The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 12 November 2026

Հայաստանի անկախության 35-ամյակը՝ Եվրախորհրդարանում

 Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելություն է անցկացվել Եվրախորհրդարանում՝ ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչության և Հայաստանի հարցերով մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանի գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ։


Նոյեմբերի 10-ին կայացած միջոցառումն առանձնահատուկ էր նրանով, որ նման ընդունելություն Եվրախորհրդարանում Հայաստանի անկախության տարեդարձի առիթով անցկացվել է առաջին անգամ։

Միջոցառումը բացեց Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը՝ ընդգծելով Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող գործընկերության նշանակությունը և Եվրախորհրդարանի կողմից Հայաստանի նկատմամբ աճող հետաքրքրությունը։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի աջակցությունը դարձել է Եվրախորհրդարանի օրակարգի առաջնահերթություններից մեկը։

ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն իր հերթին շնորհակալություն հայտնեց եվրոպացի պատգամավորներին՝ Հայաստանին ցուցաբերվող հետևողական աջակցության և Հայաստանի առջև ծառացած բարդ խնդիրներին անդրադառնալու համար։

Դեսպանը կարևորեց Հայաստան–ԵՄ հարաբերությունների հագեցած օրակարգը, բարձրաստիճան փոխայցելությունները և ժողովրդավարական արժեքների պաշտպանության ուղղությամբ համագործակցությունը։

Անդրադառնալով վերջին շրջանի արդյունքներին՝ Տիգրան Բալայանը առանձնացրեց Եվրախորհրդարանի պատգամավորների գրասենյակների աշխատանքը, որի արդյունքում, նրա գնահատմամբ, ընդունվում են Հայաստանի համար գործնական նշանակություն ունեցող որոշումներ։ Որպես օրինակ նա նշեց Եվրամիության կողմից Հայաստանի համար վերջերս ընդունված՝ ինքնավար առևտրային արտոնությունների տրամադրման որոշումը։

Ելույթի ընթացքում դեսպանը ներկայացրեց նաև Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները՝ առանձնահատուկ ընդգծելով Եվրամիության դերակատարությունը ինստիտուցիոնալ բարեփոխումների, ոլորտային համագործակցության խորացման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացներում։

Ընդունելությանը մասնակցել են Եվրախորհրդարանի տարբեր քաղաքական խմբակցություններ ներկայացնող պատգամավորներ։ Ըստ ՀՀ ներկայացուցչության՝ նրանց մասնակցությունը միջոցառմանը ստեղծել է անմիջական և ջերմ մթնոլորտ՝ ընդգծելով Հայաստանի նկատմամբ եվրոպական խորհրդարանի տարբեր քաղաքական ուժերի հետաքրքրվածությունը։

Նյութը՝ ՀՀ դեսպանության/ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության հաղորդագրության հիման վրա։
Լուսանկարները՝ Հայկ Հովհաննիսյան։






Նոյեմբերյան լուրերից.2026թ.

 Schilder Kostia oգտատերը լոգոյի իր տարբերակն է առաջարկել։ Գնահատեք, որը՞




Վերջապես լույս է տեսել «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի բացառիկ համարը՝  նվիրված Շվեդիայի հայ համայնքին


116 էջ՝ Շվեդահայության անցյալի, ներկայի ու ապագայի մասին։

Պրահայում հրատարակվող «ՕՐԵՐ»-ի այս հատուկ համարը  շվեդահայության մասին հավաքված ու պահպանված մի ամբողջ պատմություն է, որը պետք է լինի յուրաքանչյուրի տանը, ընտանիքում և համայնքային կենտրոնում։

Սա Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆԻ ( Hakob Asatryan)  եվրոպական 29-րդ երկրի հայության մասին պատմությունն է, հիշում եք, նախորդը նիդերլանդահայերի մասին էր: Ի դեպ այդ, ինչպես նաև Եվրոպական  մյուս երկրներում բնակվող հայության մասին նվիրված համարները կարող եք դեռ ձեռք բերել: Սակայն գանք նոր լույս տեսած համարին:

📖 70 շվեդահայեր պատմում են իրենց մասին՝ համայնքային կյանքից, մասնագիտական հաջողություններից, ստեղծագործական աշխատանքից և օտար երկրում հայ ինքնությունը պահպանելու ու զարգացնելու իրենց ճանապարհից։

Դուք կիմանաք նաև այն պատմությունները, որոնք գուցե մինչ այսօր շատերին հայտնի չեն․

🔹 ինչպես է Շվեդիան ճանաչել Հայոց ցեղասպանությունը,
🔹 ովքեր են եղել շվեդական օպերայի և բալետի բեմերի հայազգի գլխավոր արտիստները,
🔹 ինչպես են հայերը իրենց հետքը թողել շվեդական մշակույթի ու մասնագիտական տարբեր ոլորտներում,
🔹 ովքեր են այսօր շարունակում ստեղծել, աշխատել, պայքարել ու զարգացնել շվեդահայ համայնքը։

Սա անցյալի մասին միայն պատմություն չէ։ Սա այն մարդկանց մասին է, ովքեր այսօր շարունակում են այդ պատմությունը։

Եվ գուցե ամենակարևորն այն է, որ այս 116 էջերի միջոցով շվեդահայությունը կարող է տեսնել ինքն իրեն՝ իր ամբողջ բազմազանությամբ, ձեռքբերումներով, խնդիրներով և ապագայի հնարավորություններով։

Մեզանից յուրաքանչյուրը գիտի՝ հայերն աներևակայելի հզոր ու ստեղծարար ժողովուրդ են, երբ մեզ չեն խանգարում։ Իսկ երբ ինքներս էլ չենք խանգարում մեզ, տաղանդը, աշխատասիրությունը, ճշմարտությունն ու արդարությունը իրենց ճանապարհն են գտնում։

Այս համարը հենց այդ ուժի մասին է։

 Շվեդահայեր, ձեռք բերեք այս համարը։

Պահեք ձեր տանը։ Նվիրեք ծնողներին, երեխաներին, ընկերներին։ Տվեք ձեր համայնքային կենտրոններին, գրադարաններին ու կազմակերպություններին։

Որովհետև այն, ինչ այսօր գրվում ու հավաքվում է մեր մասին, վաղը դառնում է մեր պատմությունը։

📚 Ձեր պատմությունը պետք է ձեզ հետ լինի։

Ինչպե՞ս ձեռք բերել
«ՕՐԵՐ» ամսագրի այս հատուկ համարը կարող եք պատվիրել՝ գրելով
 hakob@orer.cz
Մեկ համարի արժեքը՝ 10 եվրո
 Փոստային ծախսով՝ 16 եվրո
Համայնքային կառույցները կարող են պատվիրել 10-ից ավելի համարներ․ այդ դեպքում մեկ համարի արժեքը՝ 13 եվրո։
Կարելի է նաև բաժանորդագրվել «ՕՐԵՐ»-ին․ տարեկան բաժանորդագրությամբ ստացվում է չորս միացյալ համար՝ 60 եվրոյով։
Նախագիծն իրականացվել է Գալուստ Կիւլպէնկեան հաստատության աջակցությամբ։
 Շվեդահայության պատմությունը արդեն գրքի պես մեկ ամբողջական համարում է։
Մի թողեք, որ ձեր պատմությունը մնա ուրիշների գրադարակներում։ Այն պետք է լինի ձեր տանը։
Ձեր փոխանցումները կարող եք կատարել հետեւյալ բանկային հասցեով՝
 ORER Armenian European Magazine ՕՐԵՐԻՆ կարող եք բաժանորդագրվել` €50
ICKVE  , Account number 1002511474 / 2700
IBAN-   CZ 38 2700 0000 0010 0251 1474
SWIFT CODE – BACXCZPP
Uni Credit Bank Czech Republic a.s.


 Աշխարհի չեմպիոն՝ Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին

27.10.2026/Նիդ.օրագիր

Հայ ըմբիշի փայլուն հաղթանակը․ աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ Հայաստանին

Հայկական սպորտի համար հպարտության ու ցնծության հերթական առիթը։ 

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը դարձել է աշխարհի չեմպիոն՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակչում հաղթելով Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհաթ Մամեդլիին։

63 կգ քաշային կարգում կայացած վճռորոշ գոտեմարտում հայ մարզիկը հաղթել է 8։4 հաշվով՝ արժանանալով աշխարհի առաջնության ոսկե մեդալին։

Այս հաղթանակը պարզապես մեդալ չէ։ Այն տարիների աշխատանքի, համառության, մարզական կամքի և վճռականության արդյունք է։ Գորգի վրա Կարենը ցույց տվեց իր պատրաստվածությունն ու պայքարելու կարողությունը՝ հայկական սպորտի պատմության մեջ գրանցելով ևս մեկ նշանակալի հաջողություն։

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նոր փայլ է հաղորդում Հայաստանի ըմբշամարտի ավանդույթներին և ուրախություն պարգևում հայ մարզասերներին՝ Հայաստանում և Սփյուռքում։

Կարեն Ասլանյանը՝ աշխարհի չեմպիոն։ Հայաստանի օրհներգը, եռագույնը և հայ ժողովրդի հպարտությունը՝ հաղթանակի կողքին։

Շնորհավորում ենք Կարեն Ասլանյանին, նրա մարզիչներին, հավաքականին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս հաջողության մեջ։

Կեցցե՛ս, Կարե՛ն։ Քո հաղթանակը մեր բոլորի ուրախությունն է։ 

Նիդերլանդական Օրագիր
Լուսանկարը՝ Կարեն Ասլանյան / Հայաստանի ըմբշամարտի հավաքական։
 


Սուրբ Միքայել Հրեշտակապետն է (Archangel Michael)՝ Հռոմի հայտնի Կաստել Սանտ'Անջելոյի (Castel Sant'Angelo) գագաթին տեղադրված բրոնզե արձանը։

Ըստ ավանդության՝ 590 թվականին Հռոմում ժանտախտի համաճարակի ժամանակ Հռոմի պապ Գրիգոր Մեծը տեսիլք է ունեցել, որ հրեշտակապետ Միքայելը հայտնվել է ամրոցի վերևում՝ պատյանը դնելով սրին։ Դա մեկնաբանվել է որպես ժանտախտի ավարտի նշան։

Այսօր տեսանելի բրոնզե արձանը ստեղծել է ֆլամանդացի քանդակագործ Պետեր Անտոն ֆոն Վերշաֆելտը՝ 18-րդ դարում։ 

Այն խորհրդանշում է Հռոմի պաշտպանությունն ու հույսը։

4 /11/2026 Նիդ.օրագիր

Ալմելոյից՝ Բրյուսել․ հայ համայնքի ներկայացուցիչը՝ Եվրոպայի ընդլայնման գագաթնաժողովում


Ռուբին Հայկ Գելիչին մասնակցել է Euronews-ի EU Enlargement Summit 2026 միջազգային հանդիպմանը, որտեղ առիթ է ունեցել հանդիպելու և ողջունելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նիդերլանդների Ալմելո քաղաքի հայ համայնքի ակտիվ անդամ Ռուբին Հայկ Գելիչին մասնակցել է Բրյուսելում կայացած Euronews-ի՝ Եվրամիության ընդլայնման հարցերին նվիրված 2026 թվականի գագաթնաժողովին (EU Enlargement Summit 2026)։

Միջոցառմանը մեկտեղվել էին եվրոպական և միջազգային տարբեր ներկայացուցիչներ՝ քննարկելու Եվրոպայի ապագան, եվրոպական համագործակցությունը և Եվրամիության ընդլայնման գործընթացը։

Ինչպես իր տպավորություններում նշում է Հայկ Գելիչին, գագաթնաժողովը հնարավորություն է տվել ավելի խորությամբ ծանոթանալու աշխարհաքաղաքական զարգացումներին, եվրոպական երկրների և նրանց գործընկերների միջև համագործակցության դերին ու նշանակությանը։

Նրա համար այս միջոցառումն ուներ նաև անձնական նշանակություն։ Հայկական ծագում ունենալով՝ Հայկը առանձնահատուկ հետաքրքրությամբ է հետևում Հայաստանի զարգացմանն ու Եվրոպայի հետ հարաբերություններին։

Գագաթնաժողովի հիշարժան պահերից մեկը նրա շփումն էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայկ Գելիչին հանդիպել և ողջունել է վարչապետին՝ այդ դրվագը գնահատելով որպես իր մասնակցության առանձնահատուկ պահ։

«Հայկական ծագումս հաշվի առնելով՝ Հայաստանի զարգացումն ու Եվրոպայի հետ հարաբերություններն ինձ համար նաև անձնական նշանակություն ունեն»,– իր գրառման մեջ ընդգծել է նա։

Ռուբին Հայկ Գելիչիի կարծիքով՝ կարևոր է պահպանել կապերը, փոխանակվել տեսակետներով և նպաստել երկրների ու մշակույթների միջև կառուցողական երկխոսությանը։

Նիդերլանդների հայ համայնքի ակտիվ անդամի այս մասնակցությունը ևս մեկ առիթ է ընդգծելու, որ հայրենիքով հետաքրքրվածությունը, Հայաստանի եվրոպական կապերի զարգացումը և միջազգային գործընթացներին հետևելը չեն սահմանափակվում աշխարհագրական սահմաններով։

Գելիչին շնորհակալություն է հայտնել Euronews-ին՝ այս կարևոր հանդիպումը կազմակերպելու համար։

«Նիդերլանդական Օրագիր»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է սփյուռքի գործերի հանձնակատարներին, ովքեր Երևանում են գտնվում Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է ներկաներին և նշել. «Մենք իրար հետ, ըստ էության, վերջին տարիներին նոր ինստիտուտ և նոր համակարգ ենք ներդնում, և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ներգրավվածության համար: Մենք պետք է մեր համագործակցության առանցքում դնենք Հայաստանի Հանրապետության զարգացումը, Հայաստանի պետական ինստիտուտների, ընդհանուր առմամբ՝ պետականության, տնտեսության զարգացումը, և Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա հայության կյանքի էպիկենտրոնը: Պիտի արձանագրեմ, որ ըստ էության, զուգահեռ այդ պրոցեսը տեղի է ունենում, որովհետև տեսնում ենք, որ Սփյուռքի ավելի ու ավելի շատ ներկայացուցիչներ ավելի ակտիվ ներգրավվածություն են ունենում Հայաստանում տնտեսության, կրթության զարգացման գործում, և այդ ոլորտում մենք ունենք հանրահայտ, նույնիսկ՝ աշխարհահռչակ նախագծեր: Բայց կարևոր է նաև, որ մենք մեր ուղերձը հասցնենք հայության բոլոր շերտերին, բոլոր քաղաքացիներին»: Վարչապետն ընդգծել է, որ այս գործում չափազանց կարևոր է Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի դերակատարումը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ղեկավարության ներքո:

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև նոր Սահմանադրության նախագծի մասին և ընդգծել, որ այնտեղ անդրադարձ կա Հայաստան-սփյուռք հարաբերություններին. «Ես ուզում եմ ևս մի նրբության վրա հրավիրել ձեր ուշադրությունը, որովհետև, գիտեք, ըստ ամենայնի, որ մենք նոր Սահմանադրության տեքստի վրա ենք աշխատում և նախագիծը, որը հետագա մշակումների կենթարկվի, նոյեմբեր ամսվա ընթացքում կհրապարակվի: Այնտեղ շատ կարևոր անդրադարձ ունենք Հայաստան-սփյուռք հարաբերություններին և այդ հարաբերությունների նպատակին: Իհարկե, այդ հարաբերությունները միաշերտ չեն, բայց մենք կարևոր համարեցինք, որպեսզի այդ թվում՝ նոր Սահմանադրության նախագծում հստակ ձևակերպվեն, թե որն է ի վերջո Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը, որովհետև կարող են լինել ընթացիկ նպատակներ, բայց պետք է լինի նաև վերջնանպատակ: Եվ մենք եկել ենք այն եզրակացության, որ վերջնանպատակն, ի վերջո, հայրենադարձությունն է, որպեսզի մարդիկ իրենց կյանքի և կենսագործունեության կենտրոնը համարեն Հայաստանի Հանրապետությունը: Մեզ համար կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն Հայաստանի Հանրապետության հետ՝ որպես իրենց ինքնության շատ կարևոր և անբաժանելի մաս, որն իհարկե, կարտահայտվի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ և Հայաստանի Հանրապետությունում որոշակի գործունեություն ծավալելով»:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան–սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցեր, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ հանձնակատարների արդյունավետ փոխգործակցության խթանմանը, Հայաստան-սփյուռք համակարգային և արդյունավետ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական կայք


Միասին ՀԿ/Miasin NGO համահայկական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կայացավ «Երաժշտական երկխոսություն․ Հայաստան-Իտալիա» խորագրով համերգը՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին։

Միջոցառմանը ելույթ ունեցավ Իտալիայի Մարտելլագո քաղաքում գործող «G. Sinopoli» վոկալ անսամբլը՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար Զոյա Թուխմանովա-Կարապետյանի ղեկավարությամբ։ 

Ծրագրում ներկայացվեցին հայ-իտալական հոգևոր և դասական և  Մխիթար Մխիթար Սեբաստացու ստեղծագործություններից։

Համերգի ընթացքում ելույթ ունեցան նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներից Աշոտ Ղանթարջյանն ու Արծվիկ Դեմիրճյանը՝ դաշնակահար Ելենա Վարդազարյանի նվագակցությամբ, ինչպես նաև Ազատ Հովհաննիսյանը՝ Շահանե Աղաքարյանի նվագակցությամբ։

Համերգին ներկա էին Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերանտին, Հայաստանի Մխիթարյան կենտրոնի տնօրեն Հայր Եղիա վարդապետ Քիլաղբյանը, հյուրեր Հայաստանից և Սփյուռքից։

Ալեսանդրո Ֆերանտին իր խոսքում նշեց, որ Հայաստանի և Իտալիայի պատմամշակութային առնչությունները խոր արմատներ ունեն՝ ընդգծելով, որ երաժշտությունն ամուր կամուրջ է երկու հարուստ մշակույթների միջև։ 

Անդրադառնալով նաև Մխիթար Սեբաստացու թողած հսկայածավալ ժառանգությանը՝ դեսպանը նշեց նրա առանձնահատուկ դերը հայ-իտալական կապերի ամրապնդման գործում՝ նրան բնորոշելով որպես երկու ժողովուրդների բարեկամության և մշակութային երկխոսության խորհրդանիշ։

Գևորգ Չիչյանն իր խոսքում անդրադարձավ Մխիթար Սեբաստացու գիտակրթական վաստակին և բացառիկ դերակատարությանը՝ հայ ժողովրդի ազգային ինքնության, լեզվի, պատմական հիշողության, հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման և զարգացման գործում՝ ընդգծելով, որ նրա թողած ժառանգությունն, իսկապես, անգնահատելի է։

Միաժամանակ նա խորին երախտագիտություն հայտնեց «Ջուզեպպե Սինոպոլի» վոկալ անսամբլի գեղարվեստական ղեկավար Զոյա Թուխմանովա-Կարապետյանին, երաժշտական դպրոցի տնօրեն Մոնիկա Զակկելոյին և անսամբլի բոլոր անդամներին՝ հայկական երաժշտության, ազգային ու հոգևոր մշակույթի հանդեպ ցուցաբերած առանձնահատուկ հարգանքի, հետաքրքրության և նվիրվածության համար։

Գևորգ Չիչյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց նաև ծրագրի բոլոր աջակիցներին և համագործակցող կառույցներին, որոնց անմիջական մասնակցությամբ ու աջակցությամբ հնարավոր դարձավ նախաձեռնության իրականացումը։

Իրենց հերթին «Ջուզեպպե Սինոպոլի» անսամբլի գեղարվեստական ղեկավար և խմբավար Զոյա Թուխմանովա-Կարապետյանն ու համանուն երաժշտական դպրոցի տնօրեն Մոնիկա Զակկելոն շնորհակալություն հայտնեցին «Միասին» ՀԿ-ին հրավերի և ջերմ հյուրընկալության համար:

Միջոցառման ավարտին «Միասին» համահայկական ՀԿ-ն շնորհակալագրեր հանձնեց ծրագրի մասնակիցներին, աջակիցներին և գործընկերներին։

Scuola Di Musica Sinopoli

Ensemble Giuseppe Sinopoli


Հրդեհ՝ Երևանի «Կինոմոսկվա» կինոթատրոնի մուտքի մոտ

Նիդ.օրագիր / Նոյեմբերի 5, Երևան — Վերջին րոպեի տեղեկություն

Այսօր երեկոյան Երևանի կենտրոնում՝ «Կինոմոսկվա» կինոթատրոնի մուտքի մոտ, հրդեհ է բռնկվել։

Համացանցում տարածված տեսանյութերից երևում է, որ կրակը բռնկվել է կինոթատրոնի մուտքի հատվածում և արագ տարածվել դեկորացիաների վրա։ Ներկաները փորձել են ինքնուրույն մարել կրակը։ Նախնական տեղեկություններով՝ այրվել է մուտքի մոտ տեղադրված ամանորյա դեկորացիան։

Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները, սակայն մինչ նրանց ժամանումը կրակը արդեն հաջողվել էր մարել։

Ըստ 5TV-ի՝ միջադեպը տեղի է ունեցել տարածքում ամանորյա միջոցառման և հրավառությունից հետո։

Այս պահին հրապարակված տեղեկություններում չկա հաստատում, որ հրդեհը տարածվել է «Կինոմոսկվա» շենքի ներսում կամ պատճառել է շենքի լուրջ վնասներ։

«Նիդերլանդական Օրագիրը» հետևում է դեպքի զարգացումներին և նոր տեղեկությունների առկայության դեպքում կտեղեկացնի ընթերցողներին։ 

Հաագան նոյեմբերին 

Հաագան՝ Նիդերլանդերեն Den Haag, կամ պաշտոնական հին անվամբ՝ 's-Gravenhage։

Նոյեմբերին քաղաքը կարծես փոխում է իր տրամադրությունը։ Աշնան վերջին տերևները, թաց ասֆալտը, ծովից եկող քամին ու վաղ մթնող երկինքը Հաագային տալիս են մի առանձնահատուկ գույն։

Հաագան, Ռոտտերդամի նման, բազմամշակութային քաղաք է։ Այստեղ աշխարհի տարբեր անկյուններից եկած մարդիկ ապրում են կողք կողքի՝ տարբեր լեզուներով, տարբեր սովորություններով, տարբեր կենսակերպերով։

Եվ կան փողոցներ, որոնցով անցնելիս երբեմն ուզում ես պարզապես որքան հնարավոր է արագ դուրս պրծնել այդ խելահեղ, գլխապտույտ առաջացնող անցուդարձից։

Մարդկանց հոսք, մեքենաների ու հեծանիվների անվերջ շարժ, խանութների ցուցափեղկեր, տարբեր լեզուներով խոսակցություններ, փողոցային աղմուկ… Հաագան երբեմն ոչ թե քաղաք է թվում, այլ մի հսկայական բեմ, որտեղ յուրաքանչյուր անցորդ իր փոքրիկ դերն ունի։

Բայց բավական է մի պահ կանգնել այդ ամբողջ շարժումից հեռու։

Եվ հանկարծ նկատում ես նոյեմբերյան Հաագայի մյուս դեմքը՝ թափվող տերևները, լուռ ծառուղիները, հին շենքերի պատերը, անձրևից փայլող փողոցները և այն խաղաղությունը, որը երբեմն թաքնված է ընդամենը մեկ փողոցի այն կողմում։

Անահիտ Աղաբեկյան ( Anahit Aghabekyan )


Սոֆիա–Երևան նոր ուղիղ ավիաչվերթ․ GullivAir-ը մեկնարկեց թռիչքները

Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության Սոֆիա–Երևան մեկնարկային չվերթը։

Նոր ավիահաղորդակցությունը Հայաստանի և Բուլղարիայի միջև օդային կապի ընդլայնման հերթական քայլն է՝ նոր հնարավորություններ ստեղծելով երկու երկրների քաղաքացիների, զբոսաշրջիկների, գործարարների և հայկական ու բուլղարական համայնքների համար։

Մեկնարկային չվերթի դիմավորման խորհրդանշական արարողությանը ներկա էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իվանկա Տաշևան։

Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Հայաստանում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովը, «GullivAir» ավիաընկերության տնօրենի տեղակալ Իվայլո Իգնատովը և այլ պաշտոնատար անձինք։

Շաբաթական երկու չվերթ

Սոֆիա–Երևան–Սոֆիա երթուղով կանոնավոր չվերթերը նախատեսվում են շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին։

Թռիչքները կիրականացվեն Airbus A320 օդանավերով՝ «Bulgaria Air» ավիաընկերության հետ համագործակցությամբ։

Նոր երթուղին հատկապես կարևոր կարող է լինել ոչ միայն զբոսաշրջային, այլև գործարար, մշակութային և մարդկային կապերի զարգացման տեսանկյունից՝ ավելի մատչելի դարձնելով Հայաստանի և Բուլղարիայի միջև ճանապարհորդությունը։

Հնարավորություն նաև Նիդերլանդներում բնակվող հայերի համար

Նիդերլանդներում բնակվող հայերի համար Սոֆիայի միջոցով Երևանի հետ նոր ավիակապը ևս կարող է հետաքրքրություն ներկայացնել։ Բուլղարիայի մայրաքաղաքը կարող է դառնալ Հայաստանի հետ ճանապարհորդության լրացուցիչ տարանցիկ ուղղություն՝ հատկապես այն դեպքում, երբ Երևան ուղիղ չվերթների ժամանակացույցը կամ տոմսերի գները հարմար չեն։

Ավիատոմսերի առկայության, չվերթների ժամանակացույցի և ամրագրման պայմանների վերաբերյալ մանրամասները հասանելի են «GullivAir»-ի պաշտոնական կայքում կամ տեղական տուրիստական գործակալությունների միջոցով։

«Նիդերլանդական Օրագիրը» շնորհավորում է նոր ավիաուղու մեկնարկը և մաղթում անվտանգ ու բարեհաջող թռիչքներ։ 

Երևանի Կապույտ մզկիթի նիստերի սրահը անվանակոչվել է Եղիշե Չարենցի անունով

Երևան, 9 նոյեմբերի 2026 թ. — Իրանի փոխնախագահ, դոկտոր Փուրմոհամադիի մասնակցությամբ Երևանում տեղի ունեցած Ֆիրդուսու «Շահնամե»-ի հայերեն թարգմանության շնորհանդեսի շրջանակում Երևանի Կապույտ մզկիթի նիստերի սրահը անվանակոչվել է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով։

Միջոցառումը տեղի է ունեցել երկուշաբթի՝ նոյեմբերի 9-ին։ Հայտարարության համաձայն՝ սրահին Չարենցի անունը տալու նախաձեռնությունը իրականացվել է «Շահնամե»-ի հայերեն թարգմանության ներկայացման հանդիսության շրջանակում։

Եղիշե Չարենցը (1897–1937) հայ գրականության 20-րդ դարի նշանավոր ներկայացուցիչներից է։ Նրա ստեղծագործությունը կարևոր տեղ է զբաղեցնում հայ-իրանական մշակութային կապերի պատմության մեջ։

Կապույտ մզկիթը՝ Երևանի պատմական կենտրոնում գտնվող 18-րդ դարի պարսկական մշակութային հուշարձանը, շարունակում է մնալ հայ-իրանական պատմամշակութային առնչությունների կարևոր խորհրդանիշներից մեկը։

Միջոցառման ընթացքում ներկայացված Ֆիրդուսու «Շահնամե»-ի հայերեն թարգմանությունը ևս ընդգծում է երկու ժողովուրդների գրական և մշակութային ժառանգության փոխադարձ կապերը։ 


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ հայրենակիցներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 15-ին՝ կիրակի օրը, ժամը 11:30-ին, Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցում կմատուցվի Սուրբ և անմահ Պատարագ։
Պատարագիչ՝ Տեր Խաչատուր քահանա Ֆրանգյան։
Սիրով սպասում և ակնկալում ենք բոլորիդ ներկայությունը՝ միասին մասնակցելու Սուրբ Պատարագին և հաղորդակից դառնալու հոգևոր այս արարողությանը։
Սիրով՝ Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցի
Surp Karapet- Armeens Apostolische Kerk Maastricht 

MEDEDELING
Beste landgenoten,
Met genoegen delen wij u mee dat op zondag 15 november om 11.30 uur de Heilige en Goddelijke Liturgie zal worden opgedragen in de Sint-Karapetkerk in Maastricht.
De celebrant is priester Khachatur Frangyan.
Wij hopen u allen van harte te mogen verwelkomen om samen deel te nemen aan deze heilige liturgie.
Met vriendelijke groet,
Sint-Karapetkerk Maastricht



Wednesday, 11 November 2026

Հայաստան–Նիդերլանդներ․ գործարար համագործակցության նոր օրակարգ՝ 2027-ին ընդառաջ



Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական կապերի զարգացման նոր հնարավորություններ են քննարկվել Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում։
Նոյեմբերին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Նիդերլանդներում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Անդրեսյանի և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Լիլիա Գևորգյանի միջև։
Հանդիպման առանցքային թեման Նիդերլանդների հետ Հայաստանի գործարար և առևտրատնտեսական կապերի ընդլայնումն էր։ Սվետլանա Անդրեասյանը ներկայացրել է 2027 թվականի նախատեսվող միջոցառումների ծրագիրը, որն ընդգրկում է տարբեր ոլորտներում համագործակցության և միջազգային գործարար կապերի զարգացման ուղղություններ։
Քննարկվել են նաև հայկական ընկերությունների՝ Նիդերլանդներում և եվրոպական այլ երկրներում անցկացվող միջազգային ցուցահանդեսներին ու գործարար միջոցառումներին մասնակցելու հնարավորությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայկական ապրանքների և ծառայությունների՝ եվրոպական շուկայում ներկայացմանն ու առաջմղմանը։
Սփյուռքի գործարար ներուժը՝ որպես համագործակցության հարթակ
Հանդիպման ընթացքում Սվետլանա Անդրեսյանը տեղեկացրել է նաև Նիդերլանդներում հայկական սփյուռքի աջակցությամբ ձևավորված աշխատանքային խմբի մասին։
Ըստ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հաղորդագրության՝ աշխատանքային խումբն արդեն ձևավորված է և պատրաստ է աջակցելու Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը։
Այս հանգամանքը կարող է կարևոր նշանակություն ունենալ, քանի որ Նիդերլանդներում բնակվող հայ գործարարների, մասնագետների և տարբեր ոլորտների ներկայացուցիչների ներուժը կարող է օգտագործվել ոչ միայն երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման, այլև հայկական ընկերությունների համար եվրոպական շուկա մուտք գործելու նոր ուղիներ ստեղծելու նպատակով։
Գործարար համագործակցության նման հարթակը կարող է միաժամանակ կապող օղակ դառնալ Հայաստանի ընկերությունների և Նիդերլանդների գործարար շրջանակների միջև՝ նպաստելով տեղեկատվության փոխանակմանը, գործընկերների որոնմանը, համատեղ ծրագրերի ձևավորմանն ու ներդրումային կապերի զարգացմանը։
2027 թվականը՝ նոր նախաձեռնությունների տարի՞
Հանդիպման արդյունքներով կողմերը հայտնել են համատեղ նախաձեռնությունների հետագա զարգացման և կոնկրետ առաջարկների մշակման շահագրգռվածություն։ Նախատեսվում է նաև ձևավորել 2027 թվականի միջազգային գործարար միջոցառումների օրացույց։
Այդ օրացույցը կարող է ներառել ցուցահանդեսներ, գործարար համաժողովներ, հանդիպումներ, ոլորտային քննարկումներ և այլ միջոցառումներ, որոնց միջոցով հայկական ընկերությունները հնարավորություն կունենան ավելի ակտիվորեն ներկայանալու եվրոպական շուկայում։
Հայաստանի համար Նիդերլանդների ուղղությունը կարող է հետաքրքրություն ներկայացնել ոչ միայն առևտրի, այլև տեխնոլոգիաների, նորարարության, ծառայությունների, ներդրումների և միջազգային գործընկերության տեսանկյունից։
Միաժամանակ Նիդերլանդներում հայկական համայնքի գործարար ներուժի համախմբումը կարող է նոր բովանդակություն հաղորդել Հայաստան–Նիդերլանդներ տնտեսական հարաբերություններին։
Հաջորդ քայլը՝ գաղափարներից դեպի կոնկրետ ծրագրեր
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հրապարակած տեղեկությունից դեռևս պարզ չէ, թե աշխատանքային խմբի կազմում ովքեր են ընդգրկված, ինչ ոլորտներ են ընտրվել որպես առաջնահերթ և ինչ կոնկրետ ծրագրեր են նախատեսվում 2027 թվականին։
Սակայն հանդիպման կարևորությունը հենց այն հանգամանքի մեջ է, որ քննարկումները նպատակ ունեն անցնելու ընդհանուր ցանկությունների մակարդակից դեպի գործնական համագործակցության՝ կոնկրետ առաջարկների, միջոցառումների և գործարար կապերի ձևավորման միջոցով։
Հայաստան–Նիդերլանդներ տնտեսական հարաբերությունների զարգացման գործում առաջիկա փուլում առանցքային կարող է դառնալ այն հարցը, թե որքանով հնարավոր կլինի ստեղծված հարթակը վերածել գործող մեխանիզմի, որը կօգնի հայկական բիզնեսին գտնել նիդերլանդական գործընկերներ, ներկայացնել իր արտադրանքն ու ծառայությունները և մուտք գործել եվրոպական շուկա։
Այս իմաստով 2027 թվականի գործարար օրակարգը կարող է դառնալ ոչ միայն միջոցառումների հերթական ցանկ, այլ Հայաստանի և Նիդերլանդների միջև գործարար կապերի նոր փուլ ձևավորելու հնարավորություն։
Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ։



Tuesday, 10 November 2026

Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի մեդիա-հետքը՝ պաշտոնական լուսաբանումից մինչև քննադատություն ու գնահատականներ

ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՑ ՀԵՏՈ․ Ո՞Վ ԻՆՉՊԵՍ ՏԵՍԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ–ՍՓՅՈՒՌՔ ՉՈՐՍՕՐՅԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի մեդիա-հետքը՝ պաշտոնական լուսաբանումից մինչև քննադատություն, միջազգային արձագանքներից մինչև «Նիդերլանդական Օրագրի» ամենօրյա դիտակետը

Երևան

Նոյեմբերի 8-ին Երևանում ավարտվեց Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովը, որը նոյեմբերի 5-ից չորս օր շարունակ Հայաստանի մայրաքաղաքում մեկտեղեց շուրջ 800 մասնակիցների՝ աշխարհի մոտ 55 երկրներից։

Գագաթնաժողովի պաշտոնական օրակարգը բավական լայն էր՝ Հայաստան–Սփյուռք հարաբերությունների զարգացում, Սփյուռքի ներուժի համախմբում, կրթություն, գիտություն, տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, ներդրումներ, մշակույթ, անվտանգություն, հայրենադարձություն, միջազգային համագործակցություն և այլ ուղղություններ։ Ծրագրում ընդգրկված էր նաև Համաշխարհային հայկական էքսպոն։

Բայց գագաթնաժողովի իրական պատմությունը չավարտվեց «Մերիդիան» կենտրոնի դահլիճներում։

Այն շարունակվեց մամուլում։

Եվ հենց լրատվամիջոցների արձագանքների համադրումն է ցույց տալիս, որ գագաթնաժողովի շուրջ ձևավորվել են տարբեր, երբեմն իրարամերժ պատկերացումներ։

Մի լրատվամիջոցի համար այն Հայաստան–Սփյուռք հարաբերությունների նոր փուլի մեկնարկ էր, մյուսի համար՝ Հայաստանի պետականակենտրոն քաղաքական օրակարգի ներկայացման հարթակ, երրորդի համար՝ գործնական համագործակցության հնարավորությունների հանդիպման վայր, իսկ քննադատական մամուլի համար՝ հարցերի ու հակասությունների նոր առիթ։

Այս բազմաձայնությունն ինքնին գագաթնաժողովի կարևորագույն մեդիա արդյունքներից է։


«Արմենպրես»․ ամենաակտիվ և հետևողական տեղեկատվական լուսաբանումը

Հայաստանյան լրատվամիջոցների շարքում «Արմենպրեսն» աչքի ընկավ լուսաբանման ծավալով և օպերատիվությամբ։

Գործակալությունը ոչ միայն ներկայացրեց բացման արարողությունը, այլև առանձին նյութերով անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներին, Հայաստան–Սփյուռք հարաբերությունների նոր ձևակերպումներին, հայրենադարձությանը, տարբեր քննարկումներին և մասնակիցների տեսակետներին։

Գագաթնաժողովի բացման մասին նյութում «Արմենպրեսը» առանձնացրեց մոտ 800 մասնակցի և շուրջ 55 երկրների ներկայացվածությունը։ Ռուբեն Ռուբինյանի շեշտադրումը՝ գագաթնաժողովը չսահմանափակելու «լավ քննարկումներով և գեղեցիկ ձևակերպումներով», այլ այն վերածելու գաղափարների, նախաձեռնությունների և համագործակցության ծրագրերի մեկնարկային հարթակի, նույնպես դարձավ լուսաբանման կարևոր առանցք։

«Արմենպրեսի» առավելությունն այս դեպքում լրատվական շարունակականությունն էր․ գագաթնաժողովի յուրաքանչյուր կարևոր ելույթ կամ հայտարարություն արագ վերածվում էր առանձին տեղեկատվական նյութի։

Հանրային ռադիո․ «համահայկական ներուժի համախմբում»

Հայաստանի Հանրային ռադիոն գագաթնաժողովի մասին ձևավորեց ավելի ինստիտուցիոնալ պատկեր։

Նրա առաջին նյութի վերնագիրն արդեն իսկ գնահատական էր՝ «Համահայկական ներուժի համախմբում»։

Ռադիոն շեշտեց 800 մասնակիցների ներկայությունը, Հայաստան–Սփյուռք երկխոսության խորացումը, նոր գործընկերությունների ձևավորումը և Հայաստանի զարգացմանն ուղղված գործնական համագործակցությունը։

Այս լուսաբանման մեջ գագաթնաժողովը հիմնականում ներկայացվում էր որպես համահայկական ներուժը մեկ հարթակում հավաքելու հնարավորություն, այլ ոչ թե ներքաղաքական հակադրությունների դաշտ։

«1-ին լրատվական» և Mediamax․ քաղաքական օրակարգը՝ ուշադրության կենտրոնում

Գագաթնաժողովի լուսաբանման զգալի հատվածը կենտրոնացավ Նիկոլ Փաշինյանի ելույթի վրա։

«1-ին լրատվականը» վերնագրեց՝ «Այսօր Հայաստանը վերաիմաստավորում է իր հարաբերությունները Սփյուռքի հետ»։ Նյութում առանցքային տեղ էր զբաղեցնում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը և այն միտքը, որ Հայաստան–Սփյուռք հարաբերությունների նոր մոդելը պետք է կառուցվի պետության շուրջ։

Mediamax-ը առանձնացրեց Փաշինյանի մեկ այլ առանցքային ձևակերպում՝ «Հայաստանը կարող է Սփյուռքին առաջարկել միայն մեկ բան՝ ինքն իրեն»։ Միաժամանակ առանձին նյութում ընդգծվեց վարչապետի հայտարարությունը, ըստ որի Հայաստան–Սփյուռք հարաբերությունների «վերջնական նպատակը» պետք է լինի հայրենադարձությունը։

Այսպիսով, մի շարք լրատվամիջոցների մոտ գագաթնաժողովի հիմնական մեդիա-թեզը դարձավ ոչ թե չորսօրյա քննարկումների ամբողջությունը, այլ Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունների նոր պետականակենտրոն մոդելի առաջարկը։

«Հետք»․ գագաթնաժողովը՝ որպես հարաբերությունների վերակառուցման փորձ

Ավելի վերլուծական մոտեցմամբ առանձնացավ «Հետք»-ը։
Հրապարակման վերնագիրն արդեն հուշում է հիմնական մոտեցումը՝
«Pashinyan Outlines State-Centric Identity Pivot to Delegates at Global Armenian Summit»։

«Հետք»-ը գագաթնաժողովը ներկայացնում է որպես Հայաստան–Սփյուռք հարաբերությունների պետականակենտրոն վերաձևակերպման փորձ։

Հոդվածում ուշադրություն է դարձվում նաև մասնակիցների ընտրության մեխանիզմին՝ նշելով, որ Սփյուռքի մասնակիցների կազմում գերակշռել են մասնագետները, ակադեմիական և հասարակական ոլորտների ներկայացուցիչները՝ համապատասխան փորձառությամբ։

Միաժամանակ «Հետք»-ը առանձնացնում է հայրենադարձությունը որպես հարաբերությունների «վերջնական նպատակ» և այն դիտարկում է ոչ միայն որպես քաղաքական հայտարարություն, այլև որպես հարաբերությունների ինստիտուցիոնալ վերակառուցման ուղղություն։

Այս մոտեցումը գագաթնաժողովը դուրս է բերում սովորական միջոցառման շրջանակից․ այն դառնում է Հայաստան–Սփյուռք հարաբերությունների նոր ճարտարապետության քննարկման թեմա։

Քննադատական մամուլ․ նույն գագաթնաժողովը՝ բոլորովին այլ գնահատականով

Եթե պաշտոնական և մեծ մասամբ հիմնական լրատվական դաշտում գագաթնաժողովի առանցքը համագործակցությունն էր, ապա քննադատական մամուլը կենտրոնացավ իշխանության օրակարգի սահմանների և հակասությունների վրա։
ԱՄՆ-ի հայկական մամուլի The Armenian Weekly-ում նոյեմբերի 9-ին Մուրադ Փափազյանի հրապարակումը՝
«How can one agree with Nikol Pashinyan?»

քննադատում է Փաշինյանի մոտեցումները հատկապես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Արցախի և Հայաստան–Թուրքիա հարաբերությունների հարցերում։

Իսկ նոյեմբերի 10-ին նույն հարթակում Հարութ Սասունյանի հրապարակումը շատ ավելի կոշտ վերնագիր ունի՝

«Pashinyan’s pointless speech at the Global Armenian Summit»։

Հեղինակը կասկածի տակ է դնում Փաշինյանի ելույթի նորարարությունը և հարցադրում է անում, թե գագաթնաժողովում Սփյուռքին իրականում ի՞նչ նոր առաջարկ է արվել։

Նույն քննադատական հոդվածը հրապարակվել է նաև Oragark-ում՝ Հարութ Սասունյանի հեղինակությամբ։

Այս հրապարակումների պարագայում խոսքը պարզապես գագաթնաժողովի վերաբերյալ այլ կարծիքի մասին չէ․ դրանք բացահայտ քաղաքական քննադատություն են։

Սփյուռքի մամուլը: Տարբեր մոտեցումներ

Գագաթնաժողովի լուսաբանման ամենակարևոր առանձնահատկություններից մեկը հենց Սփյուռքի մամուլի բազմազանությունն էր։

Այն ցույց տվեց, որ Սփյուռքը միասնական մեդիա դիրքորոշում չունի։

Ֆրանսահայ մամուլի մի մասը գագաթնաժողովի ավարտին առավելապես ընդգծեց համագործակցության և կոնկրետ գործողությունների պատրաստակամությունը։

Օրինակ՝ Arménie Info TV-ն հրապարակեց Ֆրանսիայից ժամանած մոտ 160 մասնակիցների համատեղ հայտարարությունը։ Նրանք վերահաստատել են Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության և զարգացմանն աջակցելու պատրաստակամությունը և շեշտել կոնկրետ, երկարաժամկետ գործընկերությունների անհրաժեշտությունը։



Ֆրանսահայ Nor Haratch-ը նույնպես առանձնացրեց այդ հայտարարությունը՝ այն ներկայացնելով որպես գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը։

Այսպիսով, Ֆրանսիայի դեպքում մեդիա արձագանքը հիմնականում կառուցված էր գործնական համագործակցության և մասնագիտական ներուժի ներդրման շուրջ։

Ռումինիա․ գագաթնաժողովը՝ գործընկերությունների հարթակ

Ռումինական Dobrogea Online-ը նոյեմբերի 8-ին գագաթնաժողովին նվիրված նյութում ընդգծեց նոր գործընկերությունների և հաջորդ տարվա համատեղ գործողությունների ծրագիրը։

Հոդվածում հիշատակվում է նաև Ռումինիայի հայերի միության մասնակցությունը և այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ինքնությունը, ներդրումները, կրթությունը և Սփյուռքի երիտասարդների մասնակցությունը։

Այսինքն՝ ռումինական հրապարակման մեջ գագաթնաժողովի ընկալումը հիմնականում դրական և համագործակցային է։

Քենիա․ գագաթնաժողովը՝ Սփյուռքի միջազգային քաղաքականության հարթակ

Քենիայի KBC-ն գագաթնաժողովին անդրադարձել է բոլորովին այլ դիտակետից։

Հոդվածի վերնագիրն է՝

«Kenya champions diaspora role at Global Armenian Summit»։

Քենիայի պետական կառույցի ներկայացուցիչ Ռոզելին Նջոգուն գագաթնաժողովում խոսել է Սփյուռքի ներգրավման մասին՝ շեշտելով վստահությունը, միջազգային համագործակցությունը և Սփյուռքի ներդրումը ազգային զարգացման գործում՝ ոչ միայն դրամական փոխանցումների տեսքով։

Սա կարևոր միջազգային արձագանք է, որովհետև Քենիայի մամուլի համար գագաթնաժողովը Հայաստանի ներքաղաքական միջոցառում չէ։

Այն ներկայացվում է որպես Սփյուռքի հետ աշխատանքի միջազգային փորձի փոխանակման հարթակ։

Իսկ Նիդերլանդնե՞րը և Բելգիան

Այստեղ մեդիա-պատկերը բավական հետաքրքիր է։

Այս պահին մեր ստուգած աղբյուրներում Նիդերլանդների և Բելգիայի խոշոր ընդհանուր լրատվամիջոցների կողմից գագաթնաժողովի առանձին, լայնածավալ լուսաբանում չենք հայտնաբերել։

Սա պետք է արձանագրել հենց այդպես՝ առանց արհեստականորեն մեծացնելու միջազգային արձագանքի չափը։

Այլ բան է համայնքային մասնակցությունը․ Նիդերլանդներից և Բելգիայից մասնակիցներ եղել են գագաթնաժողովում։ «Արմենպրեսի» հրապարակումներում նույնպես անդրադարձ կա Սփյուռքի տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությանը։

Այս պայմաններում առանձնահատուկ նշանակություն է ստանում «Նիդերլանդական Օրագրի» ներկայությունը Երևանում։

«Նիդերլանդական Օրագիր»․ չորս օր՝ չորս դիտակետ

Գագաթնաժողովի մասին «Նիդերլանդական Օրագրի» լուսաբանումը տարբերվեց թե՛ պաշտոնական տեղեկատվական գործակալությունների, թե՛ քննադատական մամուլի մոտեցումից։

Այն մեկ նյութով չփակեց գագաթնաժողովը։

Չորս աշխատանքային օրերին շարունակաբար ներկայացվեց սեփական լրագրողական շարք՝ «ՍՓՅՈՒՌՔԻ ՁԱՅՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»։



Այդ մոտեցման առանցքում ոչ միայն պաշտոնյաների ելույթներն էին, այլև Սփյուռքի տարբեր համայնքների մարդկանց ձայնը, նրանց փորձը, ակնկալիքները, մասնագիտական գործունեությունը, հանդիպումները և Հայաստան–Սփյուռք հարաբերությունների վերաբերյալ պատկերացումները։

Այս իմաստով «Նիդերլանդական Օրագրի» լուսաբանումը կարելի է բնութագրել որպես տեղում իրականացված, ամենօրյա, սեփական լրագրողական դիտարկում՝ Նիդերլանդների հայ համայնքի և ընդհանրապես Սփյուռքի դիտակետից։

Սա կարևոր տարբերություն է։

Եթե «Արմենպրեսը» առավել ուժեղ էր օպերատիվ և ծավալուն տեղեկատվության մեջ, «Հետք»-ը՝ վերլուծության, իսկ քննադատական մամուլը՝ քաղաքական հակադրության, ապա «Նիդերլանդական Օրագրի» առանձնահատկությունը եղել է մասնակիցների ձայները մեկ ընդհանուր շարքում հավաքելը։

Գագաթնաժողովի պաշտոնական ծրագիրն ինքնին լայն էր՝ ներառելով նաև «Մեդիա և հանրային վստահություն. ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» քննարկումը։

Այդ հանգամանքը հատկապես ուշագրավ է․ գագաթնաժողովը խոսում էր մեդիայի և հանրային վստահության մասին, մինչդեռ դրա լուսաբանումն ինքնին դարձավ տարբեր մեդիա մոտեցումների փորձաքար։

Ո՞վ էր ամենաակտիվը

Եթե գնահատենք ոչ թե միայն հոդվածների քանակը, այլ լուսաբանման բնույթը, կարելի է առանձնացնել մի քանի առաջատար։

«Արմենպրես» — քանակական և օպերատիվ լուսաբանման առաջատարներից։

Հանրային ռադիո — հետևողական ինստիտուցիոնալ լուսաբանում։

«Հետք» — առավել վերլուծական մոտեցում ունեցողներից։

The Armenian Weekly / Oragark — ամենակոշտ քննադատական գնահատականների հարթակներից։

Arménie Info / Nor Haratch — ֆրանսահայ համայնքի տեսակետների ակտիվ ներկայացում։

KBC Kenya — միջազգային, ոչ հայկական մամուլի ուշագրավ օրինակ։

«Նիդերլանդական Օրագիր» — չորս օր շարունակվող սեփական տեղում լուսաբանման յուրահատուկ ձևաչափով։

Այս պատճառով ճիշտ չէ պարզապես ասել, թե «մեկ լրատվամիջոցն ամենաշատն է լուսաբանել»։

Ավելի ճիշտ է տարբերակել քանակը, օպերատիվությունը, վերլուծական խորությունը և սեփական լրագրողական ներկայությունը։


Ինչ գնահատական տալ գագաթնաժողովին

Չորս օրերի աշխատանքից հետո գագաթնաժողովը կարելի է գնահատել որպես լայն մասնակցությամբ և բազմաբովանդակ քննարկումների հարթակ, որը Հայաստան–Սփյուռք հարաբերությունների համար փորձեց առաջարկել ավելի գործնական և պետականակենտրոն օրակարգ։

Այդ օրակարգի կենտրոնում հայտնվեցին մի քանի հստակ գաղափարներ։

Պետությունը՝ որպես Հայաստան–Սփյուռք հարաբերությունների հիմնական առանցք։

Սփյուռքի ներուժը՝ բարեգործությունից դեպի երկարաժամկետ մասնագիտական և տնտեսական ներգրավվածություն։

Հայրենադարձությունը՝ որպես հարաբերությունների վերջնական նպատակ։

Նոր գործընկերություններն ու կոնկրետ ծրագրերը՝ որպես գագաթնաժողովի արդյունավետության չափանիշ։

Այս գաղափարները հստակ արտահայտվեցին նաև պաշտոնական խոսքում։

Գագաթնաժողովը հաջողվա՞ծ էր

Եթե հաջողությունը չափենք մասնակիցների թվով, աշխարհագրական ընդգրկմամբ, քննարկումների բազմազանությամբ և հանդիպումների ինտենսիվությամբ, ապա՝ այո։

Եթե այն չափենք նոր կապերի, հայտարարությունների և համագործակցության հնարավորությունների ստեղծմամբ, ապա նույնպես կարելի է խոսել դրական արդյունքի մասին։

Սակայն եթե չափանիշը դնենք ավելի բարձր՝

քանի՞ քննարկում վերածվեց ծրագրի,
քանի՞ ծրագիր՝ պայմանավորվածության,
քանի՞ պայմանավորվածություն՝ իրական գործողության,
քանի՞ սփյուռքահայ մասնագետ կսկսի աշխատել Հայաստանում,
քանի՞ նոր ներդրում կամ կրթական համագործակցություն կստեղծվի,
և, ամենակարևորը, քանի՞ մարդ իրականում կմտածի հայրենադարձության մասին,

ապա այս հարցերին այսօր դեռ վերջնական պատասխան չկա։

Ու հենց սա է գագաթնաժողովի գլխավոր քննությունը։

Ռուբեն Ռուբինյանի՝ բացման ժամանակ հնչեցրած միտքը, որ գագաթնաժողովը չպետք է սահմանափակվի «լավ քննարկումներով և գեղեցիկ ձևակերպումներով», իրականում կարող է դառնալ ամբողջ միջոցառման ամենաճշգրիտ գնահատման չափանիշը։


Չորս օրն ավարտվեց`համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովը ստեղծեց երկխոսության նոր տարածք

Եթե առաջիկա ամիսներին Երևանը և Սփյուռքի տարբեր համայնքները կարողանան ցույց տալ, թե ինչ է ծնվել այս չորս օրերի ընթացքում, ապա 2026 թվականի նոյեմբերի 5–8-ը կարող է հիշվել ոչ միայն որպես հերթական համահայկական հավաք, այլև որպես Հայաստան–Սփյուռք հարաբերությունների գործնական նոր փուլի մեկնարկ։ Գագաթնաժողովը ցույց տվեց ոչ միայն, թե ինչ է մտածում Հայաստանը Սփյուռքի մասին, այլև՝ որքան տարբեր են Սփյուռքի՝ Հայաստանի մասին պատկերացումները։

Այդ տարբեր ձայները լսելի դարձնելն էլ, թերևս, լրագրության ամենակարևոր գործն է։

«Նիդերլանդական Օրագիր»




«Նիդերլանդական Օրագիր»․ Սփյուռքի ձայնը Հայաստանից։ 

5.Օր 4-րդ: ՍՓՅՈՒՌՔԻ ՁԱՅՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ․ Գագաթնաժողովն ավարտեց իր աշխատանքները․ 

Սերժ Ավետիքյանի կինոաշխարհը՝ Երևանի «Նաիրի» կինոթատրոնում

 

09.11.2026/Նիդ.օրագիր

Կաննի «Ոսկե արմավենու ճյուղին» արժանացած «Շան պատմությունը»՝ ռեժիսորի երեք ֆիլմերի հետահայաց ցուցադրության առանցքում

Նոյեմբերի 9-ին Երևանի «Նաիրի» կինոթատրոնում մեկնարկեց ֆրանսահայ անվանի դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ Սերժ Ավետիքյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը՝ ռետրոսպեկտիվը։ Միջոցառման բացման արարողությանը ներկա էր նաև ինքը՝ արվեստագետը, որը հանդիպեց հանդիսատեսին և իր գործընկերներին։

Ցուցադրությանը մասնակցել է նաև Աբովյան մշակութային միության անդամ Մաթո Հախվերդյանը՝ տիկնոջ՝ Նիդերլանդների հայ համայնքի ակտիվ անդամ Ինգա Դրոստի հետ։ Նրանք Երևանում էին և մասնակցում էին Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի աշխատանքներին։ 

Մաթո Հախվերդյանը կինոթատրոնի միջոցառման մասին իր տպավորությունները կիսել է հետևյալ գրառմամբ.

«Այսօր Երևանի Նաիրի կինոթատրոնում սկսվեց մեծանուն դերասան և կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը (ռետրոսպեկտիվ)։ Մեծ երջանկություն էր ներկա գտնվել այդ հրաշալի միջոցառման բացման արարողությանը, լսել մեծանուն արվեստագետին և նրա գործընկերներին, դիտել նրա երեք ֆիլմերը՝ ընդ որում «Շան պատմություն» (Chienne d’histoire) անիմացիոն ֆիլմը, որն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին։»

Ռետրոսպեկտիվի բացման ժամանակ ներկայացվել են Ավետիքյանի երեք անիմացիոն ֆիլմերը՝ «Կյանքի գիծ» (Life Line), «Մի գեղեցիկ առավոտ» (One Fine Morning) և «Շան պատմություն» (Chienne d’histoire)։

Դրանցից առանձնահատուկ ուշադրության է արժանի «Շան պատմությունը», որը 2010 թվականին Կաննի 63-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է կարճամետրաժ ֆիլմի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին։

Ֆիլմի հիմքում 1910 թվականին Կոստանդնուպոլսում տեղի ունեցած պատմական իրադարձությունն է։ Երիտթուրքական իշխանությունների որոշմամբ քաղաքի տասնյակ հազարավոր թափառական շներ հավաքվել և տեղափոխվել են անմարդաբնակ կղզի՝ փաստորեն մատնվելով սովի ու մահվան։ Պատմական այս դրվագը Սերժ Ավետիքյանի մեկնաբանությամբ վերածվում է բռնության, անտարբերության և իշխանության կամայականությունների մասին այլաբանական պատմության։ Կենդանիների ճակատագիրը ֆիլմում դառնում է մարդկային ողբերգությունների արտացոլում։

Երևանում կազմակերպված հետահայաց ցուցադրությունը հնարավորություն է տալիս նորովի բացահայտելու Սերժ Ավետիքյանի բազմակողմանի ստեղծագործական աշխարհը։ Ծնունդով երևանցի արվեստագետը ֆրանսիական կինոյում և թատրոնում իր ուրույն տեղն է զբաղեցրել՝ հանդես գալով որպես դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։ Նրա աշխատանքներում հայկական հիշողությունն ու պատմական փորձառությունը հաճախ ներկայացվում են համամարդկային հնչողությամբ՝ հասկանալի տարբեր մշակույթների ու հանդիսատեսների համար։

Մաթո Հախվերդյանը և Ինգա Դրոստը այս մշակութային իրադարձությանը ներկա են գտնվել սփյուռքի համաշխարհային երորրդ համաժողովի ավարտի հաջորդ օրը։ Սա վկայում է  Նիդերլանդների հայ համայնքի ներկայացուցիչների՝ Հայաստանի մշակութային կյանքին հետևելու և դրանում անմիջականորեն ներգրավվելու հետաքրքրությանը։

Նկարում` Մաթո Հախվերդյանը և Ինգա Դրոստը Սերժ Ավետիքյանի հետ




Monday, 9 November 2026

ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ ԿՐԿԻՆ ՀԱԶԱՐԱՎՈՐՆԵՐԸ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ․ «ԿԱՐՄԻՐ ԳԻԾԸ»՝ ԳԱԶԱՅԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

 

Ցուցարարները Նիդերլանդների կառավարությունից պահանջում են ավելի կոշտ քաղաքականություն Իսրայելի նկատմամբ

Ամստերդամ, նոյեմբերի 8, 2026 թ. /«Նիդերլանդական Օրագիր»

Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում նոյեմբերի 8-ին կրկին բազմամարդ ցույց է անցկացվել՝ Գազայի պատերազմում Իսրայելի գործողությունների և Նիդերլանդների կառավարության քաղաքականության դեմ։ «De Rode Lijn Voorbij»՝ «Կարմիր գծից այն կողմ» խորագրով ցույցը կազմակերպվել էր Ամստերդամի Museumplein հրապարակում և շարունակվել քաղաքային երթով։

Ցույցի կազմակերպիչների տվյալներով՝ մասնակցել է առնվազն 200 հազար մարդ։ Նիդերլանդների հանրային հեռարձակող NOS-ը նույնպես հաղորդում է կազմակերպիչների հայտարարած այդ թվի մասին՝ նշելով, որ նախորդ՝ 2025 թվականի հոկտեմբերյան «Կարմիր գիծ» ցույցին կազմակերպիչները հաշվարկել էին շուրջ 250 հազար մասնակից։

Ցույցը կազմակերպել էին 13 հասարակական և իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ Amnesty International Nederland, Oxfam Novib, PAX և Save the Children։ Կազմակերպիչների հրապարակած ծրագրում ելույթներ են ունեցել նաև Գազայից ժամանած լրագրող Ամալ Հելեսը, նախկին նախարար Լիլիան Պլումենը, BDS շարժման համահիմնադիր Օմար Բարգուտին և այլք։

«Կարմիր գիծը»՝ որպես քաղաքական պահանջ

Ցուցարարների մի մասը կարմիր հագուստով էր, հրապարակում և երթի ընթացքում բազմաթիվ էին պաղեստինյան դրոշներն ու տարբեր պաստառները։ Հնչում էին «Free Palestine» և այլ քաղաքական կարգախոսներ։ Որոշ պաստառների վրա գրված էր նաև՝ «Geen geld voor genocide»՝ «Ոչ մի գումար ցեղասպանությանը»։

Կազմակերպիչների հիմնական պահանջն է, որպեսզի Նիդերլանդների կառավարությունը առավելագույն քաղաքական, տնտեսական և դիվանագիտական ճնշում գործադրի Իսրայելի նկատմամբ։

Նրանք պահանջում են, մասնավորապես, խստացնել տնտեսական սահմանափակումները, դադարեցնել Իսրայելին զենքի մատակարարումները և ավելի կոշտ դիրքորոշում ընդունել Գազայի իրավիճակի նկատմամբ։ Կազմակերպիչները նաև Իսրայելի գործողությունները Գազայում բնութագրում են որպես ցեղասպանություն և Նիդերլանդներից պահանջում են այդ հարցում ավելի հստակ քաղաքական դիրքորոշում։

Միևնույն ժամանակ, կարևոր է նշել, որ «ցեղասպանություն» ձևակերպումը այս նյութում ներկայացվում է որպես ցույցի կազմակերպիչների և մասնակիցների քաղաքական ու իրավական գնահատական, այլ ոչ թե որպես բոլոր կողմերի կողմից ընդունված փաստ։

Նիդերլանդների կառավարությունը՝ ճնշման ներքո

Ցույցը տեղի է ունենում Նիդերլանդների և Իսրայելի հարաբերություններում վերջին շրջանում նկատվող լարվածության պայմաններում։

Վարչապետ Ռոբ Յետտենը, որը նախկինում՝ D66 կուսակցության առաջնորդ եղած ժամանակ, մասնակցել էր «Կարմիր գիծ» ցույցերից մեկին, այս անգամ Ամստերդամի երթին չէր մասնակցում։

Յետտենը բացատրել է, որ այժմ ինքը գտնվում է «այլ դերում»։ Վարչապետ դառնալուց հետո նրա դիրքորոշումն ավելի զգուշավոր է դարձել․ կառավարությունը, նրա խոսքով, պետք է միաժամանակ գործադրի ճնշում Իսրայելի նկատմամբ և փորձի կանխել տարածաշրջանում հետագա սրացումը։

Այս փոփոխությունը Նիդերլանդների ներքաղաքական դաշտում առանձնահատուկ ուշադրության է արժանացել. նախկինում Յետտենը որպես կուսակցության ղեկավար Գազայի իրավիճակի վերաբերյալ օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը, մինչդեռ վարչապետի պաշտոնում նույն ձևակերպումը չի օգտագործում։

Իսրայելի դիրքորոշումը

Իսրայելը կտրականապես մերժում է իր նկատմամբ ցեղասպանության մեղադրանքները և իր ռազմական գործողությունները կապում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ի՝ Համասի գլխավորած հարձակման հետ։

Այդ հարձակման հետևանքով, ըստ ներկայացվող տվյալների, զոհվել է մոտ 1,200 մարդ, իսկ 251 մարդ պատանդ է վերցվել։

Դրան հաջորդած իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը հասել է տասնյակ հազարների, իսկ տարածքի մեծ մասը ենթարկվել է ծանր ավերածությունների։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2025 թվականի հոկտեմբերին ուժի մեջ մտած հրադադարից հետո ևս ավելի քան 1,550 պաղեստինցի է զոհվել իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով։

«Կարմիր գիծը»՝ Նիդերլանդների հասարակական բանավեճի նոր խորհրդանիշ

Նոյեմբերի 8-ի ցույցը արդեն «Կարմիր գիծ» շարժման հերթական խոշոր ակցիան էր։ Շարժումը Նիդերլանդներում աստիճանաբար վերածվել է Գազայի պատերազմի և Իսրայելի նկատմամբ կառավարության քաղաքականության շուրջ հասարակական ճնշման կարևոր գործոնի։

Միաժամանակ, ցույցի կազմակերպիչների պահանջները ցույց են տալիս, որ հասարակական բանավեճը Նիդերլանդներում այլևս սահմանափակված չէ միայն մարդասիրական օգնության հարցով։ Այն ավելի ու ավելի է տեղափոխվում Նիդերլանդների՝ որպես Իսրայելի հետ քաղաքական, տնտեսական և ռազմական հարաբերություններ ունեցող պետության պատասխանատվության դաշտ։

Այսպիսով, Ամստերդամի «Կարմիր գիծը» ոչ միայն Գազայի վերաբերյալ հերթական փողոցային բողոքն էր, այլև Նիդերլանդների կառավարությանը հասցեագրված քաղաքական ուղերձ․ ցուցարարները պահանջում են, որպեսզի Հաագան իր հայտարարությունները վերածի ավելի կոնկրետ գործողությունների։

Միաժամանակ, Նիդերլանդների կառավարությունը կանգնած է բարդ հավասարակշռության առջև՝ մի կողմից արձագանքելով Գազայում ստեղծված հումանիտար իրավիճակի և հասարակական ճնշման պահանջներին, իսկ մյուս կողմից պահպանելով իր արտաքին քաղաքական և անվտանգության հաշվարկները։


Լուսանկարները` trtworld.com, ad.nl, dutchartinstitute.eu, Plant een olijfboom կայքերից


Sunday, 8 November 2026

ՍՓՅՈՒՌՔԻ ՁԱՅՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ․ Գագաթնաժողովն ավարտեց իր աշխատանքները․ Օր 4-րդ

Օր 4-րդ. Ծրագրերից ու հայրենադարձությունից մինչև մշակույթ, տեխնոլոգիա և նոր տեսլական․ Երևանում ավարտվեց Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովը

Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի վերջին՝ չորրորդ օրը, արդեն զգացվում էր ավարտի շունչը։ Չորս օր շարունակ Երևանում հավաքված Հայաստանի և Սփյուռքի ներկայացուցիչների առջև կանգնած էր նույն հիմնական հարցը՝ ինչպե՞ս խոսակցությունը վերածել համագործակցության, իսկ համագործակցությունը՝ երկարաժամկետ արդյունքի։

Գագաթնաժողովի վերջին օրը մեկնարկեց «ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ․ ծրագրեր, համագործակցության հնարավորություններ և հայրենադարձության աջակցություն» խորագրով թաուն հոլ քննարկմամբ։

Քննարկման ընթացքում ներկայացվեցին Գրասենյակի հիմնական ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են Հայաստան–Սփյուռք կապերի ամրապնդմանը, Սփյուռքի մասնագիտական և մարդկային ներուժի ներգրավմանը, հայրենադարձության խթանմանն ու հայրենադարձների ինտեգրմանը։

Անդրադարձ եղավ նաև համագործակցության առկա և նոր հնարավորություններին, պետական կառույցների ու Սփյուռքի ներկայացուցիչների միջև կապերի ընդլայնմանը, հայրենադարձության ճանապարհին առաջացող հարցերին և դրանց լուծմանն ուղղված աջակցության մեխանիզմներին։

Քննարկումը միայն ներկայացում չէր․ այն նաև հարցերի, առաջարկների և փոխադարձ խոսակցության հարթակ էր։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ավելի մանրամասն ծանոթանալու Գրասենյակի գործունեությանը և քննարկելու Հայաստան–Սփյուռք համագործակցության զարգացման նոր ուղիներ։

Բանախոսներն էին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, «իԳործ» ծրագրի մասնակից Գայանե Բայաթյանը, «Սփյուռքի երիտասարդ դեսպան» Արաքսյա Վարդանյանը, Սփյուռքի գործերի հանձնակատար Վահագն Մովսեսյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի ծրագրերի տնօրեն Գևորգ Պողոսյանը։

Մշակույթը՝ որպես կապող ուժ

Օրվա հաջորդ կարևոր թեման հայկական մշակույթն էր։

«Հայկական մշակույթը Սփյուռքում․ պահպանում, զարգացում և հանրահռչակում» թեմայով պանելային քննարկումը նվիրված էր հայկական մշակութային ժառանգության պահպանմանը և ժամանակակից աշխարհում այն ներկայացնելու նոր հնարավորություններին։

Քննարկմանը մասնակցեցին «ԱՐՏԵՎԱ» ասոցիացիայի նախագահ Սերժ Ավեդիկյանը, «Լույս Մեդիա»-ի ղեկավար և Թուրքիայի նախագահի մշակույթի և արվեստի քաղաքականության խորհրդի անդամ Արամ Քուրանը, Ֆրանսիայում գործող «Saté-Âtre» թատերական միության հիմնադիր և ղեկավար, Հայաստանում անցկացվող «Théâtrons» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանը, ինչպես նաև Փարիզում գործող «Երազ» պարային դպրոցի և պարային համույթի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և պարուսույց Քրիստինա Գալստյան-Ագուջյանը։

Քննարկումը վարեց Գլենդել քաղաքի արվեստի և մշակույթի հանձնաժողովի նախագահ, քաղաքական խորհրդատու և իրավաբան Սևանա Ցատուրյանը։

Այս հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Սփյուռքի հետ կապը միայն քաղաքական կամ տնտեսական օրակարգ չէ։ Այն նաև լեզվի, մշակույթի, արվեստի, հիշողության և ինքնության պահպանման ու նոր սերունդներին փոխանցելու խնդիր է։

Բաց խոսափող՝ գաղափարներից դեպի հնարավոր համագործակցություն

Գագաթնաժողովի վերջին օրվա առանձնահատուկ ձևաչափերից էր «Սփյուռքյան նախաձեռնությունների շնորհանդեսը»։

Բաց խոսափողի ձևաչափով մասնակիցները ներկայացրին իրենց նախաձեռնությունները, ծրագրերն ու գաղափարները՝ պատմելով իրենց գործունեության, փորձի և առաջիկա ծրագրերի մասին։

Այստեղ գուցե ամենակարևորն այն էր, որ գաղափարները դուրս էին գալիս միայն լսարանի մակարդակից և հնարավորություն էին ստանում գտնելու նոր գործընկերներ։

Տարբեր երկրներից ժամանած մասնակիցները կիսվեցին փորձով, ներկայացրին իրենց նախաձեռնությունները և փորձեցին բացահայտել համագործակցության նոր հնարավորություններ՝ Հայաստան–Սփյուռք կապերը ոչ միայն պահպանելու, այլև նոր համատեղ ծրագրերով զարգացնելու համար։

«Արագածից» մինչև Blackwell․ տեխնոլոգիաների ճանապարհը

Օրվա հատուկ բանախոսությամբ հանդես եկավ վենչուրային ներդրող, SmartGateVC-ի համահիմնադիր Աշոտ Արզումանյանը։

««Արագածից» մինչև Blackwell․ Հայաստան-Սփյուռք համագործակցության փորձը տեխնոլոգիաներում» թեմայով ելույթում անդրադարձ կատարվեց Հայաստանի նորարարական ներուժին, տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարներին և համաշխարհային հնարավորություններին։

Գագաթնաժողովի ամբողջ ընթացքում տեխնոլոգիաները եղել էին կարևոր թեմաներից մեկը, իսկ այս բանախոսությունը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստան–Սփյուռք համագործակցությունը կարող է ձևավորվել ոչ միայն ավանդական կառույցների ու ծրագրերի, այլև նորարարության, բարձր տեխնոլոգիաների և համաշխարհային մասնագիտական կապերի շուրջ։

Արհեստական բանականությունը մտավ նաև կինոյի աշխարհ

Վերջին օրվա ստեղծագործական և մասնագիտական քննարկումներից մեկը վերաբերում էր «Սցենարագրությունը արհեստական բանականության դարաշրջանում» թեմային։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց արհեստական բանականության ազդեցությանը սցենարագրության և ժամանակակից կինոարտադրության վրա։

Քննարկմանը մասնակցեց ֆրանսահայ կինոռեժիսոր և սցենարիստ Ստեֆան Կազանջյանը, իսկ որպես մոդերատոր հանդես եկավ կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը։

Այսպիսով, գագաթնաժողովի վերջին օրվա օրակարգում Սփյուռքի ավանդական հարցերի կողքին տեղ գտավ նաև այն աշխարհը, որն արդեն փոխում է ստեղծագործական աշխատանքի ձևերը։

Վերջնական խոսքը՝ նոր տեսլականի մասին

Եվ, ի վերջո, եկավ եզրափակիչ լիագումար նիստի պահը։

«Հայաստան-Սփյուռք համագործակցության նոր տեսլականը» թեմայով եզրափակիչ նիստը դարձավ չորս օրերի ընթացքում հնչած մտքերի, առաջարկների և քննարկումների ամփոփման հիմնական հարթակը։

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ամփոփեց գագաթնաժողովի աշխատանքները և շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ կազմակերպմանն ու իրականացմանն աջակցելու, ինչպես նաև Հայաստան–Սփյուռք համագործակցության զարգացման գործում ներդրած ավանդի համար։

Նա շնորհակալություն հայտնեց նաև մասնակիցներին՝ ակտիվ ներգրավվածության, ներկայացված առաջարկների և համահայկական օրակարգի շուրջ բովանդակալից քննարկումների համար։

Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի ամփոփիչ օրն անցկացվել է «Սցենարագրությունը արհեստական բանականության դարաշրջանում» թեմայով զրույց-քննարկում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արհեստական բանականության ազդեցությանը սցենարագրության և ժամանակակից կինոարտադրության վրա։
Քննարկմանը մասնակցել է ֆրանսահայ կինոռեժիսոր և սցենարիստ Ստեֆան Կազանջյանը, իսկ որպես մոդերատոր հանդես է եկել կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը։

Եզրափակիչ նիստում ընդգծվեց համահայկական ներուժի համախմբման, արդեն գոյություն ունեցող կապերի ամրապնդման և համատեղ նախաձեռնությունների միջոցով Հայաստան–Սփյուռք համագործակցության նոր հեռանկարներ ձևավորելու կարևորությունը։

Եվ հենց այստեղ էր, թերևս, գագաթնաժողովի չորսօրյա աշխատանքի ամենակարևոր հանգրվանը․ խոսքը միայն այն մասին չէր, թե ինչ քննարկվեց Երևանում, այլ նաև՝ ինչ պետք է տեղի ունենա Երևանից հետո։

Քենիայից՝ մի փոքրիկ, բայց հետաքրքիր հայկական աշխարհ

Գագաթնաժողովի չորս օրերի ընթացքում «Նիդերլանդական Օրագրի» թղթակից Նաիրա Գասպարյանը ոչ միայն հետևեց պաշտոնական քննարկումներին, այլև փորձեց գտնել մարդկանց՝ ելույթների և պաշտոնական ձևակերպումների հետևում։

Ընդմիջումների ընթացքում Նաիրան հանդիպեց գագաթնաժողովի մասնակից Ռութ Մվիիտու Վա Դավիդին (Ruth Mviitu Wa David) և նրա գործընկերներին, որոնք ժամանել էին Քենիայից։

Ռութը և նրա թիմը գագաթնաժողովում ներկայացնում էին Քենիայի արտաքին գործերի և Սփյուռքի նախարարությունը՝ Ministry of Foreign and Diaspora Affairs of Kenya։ Նրանք Հայաստան են ժամանել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի (Office of the High Commissioner for Diaspora Affairs) հետ փորձի փոխանակման ծրագրի շրջանակում։ Ռութն հիացմունքով նշեց, որ ինքը և իր գործընկերներն այս կարճ ժամանակահատվածում հասցրել են շատ բան իմանալ Հայաստանի, հայկական Սփյուռքի կառավարման մոդելի մասին և բարձր են գնահատում ձևավորված երկկողմ համագործակցությունը։

Հետաքրքիր փաստեր Քենիայի հայ համայնքի և հայկական հետքի մասին․ • Համայնքի աշխարհագրությունն ու կազմը. Քենիայում ապրում է հայկական փոքր համայնք (շուրջ 50–100 մարդ), որը հիմնականում կենտրոնացած է մայրաքաղաք Նայրոբիում և նրա շրջակայքում: Թեև այն Աֆրիկայի ամենափոքր հայկական սփյուռքյան համայնքներից է (զգալիորեն փոքր, քան Եգիպտոսի կամ Եթովպիայի պատմական համայնքները), հայերը Քենիայում ապրում և աշխատում են տասնամյակներ շարունակ:

• Գործունեության ոլորտները. 20-րդ դարից սկսած՝ հայերը Քենիայում հաստատվել են որպես գործարարներ, ճարտարագետներ, ուսուցիչներ և դիվանագետներ: Այսօր էլ շատերը ներգրավված են միջազգային առևտրի, շինարարության, ոսկերչության և զբոսաշրջության (սաֆարի տուրիզմ) ոլորտներում:

• ՄԱԿ-ի և միջազգային կառույցների հայ մասնագետները. Նայրոբին հանդիսանում է ՄԱԿ-ի աֆրիկյան խոշորագույն կենտրոնատեղին (UNEP, UN-Habitat): Տարիներ շարունակ այստեղ ապրում և աշխատում են միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների և դիվանագիտական առաքելությունների հայազգի աշխատակիցներ, որոնք իրենց մասնագիտական ավանդն են բերում տարածաշրջանի զարգացմանը:

• Վայրի բնության լուսանկարչություն և կինո. Քենիահայ համայնքի վառ ներկայացուցիչներից է եղել ռեժիսոր և լուսանկարիչ Ժան Պապեզյանը, ով մեծ ավանդ է ունեցել Արևելյան Աֆրիկայի վայրի բնության լուսանկարչության, վավերագրական ֆիլմերի արտադրության և ազգային պարկերի ուսումնասիրության գործում:

• Համայնքային կապերը. Թեև Քենիայում չկան գործող հայկական եկեղեցի կամ դպրոց, համայնքի ներկայացուցիչները պահպանում են ազգային ինքնությունը, կապերը միմյանց հետ և պարբերաբար հավաքվում են ազգային ու տոնական օրերին: Հուսանք , որ համագործակցությունը կլինի շարունակական նաև այլ ոլորտներում։

Այսպիսի հանդիպումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ գագաթնաժողովի աշխարհագրությունը շատ ավելի լայն էր, քան միայն հայկական համայնքների քարտեզը։ Այստեղ տարբեր երկրներից եկած մարդիկ հանդիպում էին, ծանոթանում, փոխանակվում փորձով և փորձում հասկանալ՝ ինչ կարող են անել միասին։

Չորս օր

Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովն ավարտվեց մշակութային ծրագրով՝ թողնելով ոչ միայն չորս օրերի բազմաթիվ քննարկումների ու հանդիպումների հիշողությունը, այլև նոր հարցեր, նոր սպասումներ և նոր հնարավորությունների ակնկալիք։

Գագաթնաժողովը պաշտոնապես փակվեց նոյեմբերի 8-ին՝ «Հայաստան–Սփյուռք համագործակցության նոր տեսլականը» եզրափակիչ քննարկմամբ և փակման ծրագրով։

Չորս օր շարունակ Երևանը դարձավ Հայաստան–Սփյուռք համահայկական երկխոսության կենտրոն։

Սակայն գագաթնաժողովի իրական շարունակությունը, հավանաբար, արդեն Երևանից դուրս է՝ տարբեր երկրներում, համայնքներում, կազմակերպություններում, մասնագիտական շրջանակներում և մարդկանց անձնական որոշումների մեջ։

Որովհետև Սփյուռքի ձայնը միայն դահլիճներում հնչող ելույթը չէ։

Այն նաև այն մարդկանց ձայնն է, ովքեր ապրում են հազարավոր կիլոմետրեր հեռու, բայց իրենց աշխատանքով, գիտելիքով, մշակույթով, նախաձեռնություններով ու Հայաստան–Սփյուռք կապերի հանդեպ ունեցած պատասխանատվությամբ շարունակում են մնալ այդ երկխոսության մաս։

Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովն ավարտեց իր աշխատանքները։
ի՞նչ կտան այս չորս հագեցած օրերը :

Մինչև նոր հանդիպում։

Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովից «Նիդերլանդական Օրագրի» չորսօրյա հոդվածները պատրաստեցին՝

Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆԸ — Հայաստան
Աշոտ ԿՆԻԱԶՅԱՆԸ — Նիդերլանդներ

«Նիդերլանդական Օրագիր» 

Տեսաերիզ՝ Արտյոմ ՉԵՐՆԱՄՈՐՅԱՆԻ










5.Օր 4-րդ: ՍՓՅՈՒՌՔԻ ՁԱՅՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ․ Գագաթնաժողովն ավարտեց իր աշխատանքները․