The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday 25 April 2023

«Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշաղբյուր՝ Երևանում

 


«Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշաղբյուր՝ Երևանում: Ալեք Մանուկյան փողոցում այսօր բացվեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչ թուրք դահիճներին պատասխանատվության ենթարկած «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշաղբյուրը։ «Կան դատեր, որոնց վճիռները չպետք է վստահել դատարաններին»․ «Նեմեսիս» գործողության մասնակից, Բեռլինում Թալեաթ փաշային գնդակահարած Սողոմոն Թեհլերյանի հենց այս խոսքերն են այն հուշաղբյուրի վրա։

Լուսանկարներն՝ Արմենպրեսի



ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

«Նեմեսիս» գործողությունը

«Նեմեսիս» գործողությունը

«Նեմեսիս» գործողության նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք («Միություն և առաջադիմություն» կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին։ Կազմակերպել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Նեմեսիս (հունարեն՝ Νέμεσις) է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով:

Մուդրոսի զինադադարից հետո՝ 1919 թվականին, գումարվեց Թուրքիայի զինվորական դատարանի նիստ, որտեղ ի բացակայության մահվան դատապարտվեցին Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչները։ Մեծ Բրիտանիան նույնպես կալանք սահմանեց Մալթա աքսորված մի քանի անձանց նկատմամբ։ Քաղաքական հուզումներից խուսափելու համար անգլիական կողմը նրանց տեղափոխեց Մալթա, որ այնտեղ իրականացնի նրանց մահապատիժը հանգիստ պայմաններում: Սակայն այնտեղ նրանց փոխարինեցին անգլիացի բանտարկյալների հետ և ազատ արձակեցին:

Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում։ Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները։

«Նեմեսիս» գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են պատասխանատու մարմին (ղեկավար՝ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարո) և հատուկ Ֆոնդ (ղեկավար՝ Շահան Սաչագլյան)։ Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործում էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը։

«Նեմեսիսը» հստակ, մանրազնին մշակված գործողություն էր, որը ժամանակի ընթացքում արդարացի վրեժխնդրության նպատակով արդյունավետ իրականացվեց հայ վրիժառուների կողմից: Ստեղծվել էր նաև հատուկ հանձնախումբ, որը պետք է հայտնաբերեր փախստական դարձած և աշխարհի տարբեր անկյուններում ծպտված եղեռնագործներին:

Հիմնական գործողությունները

-1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանել է Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին:

1921 թվականի հունիսին Բեռլինում կայացել է Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, և դատարանը արդարացրել է նրան:
-1921 թվականի դեկտեմբերի 5-ին Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանել է երիտթուրքական կուսակցության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին:
-1922 թվականի ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում վերացրել են Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին, որի հրամանով Տրապիզոնում 15000 հայ երեխաների ծովում խեղդել էին, և «Թեշքիալաթվականը և մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաէդդին Շաքիրին: Այդ գործողության ժամանակ սպանվել է նաև վեևջինիս թիկնապահներից մեկը:
-1922 թվականի հուլիսի 25-ին Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում: Այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը:
-1920 թվականի հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկիին և վիրավորել նրա ընկեր Խան Մահմադովին, Բաքվի խորհրդարանի «Մուսսավաթ» կուսակցության նախկին հիմնադիր: Երկանյանի գործընկերը գործողության ժամանակ եղել է Միսակ Կիրակոսյանը։
-1921 թվականի հուլիսի 21-ին Միսակ Թոռլակյանը Կոստանդնուպոլսում սպանել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ժիվանշիր Խանին: Թոռլակյանի գործընկերներն էին Երվանդ Ֆունդուկյանն ու Հարություն Հարությունյանը: Անգլիական Ռազմական Դատարանը դատել է Թոռլակյանին և արդարացրել՝ որպես անմեղսունակ:

Դավաճանների սպանությունը

1920 թվականին «Նեմեսիս» գործողության շրջանակներում, դատապարտվել և գնդակահարվել են մի շարք հայ դավաճաններ.
-1920 թվականին Սողոմոն Թեհլերյանը սպանել է Կոստանդնուպոլսում Թուրքիայի գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար Մկրտիչ Հարությունյանին:
-1920 թվականի մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը գնդակահարել է Կոստանդնուպոլսում Վահե Իհսսանին (Եսայան): Իհսսանը թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, որոնք սպանվեցին 1915 թվականին:
-1914 թվականին Հնչակյան կուսակցությունը կազմակերպել էր ընդհանուր համագումար Ռումինիայում, Թալեաթին մահափորձ կազմակերպելու համար: Ադուր Յասյանը դավաճանեց հայերին և Հնչակյան կուսակցության 21 անդամներ սպանվեցին: Արշակ Եզդանյանը գնդակահարեց դավաճան Յասյանին:

Չկայացած դատավճիռներ

-Դատավճռի ցուցակը գլխավորում էին Թուրքիայի նախկին ռազմական նախարար Էնվերը և «Միություն և առաջադիմություն» կուսակցության կոմիտեի գերագույն քարտուղար Նազիմը: Նրանց հետապնդում էին, բայց մահապատիժը չիրականացավ: Էնվերը Գերմանիայից Բաքվով անցել էր Միջին Ասիա: Այստեղ նա ղեկավարել է հակախորհրդական բասմաչական շարժումը: 1922 թվականին կարմիր բանակի հրամանատր Հակոբ Մելքումովը գնդակահարել է Էնվերին Տաջիկստանում:
-Նազիմը վերադարձավ Թուրքիա, որտեղ կարճ ժամանակ անց Քեմալ Աթաթուրքի դեմ մահափորձի համար մահապատժի ենթարկվեց:

Գործողության մասնակիցները

Շահան Նաթալի (կեղծանունը՝ Նեմեսիս),
(1884-1983)
Հայ հասարակական-քաղաքական գործիչ, գրող և փիլիսոփա Շահան Նաթալին ծնվել է Խարբերդի Ուսենիկ գյուղում (Արևմտյան Հայաստանում) 1884 թվականին: Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական դպրոցում: 1894-1896 թվականների հայկական ջարդերի ժամանակ հայրը, քեռին և մի քանի ազգականներ սպանվում են: 11-ամյա Հակոբը երեք օր ապաստանում է հարևան հույների մոտ և փրկվում: Ջարդերից հետո ուրիշ որբերի հետ տեղափոխվում է Կոստանդնուպոլիս՝ Ս. Հովհաննես որբանոց: Ոսումը շարունակում է այդտեղ: Հարուստ հայ բարեկամները Նյու Յորքից որդեգրում են նրան և նա մինչև 1900 թվականը ապրում է Նյու Յորքում և սովորում Բերբերյան ակադեմիայում:
1901 թվականին վերադառնում է Խարբերդ դասավանդում եկեղեցուն կից դպրոցում: 1904 թվականին ընդունվում է Հայ հեղափոխական Դաշնակցության շարքերը: Նույն տարի մեկնում է ԱՄՆ, որտեղ երեք տարի աշխատում է կոշիկի գործարանում: 1908թվականին Սահմանադրության ընդունումից հետո վերադառնում է Թուրքիա: Սակայն 1909 թվականի ապրիլի 1-ից մինչև 14-ը տեղի ունեցած երիտթուրքական առաջին զանգվածային կոտորածներից հետո տեղափոխվում է ԱՄՆ: 1909-1912 թվականներին սովորում է Բոստոնի համալսարանում:
Շահան Նաթալին Գրիգոր Մերջանովի հետ հանդիսացավ 1915 թվականի հայերի ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրքական պարագլուխներին վերացնելու «Նեմեսիս» գործողության կազմակերպողն ու ոգեշնչողը: Շահան Նաթալին մտածում էր ահաբեկչական և զինված պայքարի միջոցով ստիպել Թուրքիային ընդունել հայ փախստականների Արևմտյան Հայաստան վերադառնալու իրավունքը: Այդ հարցում Հայ հեղափոխական Դաշնակցության հետ տարաձայնությունների պատճառով 1920 թվականին դուրս եկավ Բյուրոյից և կուսակցությունից: 1970-ական թվականներին ողջունել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ստեղծումը:


Արմեն Գարո (Գարեգին Պաստերմաջյան)
(1872—1923)
Հասարակական-քաղաքական գործիչ։ Հայաստանի Հնչակյան կուսակցության անդամ, մասնակցել է Զեյթունի ապստամբությանն օժանդակելու գործին, ուսանել է Ժնևում և ստացել բնագիտության ու քիմիայի դոկտորի աստիճան: 1908 թ. ընդգրկվել է թուրքական խորհրդարանի կազմում, 1914 թ. անցել Կովկաս և մասնակցել կամավորական շարժմանը։ Կարևոր դերակատարում է ունեցել «Նեմեսիս» գործողության ղեկավարման մեջ։


Միսաք Թորլաքյան
(1894 -1968)
Հայ վրիժառու, ՀՅԴ անդամ: Հայ ազատագրական պայքար է մտել 17 տարեկանում` կազմակերպելով մահմեդական լազերի դեմ պայքարող հայ վրիժառուների խումբ, որը զբաղվել է նաև զենք ու զինամթերք հայթայթելով: Առաջին աշխարհամարտի տարիներին, խուսափելով թուրքական զինծառայությունից, ապաստանել է լեռներում: 1915-18թթ. ծառայել է ռուսական բանակում որպես հետախույզ: 1921 թվականի հուլիսի 18-ին Միսակ Թոռլակյանը Կոստանդնուպոլսում ոչնչացրել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ժիվանշիր Խանին: Թորլակյանի գործընկերներն էին Երվանդ Ֆունդուկյանն ու Հարություն Հարությունյանը: Անգլիական Ռազմական Դատարանը դատել է Թոռլակյանին և արդարացրել՝ որպես անմեղսունակ, նրա արարքը բնորոշելով որպես արտակարգ հուզմունքի վիճակում կատարված սպանություն: 1921թ. հոկտեմբերին անցել է Հունաստան, ապա Բելգրադ ու Բուխարեստ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ղրիմում և Նովորոսիյսկում գերությունից է ազատել բազմաթիվ հայերի: Հետպատերազմյան տարիներին ապրել է Շտուտգարտում (Գերմանիա), իսկ 1952թ. տեղափոխվել Քալիֆորնիա:


Արշավիր Շիրակյան
(1902 -1973)
Հայ վրիժառու, ՀՅԴ անդամ: Կամավոր կերպով ներգրավվել է Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքական ղեկավարների ահաբեկման գործին («Նեմեսիս» գործողություն): 1921թ. Հռոմում ահաբեկել է 1915թ. Օսմանյան կայսրության մեծ վեզիր (կառավարության ղեկավար) Սայիդ Հալիմ փաշային: 1922թ. ապրիլի 17-ին Բեռլինում Արամ Երկանյանի հետ ոչնչացրել է Բեհաէդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին: 1923թ. հաստատվելէ ԱՄՆ-ում, որտեղ ապրել ու գործել է մինչև մահը:


Արամ Երկանյան
(1895 -1930)
Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, ՀՅԴ անդամ: 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ նրան հաջողվում է խուսափել տեղահանումից և անցնել Կովկաս: 1917թ. կամավոր զինվորագրվում է հայկական բանակին, 1918թ. նշանակվում է Կարին-Դերջան ճանապարհի ռազմակայանի պետ, որին վստահված էր ռուս զորքերի թողած պահեստների պահպանումը: 1918թ. մայիսին մասնակցում է Բաշ-Ապարանի ճակատամարտին որպես դասակի հրամանատար: 1921թ. ապրիլի 17-ին «Նեմեսիս» գործողության շրջանակներում Բեռլինում Արշավիր Շիրակյանի հետ ոչնչացնում է երիտթուրքական գործիչներ Բեհաէդդին Շաքիրին և Ջեմալ Ազմիին:

Արտաշես Գևորգյան Պետրոս Տեր-Պողոսյան Ստեփան Ծաղիկյան
Երկու Խոտորջուրցի երիտասարդներ՝ Արտաշես Գևորգյանը և Պետրոս Տեր-Պողոսյանը Ստեփան Ծաղիկյանի հետ ահաբեկում են Ջեմալ Փաշային և իր երկու թիկնապահներին, Թիֆլիսում, օրը ցերեկով, Զեկայի շենքի առջև:
Իրենց այս արարքի խիզախությունն ապշեցնում է բոլորին: Այդ առիթով Չեկայի պետ Բերիան ասում է` «Սա դաշնակցական տեռոր է»


Սողոմոն Թեհլերյան
(1897-1960)
Հայոց Ցեղասպանության վերապրող և ազգային հերոս, որ գնդակահարել էերիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, Թալեաթ փաշային։ Սողոմոն Թեհլիրեանը ծնվել է 1896 թվականին Բագառիճում՝ Արևմտյան Հայաստանում, ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913-ին փոխադրվել է Սերբիա։ Առաջին Համաշխարհային Պատերազմը սկսվելուն պես նա մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։
1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է ՀՅԴ կազմակերպած Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազկակեպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Թալեաթին և ձերբակալվում: Սակայն 1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչում Սողոմոն Թեհլերյանին։ Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թ. մայիսի 23-ին։ Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։










Friday 21 April 2023

Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք Նիդերլանդներում

Նիդերլանդներում առաջինը FAON-ը դեսպանության հովանու ներքո  կազմակերպեց Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: 

Ապրիլի 19-ին  Ամստերդամի Eye կինոթանգարանի ցուցասրահում ռեժիսորը Իննա Սահակյանի «Ավրորայի արևածագը» անիմացիոն ֆիլմով սկսվեց անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողողությունը` Նիդերլանդներում և Լյուքսենբուրգում Հայաստանի Հանրպետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի բացման խոսքով:

Ապրիլի 23-ին հիշյալ ֆիլմը ցուցադրվելու է ՈՒտրեխտում:

Նույն ֆիլմը ցուցադրվելու է նաև Մաստրիխտում: Տեղի Անի Հայ Համայնքը և Սուրբ Կարապետ եկեղեցու վարչությունը  1915 թվականին Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայ զոհերի հիշատակը նշելու են ապրիլի 23 ին ժամը 13-30-ին Սուրբ Կարապետ Եկեղեցիում։

Ծրագրում նախատեսված է Կոմիտաս վարդապետի ստեղծագործություններից` լարային քառյակի հնչողությամբ, Արմեն Նազարյանի ղեկավարությամբ, նույն խորագրով կլինեն նաև ընթերցանություններ։

Ոգեկոչման արարողությունը կավարտվի երեկոյան` ֆիլմի ցուցադրությունով:

Ասենում և Ալմելոյում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հուշարձաններին Հայկական համայնքներից ժամանած պատվիրակները ծաղիկներ ու ծաղկեպսակներ կխոնարհեն ապրիլի 24-ին: Ալմելոյում ծրագիրը կսկսվի ժամը 18:00-ին` Արևմտյան Եվրոպայի պատվիրակ, Վատիկանում Հայոց եկեղեցու ներկայացուցիցչ, Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի խոսքով ու աղոթքով: 

Ապրիլի 25-ին Ալմելոյի հայ Առաքելական եկեղեցին ՀԲԸՄ հիմնադրամի և «Երևան» կազմակերպության հետ ցեղասպանության թեմայով կազմակերպում է  «Թաքնված քարտեզը» վավերագրական ֆիլմի ցուցադրումը, որին ներկա է լինելու ֆիլմի ռեժիսոր Անի Հովհաննիսյանը: Ֆիլմի սցենարն այսպես է զարգանում. Ցեղասպանությունը վերապրած ամերիկահայ թոռնուհին գնում է իր կորսված նախնիների հայրենիք՝ բացահայտելու վաղուց թաղված ճշմարտությունները: Իր ճանապարհորդության ընթացքում  հանդիպում է  շոտլանդացի հետախույզի, որի հետ շատ գաղտնիքներ են բացահայտում...


Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ոգեկոչման ընդարձակ արարողակարգ է նախատեսված Ամստերդամում: Այն կազմակերպել են «Գրիգոր Նարեկացի» հիմնադրամը  «Սուրբ Հոգի» եկեղեցու հետ համատեղ, ամենամյա ոգեկոչումը տեղի կունենա կիրակի օրը՝ ապրիլի 23-ին, ժամը 12:00-13:00-ը Ամստերդամի Krom Boomssloot 22 հասցեում,  Հայ Առաքելական «Սուրբ Հոգի» եկեղեցու արտաքին պատին տեղադրված հուշաքար-խաչքարի մոտ։

Ծրագիրը կսկսվի կարճ աղոթքով, որին կհաջորդեն մի շարք ելույթներ, հուշարձանին կդրվեն ծաղիկներ ու ծաղկեպսակներ: Եկեղեցու հարևանությամբ «Հայկական կամրջի» վրա Black Swan  կվինտետի երաժշտական կատարումներին կհաջորդի  լռության րոպեն։ Արարողությանը ելույթ կունենա դեսպան Տիգրան Բալայանը: Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը կմասնակցեն և հավանաբար ելույթներ կունենան Ամստերդամի փոխքաղաքապետ  Ռուտգեր Խրոտ Վասինկը, խորհրդարանի ու քաղաքային խորհրդի պատգամավորները:

Հիշատակի արարողությանը կմասնակցեն  նաև Նիդերլանդների քաղաքացիական հասարակության, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև  Նիդերլանդների հունական, ասորի և եզդի համայնքների անդամներ։

Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներ տեղի կունենան Նիդերլանդների հայկական համայնք ունեցող մյուս քաղաքներում:

«Նիդերլանդական օրագիր»




Wednesday 19 April 2023

Ձեր երեխաների համար

 

Լույս է տեսել Երազիկ Գրիգորյանի հեքիաթների ժողովածուն` «Գնա ապրիր հեքիաթում»: Այս գրքում տասնյոթ հեքիաթներ են` մանկական տարբեր տարիքի երեխաների համար: Բարի, զվարճալի և ուսուցողական այս հեքիաթներն` իրենց ինքնատիպ ձևավորմամբ /նկարիչ` Նաիրա Մուրադյան/, գեղեցիկ նվեր են մեր փոքրիկներին: «Երազիկ Գրիգորյանի հեքիաթների այս ժողովածուն շահեկանորեն առանձնանում է մանկական գրականության նորօրյա ստեղծագործությունների շարքում` իր մի քանի յուրահատկություններով: Իբրև գլխավոր հատկանիշ, առաջին հերթին պետք է մատնանշել այն համարձակությունը, որով հեղինակը կարողանում է միահյուսել դասական բանահյուսական ժանրի տարրերը արդիական թեմաների հետ` արդյունքում ստանալով ոչ թե կեղծ ինքնատիպության պատրանքը, այլև գրավոր պատումի այն թարմությունը, ինչը հիմնարար նախապայման է այսօրվա պատանի ընթերցողին գրավելու և նրա ձևավորվող աշխարհընկալման վրա դրականորեն ներազդելու համար»,-գրում է ժողովածուի խմբագիր գրականագետ Հովիկ Չարխչյանը:

Գիրքը լույս է ընծայել  «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:


https://niderlandakan.livejournal.com/566289.html



Tuesday 18 April 2023

Վերմերյան շունչը Հաագայի փողոցներով. Ալիկ Ասատրյանի ցուցահանդեսը


Որտեղ նկարիչ-արվեստաբան Ալիկ Ասատրյանն է լինում` այնտեղ  տոնական շունչ է ու բարձր տրամադրությունը, դա  լինի մայր հայրենիքում, Եվրոպական որևէ երկրում, թե այստեղ` Նիդերլանդներում, որտեղ նա բնակվում է: Իր ներկայությունից հետո՝  ինչպես այս օրերին Հայաստանում Մաչանենց այգում նրա տարած կակաչի  սերմերն են ծաղկել, կամ  նրա կախարդական բառերից հյուսված հրաշք հեքիաթի գիրքն է ծնվել, անպայման այս աշխարհում մի բարի հետք է մնում: Ահա կրկին մեկ նախաձեռնություն` ոգեշնչված Վերմերի «Մարգարտե ականջողով աղջիկը» նկարով, Ալիկը արդեն տարիներ ի վեր ստեղծագործում է այդ թեմայով ևս, կերտել է մի քանի տասնյակ դիմանկարներ: Կերպարներն ընտրել է պատահական, սրտի թելադրանքով: Վերջին  «ականջողով աղջկա» նկարի մտահաղացումը ծնվել է ցուցահանդեսի բացման նախօրեին` «Այս աշխատանքը ծնվեց մեկ գիշերում, երբ իմացա որ Լյուդմիլա Կարապետյանը գերմանիաից հոլանդիա պետք է գա  հատուկ Վերմերի շարքի ցուցահանդեսին ներկա լինելու համար: Մտածեցի, բա այս աղջիկը գա հասնի հոլանդիա,մի կտոր Վերմեր չտանի՞ հետը... Եվ տարավ»:- ժպտալով ասում  է վարպետը:

Թեև «Վերմեր եվ ավելին» խորագիրն ունեցող Ալիկ Ասատրյանի ցուցահանդեսը  իր դռները բացել է դեռ ապրիլի 5-ից, այնուհանդերձ  նրա  մասնակցությամբ բացման արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 16-ին, որն էլ կրկին տոնի վերածվեց:  Արվեստի սիրահարները, նրա ընկերներն ու բարեկամները հենց Հաագայի փողոցներով, ոտքով  քայլելով, ինչպես Ալիկն է պատկերավոր նկարագրում «Ահա այսպես..., Վերմերյան կապույտով պատված, մարգարտյա ականջողով աղջկա հետ և մի խումբ մարգարտյա սրտերով մարդկանց հետ, շեփոր փչելով,  հասանք ցուցասրահ, որտեղ և կայցավ Վերմերյան շարքի ցուցահանդեսի բացումը»:

Մթնոլորտը ջերմ ու տոնական էր, հայ այցելուներից շատ Հաագայի LOFT-ի  ցուցասրահում ավելի շատ նիդերլանդացի այցելուներ էին: «Շատ սիրուն օր էր, շնորհակալ եմ, մարգարտյա աղջիկների շարքը հանճարեղ մտահաղացում է ... ժամանակը արագ թռավ, բայց հասցրեցի ծանոթանալ հրաշալի մարդկանց հետ: Այնպես կուզեի պահը ձգվեր, երկարեր, հուսով եմ  շուտով նորից հանդիպել»-Ասում է Եվան։

Իսկական տոներն հենց այսպիսին են լինում` մշակույթ, որ միավորում է մարդկանց:

ՈՒզում ենք մեր ընթերցողներին հորդորել, որ բաց չթողնեն ցուցահանդեսը դիտելու հաճույքը: Կարող եք այցելել մինչև հունիսի 4-ը՝ Հաագայի LOFT  սրահ` Pomonaplein 49 2564XS Den- Haag հասցեով:

 Չորեքշաբթի և կիրակի օրերին  բաց է` առավոտյան ժամը 10:00-ից մինչև երեկոյան 18:00-ը, հինգշաբթի ուրբաթ և շաբաթ օրերին առավոտյան` ժամը 10:00 ից մինչև երեկոյան 21:00-ը:

Հայ Ազիան


Այս աշխատանքը ծնվեց մեկ գիշերում Լյուդմիլա Կարապետյանը























Friday 14 April 2023

Լուվենի կաթոլիկ համալսարանի առաջին հայ դոկտորը իր և Հայ Եկեղեցու բարեփոխումների մասին

Մեր հայրենակիցը՝ Խաչիկ Հովհաննիսյանը, անցած ամսվա վերջին Եվրոպայի ամենահեղինակավոր և հայտնի համալսարաններից մեկում՝  Բելգիական Լուվեն Լա Նյով կաթոլիկ համասլարանում (Université catholique de Louvain) հաջողությամբ պաշտպանեց աստվածաբանության դոկտորի գիտական աստիճանը: Թերևս  պատմության մեջ ունեցանք այս հնամենի ուսումնական հաստատության  դոկտորի կոչում  ստացած միակ հայ գիտնականը: Խաչիկ Հովհաննիսյանն այժմ գիտական աշխատանքին զուգընթաց դասավանդում է կաթոլիկ քոլեջում  կրոն, էթիկա և փիլիսոփայություն: Հետաքրքիր ծրագրեր ունի կապված  Հայ Եկեղեցու բարեկարգման և առհասարհակ  Հայ աստվածաբանությանն առնչվող հարցերին: Կարծում ենք մեր ընթերցողներին հետաքրքիր կլինի մեր թղթակցի զրույցը՝   աստվածաբանության դոկտոր Խաչիկ Հովհաննիսյանի հետ:

- Նախ շնորհավորում եմ բարձր գիտական աստիճան ստանալու կապակցությամբ: Որպեսզի ընթերցողին էլ ավելի հասկանալի լինի, շատ կարճ ասացեք. ի՞նչ է իր մեջ ներառում Աստվածաբանությունը,  Աստվածաշնչի ուսումնասիրությու՞ն, վերլուծությու՞ն,   թե  սրանց միասնական տրամաբանական եզրահանգումը։

-Աստվածաբանությունը գիտություն է Աստծու մասին, որի հիմքը Ս. Գրքային հիմնավորումներն են։ Աստվածաբանը հավատքի շրջանականերում խոսում է Մեկի մասին, ով խաչվել և հարություն է առել հանուն մարդկության փրկության։  Աստվածաբանության չափանիշն է Աստծու Խոսքը, կամ Աստվածաշունչը, որը կենդանի Խոսք է հաղորդակցվելու մարդկանց հետ։ Աստված կենդանի Աստված է և աստվածաբանության նպատակն է մարդկային ամբողջ իրականությունը ուղղորդել դեպի Աստծո իրականություն։ 

Աստվածաբանությունն իր մեջ ներառում է Հին և Նոր կտակարանի իմացություն և քրիստոնեական մտքի պատմություն։ Այս ամենի վրա աստվածաբանը սիստեմատիկ կերպով մեկնաբանում է քրիստոնեական հավատքի պարունակություն, հասկանալի և մատչելի ժամանակակից մարդուն։ 

Աստվածաբանությունը կարող է երկխոսության մեջ մտնել ցանկացած գիտության հետ, իհարկե պահպանելով իր գերագույն նպատակը կամ հավատարմություն իր թեմային, որն է Աստված։ 



-Երկու խոսք ձեր անցած ուղու մասին:

-Ծնվել եմ Հայաստանում,  աստվածաբանական կրթույունս շարունակել եմ Բելգիայում` Լյուվեն Լա Նյով կաթոլիկ համասլարանում:

Մագիստրատուրան ավարտել եմ «Աստծո զավակների վիճակը և արդարացումը Վ. Պանենբերգի մոտ և բանավեճ Լյութերի աստվածաբանության շուրջ» թեմայով, պրոֆեսոր Օլիվյե Ռիոդելի ղեկավարությամբ։  Այս աշխատանքը թույլ տվեց ինձ խորացնել բողոքական աստվածաբանության մասին  գիտելիքներս՝ գերմանական աստվածաբանության հետ կապված հատուկ հետաքրքրություններով: Մաստեր աշխատանքս ավարտելուց հետո  պրոֆեսորի կողմից առաջարկություն ստացա դոկտորական ատենախոսություն գրելու։

-ի՞նչ թեմայով  պաշտպանեցիք դոկտորական թեզը:

-Դոկտորականս  գրել եմ ֆրանսերենով՝ կարդալով ու ուսումնասիրելով բազմաթիվ գերմաներեն աղբյուրներ: Վերնագիրն է՝  «Ինչպես մտածել աստվածաբանական մարդաբանություն, Գերհարդ Էբիլինգի և Վոլֆհարթ Պաննենբերգի վիճաբանությունից»։     

Երկու աստվածաբաններն էլ պատկանել են լյութերական ավանդույթին, բայց նրանք առաջարկում են քրիստոնեական մարդաբանության երկու տարբեր մոտեցումներ: Նրանց ունեցած բացահայտ քննարկում-բանավեճը վերաբերում էր բարոյականության և աստվածաբանության փոխհարաբերություններին։  Ես այս երկուսի հարաբերությունից փորձել եմ ճշգրտել, թէ ինչ տեսակի աստվածաբանական մարդաբանություն կարող ենք ձեռք բերել։Որովհետև աստվածաբանական մարդաբանությունը նույնը չէ, երբ մարդը աստվածաբանությունը սկսում է բարոյականությունից (Sittlichkeit) և Աստծո իրականությունից (die Wirklichkeit Gottes):

Այս իմ աշխատությամբ փորձել եմ պաշտպանել աստվածաբանական մարդաբանություն, որը որոշվում է Աստծո վարդապետությամբ, կամ ավելի պարզ ասած՝ քրիստոնեական մտորում մարդու մասին, որն ավելի շատ կախված է Աստծուց, քան մարդու բարոյական իրավիճակից: Քրիստոնեական մարդաբանության գլխավոր նպատակը  մարդու գիտակցությունն է առ Աստված՝  նրա պատկերով և նմանությամբ,  ուղղորդելով հոգևոր ոլորտներ: 


-Հարցն այն է, թե ինչպե՞ս ենք մենք կապում մեր մարդկային գոյությունը, մեր լինելը և Աստծո իրականությունը: Ինչպե՞ս ենք մենք խոսում մեր գոյության և Աստծո հետ մեր ներկա իրավիճակի մասին:

-Այո, Աստծո և մարդու փոխհարաբերությունների մասին դատելով  ավելի լավ է չսկսել մտածել մարդու գործողությունների, տվյալ իրավիճակի մասին մտորումներով, այսինքն փնտրելով ու գտնելով մեր մեջ մեղավոր մարդուն, մանավանդ, երբ մարդու մտավոր սահմանները պարփակվում են բարոյական գիտակցության մեջ։  Մենք պետք է առաջին հերթին սկսենք մտածել Աստծո, մասնավորապես նրա սիրո մասին, և հետո ինքներս մեզ հարցնենք, թե ով է  մարդը նրա համար։   Աստված է համարվում մարդաբանության սկիզբը, ով բացահայտում է մարդուն և նրան դարձնում նոր արարած։ Սա ընդամենը մի օրինակ է։ Իմ աշխատանքով առաջարկել եմ նաև, թէ ինչպես կարող է դրական փոխազդեցություն ունենալ Աստծո խոսքը մարդկային հարաբերությունների վրա։ 

- Ասացիք, որ հետաքրքրված եք Հայ Եկեղեցու և առհասարհակ  հայ աստվածաբանությանն առնչվող հարցերով: Ինչպիսի՞ն եք տեսնում վիճակն այժմ և այդ ուղղությամբ ի՞նչ ծրագրեր ունեք, բացեք փակագծերը: 

-Կցանկանայի, որ մեր եկեղեցին կանոնավոր կերպով ներկայացներ  Հայ աստվածաբանությունը, նրա ուսմունքը, նոր մարտարհրավերները, որոնց այսօր հայ աստվածաբանությունն առնչվում է և պատասխան չի տվել, հստակ չի պարզաբանել  նույնիսկ շատ պարզ և հասարակ թվացող` «ի՞նչ է հավատքը»  հարցին։ 

Կցանկանայի, որ Հայ եկեղեցու բարեկարգության հարցերը բարձրացվեն միայն ու միայն աստվածաբանական շրջանակներում։ Աստվածաբանություն է այն միակ օղակը և հիմքը, որի վրա պետք է վերակարգվի, բարեկարգվի Հայ Եկեղեցին։   

Իհարկե պատրաստ եմ իմ գիտելիքներով օգտակար լինել մեր Եկեղեցուն: 

-Կարող եք ասել ինչպե՞ս :   

-Ահավասիկ մի քանի կարևոր դիտարկումներ Հայ Եկեղեցու աստվածաբանության և  բարեկարգության մասին:

Ըստ իս՝ ամենից կարևորագույնն այսօր այն է, որ հայ աստվածաբանությունը վերադառնա  իր ակունքին, այսինքն՝ ինչպե՞ս կարող է Աստված լինել աստվածաբանության թեմա։ Այսօր հայ աստվածաբանությունը ձուլվել է պատմության, կամ էլ մատենագրության մեջ, ինչի հետևանքով աստվածաբանությունը կորցրել է իր ինքնությունը։ Այ սա է պատճառներից մեկը, որ հարկավոր է Աստծո հեղափոխություն: Հիսուս Քրիստոսը, ով մեր մեջ է, եկեղեցու հիմքն է, պետք է հանդիսանա աստվածաբանության նպատակը: Այս հստակ թեզը պետք է բացատրել  և մեկնաբանել նորովի՝ յուրաքանչյուր  սերնդի համար, հասկանալի ու ըմբռնելի ժամանակակից մարդուն։ 

Նաև աստվածաբանությունը պետք է կենտրոնանա Աստծո ուսմունքի վրա, որպես պատասխան մարդու գոյաբանական հարցերի, լինի ոչ թէ պատմություն, այլ պատմություն սահմանված Աստծով։ Աստված պետք է լինի մարդու ամեն հարցերի վերջնական պատասխանը։ Աստված ստուգելով մարդու գոյությունը, նրան տալիս է ճշմարիտ ինքնություն։ Այս ամենը կարող ենք սահմանել, նոր լինել Քրիստոսի մեջ։ Ահա այսպես պետք է տեղի ունենա Աստծո հեղափոխությունը  և այս ամենը պետք է եկեղեցու ամբողջական գործունեության հիմքը լինի, քանի որ եկեղեցին իր  առաքելությունը գտնում է Քրիստոսի բերած նոր պատգամի մեջ։  Եկեղեցին անկախ չէ, այլ այն Ս. Հոգու գործի հետևանք է: և ահա այսպես  եկեղեցին դառնում է Քրիստոսի մարմին։ 

Աստված հայտնվել է Քրիստոսի մեջ, ինչի շնորհիվ մարդիկ հավատքով դառնում են Աստծո որդիներ և որդեգրվում Աստծո կողմից։ Այս որդեգրման գործընթացում բոլոր քրիստոնյաները դառնում են մեկ և հավասար Քրիստոսի մեջ, այս էլ այն հարցին է գալիս պատասխանելու, որ եկեղեցու ցանակացած հոգևոր գործունեություն հավասարության և հոգևոր ծառայության է միտված։


-Այս դիտանկյունով, որքանո՞վ է հայ Առաքելական Եկեղեցին համահունչ Աստվածաշնչի նորմերին։ Թվում է հակասություններն առկա են։ Ձեր մեկնաբանությունն այս կապակցությամբ։

-Իհարկե, Հայ եկեղեցին հեթանոսական ավանդություներով է ողողված, այն լուրջ մաքրման կարիք ունի հեթանոսական տարրերից։ Ավետարանը զգեստավորվել է հեթանոսական սովորություներով, խորքում Ավետարանը ձուլվել է հեթանոսության մեջ։ Ոսկորների պաշտում, անձերի պաշտամունք, հազարավոր տոներ, խաչափայտի բազում և զանազան տոներ, իրականը Խաչը կենդանի և հարուցյալ Քրիստոսն է, ով կենդանի խոսք է և որի միջոցով Ս. Հոգու կողմից մարդ հիացական հարաբերության մեջ է մտնում Աստծու հետ։ Կենդանի Աստված ավելի մեծ է, քանի որ որևէ նյութական առարկա, լինի փայտ, լինի Գրիգոր Լուսավորչի աջ... չի կարող փոխարինել Կենդանի Աստծուն։  Նյութապաշտությունը տեղ չունի քրիստոնեության մեջ: Ինչպես գերմանացի նշանավոր աստվածաբան Ադոլֆ ֆոն Հառնակն է նշում` դիվային «միաձուլում» է  տեղի է ունեցել հելլենիզմի և առաքելական ժառանգության միջև։ 

 Այս ամենից ելնելով եկեղեցին պետք է առաջնային տեղ հատկացնի և գերապատվություն տա այն փաստին, որ իր հոտի ամեն անդամին ուղղորդի դեպի Աստծու ներկայությունն ու Քրիստոսի սիրո պատգամը, որպես աշխարհի փոփոխման հիմք։   Աստծու իրական ներկայությունը, Քրիստոսի պատգամը և Աստծո Թագավորությունը հոմանիշներ են, որոնք սահմանում են եկեղեցու կյանքը։ Այս ամենի շուրջ պետք է միտված լինի Հայ Եկեղեցին և հրաժարվի անիմաստ և ոչինչ չտվող ծիսական կյանքից: Ավելին ասեմ՝ Ավետարանում նման ծիսական կյանք չկա։ Քրիստոս կենդանի խոսք է քարոզել, առաքյալները հավատարին լինելով իր խոստմանը, նույն այդ խոսքն են փոխանցել հաջորդ սերունդներին։ Ահա այստեղ է դրսևորվում հավատրմություն Քրիստոսի պատգամին ։ Ճշմարիտ եկեղեցին հավատարմություն է պահանջում Քրիստոսի խոսքերին և որի վրա էլ Ս.Հոգին հիմնում է, քանի որ եկեղեցին Ս. Հոգու գործողության հետևանք է։ Ահա այս ամենի հիման վրա պետք է Եկեղեցին կառուցվի, իսկ արդյո՞ք այսպես է Հայ Եկեղեցում։ Պատասխանը միանշանակ է` ոչ ։ Ժամանակն է, որպեսզի լուրջ կերպով Հայ Եկեղեցու ավանդույթները Ս.Գրքի լույսի ներքո վերանայել և դարձնել  եկեղեցու  գործունեության չափանիշ։ Ավանդությունը ինքնին վատ բան չէ, սակայն «Մեր Եկեղեցու ավանդությունը, որ ունենք Աստվածաշնչի վկայությունից է հաստատված»` ասել է Ս. Ներսես Շնորհալին։  Շնորհալին հստակ է ընդգծում, որ մեր եկեղեցու ավանդությունը բխում է Ս. Գրքից, ահա այստեղ է գտնվում եկեղեցու մշտական բարեկարգման գործընթացը։ Ինչպես հայ եկեղեցու աստվածաբան Արշակ Տեր Միքայելյան է ասում` Հայ եկեղեցին սրբազան ավանդությունը բարձր չի դասում Ս.Գրքից:

-Ըստ որոշ ընդդիմախոսների, Հայ Առաքելական Եկեղեցու արարողակարգերում ընդգրկված են տոներ, որոնք դուրս են  քրիստոնեական ընկալումներից, այլ խոսքով  հեթանոսական ծիսակարգեր են։  Ասենք` մատաղ անելը, վարդավառը,  Տրնդեզը, ծննդյան արարողակարգեր նշելը և այլը։ Սրանք որքանո՞վ են Աստվածաբանության մեջ ուսումնասիրվող նյութ։

-Ես մասամբ արդեն պատասխանեցի այս հարցերին, կարող եմ շարունակել միտքս, իրոք Եկեղեցու մի շարք տոներ հստակեցման և մեկնաբանության կարքի ունեն։ Եկեղեցի են թափանցել հեթանոսական տոներ, սակայն եկեղեցու հայրերը փորձել են իրենց ժամանակի ոգուն համապատասխան հարմարեցնեն քրիստոնեական ոգուն։ Դարերի ընթացքում մի շարք տոներ շեղվել է իրենց իրական նշանակությունից։ Մատաղը շատ հաճախ որոշ հոգևորակաների կողմից նույնացվել է Քրիստոսի զոհաբերության հետ, սակայն այն իրականում բարի գործողություն է ուղղված դեպի ընկածը, չքավորը։ Այս մատաղը նաև ազգային տոնի բնույթ է կրում և ամենից հետաքրքիրն այն է, որ մատաղի գառը օրհնվում է հոգևորականի կողմից։ Այս ամենը պետք է մերժվի և եկեղեցին ձեռնպահ մնա և այն համարի միայն ազգային սովորություն։ Վարդավառը նույնպես ազգային տոն է, իսկ Քրիստոնեական իրական տոնը Քրիստոսի Պայծառակերպություն է: Տրնդեզը նույնպես ազգային տոների շարքին կարելի է դասել, իսկ Տեառնընդառաջը Ավետարանի պատմություն է, Տիրոջը ընդառաջ գնալը։ Շեշտադրել նման տարաբնույթ տոները Հայ Եկեղեցու տեսանկյունով` հեռանում ենք Աստծու իրական ներկայությունից, ահա այստեղից է պետք սկսել Եկեղեցու քարոզչությունը։ Եկեղեցին ունի մի նպատակ` կապ ստեղծել մարդու կյանքի և Աստծու իրականության միջև, սա է համարվում Քրիստոնեության հավատքի հիմքը։  Ինչպես Ս. Գրիգոր Նարեկացին է ասում` «Քոնն է բժշկությունը, Քոնն է առատությունը, Քոնն է քավությունը (ԺԶ, Ա)… Ասա Խոսքովդ, և ես կբժշկվեմ»(ԺԷ, Բ)… Այս խոսքերի հիման վրա պետք է վերականգնվի Հայ եկեղեցին` ավելորդություներից դեպի Աստծու բժշկող իրականություն։ Բացարձակն ավելին է, քան հարաբերականը:

Հայ Եկեղեցին  շատ բանի ոչ թէ պետք է հարմարվի, ներմուծի մարդկային ավանդությունները, այլ  պետք է բարեփոխվի Աստվածային Հայտնության լույսի ներքո:

 Զրուցեց՝  Հայ Ազյանը

«Նիդերլանդական օրագիր»