The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday 27 July 2018

Շոգ ամառ Նիդերլանդներում




Սաստիկ շոգեր են պատուհասել Նիդերլանդներին: Այդ մասին իրենց ֆեյսբուքյան  էջերում մտահոգություն են հայտնել Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակիցները: Ստորև  ներկայացնում ենք նրանց տեսակետները.



Չկարծեք թե միայն հայաստանում է աննախադեպ շոգ եղանակ: Վաղը Նիդերլանդներում գրանցվելու է +38՝ այսօր եղել է 36-ից բարձր : Չորային ամառը հատում է բոլոր ռեկորդները: Թերևս վերջին 100 տարիների ռեկորդը գերազանցվում է: Խոտերը չորացել են, ծառերը ջրազրկվել ու խեղճացել են, բերքը չորանում է: Կարտոֆիլի ու սոխի դաշտերը պարզապես ջուր են աղերսում: Շատ տեղերում բույսերը չորացել են: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Նիդերլանդների համար աննախադեպ, արդեն երեք ամսից ավելի տեղումներ չեն եղել:
Համենայն դեպս Նիդերլանդների Զելանդ կոչվող՝ մշտապես կանաչի մեջ թաղված մարզի համար սա անսովոր երևույթ է:


Ara Shahbazian 
1976 թվից նման երաշտ չի եղել։ Եթե այսպես շարունակվի, կարող են վտանգավոր հետևանքներ լինել։ Ողջ Հոլանդիայում 1,5 - 2,0 մետր փորես, ջուր դուրս կգա... Այսինքն բոլոր շենքերի ու շինությունների, այդ թվում ծովը պահող ամբարտակների հիմքերի տակ ջուր է։ Եթե երկար ժամանակ անձրև չի լինում, ստորգետնյա ջրի մակարդակն իջնում է ու առաջանում են դատարկ տարածքներ, որոնք կարող են շինությունների ծանրությանը չդիմանալ։ Իսկ եթե, Աստված չանի, ամբարտակները ի վիճակի չլինեն ծովի դեմն առնել, հետևանքների մասին մտածելն իսկ ահավոր է...

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԸ՝ «Նիդերլանդական օրագրի» մասին


ՀՀ կրթության և գիտության նախարարության նորաստեղծ լեզվի կոմիտեն (նախագահ՝ Դավիթ Գյուրջինյան) աստիճանաբար աշխուժացնում է իր գործառնությունը: Քայլերից մեկը՝ սոցիալական ցանցերով ամուր կապերի հաստատումն է ընթերցողների հետ: Բազմահազար օգտատերեր այդ կապը տեսնում են նաև լեզվի կոմիտեի  ֆեյսբուքյան էջի միջոցով ( «Լեզվի կոմիտե / Language Committee»): Օրըստօրե ավելանում են էջ այցելողների թիվը:
Թե որքա՞ն այն հետաքրքիր և ուսուցողական է` պարզապես պետք է այցելել էջ ու կարդալ: 
ՄԵզ համար հաճելի անակնկալ էր, որ լեզվի կոմիտեի ֆեյսբուքյան էջը՝ բավական գեղեցիկ ներկայացրել էր «Նիդերլանդական օրագրը»:
Այն ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:



«Նիդերլանդական օրագիր» 
Հոլանդիայում հայ մշակույթի զարթոնքը սկսվել է 16-րդ դարից: Ամստերդամում 1666 թ. առաջին անգամ տպագրվեց հայերեն Աստվածաշունչը։ Այսօր շուրջ 20000 հայություն ունեցող հոլանդահայ համայնքը տարեցտարի ինքնակազմակերպվում է, մշակում ու կյանքի կոչում ազգային ինքնության պահպանման բազում ծրագրեր։
Այսպիսի նպատակ հետապնդող նախագիծ է հայկական «Նիդերլանդական օրագիր» էլեկտրոնային թերթը, որի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը Աշոտ Կնյազյանն է։ Գրական, մշակութային, հասարակական, քաղաքական ուղղվածություն ունեցող համացանցային օրագրի նպատակն է Նիդերլանդների հայ համայնքներում ստեղծել լրատվական միացյալ դաշտ` նպաստելով աճող սերնդի հայեցի դաստիարակությանը, գրական, հայրենասիրական հայացքների ձևավորմանը:
«Նիդերլանդական օրագիրը» մաքուր և գրագետ հայերենով ընթերցողին է ներկայացնում հոլանդահայ կյանքին, մշակութային անցուդարձին վերաբերող նյութեր:
Էլեկտրոնային պարբերականն ակտիվ համագործակցում է նաև հայաստանյան լրատվամիջոցների հետ, տալիս ու ստանում հետաքրքրական նյութեր՝ այսպիսով Հայաստանում ապահովելով հոլանդահայերի ներկայացվածությունը, իսկ Հոլանդիայում՝ Հայաստանի առօրյան ու պետական առաջնահերթությունները։
Պարբերականը չի ֆինանսավորվում որևէ կառույցի կողմից և միայն հիմնադրի ուժերով փորձում է միավորել նիդերլանդահայության ջանքերը։
Ձեզ ենք ներկայացնում պարբերականի կատարած մի ուշագրավ վիճակագրություն. «Նիդերլանդական օրագիրը» պատրաստել և տարածել է 800-ից ավելի հայալեզու հոդված, որոնցից յուրաքանչյուրն ընթերցվել է 300-ից մինչև 15 000 անգամ: Անցնող 5 տարիներին` սկսած 2012թ. մայիսից, օրագրի բոլոր նյութերը ընթերցվել են ավելի քան 2 միլիոն անգամ:

Tuesday 24 July 2018

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Նիդերլանդներում հանդիպել է նաև տեղի հայազգի բժիշկներին


Լուսանկարում՝  Հայկական բժիշկների AMIC խմբի նախաձեռնած հանդիպումը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ (աջից):

    23 հուլիսի,2018 ԱՄՍՏԵՐԴԱՄ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով աշխատանքային այցով եղել է Ամստերդամում, մասնակցել Է «Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ վարակի և ուղեկցող հիվանդությունների դեմ պայքարին ուղղված քաղաքականության վերաբերյալ նախարարական երկխոսություն» թեմայով միջազգային նախարարական համաժողովին՝ ներկայացրել է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ վարակի և դրա հետ համակցված հիվանդությունների հակազդման պայքարի արդյունքների վերաբերյալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում Հայաստանի փորձը, անելիքներն ու ձեռքբերումները:  նա նաև ժամանակ է գտել հանդիպել  տեղի հայ բժիշկների մի խմբի (այդ մասին քիչ հետո):

 Հիշյալ սեմինարին մասնակցել են նաև տարածաշրջանի 9 երկրի նախարարներ և փոխնախարարներ: Նրանք ներկայացրել են իրենց երկրների փորձն ու խնդիրները: Հստակեցվել է ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի գործողությունների հետագա քայլերն ու դրանց ֆինանսավորման մեխանիզմները:  Հայ նախարարը կարևորել է երկխոսության անցկացումը այն իրավիճակում, երբ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի աճ: Արսեն թորոսյանի հավաստմամբ Հայաստանում իրավիճակը վերջին 5 տարվա ընթացքում կայուն է եղել:

 ՀՀ առողջապահության կայքի փոխանցմամբ՝ Արսեն Թորոսյանն առանձին հանդիպում է ունեցել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ժուժաննա Յակաբի հետ։ Համատեղ քննարկվել են ընթացակարգային մի շարք ծրագրեր, հայաստանյան առողջապահական համակարգում սպասվող փոփոխություններին ԱՀԿ մասնագետների օժանդակությունը և այլ հարցեր։ Համագործակցությունը կլինի շարունակական:Օգտակար քննարկումները  կշարունակվեն ԱՀԿ երևանյան գրասենյակի միջոցով, ինչպես նաև առաջիկայում Հռոմում կայանալիք ԱՀԿ նախարարական համաժողովի անցկացման ժամանակ: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը սիրով է ընդունել նախարար Ա. Թորոսյանի Հայաստան հրավիրելու առաջարկը:

Այժմ նախարարի ու նիդերլանդահայ բժիշկների հանդիպման մանրամասների  մասին:

 Հանդիպումը Հայաստանի նորանշանակ առողջապահության նախարարի հետ տեղի է ունեցել Հայկական բժիշկների AMIC խմբի նախաձեռնությամբ : Նիդերլանդահայ բժիշկներով ու բուժաշխատողներով համալրված AMIC-ի նպատակն է՝ փորձել խթանել աշխարհում առողջապահության ոլորտի հայ մասնագետների կարողությունները, ստեղծել նրանց միջեւ հաղորդակցության ու համագործակցության հնարավորություններ: Բնականաբար, նաև կապ հաստատել Մայր Հայրենիքի առողջապահության ոլորտի աշխատողների հետ, փոխանակել փորձն ու կիսվել գաղափարներով:

 Այս կապակցությամբ նախարարի ու խմբի անդամների միջև տեղի ունեցավ անկաշկանդ ու անկեղծ քննարկում՝ նիդերլանդահայ բժիշկների խմբի հնարավոր ներգրավվածությունը հայաստանյան առողջապահական համակարգի փոփոխություններին մասնակցելու համար:    Ինչպես «Նիդերլանդական օրագրին» փոխանցեց Նիդերլանդների Թագավորությունում երիտասարդ ու շնորհալի նիդերլանդահայ բժիշկ Գոռ Խաչիկյանը՝ շատ օգտակար ու արդյունավետ հանդիպում է տեղի ունեցել:  Նիդերլանդահայ բժիշկները` նախ տպավորված են, որ նախարարը սուղ ժամանակն օգտագործել է իրենց հետ հանդիպում ունենալու համար: Նա ծանոթացել ու լսել է խմբի անդամներին, որոնք պատմել են իրենց ոլորտների գործունեության փորձի մասին: Ապա նախարար Արսեն Թորոսյանն է անդրադարձ կատարել, մատնանշել՝ թե ինչ վիճակում են գտնվում հիվանդանոցներն ու առողջապահության ողջ համակարգը:

Նախարարը հավաստիացրել է, որ կարճ ժամանակամիջոցում ամեն բան անելու են համակարգը առողջացնելու, ոտքի կանգնացնելու համար: Իրենց հերթին հոլանդահայ բժիշկները հավաստիացրել են, որ կանեն իրենցից կախված քայլերը՝ օգնելու և նպաստելու ոլորտի զարգացմանը: Մասնավորապես Գոռ Խաչիկյանը, ով շտապ, առաջին օգնության բժիշկ է, պատրաստակամություն է հայտնել լինել Հայաստանում ու իր ասպարեզի փորձն ու կարողությունները փոխանցել հայ մասնագետներին: Խաչիկյանը կարևորել է առողջապահական ճկուն, աշխատող համակարգ ստեղծելու խնդիրը: Այնպիսի համակարգ, որ անկախ իրավիճակից դիմակայի մարտահրավերներին ու անխափան աշխատի:

Նախարարը վերհաստատել է, որ սփյուռքի մասնագետների յուրաքանչյուր նախաձեռնություն արժանանալու է թե' իր, և թե նոր կառավարության ուշադրությանը:

«Կարող եմ փաստել, որ սփյուռքի մեր հայրենակիցների` փոփոխություններին անմիջականորեն մասնակցելու պատրաստակամությունը շատ մեծ է, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք այդ պատրաստակամությունը նյութականացնելու ուղղությամբ»,- ընդգծել է Արսեն Թորոսյանը։



Էդգար Վահանյան

Hay Azian

«Նիդ.օրագրի» թղթակիցներ

Monday 23 July 2018

Ուխտագնացություն դեպի Մաստրիխտի Սուրբ Սերվատիուս եկեղեցի


2018թ. հուլիսի 21-ին Հերհուխովարդի ծխական համայնքը, համագործակցելով Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու վարչության հետ, կազմակերպեց անմոռանալի մի ուխտագնացություն հայ հոգևորական Սուրբ Սերվատիուսի դամբարան, որ գտնվում է Մաստրիխտի համանուն եկեղեցում: Ուխտագնացներին դիմավորեցին, ուղեկցեցին և քաղաքի մասին հետաքրքիր բացատրություններ տվեցին Սուրբ Կարապետ եկեղեցու անդամներ՝ պարոն Վազգեն Սարգիսը և Արմանդ Կարաօղլանը: Շրջագայության ընթացքում նրանք առավել նախանձախնդրությամբ ներկայացրեցին հայկական հետքերը Մաստրիխտում, պատմեցին Սուրբ Սերվանտիուսի կյանքի, քաղաքում նրա հիշատակի տոնակատարությունների մասին: Ներկայացրեցին այն ուշադրությունն ու հարգանքը, որ վայելում է հայկական համայնքը Լինբուրգի  մարզում: Նշանակալից է, որ 2018թ մայիսին քաղաքապետարանի կողմից պաշտոնապես համայնքին ևս հանձնվեց Սուրբ Սերվատիուսի դամբարանի պահպանության պատիվը: Այնուհետև Սուրբ Կարապետ եկեղեցում տեղի ունեցավ ջերմ հյուրընկալություն տանտերերի կողմից և հուշանվերների փոխանակություն: Օրվա վերջում ուխտագնացները եղան երեք պետությունների սահմանակետում՝ աշտարակի բարձրությունից վայելելով սահմանակից երկրների գեղատեսիլ համապայնապատկերը:
 Հերհուխովարդի ծխական համայնքի վարչությունը  բոլոր ուխտագնացների կողմից Իր խորին շնորհակալությունն է հայտնել Սուրբ Կարապետ եկեղեցու վարչությանը՝ մասնավորապես պարոն Վազգեն Սարգսին, Արմանդ Կարաօղլանին, վարչության նախագահ Լևոն Սարգսին և եկեղեցու մյուս անդամներին համագործակցության և ջերմ ընդունելության համար՝ հուսալով որ սերտ համագործակցությունն ու փոխադարձ այցելությունները կլինեն շարունակական՝ ի շահ  համայնքների ու  միասնության  ամրապնդման:
Ընդհանրապես  խրախուսելի է , երբ  տարբեր  քաղաքների հայ  համայնքները  համագործակցում են  միմյանց  հետ, ծանոթանում միմյանց գործունեությանն ու փորձին, շփվում , մտերմանում միմյանց հետ:



















«Իմ Հայաստան» խորագրով ցերեկույթ Ալմելոյի հայկական դպրոցում

Նիդերլանդների Ալմելո քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հայկական եկեղեցում գործող «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի 14-րդ ուսումնական տարվա ավարտական ցերեկույթը այս տարի նվիրված էր մեր նոր ու հին հայրենիքին։ Օրվա թեման էր՝ «Իմ Հայաստան»։ Ցերեկույթին ներկա էր Ֆրանսիայից ժամանած Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը,-այս մասին «Նիդերլանդական օրագրին» հայտնել է Սվետլանա Անդրեսյանը:
Ներկաները երկար կհիշեն այդ օրվա հայրենասիրական միջոցառումը. կարմիր, կապույտ, ծիրանագույնով, Հայաստանին բնորոշ բոլոր խորհրդանիշերով զարդարված տոնական դահլիճը, երեխաների հայրենաշունչ ելույթները։ Տպավորիչ էր նաև ավագ խմբերի աշակերտների նկարչական աշխատանքների «Հայաստանն իմ աչքերով» թեմատիկ ցուցահանդեսը։
Ցերեկույթի ընթացքում աշակերտները ներկայացրին Հայաստանը, հայրենիքի նկատմամբ ունեցած սերը խոսքերի, երգերի, պարերի միջոցով։ Նրանք ցուցադրեցին հայկական ուտեստների պատրաստման եղանակներ։ Ինչպես միշտ, ներկաներին բավականություն պատճառեց «Զարթոնք» պարային համույթի ելույթը։ Հայոց լեզվի 50-ժամյա դասընթացները հաջողությամբ ավարտած մեծերի խմբի անդամները ստացան մասնակցության հավաստագրեր։
Դպրոցի դասարաններից մեկն անվանակոչվեց դպրոցի նախկին տնօրեն, արժանահիշատակ Մանուկ Մկրտչյանի անունով։ Ուսուցչուհի Թամարա Հակոբյանի պատրաստած հայկական խորհրդանիշներով ձևավորված համեղ տորթը կտրելուց հետո, երեխաները դուրս եկան բակ և դեպի երկինք ուղարկեցին կարմիր կապույտ ծիրանագույն փուչիկները։ Ցերեկույթն ավարտվեց հյուրասիրությամբ և երգիչ Հակոբ Յաղլջյանի հայրենասիրական երգերի համերգով։
Հաջորդ օրը, դպրոցական տարվա վերջին կիրակին, դպրոցի աշակերտները, ուսուցիչները և ծնողները հավաքվեցին հետաքրքիր ժամանցային վայրում, որտեղ մինչ երեխաները խաղում էին, մեծերը պատրաստեցին հայկական ավանդական խորովածը։
Երրորդ՝ երկուշաբթի օրը, ուսուցիչների և ծնողական կոմիտեի անդամների մասնակցությամբ, տարեվերջյան հաշվետու ժաղովն էր և նոր ուսումնական տարվա ծրագրերի քննարկումը, որը նորից ավարտվեց խնջույքով։
Եկեղեցու վարչության նախագահ Օնիկ Գելիջին կիրակնօրյա դպրոցի անցած ուսումնական տարին գնահատեց որպես հաջողված տարի։ Հայրենիքից հեռու բնակվող հայի համար փոքր հայրենիք է հայկական եկեղեցին և դպրոցը։ Դպրոցի առաքելությունն է՝ մայրենի լեզուն, հայկական մշակույթն ու պատմությունը սերունդներին փոխանցելը, նրանց հայեցի դաստիարակելը։

Wednesday 18 July 2018

Մեկնարկելու է «ներՈւԺ» երիտասարդական բիզնես-ծրագիրը

Սիրելի հայրենակիցներ,
Սփյուռքի նախարարությունը FAST և IDEA հիմնադրամներիԴիլիջանի միջազգայինդպրոցի (UWC) և Impact Hub Yerevan-իհետհամատեղ մեկնարկում է «ներՈւԺ» ծրագիրը:
Եթե դու սփյուռքում բնակվող 18-35 տարեկան հայ երիտասարդ եսունես բիզնես գաղափարապա մասնակցի՛ր «ներՈւԺ» ծրագրինհաղթի՛ր և ստացի՛ր մինչև 15 մլն դրամ աջակցություն՝ Հայաստանում իրականացնելու քո սթարթափծրագիրը:
Ծրագրի վերաբերյալ մանրամասներին ծանոթանալուինչպես նաև մասնակցելու համարառաջարկում ենք դիտել տեսանյութն ուայցելել ծրագրի պաշտոնական կայքը՝ http://neruzh.am/:
[ENG] The Ministry of Diaspora is starting a programme called "Neruzh" cooperating parallelly with the foundations FAST and IDEA, UWC Dilijan and Impact Hub Yerevan.
If you are an Armenian young person between the ages of 18-35 living in the Diaspora and you have business ideas, then be part of the programme "Neruzh", win and get support up to 15 mln AMD in order to to fulfil your startup project in Armenia.
For more details about the programme and also, in order to participate in the programme, we suggest you to watch this video and visit the official web page of the programme: http://neruzh.am/.
Karen AVANESYAN

Head of Departement
Armenian Communities of Europe,
Ministry of Diaspora RA

-- 

Monday 16 July 2018

Նաիրի Հախվերդյանի սցենարով գրված ֆիլմն արժանացել է վարչապետի մրցանակին

«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնին Հայաստանի վարչապետի մրցանակին արժանացավ «Սինե Միտք» ծրագրի երկու  ֆիլմեր: Դրանցից մեկը  ռեժիսոր Լուսինե Սարգսյանի «Վարորդը» ֆիլմն էր: Այն ներկայացրեց սցենարիստ Նաիրի Հախվերդյանը։  Սա Նաիրիի  առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմի համար գրված սցենարն է , իսկ Լուսինե Սարգսյանն արդեն  երեք ֆիլմ է նկարահանել։   «Նիդերլանդական  օրագրի» ընթերցողներին հայտնում ենք, որ  Նաիրի Հախվերդյանը նիդերլանդահայ  կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանի և իրավաբան Ինգա Դրոստի դուստրն է, ով նաև իր հետաքրքիր հոդվածներով հանդես է գալիս նիդերլանդական մամուլում:
 Նաիրի Հախվերդյանի սցենարը վերաբերվում է կնոջ կերպարին:
Ֆիլմում  ներկայացված է կինը, որտեղ ցույց է տրվում նրա ներքին  ապրումները՝ հոգեբանական վիճակը,  ազատության ու պայքարելու  կերպը, ներքին  մղումն ու ցանկությունը: Միառժամանակ կնոջ ներքին հոգեկան տագնապներով լի իրավիճակը, ներքին վախերը։  Ի վերջո կինը իր մեջ գտնվող իրարամերժ էմոցիաները կարողանում է կառավարել: Ֆիլմը վերջանում է այն խոսքերով, որ այդ պահից հերոսուհին իր ձեռքն է վերցնում կյանքի ղեկը և  հստակ այն կառավարում է: Ճիշտ է, բավական սիմվոլիկ է մրցանակային գումարը՝ 2000 ամերիկյան դոլար, բայց ոգևորող է ու խթանիչ դեր ունի: Դե գումարն էլ ինչ որ փուլի կարող է ծառայել, ասենք թարգմանության, ֆիլմը այլ տեղեր ներկայացնելու, կամ ճանապարհածախսերի վրա:

«Վարորդը» ֆիլմը ներկայացնում է սցենարիստ-պրոդուսեր Նաիրի Հախվերդյանը

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» փառատոնը հիմնվել է ՀՀ մայրաքաղաք Երևանում 2004-ին: Այն հիմնել են «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիան` ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանն է` «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ»: Այն նաև Հայաստանի պատմության արտացոլումն է, որը դարեր շարունակ մրցակցող աշխարհաքաղաքական ուժերի համար բռնկման կետ է հանդիսացել: Փառատոնը հատկապես ողջունում է այնպիսի ֆիլմեր, որոնցում ներկայացված են զանազան էթնիկ, ազգային խմբեր, տարբեր կրոններ, սովորական և հայտնի մարդկանց առօրյա կյանքը, նրանց հոգսերն ու ուրախությունները: Փառատոնի նպատակն է ստեղծել համընդհանուր մարդասիրական սկզբունքներին համապատասխանող կինոյի մթնոլորտ և կինոդաշտ։
 «Ոսկե ծիրան» 15-րդ հոբելյանական փառատոնի հիմնական մրցանակակիրներն ու  հաղթողներն են.
Միջազգային խաղարկային մրցույթ անվանակարգում «Ոսկե ծիրան» մրցանակը տրվեց ռեժիսոր Ռոման Բոնդարչուկին՝ ​«​Հրաբուխ​»​ ֆիլմի համար, «Արծաթե ծիրան»-ը՝ Ժերմինալ Ռոոյի ​«​Ֆորտունա​»​ ֆիլմին։
Միջազգային վավերագրական ֆիլմեր անվանակարգում «Ոսկե ծիրան» մրցանակի արժանացավ Շևաուն Միզրահի ​«​Հեռավոր Համաստեղություն​» ֆիլմը, «Արծաթե ծիրան» մրցանակի՝ Այնարա Վերայի ​«Կհանդիպենք վաղը, եթե Աստված տա» ֆիլմը։
«Ժյուրիի հատուկ հիշատակում» մրցանակը տրվեց ​ռեժիսոր Վախթանգ Կունցև-Գաբաշվիլին՝ «​Հստակ աշխարհ​» ֆիլմի համար։
«Հայկական համայնապատկեր» հատուկ ծրագրի լավագույն ֆիլմ ճանաչվեց Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը, իսկ «Հայկական համայնապատկեր»-ի լավագույն դեբյուտային ֆիլմը Արթուր Սահակյանի «​Քամու հետ​»​-ն է։
Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը լավագույն սցենարի համար տրվեց ​ ռեժիսոր Աբուֆազլ Սաֆարին՝ «Մայրամուտի Բեռնատարը​»​ ֆիլմի համար։
Սոս Սարգսյանի անվան մրցանակը լավագույն դերակատարման համար տրվեց Շանթ Հովհաննիսյանին՝ ​«Եվա​»​ ֆիլմում մարմնավորած կերպարի համար։
«Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն սփյուռքահայ կինոգործիչ ճանաչվեց Առնո Խայաջանյանին։

Saturday 7 July 2018

Դեսպան Մելքոնյանը Հաագայում հանդիպել է Եվրոպոլի գործադիր տնօրենի հետ

Դրվագ ՀՀ դեսպան Գարեգին Մելքոնյանի և Եվրոպոլի գործադիր տնօրեն Քաթրին դը Բոլլինի հանդիպումից:

Հուլիսի 5-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Գարեգին Մելքոնյանը Հաագայում տեղակայված Եվրոպոլի կենտրոնակայանում հանդիպում ունեցավ Եվրոպոլի գործադիր տնօրեն Քաթրին դը Բոլլին՝ այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքը:

Դեսպան Մելքոնյանը շնորհավորեց տիկին դը Բոլլին այս տարվա մայիսին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։  Մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ՀՀ դեսպանը հույս հայտնեց, որ տիկին դը Բոլլի կողմից Եվրոպոլի ղեկավարման շրջանում հնարավոր կլինի ապահովել Հայաստանի և Եվրոպոլի միջև արդյունավետ համագործակցություն։

Նա նշեց, որ Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը պատրաստակամ է աջակցել իրավապահ ոլորտում ՀՀ-ի և Եվրոպոլի միջև համագործակցությանը: Այս համատեքստում ՀՀ դեսպանն անդրադարձավ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության օրակարգին և ներկա իրավապայմանագրային հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերին, ընդգծելով, որ կան անհրաժեշտ նախադրյալներ ԵՄ տարբեր հաստատությունների, այդ թվում Եվրոպոլի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացման համար:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար՝ Եվրոպոլի գործադիր տնօրենը ընդգծեց, որ իր ղեկավարած կառույցի համար ևս արտաքին գործընկերների հետ կապերի հաստատումն ու խորացումը կարևոր նշանակություն ունի: Նա ներկայացրեց իրավապահ ոլորտում ԵՄ արտաքին հարաբերություններին և Եվրոպոլին առնչվող որոշ գործընթացներ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան նաև Եվրոպոլի հետ առնչվող այլ հարցերի։ Պայմանավորվեցին հետագայում նույնպես շարունակել քննարկումները Եվրոպոլի հետ համագործակցության զարգացման նպատակով։

Friday 6 July 2018

Հիմնադրամային դրամա, կամ՝ «Բաբամ, էդ ի՞նչ տեսակ հիասթափված եմ...»



«Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե նվազեցնելու այլ ավելացնելու են սփյուռքի վստահությունը Հայաստանի հանդեպ:
Մենք ապացուցում ենք եւ ապացուցելու ենք, որ չենք հանդուրժի չարաշահման որեւէ դրսեւորում:
Նիկոլ Փաշինյան 
ՀՀ վարչապետ 
ԱԼԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ
Նկարիչ,արվեստագետ
(Նիդերլանդներ)
Այս իրական պատմությունը՝ Նիդերլանդներում ապրող հայերից շատերը կհիշեն, և կարող են վկայել գրածիս ճշմարտացիությունը: Այն կապված է«Հայաստան» Համահայկական հիմնադրամի գործունեության հետ:
Արդեն երկար տարիներ առաջ էր, հավանաբար 90-ականների կեսերը:Մի օր  թակեցին տանս դուռը, բացեցի, ընկերս էր՝  Ալեքսանդրը, Ամերսֆորտ քաղաքից: Ալեքսանդրը ծնվել է Պարսկաստանում, ապրում է  Հոլանդիայում, մի ֆանատիկ ազգասեր ու հայրենասեր հայ, որ  երբևէ դեռ Հայաստանում չէր եղել:  Ապրում էր  իր  երազ Հայաստանի կյանքով,  նրա հրաշք, աներևույթ հեքիաթներով: Բավականին ակտիվ   գործունեություն էր ծավալել Հոլանդահայ համայնքային կյանքում,  կարճ ասած՝ ամեն բան Հայաստանի համար:
Ալեքսանդրը ներս մտավ շատ ոգևորված, ձեռքին մի տոպրակ կար, որի մեջից հանեց մի 4 մետրանոց սպիտակ կտոր: Ասաց.
- Ալիկ ջան մի խնդրանք: Այս կտորի վրա պետք է մեծ և գեղեցիկ տառերով գրես՝  ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ:
Այնուհետև ավելացրեց, որ  խնդրում է այս գործն արագ անել , քանի որ Հայաստանից՝ Համահայկական հիմնադրամից պատվիրակություն է եկել  Ամստերդամ:  Հավաստիացրեց, որ արդեն դահլիճ է վարձվել  և Հոլանդիայում ապրող բոլոր հայերին նամակներով տեղյակ է պահվել , դրամահավաք է կազմակերպվելու, որպեսզի օգնեն  «Հայաստան» Համահայկական հիմնադրամին, մեր Հայաստան երկրին, բավական մարդ է լինելու և այդպես ոգևորող էլի բառեր ու բառեր:
Ալեքսանդրը զարմացավ, երբ տեսավ , որ  իր խոսքերն ինձ չվոգևորեցին ու ես էլ  ուրախությունից իր պես չթռչկոտացի : Տարակուսած հայացքով ինձ նայեց: Ասացի.
 - Ալեքսանդր,  բերածդ կտորի վրա այդ նախադասությունը կգրեմ և  դա կանեմ քո  համար, և ոչ թե «Հայաստան»  Համահայկական հիմնադրամի պարզ է՞:
Ալեքսանդրը շատ զարմացավ, ասաց,
-Ալիկ էս ինչե՞ր ես խոսում՝ բաբամ ...
Ասացի.
-Ալեք ջան, ես այդ երկրից եմ եկել ու սեփական աչքերով եմ տեսել ամեն բան, այդ հիմնադրամներին չեմ հավատում, դու Հայաստանում երբեք չես եղել, ու չգիտես ինչն ինչոց է:
Մի պահ տիրեց լռություն: Ալեքսանդրը երևի մտքերի մեջ ընկավ ՝ թե ու՞մ հավատա. ի՞նձ, թե՞ իր սիրած և երազած երկրից եկած պատվիրակությանը:
Դե ես անտրտունջ իմ գործն արեցի , այդ կտորի վրա գրեցի՝ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ.
Այս գրությամբ պաստառը կախվելու էր Ամստերդամում՝ հոլանդահայերի կողմից վարձված դահլիճում , որպեսզի շուքով ու ըստ պատշաճի դիմավորեն Հայաստանից եկած հիմնադրամի պատվիրակությանը: 2 ժամում գործը վերջացրեցի, սպասեցինք տառերը չորացավ , հանձնեցի Ալեքսանդրին : Նա գոհ և ուրախ էր, ինձ էլ առաջարկեց, որ վաղն իր հետ լինեմ հիմնադրամի հիշյալ հավաքին: Ես քաղաքավարությամբ հրաժարվեցի և այդպես էլ չգնացի:
Անցավ մեկ շաբաթ, զանգեցի Ալեքսանդրին, որպեսզի իմանամ թե հիմնադրամի պատվիրակության հետ ինչպե՞ս անցավ հանդիպումը :
Ալեքսանդրը պատասխանեց զանգիս: Բարևից ու «ոնց ես՝ ոնց չեսից» հետո հետաքրքրվում եմ.
-Ալեքսանդր , ինչպե՞ս անցավ հանդիպում-հավաքը:
Ալեքսանդրը թե.
-Բաբամ, ես ամաչում եմ.. Գետինն եմ մտնում... Էդ ինչ մարդիկ են... Ես շատ զայրացած եմ...
-Ալեքսանդր,- ասում եմ, պատմիր ի՞նչ է եղել...
(Ահա թե ինչ պատմեց Ալեքսանդրը)
Ամստերդամի Հայկական համայքում հանդիպում են Հայաստանից եկած հիմնադրամի պատվիրակությանը՝ երեկոյան հանդիպման մանրամասները ճշտելու համար, ասում-խոսում են, սուրճ են խմում և պայմնանավորվում են արդեն նախօրոք վարձած դահլիճում ժամը 17:00-ի հանդիպման համար: Հիմնադրամի մի քանի հոգանոց պատվիրակները՝ մինչ կգար հանդիպման ժամը, ինքնուրույն որոշում են շրջել՝ տեսնել Ամստերդամ քաղաքը:
Մոտենում է արդեն հանդիպման ժամը, ակտիվիստները դահլիճը նախապատրաստել են , բեմում աթոռ ու սեղան են դրել, ելույթների, խոսելու համար միկրոֆոն տեղադրել , հայկական դրոշ կախել, ջուր ու ծաղիկ, նաև չեն մոռացել իմ մեծատառերով գրված՝ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏԻ պլակատը կախել, մի խոսքով տեղը տեղին պատրաստվել են հավաքին: Հոլանդահայերը եկել են տարբեր քաղաքներից, գնացքով, մեքենայով, ավտոբուսով՝ ով ինչպես կարողացել է, հավաքվել են դահլիճում ավելի քան 200 հոգի սպասում են, որ հիմնադրամի պատվիրակությունը կավարտի զբոսանքը և ուր որէ դահլիճ կմտնի ու կկայանա երկար սպասված հանդիպումը:
Ահա և ժամը 17:00 է՝ պայմանաորված ճիշտ ժամը, հիմնադրամի պատվիրակները չկան:
Դե մտածում են, ոչինչ, հայերը միշտ էլ մի քիչ ուշանում են, ուր որէ կգան...
Ժամը դառնում է 17:30, պատվիրակությունը չկա, դահլիճում հավաքվածները սկսում են անհանգստանալ.
- Էս ի՞նչ եղան էս մարդիկ...Միթե՞ Հասցեն են շփոթել... Հո մի բան չի՞ պատահել...
Ոչ կապ, ոչ խաբար, ոչ էլ հեռախոսազանգ: Չկան ու չկան: 
Ահա ժամը 18:00 էլ եկավ, արդեն 1 ժամ է անցել պայմանավորված ժամից , հիմնադրամի պատվիրակությունը չկա ու չկա:
Բայց հարյուրավոր մարդիկ սպասում են ու սպասում: Մի մասը անհանգստացած է, մի մասը զայրացած, մի մասն էլ դուրս ու ներս է անում դահլիճ : Ոմանք դրսում ծխում են, մյուսները՝ փողոցում են սպասում, իսկ հյուրերը չկան ու չկան: 
Դառնում է ժամը 18:30 , սրանք չկան,դահլիճում սպասող ժողովուրդը գնալով ավելի է զայրանում, վարձած դահլիճի ամեն մի ժամն էլ փող արժի: 
Դառնում է ժամը 19:00-ը, սրանք չկան ու չկան, արդեն 2 ժամ է անցել, դահլիճում իրարանցում է, ժողովուրդը չգիտի ինչ անի, սպասե՞ն, գնա՞ն կգա՞ն, չեն գա ՝ ոչ ոք չգիտի, հավաքվածների մեծ մասն էլ տարբեր քաղաքներից են եկել մեքենայով, ոմանք 2, 3 ժամ ճանապարհ են կտրել անցել, վերջը դեռ այդքան էլ հետ պետք է գնան, որ տուն հասնեն: 
Դառնում է ժամը 19:30, հիմնադրամի պատվիրակությունը՝ չկա ու չկա, դահլիճում հավաքված ժողովուրդը զայրացել է և մի քանի հոգի թողնում գնում են: 
Դառնում է ժամը 20:00, անցել է 3 ժամ, Համահայկական հիմնադրամի պատվիրակությունը, արդեն ի զարմանս բոլորի հանկարծ դահլիճ է մտնում, վերջապես վերադարձան զբոսանքից: Բարձրանում են բեմի վրա, նստում իրենց հատկացրած տեղերը, դե ժողովուրդը սպասում է, որ հիմա պատվիրակության անդամներից մեկը կպատմի իրենց 3 ժամ ուշանալու պատճառը, և կսկսեն ժողովի քնարկումները, խոսք ու ելույթը, հարց ու պատասխաները, ինչպես նախորոք նախատեսված էր հանդիպման ծրագրում: 
Հիմա դահլիճը սպասում է, սրանք եկել նստել ու ծպտուն չեն հանում, միայն նայում են միմյանց ու ժպտում են: Պատվիրակության անդամներից ոչ մեկի բերանը չի բացվում, որ վերջապես մարդկանց հետ հաղորդակցվեն: Քթների տակ քչփչում են, ուզում են. փորձում են մի բան ասել, բայց չի ստացվում ՝ ծիծաղում ու ծիծաղում են:
Խոսել այդպես էլ չի ստացվում, միայն ծիծաղում են ու ծիծաղում: Դե դահլիճում հավաքվածները գլխի են ընկնում ու հասկանում, որ Համահայկական հիմնադրամի պատվիրակության անխտիր բոլոր անդամները քաղաքը տեսնելուն զուգընթաց հատուկ սրճարան են մտել մարիխուանա, կամ պլան քաշել, և լավ քաշած եկել են, կայֆի տակ , ժամ ու պատարագ մոռացած, նաև թե ինչի համար են Հոլանդիա եկել , ինչու՞ են այս դահլիճում, ու ծիծաղում են, հա ծիծաղում...
Այդպես էլ արդեն միջոցառման համար սահմանված ժամն ավարտված և ուշացումով դահլիճ մտած «Հայաստան» Համահայկական հիմնադրամի անդամների ու հայ համայնքի անդամների միջև ոչ մի կարգի զրույց տեղի չի ունենում , իսկ դահլիճում հավաքված ժողովուրդը իհարկե զայրանում է, մի քանիսը արտահայտում են իրենց զայրույթը, և բարկացած հեռանում:
Ահա հեռախոսով այսպիսի պատմություն իմացա իմ ընկեր Ալեքսանդրից՝ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի անդամների ու Ամստերդամի հայ համայնքի անդամների ՝՝բացառիկ՝՝ հանդիպման մասին: 
Հիմա, բավական տարիներ անց,
երբ բացահայտվել է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի տնօրենի առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելը և զվարճալի խաղերի նկատմամբ նրա թուլությունն ու անպատասխանատու վերաբերմունքը, հիշեցի այս պատմությունը: ամեն վայրկյան ականջիս արձագանքում է իմ ընկեր Ալեքսանդրի մեխող հետևյալ խոսքերը.
-Բաբամ, էդ ի՞նչ տեսակ հիասթափված եմ... 
Սա խորքային ու համակարգային արատի ձևավորված արդյունքն էր, որտեղ արագորեն կորում էր մարդկանց լավատեսությունն ու վստահությունը՝ վերածվելով հիասթափության:Հիմա, երբ անզիջում պայքար է մղվում այս անպատասխանատվության դեմ և չի հանդուրժվելու չարաշահման որևէ դրսևորում, ակնհայտ է դառնում, որ ավելանալու են մարդկանց վստահությունը՝ առ մեր երկիր և իշխանություններ: 
Ոնց որ հավատքի վերականգման և հիասթափության վերացման նախադրյալներ են ստեղծվում : 
Տեսնե՛նք, կյանքը շարունակվում է...