վ.Ամատունի


Thursday, 8 January 2026

Սոնա Սահակյան. ինքնատիպ արվեստ

 

07.01.2026/Nid.oragir

Սոնա Սահակյանը ինքնատիպ և յուրահատուկ գեղանկարիչ է, հայտնի արվեստագետ Ալիկ Ասատրյանի դուստրը, ով վերջին տարիներին ակտիվ ու հաջող ճանապարհ է անցնում միջազգային արվեստի դաշտում։ Անցած տարում նա իր ստեղծագործությունները ներկայացրել է Նիդերլանդների տարբեր քաղաքներում անցկացված ցուցահանդեսների շրջանակում՝ արժանանալով մասնագիտական ու հանրային բարձր գնահատականի։

2025 թվականը Սոնան ամփոփել է սեփական նախաձեռնությամբ և ստեղծագործական մոտեցմամբ պատրաստված տեսանյութով, որտեղ ութ րոպեում ներկայացված են տարվա ամենանշանակալի ցուցահանդեսները, արվեստի հետ կապված նախագծերը, անվանակարգերն ու մրցույթները։ Նշելով, որ տարին իր համար եղել է հատկապես գեղարվեստական և ներշնչող, Սոնան ընդգծում է, որ իր աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ թանգարաններում, պատկերասրահներում և արվեստի տարածքներում, ինչպես նաև հրապարակվել են մի շարք արվեստի ամսագրերում։

«Շատ շնորհակալ եմ, որ ընտրվել եմ իմ արվեստը ավելի մեծ մասշտաբով ներկայացնելու և գեղարվեստական իրականության մեջ ընդգրկվելու համար։ Ուրախալի է, երբ մարդիկ գնահատում են իմ արվեստը և կարողանում են նույնանալ դրա հետ»,– նշում է Սոնա Սահակյանը՝ հույս հայտնելով, որ նոր տարին կբերի նոր արկածներ, համագործակցություններ և ստեղծագործական հուզմունք։

Նա վստահ է, որ արվեստը լիակատար նվիրում է պահանջում. «Արվեստը հոգի է պահանջում, և դու կարող ես այն տալ միայն այն ժամանակ, երբ իսկապես ապրում ես դրա համար»։ Այդ հավատով ու նվիրվածությամբ Սոնան մտնում է 2026 թվական՝ շարունակելով իր ստեղծագործական հոսքը կրքով ու նպատակասլացությամբ։

Գեղանկարչուհին հրավիրում է արվեստասերներին իր առաջիկա ցուցահանդեսին, որը կմեկնարկի հունվարի 5-ին՝ ժամը 12:00-ից մինչև 17:00-ը, իսկ պաշտոնական բացումը կկայանա հունվարի 10-ին՝ ժամը 16:00-ին, Հաագայի արվեստի ցուցասրահում՝ The Haagse Kunstkring։ Այստեղ նա կներկայացնի իր նոր ստեղծագործությունները։

Սոնա Սահակյանի (S-Art) նոր տեսանյութը ևս մեկ անգամ բացահայտում է նրա արվեստի աշխարհը՝ լի զգացմունքներով, խորությամբ և ժամանակակից արտահայտչաձևերով։

Sona Sahakyan: A Distinctive Voice of Contemporary Art in Europe

07.01.2026/Nid.oragir
Sona Sahakyan is a distinctive and original painter, the daughter of renowned artist Alik Asatryan, who has been steadily carving her own path in the international art scene. Over the past year, she presented her works in exhibitions across various cities in the Netherlands, earning recognition from both professionals and the wider public.
Sahakyan recently concluded 2025 with a self-produced creative video summarizing the most significant exhibitions, art-related projects, nominations, and competitions of the year in just eight minutes. Reflecting on the year, she describes it as an especially creative and artistically rich period, during which her works were exhibited in numerous museums, galleries, and art spaces, and published in several art magazines.
“I am deeply grateful for being selected to present my art on a larger scale and within a broader artistic reality. It is rewarding to see people appreciate my work and connect with it,” Sahakyan notes, expressing hope that the new year will bring even more artistic adventures, collaborations, and excitement.
For the artist, art demands complete devotion: “Art requires soul, and you can only give it when you truly live for it. It allows you to express your creativity, your qualities, and make the most of your potential.” With this mindset, Sahakyan steps into 2026 with dedication, passion, and a strong creative vision.
Sona Sahakyan invites art lovers to her upcoming exhibition, opening on January 5, from 12:00 to 17:00, with the official opening reception taking place on January 10 at 4:00 PM, at The Haagse Kunstkring in The Hague. The exhibition will feature her latest works.
Sona Sahakyan’s (S-Art) new video offers an intimate glimpse into her artistic journey, showcasing the depth, emotion, and contemporary language of her work.

Wednesday, 7 January 2026

Մուտք դեպի 2026 թվական

Տարեմուտի և Նոր տարվա ջերմ շնորհավորանք

31.12.2025

Տարեմուտի այս լուսավոր օրերին «Նիդերլանդական օրագիրը» սիրով ու երախտագիտությամբ շնորհավորում է ձեզ գալիք Նոր տարվա առթիվ։

Թող ավարտվող տարին իր հետ տանի բոլոր հոգսերն ու ծանր պահերը, իսկ Նոր տարին ձեր տները լցնի ջերմությամբ, հավատով և նոր երազանքներով։ Թող յուրաքանչյուր օրը սկսվի ժպիտով, իսկ յուրաքանչյուր քայլը՝ վստահությամբ ու բարությամբ։

Շնորհակալ ենք, որ մեր ընթերցողն եք, որ մեզ հետ կիսում եք ձեր ժամանակը, մտքերը և վստահությունը։ Ձեր ներկայությունն է մեր ամենամեծ ուժը։

Թող գալիք տարին լինի խաղաղ, առողջ և բարի՝ լի լուսավոր հանդիպումներով ու հաջողություններով։

Բարի Նոր տարի և երջանիկ տարեմուտ։

Ձեզ հետ՝ սիրով

Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր

Նիդերլանդներ

Լուսանկար Anahit Aghabekyan-ի

Սուրբ Ծննդյան / Ամանորյա տրակտորների լուսավոր շքերթն է

Նիդերլանդներում (հատկապես գյուղական շրջաններում) ֆերմերները Նոր տարվա կամ Սուրբ Ծննդյան օրերին զարդարում են տրակտորները լույսերով ու դեկորներով և կազմակերպում երթեր։ Դրանք հայտնի են որպես

Kersttrekkertocht, trekkerlichtjestocht կամ պարզապես տրակտորների լուսավոր շքերթ։



«ՎԻԼՍՈՆՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ»

Հայության միասնության և արդար զարգացման հասարակական կազմակերպությունը, գրանցված լինելով Հայաստանի Հանրապետությունում, իր գործունեությունն սկսում է 2026 թվականից։
«Նիդերլանդական օրագրին» հասցեագրված իր ուղերձում կազմակերպությունը հայտարարում է․
Հարգարժա՛ն հայրենակիցներ՝ աշխարհի բոլոր ծագերում,
Նոր՝ 2026 թվականի շեմին մեր սրտերում նորից վերածնվում է հավատը համազգային միասնության, հայրենիքի վերաշինության և արդար ու արժանապատիվ ապագայի հանդեպ։
Թող գալիք տարին դառնա Սփյուռքի և Հայաստանի միջև կապերի ամրապնդման, համահայկական ներուժի համախմբման, խաղաղության, առողջության և ստեղծարար աշխատանքի տարի՝ ի նպաստ մեր ժողովրդի հարատևության և պետականության զորացման։
Թող Նոր տարում իրականանան մեր համազգային իղձերը, մեր արդար սպասումներն ու սերունդներին փոխանցվող նվիրական երազանքները՝ միահյուսելով հայրենի հողն ու աշխարհասփյուռ հայությանը մեկ միասնական տեսլականի շուրջ։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Խոնարհմամբ և սիրով՝
«ՎԻԼՍՈՆՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ»
Հայության միասնության և արդար զարգացման
հասարակական կազմակերպություն

Թող որ բանտերը փակվեն

30.12.2025/Էդվին Մարտիրոսյան/նիդ.օրագիր

Հոլանդիան եվրոպական այն հազվագյուտ երկրներից է, որտեղ բանտային համակարգը տառապում է... դատարկ խցերից:

 Վերջին տասնամյակներում երկիրը փակել է տասնյակ բանտեր՝ հանցագործությունների կտրուկ նվազման, ավելի կարճ պատիժների և վերականգնողական ծրագրերի շնորհիվ:

2009 թվականից ի վեր Հոլանդիայում փակվել է շուրջ 27 բանտ, իսկ որոշ դեպքերում նախկին բանտերը վերածվել են հյուրանոցների, փախստականների կենտրոնների կամ կրթական հաստատությունների:

Հանցագործությունների մակարդակը վերջին տարիներում զգալիորեն ընկել է. օրինակ՝ բնակարանային գողությունները նվազել են 82%-ով, կողոպուտները՝ 83%-ով, իսկ ընդհանուր գրանցված հանցագործությունները՝ 46%-ով:


Ամստերդամում ամբողջությամբ այրվել է 150-ամյա Վոնդելկերք եկեղեցին
01.01.2026/Նիդ.օրագիր
Ամստերդամում Ամանորի գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով ամբողջությամբ այրվել է քաղաքի պատմական հուշարձաններից մեկը՝ մոտ 150-ամյա Վոնդելկերք (Vondelkerk) եկեղեցին։ Հրդեհը բռնկվել է կեսգիշերից կարճ ժամանակ անց և արագ տարածվել շենքի ողջ տարածքով։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են հրշեջ ծառայության բազմաթիվ ստորաբաժանումներ, սակայն կրակի ուժգնության և շենքի կառուցվածքային առանձնահատկությունների պատճառով եկեղեցին փրկել չի հաջողվել։ Արդյունքում փլուզվել են եկեղեցու տանիքն ու աշտարակը, իսկ շինությունը համարվում է ամբողջությամբ ոչնչացված։
Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ տուժածներ չկան։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հրդեհի ընթացքում շրջակա բնակիչներին հորդորվել է փակել պատուհաններն ու դռները՝ խիտ ծխի և մոխրի տարածման պատճառով։
Վոնդելկերք եկեղեցին կառուցվել էր 1872 թվականին և երկար տարիներ ծառայել որպես կաթոլիկ եկեղեցի, իսկ վերջին տասնամյակներին օգտագործվում էր նաև մշակութային միջոցառումների և հանրային նախաձեռնությունների համար։ Այն համարվում էր Ամստերդամի ճարտարապետական և մշակութային արժեքավոր կառույցներից մեկը։
Հրդեհի պատճառները դեռևս պարզվում են։ Նախնական վարկածների համաձայն՝ դեպքը կարող է կապված լինել Ամանորի տոնակատարությունների ընթացքում օգտագործված հրավառությունների հետ, սակայն պաշտոնական եզրակացություն առայժմ չի հրապարակվել։
Դեպքը մեծ արձագանք է գտել Նիդերլանդների և միջազգային մամուլում՝ դիտարկվելով որպես Ամստերդամի մշակութային ժառանգության զգալի կորուստ։


Հեքիաթային ձմեռ



ՊԱՏԳԱՄ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Խաժակ Արք. Պարսամյանի ---------------- Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ ձեզ եւ մեզ մեծ ԱՒետիս։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր ի Քրիստոս, սիրելի հավատացյալներ Հայ Եկեղեցու, Այսօր Սուրբ Ծնունդի և Աստվածահայտնության մեծ տոնին մենք իրար ողջունում ենք այս ճշմարտությամբ, որ կարծես ընդամենը մի քանի բառ են, սակայն իրականում՝ ամբողջ Ավետարանը՝ մեկ նախադասության մեջ։ Սա է Ավետիսը՝ Բարի Լուրը։ Ինչո՞ւ է սա Բարի Լուր, ըստ Սուրբ Գրքի և մեր Եկեղեցու աղոթքների։ Ինչպէ՞ս է այս Բարի Լուրը պահել ու պահպանել մեր ժողովրդին դարերով։ Ինչպէ՞ս կարող է այն Բարի Լուր լինել մեզ համար՝ այսօր։ Տիրոջ Ծննդյան սրբազան գիշերը հրեշտակը այսպես ասաց հովիվներին․ «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որ ամբողջ ժողովրդինն է լինելու. այսօր Դավթի քաղաքում ձեզ համար Փրկիչ ծնվեց, որ է Օծյալ Տերը» (Ղուկ. 2․10–11)։ Հրեշտակի խոսքը սկսվում է հստակ կոչով՝ «Մի՛ վախեցեք»։ Աստված մարդկությանը չի հայտնվում ահեղ զորությամբ կամ դատաստանի սարսափով, այլ՝ խոնարհությամբ ու սիրով՝ որպես Մանուկ։ Նա Էմմանուելն է, այսինքն՝ Աստված մեզ հետ։
Եսայի մարգարեն ավետել էր․ «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, եւ նրա անունը պիտի լինի Էմմանուել», որ նշանակում է «Աստված մեզ հետ» (Ես. 7․14, Մատթ. 1․23)։
Մեծ Ավետիսն այն է, որ Աստված հեռավոր և սառնասիրտ դատավոր չէ։ Նա մոտենում է մեզ, մարդանում է, ծնվում է մսուրում, որպեսզի ոչ ոք չվախենա մոտենալ Նրան։ Հայ Եկեղեցին Սուրբ ծննդյան կանոնում երգում է․ «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ»։ Բեթղեհեմի Մանկան միջոցով Աստված կիսում է մեր խոցելիությունը, մեզ պարգևելով ուրախություն, խաղաղություն և հավիտենական կյանք։ Հովհաննեսի Ավետարանը փառավորում է․«Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, իսկ խավարը նրան չտիրեց» (Հովհ. 1․5), և հետո․«Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից գա, նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի» (Հովհ. 8․12)։ Մեզ բոլորիս ծանոթ է խավարը՝ մեղքը, վախը, խառնաշփոթը, ցավը, բաժանումը։ Քրիստոս ծնվեց հենց այդ խավարը ցրելու՝ լույս բերելու համար։ Չկա այնպիսի խավար, որ զորեղ լինի Նրա լույսից։ Այսօր Ջրօրհնեքի արարողությամբ, Հայ Եկեղեցին հիշատակում է Տիրոջ Մկրտությունը Հորդանան գետում և քարոզում է, որ ամբողջ արարչությունը սրբագործվում է, և մարդկությունը լուսավորվում։ Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունն արդեն իսկ ազդարարում են Խաչն ու Հարությունը․ Նա ծնվում է մեզ մաքրագործելու, մեզ նոր սկիզբ պարգևելու համար։ Սա է Մեծ Ավետիսը․ մեր կյանքը անցյալի գերին չէ։ Քրիստոսով հնարավոր են ներումը, վերանորոգումը և նորոգված սիրտը։ Ավելի քան 1700 տարի շարունակ և մինչ օրս, այս Ավետիսը ոյժ է տվել հայ ժողովրդին։ Երբ Ս․Գրիգոր Լուսավորիչը Ավետարանը քարոզել է Տրդատ Գ թագավորին և մեր ժողովրդին, նա ավետել է նույն ճշմարտությունը․ Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ։ Այդ օրվանից Ս․Ծնունդն ու Աստվածահայտնությունը հանդիսացել են լույսի աղբյուր տարբեր արհավիրքների խավար ժամանականերում։ Արշավանքների, հալածանքների, նահատակության, 1915 թվականի Ցեղասպանության և աշխարհով մեկ մեր ժողովրդի ցրման ընթացքում մեր Եկեղեցին շարունակել է ներբողել․«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ Աւետիս»։ Սիրելի՜ հավատավոր ժողովուրդ, թագավորություններ կարող են կործանվել, կարող է կորսվել հայրենիքը, բայց Քրիստոս հավերժ է, Նրա լույսը չի մարում, և Նրա սերը չի լքում Իր ժողովրդին։ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, որպեսզի Աստծո Խոսքը ապրի մեր լեզվով։ Մեր Սուրբ Պատարագը, խաչքարերը, ողջ արվեստն ու մշակույթը տոգորված են այդ նույն ավետիսով․«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»։ Այսօր մենք՝ Հայ Եկեղեցու զավակներս, շարունակում ենք նույն կենդանի շղթան․ երբ ասում ենք՝ «Ձեզ և մեզ մեծ Ավետիս», միանում ենք մեր բոլոր նախնիներին՝ Երևանից մինչև Գուգարք, Մուսա Լեռից մինչև Սիբիր, մինչև Լոս Անջելես։ Այսօր ո՞րն է այն Բարի Լուրը մեզ համար։ Մեզանից շատերը ապրում են հայրենիքից հեռու՝ մտահոգված Հայաստանում կամ այլ վայրերում ապրող իրենց հարազատների համար։ Սրտերում կա կարոտ, անորոշություն, իսկ երբեմն նաև օտարության և միայնության զգացում։ Հրեշտակի պատգամն այսօր էլ ուղղված է մեզ բոլորիս․ «Մի՛ վախեցեք»։ Քրիստոս ծնվում է նաև այստեղ, որտեղ մենք ապրում ենք։ Նա Էմմանուելն է՝ Աստված մեզ հետ է՝ մեր տներում, մեր աշխատանքում, մեր ուսման մեջ, մեր լուռ արցունքների մեջ։ Այսօր Եկեղեցին մեզ հրավիրում է ոչ միայն տոնելու, այլ անձնապես ընդունելու այս Ավետիսը և այն վկայելու։ Թո՜ղ Սուրբ Ծննդյան Լույսը լուսավորի ձեզ, ձեր ընտանիքները, մեր սիրելի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և ամբողջ հայ ժողովրդին։ Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ Ավետիս։

Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, մեզ եւ ձեզ Մեծ Ավետիս։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ, եւ թող Աստված առաջնորդի մեզ։

Ինչո՞ւ է Քրիստոսը «ծնվում» երեք անգամ

Այս մասին այսօր շատ է խոսվում։ «Նիդերլանդական օրագիրը» էքսկուրս արեց պարզելով ձեզ համար հետաքրքիր իրողություններ։ Եվ այսպես` Հունվարի 6։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը։ Իսկ աշխարհը՝ մեծամասամբ, դա արդեն արել է դեկտեմբերի 25֊ին, կամ դեռ պատրաստվում է անել հիմա` հունվարի 6֊ին ու հունվարի 7-ին։ Առաջին հայացքից սա կարող է թվալ եկեղեցական մանրուք։ Իրականում՝ սա պատմություն է հիշողության, իշխանության և այն մասին, թե ինչպես է հավատքը ապրում ժամանակի ճնշման ներքո։ Սուրբ Ծնունդը քրիստոնեության կենտրոնական իրադարձություններից մեկն է։ Բայց դրա միասնական օրը երբեք չի դիմացել ժամանակի փորձությանը։ Այն միշտ եղել է ինքնության հարց։ Մինչ դեկտեմբերի 25-ը, կամ հունվարի 6-ը Քրիստոնեության առաջին դարերում Քրիստոսի ծնունդը «չուներ օր»՝ ժամանակի իմաստով։ Եկեղեցին հունվարի 6-ին նշում էր Հայտնությունը՝ մի տոն, որը միավորում էր Ծնունդը, Մկրտությունը և Քրիստոսի հայտնվելը աշխարհին` երեքը մեկում։ Խոսքը ոչ թե ամսաթվի մասին էր, այլ՝ իրադարձության։ Այսօր այդ հին օրն այլևս մոռացված է շատերի համար։ Բայց ոչ բոլորի։ Միակը Հայ Առաքելական Եկեղեցին է այն պահել ոչ որպես էկզոտիկ առանձնահատկություն, այլ որպես սկզբնական քրիստոնեական ընկալման շարունակություն։ Երբ հավատքը հանդիպեց կայսրությանը Դեկտեմբերի 25-ը Սուրբ Ծննդյան օր դարձավ այն պահին, երբ քրիստոնեությունը դուրս եկավ կատակոմբներից և մտավ կայսրության դահլիճներ։ Այդ օրը Հռոմում նշվում էր «Անպարտ Արևի ծնունդը»։ Եկեղեցին հին խորհրդանիշը փոխարինեց նորով։ Արևը դարձավ Քրիստոս։ Լույսը՝ փրկություն։ Սա պատմականորեն հասկանալի քայլ էր։ Բայց նաև շրջադարձային։ Սուրբ Ծնունդը բաժանվեց Հայտնությունից։ Տոնը ստացավ նոր օր, նոր շեշտադրումներ և նոր քաղաքական ենթատեքստ։ Հայ եկեղեցին ոչ թե ընդիմացել է, այլ պահպանել է նախկին կարգը Հայ Առաքելական Եկեղեցին այս փոփոխությանը չմիացավ։ Ոչ թե բողոքի ու առանձնանալու համար, այլ պարզապես չտեսավ դրա անհրաժեշտությունը։ Հունվարի 6-ը նրա համար մնաց այն օրը, երբ Աստված հայտնվեց աշխարհին՝ ամբողջությամբ, առանց բաժանման։ Այս որոշումը, որը այսօր շատերին կարող է թվալ «հնացած», իրականում մի բան է ասում ժամանակակից աշխարհի մասին․ երբեմն ամենահեղափոխական քայլը` փոփոխությանը չհետևելն է։ Հունվարի 7-ը՝ երբ թվերն են փոխվում, ոչ իմաստը Ռուս ուղղափառ եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 7-ին։ Բայց այստեղ հարցը հավատքի մեջ չէ։ Պարզապես հուլյան օրացույցը 13 օրով հետ է մնում գրիգորյանից։ Տոնը նույնն է, ամսաթիվը՝ այլ կերպ հաշվարկված։ Մի տոն, երեք օր, մեկ իմաստ Այսպես Քրիստոսը «ծնվում» է երեք տարբեր օրերին։ Բայց իրականում՝ մեկ անգամ։ Տարբեր օրացույցները չեն փոխում բովանդակությունը։ Փոխվում են պատմական ուղիները, ոչ թե հավատքի հիմքը։ Սուրբ Ծնունդը շարունակում է մնալ ոչ թե օրացուցային վեճ, այլ հիշեցում այն մասին, որ հավատքը միշտ էլ ապրում է ժամանակի ու իշխանության հետ երկխոսության մեջ։ Եվ այդ երկխոսության մեջ ամեն եկեղեցի իր ընտրությունն է արել։

Հունվարի 7․ Մեռելոց - հիշատակի ավանդույթը հայ հոգևոր և մշակութային կյանքում

07.01.2026/Նիդ.օրագիր Հայ ժողովրդի պատմամշակութային և հոգևոր ժառանգության մեջ Մեռելոցը առանձնահատուկ տեղ ունի։ Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցում այն նշվում է հունվարի 7-ին, անմիջապես հաջորդելով Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, և նվիրված է մահածացների հիշատակին։ Մեռելոցը ձևավորվել է վաղ քրիստոնեական շրջանում՝ որպես հիշատակի օր, որը միավորում է հավատը, ծեսը և ժողովրդական սովորույթները։ Քրիստոնեության ընդունումից հետո հայ ժողովուրդը մահվան հետ կապված իր հին պատկերացումները համադրել է նոր հավատքի հետ՝ ձևավորելով հիշատակի յուրահատուկ մշակույթ, որտեղ գերակշռում են աղոթքը, խոնարհումը և հարության հույսը։ Պատմական աղբյուրները վկայում են, որ դեռ միջնադարում Մեռելոցը նշվում էր եկեղեցական հատուկ կարգերով։ Այդ օրը եկեղեցիներում մատուցվում էր հոգեհանգստյան պատարագ, իսկ հավատացյալները հիշատակում էին իրենց նախնիներին՝ որպես ընտանիքի և ազգի շարունակականության խորհրդանիշ։ Հիշատակի այս ձևը նպաստել է սերնդեսերունդ հիշողության պահպանմանը, հատկապես այն ժամանակներում, երբ պատերազմներն ու բռնագաղթերը հաճախ ընդհատել են ընտանեկան կապերը։ Ժողովրդական մշակույթում Մեռելոցը կապված է նաև գերեզման այցելելու, խնկարկման, մոմավառության և հոգեհացի սովորության հետ։ Տարբեր շրջաններում ձևավորվել են տեղական ավանդույթներ, սակայն դրանց հիմքում միշտ եղել է բարեգործության գաղափարը․ սնունդը կամ նվիրատվությունը բաժանվում էր ի հիշատակ հանգուցյալի՝ հավատալով, որ բարին վերադառնում է աղոթքի տեսքով։ Մեռելոցի կարևոր առանձնահատկությունն այն է, որ այն սգո օր չէ։ Հայ եկեղեցական և մշակութային ընկալմամբ մահը դիտվում է ոչ թե վերջ, այլ անցում։ Այդ պատճառով Մեռելոցը կրում է խաղաղ, զուսպ և խորհրդածական բնույթ՝ հիշեցնելով կյանքի անցողիկության և հիշողության արժեքի մասին։ Այսօր էլ Մեռելոցը շարունակում է մնալ ազգային ինքնության և հավաքական հիշողության մաս։ Այն մի օր է, երբ հայ ժողովուրդը ոչ միայն հիշում է իր ննջեցյալներին, այլ նաև վերաիմաստավորում է իր պատմական ուղին, արմատները և հոգևոր կապը անցյալի հետ։ Ողորմի տանք մեր հանգուցյալներին։

Հունվարի 7-ին Նիդերլանդներում ձյան առատ տեղումների և սառցակալման վտանգի պատճառով երկրի օդերևութաբանական ծառայությունը հայտարարել է «նարնջագույն» մակարդակի եղանակային զգուշացում։ Ձյան շերտը որոշ շրջաններում հասել է 5–10 սանտիմետրի, ինչի հետևանքով ճանապարհներն ու ավտոմայրուղիները դարձել են սայթաքուն և վտանգավոր երթևեկության համար։ Լուրջ խափանումներ են գրանցվել տրանսպորտի ոլորտում․ Ամստերդամի «Սխիպհոլ» օդանավակայանում չեղարկվել են հարյուրավոր չվերթներ, իսկ երկաթուղային հաղորդակցությունը գործում է կրճատված գրաֆիկով։ Մի շարք քաղաքներում բնակիչներին խորհուրդ է տրվել խուսափել ոչ անհրաժեշտ ուղևորություններից և, հնարավորության դեպքում, աշխատել տանից։ Որոշ կրթական հաստատություններ ժամանակավորապես դադարեցրել են առկա դասապրոցեսը։ Պաշտոնական կառույցները շարունակում են հետևել իրավիճակին՝ կոչ անելով քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական հաղորդագրություններին։

Չնայած եղանակային դժվարությանը աշխատանքի է դուրս եկել մեր հայ վարորդը, ով այս պահին օգնում է հիվանդ ու ծեր մարդկանց ու դպրոցականներին: Շատ դպրոցներում բացակայությունները համարում են հարգելի: