The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 27 May 2023

Շիրակի անթառամ ծաղիկների արարչագործուհին . Լիլիթ Տոնականյան


Աշխարհագրական տարբեր վայրերն ու տարածությունն այլևս խոչնդոտ չեն շփվելու, ծանոթություն հաստատելու հրաշալի, ստեղծագործող մեր հայրենակիցների հետ: Համացանցն այդ հնարավորությունը տալիս է: Հատկապես ինձ հիացրեց Արթիկում բնակվող ու այնտեղ էլ ստեղծագործող Լիլիթ Տոնականյանը, ով փորձում է իր արվեստով օգտակար լինել  հայրենի ծննդավայրին: Մինչ գեղեցկուհի, Շիրակի դաշտավայրի գույնզգույն ծաղիկների արարչագործուհի, գեղանկարչուհի Լիլիթ Տոնականյանի հետ  մեր հարցազրույցը` ներկայացնենք նրան: 

 Ծնվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։  Նկարել սկսել է վաղ տարիքից։ 2009 թվականին ավարտել է Արթիկի գեղարվեստի դպրոցը, այնուհետև ընդունվել ու սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության բաժնում։ Դեռ ուսման տարիներից մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների՝  ինչպես Հայաստանի տարբեր մարզերում, այնպես էլ մայրաքաղաք Երևանում: Միայն մոտ մեկ տասնյակին հասնող անհատական ցուցահանդեսներ է ունեցել: Լիլիթի ստեղծագործություններում Շիրակի դաշտավայրի գեղեցիկ ծաղիկներն են, սքանչելի բնությունը, նկարում է նատյուրմորտներ, ունի նաև աբստրակտ ոճի գործեր, ունեցել է նաև թեմատիկ ցուցահանդեսներ, որոնցից մեկը նվիրված է եղել հենց ծաղիկներին: «Փյունիկ» զարգացման կենտրոնում բացված  ցուցահանդեսը ունեցել է՝ «Հափրուն ծաղիկների գունագեղ հմայքը» խորագիրը: Մասնագետներն ու մամուլը լավ գնահատականների են արժանացրել Լիլիթ Տոնականյանի աշխատանքները: Գեղանկարչուհին մարզերում  կարևորում է ցուցահանդեսների բացումը: Այն խթանում է տեղերում մշակութային կյանքի աշխուժացմանն ու զարգացմանը: Լիլիթի աշխատանքները ցուցադրվել են արտասահմանում, մասնավորապես  Կանադայի  Վանքուվեր քաղաքում: Այժմ նկարչուհին աշխատում է Փանիկ գյուղի արվեստի դպրոցում, ունի մի քանի տասնյակ սաներ, ովքեր յուրացնում  են գեղանկարչության գաղտնիքները:

Հարցազրույց կենսագրականի շտրիխներով

-Լիլիթ ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիք նկարել: 

Այնպես, ինչպես բոլոր փոքրիկներն են սկսում նկարել: Սիրեցի մատիտները, դրանցով արված խզբզոցները, որն սկսել էի ինչ որ բաների նմանեցնել: Հետո առավելություն ունեցան գույները: Իսկական հայտնություն էր, երբ արդեն  արտանկարներ էի անում գրքերից: Երբ  հաճախեցի Արթիկ քաղաքի  գեղարվեստի դպրոց, այդ օրվանից բացվեց նկարչության  հրաշալի ու կախարդական աշխարհը: Սկսեցի յուրացնել նկարչական այբուբենը, հասկանալ ավելի գրագետ նկարելու գաղտնիքները։  Յուրաքանչյուր նոր քայլ նկարչական ասպարեզում ավելի էր մոտեցնում մտքին, որ դա այն է ինչ ուզում էի ու նկարչությունը իմ առաքելություն էր:

- Նկատել եմ ավելի շատ ծաղիկներ եք նկարում: Ինչո՞ւ են ձեր կտավներում գերակշռում ծաղիկները:

Ես ծաղիկներ շատ եմ սիրում: Դա բնութան արարչագործության գագաթնակետն է: Ծաղիկը կյանք է, սեր է, որից արարվում է պտուղը: Տեսեք որքան տարբեր են ծաղիկները իրենց բուրմունքով ու գույներով: Ես չեմ թողնում, որ ծաղիկները թառամեն ու թոշնեն, ես հավերժացնում, հավիտենական կյանք եմ տալիս ծաղիկներին, վառ եմ պահում նրանց գույները, անգամ բուրմունք եմ ներարկում:




 -Շատ անգամներ ձեր կտավներում օգտագործված է դեղին գույնը: Լսել եմ, որ, այդ գույնով աշխատելը դժվար է: Այդպե՞ս է: Այս առումով ձեզ օգնե՞լ են Վինսենթ վան Գոգի հայտնի կտավները:

Ես սիրում եմ վառ գույներով աշխատել, դրանք տրամադրություն են ստեղծում, կյանքն էլ եմ ուզում տեսնել այդքան վառ ու դրական, ճիշտ գույների նման: Իհարկե ինչպես բոլոր նկարիչները, ինձ թվում է ես էլ բացառություն չեմ, ոգեշնչված եմ Վինսենթ վան Գոգի  գործերով, ունեմ նկարած արևածաղիկներ:





- Զարմանալի գեղեցիկ ծովանկարներ էլ ունեք: Ե՞րբ եք տեսել իրական ծով, այն ինչ զգացմունքներ է ձեր մեջ արթնացնում:

Բայց մի զարմացեք, որ ասեմ ծով չեմ տեսել: Դիտելով աշխարհահռչակ հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու թեկուզ մեկ նկարը` ծովն այնքան մոտ ու պատկերավոր է թվում, որ ստեղծագործելու ցանկությունն  առաջանում է:


-Սիրելի Լիլիթ, այդ դեպքում, երբ Նիդերլանդներ այցելեք` առաջինը միասին կտեսնենք  ծովն ու կայցելենք Վինսենթ վան Գոգի թանգարան:

Համաձայն եմ, առաջ Աստված: Շնորհակալ եմ:

-Բայց դրա փոխարեն շատ են ձեր հայրենի բնաշխարհը պատկերող կտավները: Շիրակի դաշտավայրն էլ  յուրատեսակ մի ծով է` ծաղիկների,  այդպե՞ս չէ:

Դուք եք ասում, այդպես է: Ունեմ տարբեր ոճի աշխատանքեր, բայց գերակշռում են Շիրակի դաշտավայրին նվիրված կտավները, այնտեղ աճող գրեթե  բոլոր ծաղիկները նկարել եմ,  սիրում եմ մեր հողն ու ջուրը,  որքան հաջողվել է այդ    «ծով-օվկիանոսից» կարողացել եմ  կորզել, անմահացնել ինձ հարազատ վայրերի գեղեցիկ պատկերները:





-Մի տեղ կարդացի, որ նկարում եք ձեռքով, իսկ վրձնով՝ հազվադեպ: Ի՞նչ է սա նշանակում` ծնվում է նկար, առանց  վրձնի  հարվածի՞

Աշխատանքներիս մեծ մասը մատներով եմ նկարում: Սիրում եմ հպվել կտավին, զգալ ներկերը, խաղալ գույների հետ` առանց միջնորդի, որ տվյալ դեպքում վրձինն է: Վրձինն էլ իր դերն ունի, օգտագործում  եմ, երբ դրա կարիքն է լինում:





- Որոշ ցուցահանդեսներում վաճառել եք ձեր գործերից: Պահու՞մ եք ստեղծագործությունների արխիվ, թե ընդմիշտ բաժանվում եք վճառված աշխատանքներից:

-Գնորդը,  բնականաբար սիրում, փայայում, գնահատում է աշխատանքդ: Հետևաբար վստահ ես, որ հոգատար ձեռքերում է: Այնուհանդերձ հանգիստ լինելու, բաժանումը թեթև տանելու համար կրկնօրինակում եմ, թեև բննօրինակն ավելին է: Նաև տպագրել եմ աշխատանքներիս պատկերագիրքը` թեև ընթացքում ստեղծագործում եմ ու բոլորը ներառել հնարավոր չէ:




-Ինձ զարմացնում ու հիացնում է նաև ձեր մի այլ որակ: Շատ արվեստագետներ պարզապես տեղափոխվում են մայրաքաղաք ու այնտեղ ստեղծագործում: Դուք  նման պահանջ չունե՞ք:

Այդպես է: Բոլոր արվեստագետներն են ձգտում  մեծ քաղաքներ, ինքս ապրում և ստեղծագործում եմ այստեղ՝ մեր փոքրիկ Արթիկ քաղաքում, ուրախ եմ, հոգով թեթև, որ մի բան  փորձում եմ անել ծննդավայրիս համար:  Արթիկ քաղաքին մոտ գտնվող Փանիկ գյուղում արվեստի դպրոցում նկարչության ուսուցչուհի եմ,  ունեմ բավականին տաղանդավոր երեխաներ, ովքեր  մեծ քաղաքներում ներկայանում են ցուցահանդեսներ, բարձր արդյուներ են գրանցում և ունեն լավ ապագա:

-Եթե նկարիչ չլինեիք, ի՞նչ կուզեիք դառնալ:

Ճիշտն ասած մտածել եմ ,բայց միևնույն է սերը դեպի  նկարչություն ավելին է:

Զրուցեց՝ Հայ Ազյանը
«Նիդերլանդական օրագիր»











Friday 26 May 2023

Եվրոպայի կրկնակի չեմպիոնը` խոշորացույցով. Դավիթ Հովհաննիսյան

24.05.2023/Վարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ/Նիդ.օրագիր


Պատերազմից հետո տևական ժամանակ հայ ժողովրդի համար հաղթանակի բերկրանքն ասես մոռացված զգացողություն լիներ, և միայն մեր մարզիկների շնորհիվ միջազգային մրցահարթակներում հայի անունը կրկին զուգորդվեց պանծալի հաղթանակի հետ։ Ու թեպետ վերջին տարիներին կտրուկ նվազել են հայ մարզիկներին հատկացվող ուշադրությունը, ֆինանսական միջոցները, այնուամենայնիվ սպորտի նվիրյալները եռանդուն մարզվում էին, և Հայաստանի հավաքականն իր կազմով մասնակցեց մայրաքաղաք Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 2023 թ. առաջնությանը։ Բազմաբնակարան շենքերի բակերում՝ բաց պատուհաններից հաճախ էինք լսում ցնծությամբ լի բացականչություններ.
-Հաղթեց մեր հայ մարզիկը, ուռաաա՜, հայը Եվրոպայի չեմպիոն...
Հաղթողի հպարտությունը մեզ պարգևած մարզիկներից է Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, երիտասարդ ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը, ով երկամարտի 377 կգ արդյունքով երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնությունը՝ դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ Եվրոպայի գործող չեմպիոնը փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում՝ 172 և 205 կգ արդյունքներով։ Համեստ, ծանրակշիռ, արտաքին անդիմադրելի հմայքով մեր չեմպիոնը քչախոս է, գովեստի ու հիացմունքի բյուրավոր խոսքերին պատասխանում է միայն լուռ ժպիտով։
Հայաստանի Արմավիրի մարզում՝ Վաղարշապատից 5 կմ հեռավորությամբ, միջինարաքսյան հարթավայրում տեղակայված մի փոքրիկ գյուղում է ծնվել, հասակ առել հայ ծանրորդ Դավիթ Գնելի Հովհաննիսյանը։ Գյուղն իր անվանումը ստացել է ի պատիվ մարշալ Հովհաննես Բաղրամյանի և կոչվում է Բաղրամյան։ Հենց Բաղրամյան գյուղի փոքրիկ մարզասրահում էր ապագա չեմպիոնի առաջին ծանոթությունը ծանրաձողի հետ։
-Ես տասը տարեկան էի, երբ սկսեցի զբաղվել ծանրամարտով ու սիրեցի այդ մարզաձևը։ Շնորհիվ իմ առաջին մարզիչ Ռուսլան Խուդանյանի, իմ առաջին քայլերը ծանրամարտի ոլորտում դրվեցին ճիշտ հիմքերի վրա։ Շնորհալի մարզիկին 17 տարեկանում մրցաշարերի ժամանակ նկատեցին Հայաստանի ծանրամարտի հավաքականի մարզիչները և առաջարկեցին հանդես գալ հավաքականի կազմում։ Եվ այդպես սկսվեց ծանրամարտիկի ուղին՝ հագեցած ամենօրյա պարապմունքներով, մրցաշարերի ակտիվ նախապատրաստական աշխատանքներով, հաղթանակներով և վնասվածքներով, վերականգնման փուլերով և եռանդուն մարզումներով։ Դավիթն ասես հավերժական ճամփորդ լինի, ընտանիքի անդամները նրան հաճախ չեն տեսնում իրենց տանը, նրա ճամպրուկը միշտ հավաք ու պատրաստ է, նա տարվա մեծ մասն ապրում է Ծանրամարտի Հայաստանի հավաքականի սպորտային համալիրում, Ծաղկաձորի մարզաբազայում, Օլիմպավանում, Աբովյանի սպորտ համալիրում և շաբաթվա վեց օրը մարզվում է։ Նրա առավոտը սկսվում է վազքով, նախաճաշի կարևոր բաղադրիչներն են հավկիթը, կաթնաշոռը, թթվասերը։ Ամենօրյա սննդակարգում գերիշխում է մսամթերքը։ Սուրճ չի խմում, նախընտրում է թեյ։ Ազատ ժամանակ նրա սիրելի զբաղմունքը գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելն է, ու թեեւ Բաղրամյանում կլիման չոր, խիստ ցամաքային է, հաճախ են լինում խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը, այնուամենայնիվ համառ պայքարն իր արդյունքն է ունենում։ Մեր չեմպիոնին հաջողվում է զբաղվել ծիրանենիների մշակմամբ և հաճույքով է հյուրասիրում իր ծառերից ստացած բերքը։
Դավիթ Հովհաննիսյանի սեղանին մեդալների առատության մեջ հազիվ նշմարվում են նրա ատեստատն ու դիպլոմը։ Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո մարզիկը սովորել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։ Դե իսկ սպորտային նվաճումները մրցանակների առանձին շարքով կներկայացնենք՝ Եվրոպայի ծանրամարտի պատանեկան առաջնություն 69 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ (2014 Polska) Եվրոպայի ծանրամարտի երիտասարդների առաջնությունում 77 կգ քաշային կարգում ոսկե մեդալ` Եվրոպայի չեմպիոն (2016 Israel) Եվրոպայի ծանրամարտի երիտասարդների 85 կգ քաշային կարգում արծաթե մեդալ (2017 Albania) Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությունում բրոնզե մեդալ (2019 Georgia) Եվրոպայի ծանրամարտի 23 տարեկանների առաջնությունում բրոնզե մեդալ (2019 Romania) Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությունում ոսկե մեդալ (2022 Albania) Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությունում ոսկե մեդալ (2023 Երևան) Ծանրամարտիկի նպատակն է նվաճել ոսկե մեդալ աշխարհի առաջնությունում, իսկ երազանքը՝ դառնալ Օլիմպիական չեմպիոն։ Հայ ծանրամարտի պատմության էջերում ոսկե տառերով գրվեց Դավիթ Հովհաննիսյանի անունը։ Սիրելի հայորդուն, խոստումնալից մարզիկին մաղթենք շռնդալից հաղթանակներ, միջազգային մեծ մրցահարթակներում, նրա հզոր բազկի շնորհիվ թող միշտ ծածանվի հայոց եռագույնը...

Friday 19 May 2023

Թերթ փակելու սովորությունը


Տեղեկացանք, որ  շատ  շուտով փակվում է  «Հայաստանի Հանրապետություն»  օրաթերթը: Նույն բախտին է  արժանացել «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու պաշտոնաթերթը:

 Տխուր իրողություն է: Առավել՝  քան անհավատալի, քանի որ ՀՀ-ն լույս է տեսնում ոչ թե նեղ միջավայրում ՝  ասենք օտար ափերում, այլ մայր հայրենիքում, ՀՀ-ն ոչ թե  մասնավոր, կամ կուսակցական թերթ է, այլ պաշտոնաթերթ է, ուրեմն սեփական պաշտոնաթերթը հրատարակելու համար հայրենի կառավարությունը միջոցնե՞ր չի գտնում սեփական տպագիր խոսափողը ֆինանսավորելու: 

  Պատկերացրեք մի այլ երկիր փակի իր տպագիր ամբիոնը,  լռեցնի սեփական լրատվական խոսափողը`  ֆինանս չլինելու պատճառաբանությամբ:  

Եկեք չզարմանանք, քանզի խորն է այս երևույթի արմատները: Մամուլի նկատմամբ քամահրական վերաբերմունքը, ընդհուպ նույնիսկ հալածանքը («Անկախություն» թերթ) սկսվել է դեռ 90-ական թվականներից, երբ մեր երկիրը թևակոխում էր անկախության ուղին: Գրեթե բոլոր հանրապետական ու շրջանային թերթերը հայտնվեցին  ծանր պայմաններում:  Շատերը չդիմացան ժամանակի պարտադրանքին ու փակվեցին, մյուսները պատրաստ էին կոմկուս-շրջկոմի օրգաններից վերակազմավորվելու ու քայլելու նոր ժամանակներին համշունչ` շարունակելով թերթի  տարիների բարի ավանդույթները: 

Խորհրդային  տարիներին շատ լրատվամիջոցներ ունեին իրենց շենքը, տպարանը և ցանկանում էին օգտվել անկախության ընձեռած սեփականաշնորհման իրավունքներից: Այդ թերթերի աշխատակիցները պատրաստ էին իրենց զբաղեցրած տարածքները գնել սեփականաշնորհման վաուչերներով, կամ կանխիկ  դրամական վճարումներ կատարել` ինչպես անում էին հիմնարկ ձեռնարկությունների շատ կոլեկտիվներ: Սակայն այդպես էլ այն ժամանակվա ՀՀՇ-ի ձևավորած Կառավարությունը տպագիր թերթերի զբաղեցրած տարածքներն անհատույց չմասնավորեցրեց  խմբագրություններին: Ավելին, նրանցից խլվեցին շենքերն ու հարակից տարածքները, տպարանները: Ինչպես արդարացիորեն «Հետք»  պարբերականն է գրում  «...Այսօր հարյուրամյակի շեմին մոտեցող  պարբերականների մեջ չունենք մեկը, որն իր հոբելյանական մեկ դարը կարողանա նշել վայել պայմաններում»` հայրենի երկրի իր հիմնադրման վայրում:

Իհարկե այդ ընթացքում հիմնվեցին նաև նոր թերթեր, որոնք դեռ պետք է ապրեին դժվարին մեր օրերը : Շատ թերթեր ու կայքեր դադարեցին լույս տեսնել: Այսօր արդեն տպագիր մամուլը  գերդժվար ժամանակներ է ապրում: Նրանց մեծ մասը դադարել են տպագրվելուց և գործում են առցանց եղանակով: Եղածներն էլ հրատարակվում  են չնչին տպաքանակով: Թերթերի կրպակներում կարող ես գտնել տպագրված տվյալ թերթի մեկ, կամ երկու օրինակ: Մեղքը բարդելով շուկայական  հարաբերություններին՝  սա էլ  մի կերպ կարելի է հասկանալ, թեև կառավարությունը կարող էր բարենպաստ դաշտ ստեղծել` մեղմել հարկերը, տրամադրեր նպաստներ և այլն:

Նույնը կատարվեց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի պարագայում, երբ կար ու գործում  էր  իրավանախորդը` «Սովետական Հայաստան» պաշտոնաթերթը, որը հիմնադրվել էր 1920 թվականին: Այն ընդամենը անկախությունից հետո կարող էր փոխակերպվել անվանվելով «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի և շարունակական դարձներ հայ կյանքի 20-րդ դարի տարեգրությունը: 2020թ. կունենայինք գլխավոր թերթի հիմնադրման 100 ամյակը նշելու հիանալի հնարավորությունը: Թեև թերթն ունեցել է խորհրդային ժամանակաշրջանի անցյալ, բայց չես վիճարկի, որ թողել է բարի ու հարուստ ավանդույթներ: Այս թերթի տարեգրության հետ են կապված  բազմաթիվ հայ անվանի մարդիկ` գրականության, արվեստի, գիտության ու մշակույթի գործիչներ, որոնց  միայն թվարկումով չենք հասցնի ավարտել սույն հոդվածը: Այս կոլեկտիվում աշխատել են ոչ պակաս Հայաստանը սիրող ու անկախության արժեքները գնահատող ժուռնալիստներ, որոնք իրենց կամքից անկախ չկարողացան շարունակել իրենց պրոֆեսիոնալ գործունեությունը: Ո՛չ, հնի վրա նորն ավելացնելը մեր առաքելությունը չեղավ, մենք  սիրում ենք ամեն բան սկսել նորից,  առանց հետադարձ հայացքի: ՈՒ այդպես 1990 թ. սեպտեմբերի 6-­ի որոշմամբ ստեղծվեց լրիվ նոր` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը, հայերեն եւ ռուսերեն տարբերակներով` որպես ԳԽ պաշտոնաթերթ: Առաջին համարը լույս տեսավ 1990 թ. հոկտեմբերի 9­-ից: Իհարկե արժանին պետք է մատուցել շնորհալի գլխավոր խմբագիր Այդին  Մորիկյանին ու նրա հետ այդ բեռը տանող` կարող ժուռնալիստներին` մինչև այսօրվա խմբագիր Արթուր Ղարագյոզյանն ու իր կոլեկտիվը:

 Այնուհանդերձ հետագան այնքան էլ հստակ չեղավ թերթի համար: 2001 թ. ՀՀ կառավարության փետրվարի 9­-ի որոշմամբ ստեղծվեց  «Հանրապետություն» ՓԲԸ-ն, որի հրատարակիչը դարձավ  «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը, իսկ 2017 թվականից էլ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթը  գործեցին «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն» ՓԲԸ կազմում, որի բաժնետոմսերը տնօրինեց Հայաստանի Հանրապետությունը։

Կարելի էր մտածել, որ պաշտոնաթերթն ու «Արմենպրես» գործակալությունը  միասին  հավասարազոր մի փաթեթում իրականացնում են պետական քարոզչական քաղաքականությունը:  Միավորումը նաև  բնական էր աշխատանքների արդյունավետութունը  բարձրացնելու փոխշահավետ միտումով, «Արմենպրեսը»  որպես լուրերի մատակարար դառնում էր օրաթերթի սնուցող երակը:  Բոլոր դեպքում չէ, որ պարզ տրամաբանությունը աղերս ունի իրականության հետ: ՈՒնենք այն` ինչ ունենք, Հունիսին սովորական գրաֆիկով «Արմենպրեսը» կթողարկի լուրեր՝ առանց պաշտոնական տպագիր օրգանի:

Անցյալը թողնելով անցյալին`  այնուամենայնիվ անտրամաբանական է, որ արդեն Հայաստանի անկախությունից ի վեր 33 տարի գործող պաշտոնաթերթը Հունիս ամսից ընդմիշտ փակվի: Սրանով մենք վերջակե՞տ ենք դնում Հայաստանի Հանրապետության պաշտոնական տպագիր մամուլի գոյությանը:

Հայ Ազյան
«Նիդերլանդական օրագիր»

Friday, 19 May 2023



Լուսանկարներում`1. Խմբագրի աշխատասենյակը:

2. Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի օրերին (2022թ)   «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի խմբագրատանը, ձախից-աջ գլխավոր խմբագիր` Արթուր Ղարագյոզյանը, Նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ` Մաթո Հախվերդյանը, Նիդ. օրագրի հիմնադիր-խմբագիր` Հայ Ազյանը, թերթի աշխատակից, բանաստեղծ` Հակոբ Սրապյանը:

----

P,S Կարդալով այս հոդվածը` հիասթափության ու խորը մտորումների մեջ ես ընկնում։ Չես ուզում հավատալ, որ այսչափ թշվառ վիճակում կարող էր լինել հայ պետական տպագիր խոսքը։ Որտեղի՞ց այսքան անտարբերություն ու ատելություն հայ մամուլի նկատմամբ։ Թերթ, որը հոգացություն պետք է ունենար, թերթ, որ ծնվել էր պետականության ակունքներից, բայց այդպես էլ չսնվեց դրանից, հակառակը` արվեց ամեն բան, որ սաղարթախիտ ծառը իսպառ չորանա` հայ պետական տպագիր խոսքը ջնջվի իրականությունից, երկրիս երեսից։

Ուզում ենք հավատալ ներոհիշյալ հոդվածի վերջին տողերին` թերթն այսօր կոմայի մեջ է, բայց ո՛չ մահացած։
Հայ մամուլը ամենից առաջ հենց պետական մտքի ու գաղափարի առաջնորդողը պետք է լինի, ժողովրդական լայն զանգվածների մունետիկը։
Հ.Ա

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏԵ՛Մ ԾԱԽՍԵՐԴ



ԿԱՄ՝ հեքիաթ «ծախսում եք մե՛ր արդյունավետությունը» թեմայով

 

Ժուկով ժամանակով կար մի մոնստր պետություն, որ կոչվում էր Խաբկանքներով Սնվող Հահնրույթների Միություն։ Այդ հանրույթները 15 էին։ Դրանցից մեկում 1920 թվականից սկսեց լույս տեսնել « Հանրային Հայրենիք» թերթը։ 

Եկավ ժամանակ եւ հանրույթներն անկախացան։ Պետությունը սկսեց կոչվել «Հայրենյաց Հայրենիք»։

«Հանրային Հայրենիք» թերթը  նույնպես դարձավ « Հայրենյաց Հայրենիք» («ՀՀ»)։ Վերջինս ծնունդն էր անկախության գաղափարների ու պետական ընկալումների եւ միանգամից սկսեց ընկալվել որպես անկախության խորհրդանիշերից մեկը։

«Հայրենյաց Հայրենիք»-ը այսպես, վավերագրելով, վերլուծելով, մեկնաբանելով, խորհուրդներ սփռելով  լույս տեսավ  մի 27 տարի։ Հետո հերթական իշխանությունները մտածեցին, մտածեցին, որոշեցին պետական լրատվամիջոցները «համախմբել» մեկ տանիքի տակ, որպեսզի դրանք մեկ կետից առավել կառավարելի լինեն։ Քանի որ « Հայրենյաց Հայրենիք»- ը Հայրենյաց Հայրենիքի անկախական ծնունդն էր, ձեւով միավորվեց, բովանդակությամբ մնաց անկախ ու ազատական։ Այս լրատվամիջոցները միավորեցին «Հայրենպրես» պետական լրատվական գործակալության իրավաբանական տանիքի տակ։ Սակայն այս տանիքը երկու տեղից նախ սկսեց կաթալ, այնուհետեւ չռռալ։ Երկու կետից, որովհետեւ այս ծակծկված ծածկի տակ էին քաշել « Հայրենյաց Հայրենիք» եւ ռուսալեզու « Родная Отчизна» թերթերը։ Այնքան չռռաց, որ, ի վերջո, «Հայրենպրես»-ի ճահիճը սկսեց ներս քաշել ամեն ինչ, ինչ պատահում էր ճանապարհին։ Իսկ ճանապարհին հայտնվում էին միայն այս երկու թերթերը։

Ու եկավ ճիշտ պահը․» Հայրենյաց Հայրենիք» («ՀՀ») եւ ռուսալեզու « Родная Отчизна» թերթերը դավադրաբար փակվեցին, նրանց համար նախատեսված գումարները տրվեցին «Հայրենպրես»-ին՝ իրենց սակավաթիվ լուրերը նաեւ թաբուլիստաներեն, ջոջաստաներեն եւ փարսադաներեն թողարկելու համար։ Թերթերի փակումը պաշտոնապես հիմնավորվեց իբր պակաս ծախսարդյունավետությամբ։

Ցանկանում ենք աշխատացնել տրամաբանությունը նրանց համար, ովքեր ունեն դրանից․․․

Բոլոր լրատվամիջոցները հաջորդ տարեսկզբին կհետաքրքրվեն, հարցում կանեն, թե որքա՞ն է կազմել, ասենք, թաբուլիստաներեն թողարկումների ծախսարդյունավետությունը։ 

Հաշվում եք, հաշվում, հաշվեցեք հապա Հայրենյաց Հայրենիք պետության կառավարության, նախարարությունների, նախագահական ապարատի ․․․ ծախսարդյունավետությունը։

 Ի՞նչ արդյունավետությամբ ու ծախսերով են հայրենասիրությունը համարում վտանգավոր, ազգային գաղափարախոսությունը՝ սին, հավատքն ու եկեղեցին՝ երկրորդական, օտարի առաջ ստորաքարշությունը ՝ առաջնահերթություն ու գերակա ճյուղ, մորթվողի կեցվածքը՝ հպարտ քաղաքացիություն, թմրանյութերի օգտագործումը՝ նորմ, մոտ 150 հաստիք պահելը անգլիական թագուհու աշխատակազմում՝ միլիարդավոր հայրենափողեր ծախսելով՝ համեստություն ․․․

Իսկ պետության անունը կրող թերթը, որ, ի տարբերություն նախորդ թվարկածների, նաեւ եկամուտ էր ապահովում միջինը 30 միլիոն հայրենափող․․․

Միթե՞ սա ծախսարդյունավետություն չէ․․․

Հատկապես, որ թերթի խմբագրակազմը մոտավոր գիտեր իր գծով մուտքերը, սակայն պատկերացում անգամ չուներ, թե կոնկրետ թերթի գծով որքա՞ն էր ծախսվում․ վստահաբար թերթի մուտքերի մի մասը ծախսվում էր « Հայրենպրես»-ի կարիքները հոգալու համար։ Չէ, սա քիչ էր, ամբողջն էր պետք կլանել․․․ ճահիճը։

Ինչո՞վ ծախսարդյունավետություն չէր սա։

Հաջորդը․ սկսած 1920թ․ «Հանրային Հայրենիք» թերթի ստեղծումից, այս թերթը մշտապես ունեցել է ծառայողական մեքենա։ Այսօր, երբ թերթը այլեւս լույս չի տեսնում, այդ մեքենան էլի կա, սակայն, առնվազը վերջին 5 տարիներին ծառայել է բացառապես «Հայրենպրես»ի տնօրեններին։Այս տարիներին գեթ մեկ օր այդ մեքենան չի ծառայել խմբագրությանը։

Ինչո՞վ ծախսարդյունավետություն չէ։

Հաջորդը․ թերթի համակարգչային բազան գրեթե ամբողջությամբ նախորդ դարի էր ( բացառությամբ մեկ չինական արտադրության թույլիկ նոթ բուքի)։ Երբ պատվիրվում էր երկու հատ գերհզոր համակարգիչ, նախատեսվեց, որ մեկը կհատկացվի « Հայրենյաց Հայրենիք»թերթի խմբագրությանը՝ էջադրման, ձեւավորման եւ յութուբյան էջի տեսանյութերի մոնտաժման համար։ Սակայն, եղավ այն, ինչ միշտ է եղել․․․ այդ գերհզոր համակարգիչը հայտնվեց տնօրենի սեղանին, world փաստաթղթեր գրելու եւ էլեկտրոնային փոստն ստուգելու համար, հա՛, ե՛ւ խաղեր խաղալու ։ Միջմայրցամաքային բալաստիկ հրթիռով կրակում էին մժեղի վրա․․․ եւ՝ փուստ։

Ինչո՞վ ծախսարդյունավետություն չէ։

«Հայրենպրեսը» հենց նեղն էր ընկնում, հասնում էր «Հայրենյաց Հայրենիք» թերթի խմբագրության ջանին։ Այսպես, թերթի հաստիքացուցակը վերջին տասը տարում կրճատվել է 3 անգամ, թերթի ծավալը կրճատվեց 2 անգամ, ինչի արդյունքում միայն տպագրական ծախսի գծով տնտեսվեց 8 միլիոն հայրենափող։ Սրբագրիչներն ստանում էին 70 հազար փող աշխատավարձ․․․Ինչ մուտք լինում էր, ուղղվում էր «Հայրենպրես»-ի ծակուծուկերը փակելուն։ Այդքանից հետո, փոխարենը ամեն օր եկեղեցում մոմ վառելու, որ երկարեն թերթի օրերը, այսօր «Հայրենպրեսը» տնօրինում է ոչ միայ թերթի ֆինանսները, այլեւ գույքն ու նախորդ դարի համակարգիչները։ Ոչ երանի նրանց։ Անկեղծ ասած, « Հայրենպրեսի» վիճակն էլ վիճակ չէ․ հայրենի կառավարությունը նրանց էլ երբեք երես չի տվել․ խցկված են քունջուպուճախում, իրենց համակարգչային բազան էլ մի օրի չի, աշխատավարձերը համարժեք են թերթի աշխատավարձերին․․․ դրա համար էլ միշտ աչքները ուրիշի ունեցածի վրա է եղել։ Սակայն, ինչպես ասում են՝ ուրիշի դժբախտության վրա սեփական երջանկություն չես կառուցի։ Այս ուղտը մի օր, ցավոք, իրենց դռանն էլ է չոքելու։ 

Մի քանի անգամ փորձ է արվել ճշտելու, թե թերթի ծախսերը որքա՞ն են կազմում։ Սակայն, Հայրենպրեսի տնօրենները կտրականապես հայտարարել են, որ դա միայն իրենց՝ տնօրենի իմանալու բանն է։ Հույժ գաղտնի է։ Սակայն, (փակագծերի մեջ ասենք), որ ՓԲԸ-ների մասին օրենքով վերջիններիս գործունեությունը պետք է լինի թափանցիկ։ Բայց թե դե ո՞նց թողնեին թափանցեր, բա ծախսարդյունավետությունը, բա ․․․

«Հայրենյաց Հայրենիք» թերթի խմբագիրը, մեր տեղեկություններով, մի քանի ծրագիր – նախագիծ է ներկայացրել «Հայրենպրեսի» տնօրենին, որպեսզի վերջինս, որպես իրավաբանական անձի ղեկավար, կնքի, ստորագրի եւ ուղարկվի ըստ ծրագրի հասցեատիրոջ։ Սակայն վերջինս անմիջապես այդ ծրագրերը հարմարեցրել է «Հայրենպրեսի» առանձնահատկությանն ու ստացել դրամաշնորհային միջոցները, դրանք ծառայեցնելով բացառապես գործակալության շահերին ( վեց տարվա ընթացքում «Հայրենպրեսում» չկարողացան հաշտվել այն մտքի հետ, որ թերթի շահն էլ իրենց շահն է, հակառակը՝ թերթի շահավետությունը ի սպաս դրեցին իրենց շահերին։)

Ինչո՞վ ծախսարդյունավետություն չէր։

«Հայրենյաց Հայրենիք» թերթը, բազմազանություն ապահովելու նպատակով բացեց յութուբյան էջ, ուր ներկայացնում էր պետությունում հայտնի մշակութային գործիչների, գիտնականների, հասարակական գործիչների․․․ Քանի որ  «Հայրենպրեսը» ուներ երեք տեսախցիկ, մի անգամ, Իսերբիժեի Հանրապետության դեսպանին նկարահանելու համար, հինգ օր առաջ տեղյակ պահեցին գործակալության ղեկավարներին, որ այսինչ օրը, այսինչ ժամին երկու ժամով անհրաժեշտ է լինելու տրամադրել մեկ տեսախցիկ։ Երբ եկավ այդ օրը, այդ ժամը, հանկարծ «պարզվեց», որ երեք տեսախցիկներն էլ զբաղված են մեկ այլ «կարեւոր» նկարահանման համար։ Այսինքն նույն օրը միեւնույն ժամին երեք տեսախցիկների զբաղված լինելը ենթադրել է տալիս, որ դրանցով կարող էին նկարահանվել ասենք հարսանիք, կնունք, ծնունդ, ախպերաքեֆ․․․ մի խոսքով ուրախ հանդեսներ։ Դրանք հո մեր նման տաղտուկ հարցազրույցների համար չեն ինչ որ դեսպանների հետ։ Դրանից հետո թերթի խմբագրակազմն իր նկարահանումներն արել է բացառապես իր աշխատակիցների հեռախոսներով։ Ու կապ չունի հյուրը եղել է արտակարգ եւ լիազոր դեսպան, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, թե հանրահռչակ հայորդի․․․ Իսկ տեսանյութի մոնտաժն արվել է մեկը չորսի հարաբերակցությամբ․ այսինքն այն գործը, որ միջին համակարգիչով արվում է մեկ ժամում, արվել է չորս ժամում։

Էլի՞ ծախսարդյունավետ չէ․․․

«Հայրենյաց Հայրենիք» թերթի ոչ մի թղթակից երբեւէ չի գուրծուղվել որեւէ արտերկիր կամ հանրապետական նշանակության միջոցառում լուսաբանելու։ Չէ՞ որ այնտեղ եղել է «Հայրենպրեսի» թղթակիցը, ով մեկ միջոցառումից կարող է տալ միջինը 8-10 տեղեկատվություն․․․ Այդպես էլ չհասկացան, որ թերթը տեղեկատվություն տալու համար չէր, թերթը վերլուծությունների, մեկնաբանությունների, բացառիկ հարցազրույցների հարթակ էր, թերթը լուր փոխանցող չէր, թերթը խորհրդատու էր, թերթը, եթե կուզեք, հանրային դժգոհությունների ալիքը մարող բուֆեր էր նաեւ հենց իրենց համար, դժգոհության աղբյուրների համար․․․ու՞մ ենք ինչ բացատրում։

Որքան արդյունավետ ենք ծախսել Չ՛գործուղման ծախսերը, չեք պատկերացնի։

Տասն այսքան կարելի է գրել ու դեռ մտածել, որ ասելիքի կեսն էլ չես ասել, բայց եզրափակենք դիտարկմամբ, որ հանրության մոտ կա վստահություն, որ «Հայրենյաց Հայրենիք» («ՀՀ») թերթը փակվեց իր անվան համար, որովհետեւ կրում էր համանուն պետության անունը եւ իր հայրենասիրական, ազգային բովանդակությամբ նյութերի պատճառով։

Ի վերջո, չէր կարելի խմբագրակազմին չտեղեկացնել թերթին սպասվող մոտալուտ ճակատագրի մասին, այսինքն վարվել թշնաբար։ Չէ՞ որ այնտեղ աշխատում էին ՀՀ համեստ քաղաքացիներ, ովքեր հազար հոգս ու խնդիր էին լուծում ամեն օր․․․

Վստահ ենք, որ մի օր փարատվելու են խմբագրակազմի կասկածները, թե ինչու՞ այսքան հապշտապ փակեցիք պետության անունը կրող թերթը։ Չէ՞ որ նախորդ տարվանից հաստատված էր բյուջեն, հայտարարված էր տպագրության մրցույթ, որը շահել էր տպարաններից մեկը, կնքվել էին հարյուրավոր պայմանագրեր համայնապետարանների հետ, մամուլի տարածման գործակալությունների հետ․․․

Ինչու՞ տարվա սկզբից դեռ նոր չորս ամիս անցած հրատապորեն որոշեցիք կողպել խմբագրության դռները, ո՞վ ձեր ականջին ինչ շշնջաց, ո՞վ պարտադրեց, ո՞ր բաբելոնից ձեզ թելադրեցին․․․

Համատեղ ջանքերով հասան նրան, որ թերթն այսօր կոմայի մեջ է, բայց ո՛չ մահացած։

Հայրենիք ՀԱՅՐԵՆՅԱՑ

 

Wednesday 10 May 2023

Երկու հաղորդագրություն Հնդկաստանից

 Հիշարժան դաս՝ Կալկաթայի սուրբ Նազարեթ հայոց եկեղեցու բակում

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի VII դասարանի «Հայոց պատմության» հերթական դասն անցկացվեց սուրբ Նազարեթ եկեղեցու բակում՝ հայ հասարակական-քաղաքական գործիչ Հովսեփ Էմինի շիրմաքարի մոտ:

Դասն սկսեց ուսուցչուհի Լիանա Փիրումյանը՝ խոսելով Հնդկաստանում հայ ազգային-ազատագրական շարժման ծավալման, այդ շարժման մեջ հնդկահայ բուրժուազիայի՝ առևտրական խավի ներդրման ու նշանակության մասին: Ապա աշակերտները ներկայացրեցին Հովսեփ Էմինի կյանքը՝ ծննդից մինչ մահ (Համադանից-Կալկաթա), և գործունեությունը՝ Կալկաթա-Անգլիա-Ռուսաստան-Վրաստան-Հս. Կովկաս-Հայաստան (Արցախ)-Պարսկաստան-Կալկաթա ուղեգծով: Աշակերտները պատմեցին Էմինի  կյանքում մեծ դեր կատարած իռլանդացի փիլիսոփա Էդմոնդ Բյորքի, Լորդ Նորտումբերլենդի, բրիտանացի արևելագետ ու Կալկաթայի Գերագույն ատյանի դատավոր Ուիլյամ Ջոնսի մասին: Ուսուցիչը մեջբերեց մտքեր Հովսեփ Էմինի ինքնակենսագրությունից՝ՙ «Հովսեփ Էմինի կյանքն ու արկածները», ներկայացրեց Էմինի ազգականուհի, կալկաթաբնակ Էմի Աբգարին, որի ջանքերով Կալկաթայում 1918 թ. հրատարակվեց վերոհիշյալ աշխատության երկրորդ ընդլայնված մասը: Այնուհետև աշակերտները ծանոթացան Էմինի կյանքի կարգախոսին. «Չեմ կարող ապրել գազանների նման՝ ուտել, խմել, առանց ազատության կամ գիտելիքի»:



Դասն անցավ  հետաքրքիր ու բովանդակալից: Աշակերտներից յուրաքանչյուրը կերտեց Հովսեփ Էմին հասարակական-քաղաքական գործչի իր կերպարը՝ մարդ, որի կյանքի միակ մտահոգությունն իր հայրենիքի ազատությունն էր, ժողովուրդ, որին նա պատրաստ էր զոհաբերել ամեն ինչ:

Դասն ամփոփեց ուսուցչուհին՝ շեշտելով, որ Հովսեփ Էմինն ապրեց մի կյանք՝ նման ուղիղ գծի, որից նա երբեք չշեղվեց, թեկուզ եղան փորձություններ, գայթակղիչ այնպիսի առաջարկություններ՝  ինչպիսին  բրիտանական, ռուսական, վրացական արքունիքներում ծառայելը, հիասթափեցնող հանգամանքներն էլ քիչ չէին՝ չկամեցողությունն ու տգիտությունը, որոնց մեջ խարխափում էր ժողովուրդը:





Հովսեփ Էմին, համառոտ կենսագրություն

Էմինը ծնվել է 1726 թ. Պարսկաստանի Համադան քաղաքում։ Այստեղից իր ընտանիքը տեղափոխվել է Հնդկաստան և հաստատվել Կալկաթայում։

Երիտասարդ Էմինը գիտեր Հայաստանի ծանր վիճակի մասին, տեսնում էր իր հայրենակիցների թշվառությունը, որը հատկապես ակնառու էր, երբ համեմատում էր եվրոպացիների բարվոք պայմանների հետ։ Նա ոգևորված էր Արցախի ու Սյունիքի ազատագրական պայքարներից։ Էմինը երազում էր տիրապետել ռազմական արվեստին և զենքի ուժով ազատագրել հայրենիքը։ Հոր կամքին հակառակ, որն ուզում էր նրան վաճառական դարձնել, 1751 թ. մեկնում է Անգլիա և ընդունվում Վուլվիչի Թագավորական ռազմական ակադեմիա։ Այստեղ ծանոթանում է անգլիական քաղաքական ու պետական գործիչների հետ և նրանց ներկայացնում իր գալու նպատակները։ Էմինին հաջողվում է նաև տեսակցել Անգլիայի վարչապետի հետ։ Սակայն նա համոզվում է, որ Հայաստանի ազատագրման իր գաղափարները չեն համընկնում Անգլիայի շահերին։

1759 թ. Էմինը գալիս է Հայաստան։ Արևմտյան Հայաստանով ճանապարհորդելու ընթացքում զրույցի բռնվելով հայրենակիցների հետ` նա խոսում է հայրենիքի պատմության փառավոր դրվագների մասին։ Բերելով արևմտյան քրիստոնյաների օրինակը՝ կոչ է անում պայքարելու հանուն ազատության։ Ծանոթանալով իրավիճակին` Էմինը համոզվում է, որ օտար տիրապետության դեմ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան պետության օժանդակությամբ։ Այս առումով նա հնարավոր դաշնակից էր համարում Ռուսաստանին կամ Վրաստանին։ Վերադառնալով Անգլիա՝ Էմինը ներկայանում է ռուսական դեսպանին։ Նրանից վերցնելով Ռուսաստանի վարչապետ Մ. Վորոնցովին ուղղված երաշխավորական նամակ՝ ճանապարհվում է Սանկտ Պետերբուրգ։ Էմինը Վորոնցովին ներկայացնում է Հայաստանի ազատագրության իր ծրագիրը, որն իրագործելու համար մտադիր էր դաշնակցել վրաց Հերակլ II թագավորի հետ։ Վորոնցովն ընդառաջում է Էմինի խնդրանքին և Հերակլ II–ին ուղղված նամակով նրան ճանապարհում Վրաստան։ Վրաց թագավորը համաձայնում է օժանդակել Էմինի ծրագրին։ Հայաստանում ազատագրական շարժումը կազմակերպելու համար Էմինը կապեր է հաստատում Մշո Սուրբ Կարապետի վանք|Մշո Ս. Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ։ Էմինը և Հերակլ II–ը 1764 թ. խրախուսական նամակներ են ուղարկում Հովնանին, սակայն Երևանում խանի մարդիկ ձերբակալում են նամակատարին։ Ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցի, տեղեկանալով այդ մասին, կշտամբում է Հերակլ II–ին «անզգույշ քայլերի» համար, որոնք կարող էին առաջացնել պարսկական իշխանությունների վրեժխնդրությունը հայերի հանդեպ։ Ստիպված Հերակլը Էմինից պահանջում է հեռանալ Վրաստանից։

Մեկ տարի Հյուսիսային Կովկասում մնալուց հետո՝ 1766 թ., Էմինը վերադառնում է Հայաստան և հաստատվում Գետաշենում` Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ։ Արցախի իրադրությանը ծանոթանալու համար Էմինը լինում է նաև Շուշիում, ապա անցնում Գանձասար։ Այստեղ նրան տեղեկացնում են, որ Սիմեոն Երևանցին հրամայել է չընդունել և չօժանդակել իրեն։ Համոզվելով, որ Արցախում ևս կատարում են կաթողիկոսի այդ հրամանը՝ Էմինը որոշում է վերադառնալ Ռուսաստան։ Սակայն լսելով,Խոյի ու Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են տասնութ հազար զինվոր տրամադրել իրեն՝ Էմինը ճանապարհվում է Խոյ։ Չունենալով պահանջվող գումարը` նա չի կարողանում զորք վարձել։ Այսքանից հետո նա 1770 թ. վերադառնում է Հնդկաստան։

Մահացել է 1809 թ.-ին ու թաղվել է Կալկաթայում։

Իր կյանքի պատմությունը Հովսեփ Էմինը գրի է առել 1792 թվականին Լոնդոնում տպագրված «Հայազգի Հովսեփ Էմինի կյանքը և արկածները, որը ինքն է գրել անգլերեն լեզվով» («The Life and Adventures of Joseph Emin an Armenian, written in English by himself») գրքում:

(Հանրագիտարանից)

--------------------------------------------

09.05.2023/ Լիանա Փիրումյան/Նիդ.օրագիր

ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԸ ՀՆԴԿԱՍՏԱՆՈւՄ


Մայիսի 9-ը հաղթանակի և խաղաղության տոնն է։ Հայ ժողովրդի համար այն եռատոն է, քանի որ նշանավորվում է Երկրորդ Համաշխարհային պատերազմում տարած հաղթանակին հայ ժողովրդի նվիրական մասնակցությամբ, Շուշիի ազատագրմամբ և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծմամբ:
Մայիսի 9-ին, Կալկաթայի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Հոգեհանգստյան կարգ՝ Երկրորդ Համաշխարհային և Արցախյան պատերազմներում հերոսաբար զոհված հայ զինվորների ու զորավարների հոգիների խաղաղության համար։
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում «Հայոց պատմություն» և «Հայ եկեղեցու պատմություն» առարկաների ուսուցչուհի տիկին Լիանա Փիրումյանը ներկայացրեց «Հաղթանակի եռատոն» խորագրով բանախոսություն՝ սահիկաշարի ուղեկցությամբ։ Մանրամասն անդրադառնալով տոնի խորհրդին ու նշանակությանը՝ բանախոսը պատմական ակնարկ կատարեց 1941-1945 թթ․-ին, Երկրորդ Համաշխարհային պատերազմում Խորհրդային միության հաղթանակին հայերի մասնակցության և անուրանալի ներդրմանը, ինչպես նաև՝ կաթողիկոսական տեղապահ Տ․ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանի (հետագայում՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գևորգ 6-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոս) օրհնությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ցուցաբերած մեծ աջակցությանը։
31 տարի առաջ, մայիս 9-ին՝ ժամը 2:30-ին, սկսվեց և վաղ առավոտյան ավարտվեց հայոց պատմական բերդաքաղաք Շուշին թշնամուց ազատագրելու՝ գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանի՝ խիստ գաղտնի պայմաններում մշակած գործողությունների ծրագիրը, որն ստացավ «Հարսանիք՝ լեռներում» անվանումը։
1992 թվականից սկսած՝ մայիսի 9-ը պաշտոնապես տոնվում է նաև որպես Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստեղծման օր, որով միավորվեցին 1990 թվականից գործող անջատ, ինքնապաշտպանական ռազմական միավորումները։
Բանախոսության ավարտին հնչեց «Շուշիի ազատագրման երգը» ( խոսք՝ Էդգար Էլբակյանի, երաժշտությունը՝ Գուսան Հայկազունի)՝ ճեմարանի շրջանավարտներ Ավետիս Սարգսյանի և Նարեկ Քամալյանի երաժշտական հիանալի կատարմամբ։
Լիանա ՓԻՐՈՒՄՅԱՆ
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի
«Հայոց պատմություն» և «Հայ եկեղեցու պատմություն» առարկաների ուսուցչուհի
Հատուկ «Նիդերլանդական օրագրի » համար
Կալկաթա, Հնդկաստան




https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid02YVFTwhrpNmvPQeG3JE545nFm7oj6sRdzBxWe5ot5DNZ6nnSsmVbgJKxd4eAYEKenl


Все реакции