The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 30 November 2019

ՍԵՐԲԻԱ. Հակահայկական քարոզչությանը պատասխանել է դեսպան Աշոտ Հովակիմյանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 30 2019

Սերբիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Հովակիմյանը /նստավայրը՝ Պրահա/  սերբական «Դանաս» օրաթերթում հոդված է հրապարակել: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն, հոդվածը կրում է «Հակահայկական քարոզչության ամենագռեհիկ մի տեսակ» խորագիրը:
Ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունը.
«2019թ․ նոյեմբերի 8-ին «Դանաս» օրաթերթում հրատարակված «Հակաթուրքական և հակաադրբեջանական քայլ» խորագրով հոդվածի կապակցությամբ, որի հեղինակը ներկայացել է որպես «իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Էլդար Հասանով».
  1. Պարոն Հասանովը, որն ի դեպ Սերբիայի Հանրապետությունում (և համատեղությամբ նաև Բոսնիայում և Հերցեգովինայում և Չեռնոգորիայում) Ադրբեջանի դեսպանն է, անհայտ պատճառներով որոշեց ներկայանալ որպես գիտնական: Գուցե այս քայլով նա ցանկանում էր իրեն ցուցադրել որպես օբյեկտիվ և անկողմնակալ հետազոտող, թեև դա նրան միանշանակ չի հաջողվել: Նրա ամբողջ հոդվածը ադրբեջանական պաշտոնական հակահայկական քարոզչության ցայտուն օրինակներից մեկն է՝ լի ստով, հնարանքներով և աբսուրդ հայտարարություններով: Ենթադրում եմ, որ պարոն Հասանովին ավելի հարմար էր ներկայանալ որպես «իրավագիտության դոկտոր», քան գործող դեսպան, որպեսզի ավելի հավաստիորեն ներկայացնի ոչ միայն ադրբեջանական քարոզչության դրույթները, այլև ստանձնի այլ երկրի՝ Թուրքիայի շահերի պաշտպանի դերը: Կարիք չուներ դա անելու, քանի որ առանց այդ էլ լավ հայտնի է, որ երկու երկրները վարում են ընդհանուր արտաքին և ռազմական քաղաքականություն, հատկապես, եթե խոսքը գնում է Հայաստանի, Արցախի, Հայոց ցեղասպանության ժխտման, նորաստեղծ պատմության կերտման, ատելության և, պարզապես, անիմաստ թեզերի տարածման մասին:
«Դոկտոր պրոֆեսորը» հստակորեն գերազանցեց «դեսպանին»:
  1. Պարոն Հասանովի հոդվածը լի է պրիմիտիվ ստերով, և ժամանակի կորուստ կարելի է համարել ամեն մի ստի առանձին-առանձին պատասխանելը: Սակայն իր զայրույթի և ատելության մեջ «դոկտորը» գերազանցում է ինքն իրեն: Մնում էր միայն, որ գրեր, թե մեծ Հայկական կայսրությունը դարերով ճնշում էր թուրքերին և ադրբեջանցիներին, մտել էր Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, պարտվել էր այդ պատերազմում և ցեղասպանություն և սպանդ էր իրագորեծել խեղճ և անզոր թուրքական բնակչության նկատմամբ՝ Սիրիայի անապատներ վտարելով ողջ մնացած թուրքերին և ադրբեջանցիներին:
Եվ այդ գործում, հատկապես 19-րդ դարում, հայերին էին աջակցում սերբերը, չեռնոգորցիները, հույները, բուլղարացիները, ասորիները, իսկ ավելի ուշ՝ կիպրոսցի հույները, քրդերը, եզդիները և այլն: Հասկանալի է, որ մի հրեշտակային էակ, որն «Աստծո օգնությամբ պայքարում է ճշմարտության համար» և որը անցյալ դարի 80-ականների վերջին և 90-ականների սկզբին՝ մինչև պրոֆեսոր/դեսպան դառնալը, բարձրագույն դիրքեր էր զբաղեցնում Ադրբեջանի ոստիկանությունում և գլխավոր դատախազությունում, և որն անձամբ էր պատասխանատու այն ամենի համար, ինչ իրականացվում էր հայերի նկատմամբ Ադրբեջանում և Արցախում, իր հիշողությունից ջնջել է Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում հայերի կոտորածները:
Ավելին, նա վստահորեն ողջունում է «փառավոր» ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, որը ռազմադաշտ էր գտել Բուդապեշտում ՆԱՏՕ-ի հանրակացարանում, որտեղ ոչ պակաս «փառավոր» «Իսլամական պետության» ոճով կացնահարեց քնած հայ սպային, հետո ցմահ դատապարտվեց, սակայն պրոֆեսոր/դեսպանի գործընկերների մութ գործարքների շնորհիվ, այդ «խեղճ» տղան ոչ միայն հայտնվեց Ադրբեջանում ազատության մեջ, այլևս վայելում է ազգային հերոսի կարգավիճակ: Հանուն ճշմարտության համար պայքարող մեր մարտիկին վստահորեն հաճո էր 2016թ. ապրիլը, երբ Թալիշ գյուղում ադրբեջանական հատուկ ջոկատայինները ոճրագործություն էին իրականացնում անզեն հայ տարեց մարդկանց նկատմամբ:
Երկու եղբայրական ժողովուրդների անունից պրոֆեսոր/դեսպանը ծանր մատով է թափ տալիս. «դուք, հայերդ, մեզանից, թուրքերից, պահաջում եք ցեղասպանության ճանաչո՞ւմ: Ոչ միայն չենք ճանաչի այն իրական ցեղասպանությունը, որն իրականացրել ենք, այլևս մենք էլ ձեզ կհրամցնենք 2 միլիոն թուրքերի և 2,5 միլիոն ադրբեջանցիների ցեղասպանություններ»: Որքան մեղք են Դանաս թերթի ընթերցողները:
  1. Եվ  վերջինը: Նման հոդվածները ոչ մի կերպ չեն նպաստում մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորմանը:
Ատելության քարոզչության և հայտնի պատմական փաստերի ժխտման փոխարեն, ադրբեջանական և թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների այն պնդումների փոխարեն, թե Հայաստանը խանգարում է թյուրքական ժողովուրդների միասնությանը և թե Հայաստանի Հանրապետությունը, ներառյալ նրա մայրաքաղաք Երևանը պետք է գոյություն չունենան, քանի որ հանդիսանում են «պատմական Ադրբեջանի մաս», ավելի լավ կլիներ, որպեսզի պաշտոնական Բաքուն և նրա հետ միասին նաև պաշտոնական Անկարան, և բոլոր պրոֆեսորներ/դեսպանները և դեսպաններ/պրոֆեսորները ընդունեն Հայաստանի վարչապետի առաջարկը՝ գտնելու խաղաղ փոխզիջումային հանգուցալուծում, որը լավագույնս կհասցեագրեր Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների շահերը:
Աշոտ Հովակիմյան
Հայաստանի Հանրապետության դեսպան Չեխիայի Հանրապետությունում, Սերբիայի Հանրապետությունում, Սլովենիայի Հանրապետությունում, Չեռնոգորիայում (նստավայրը՝ Պրահա)
Սլավոնագիտության  դոկտոր (որպեսզի հարցեր չառաջանան)»:

Tuesday 26 November 2019

«Օտար, ամայի ճամփեքի վրա» ծրագիրը կրկին անդրադարձել է Նիդերլանդներին



«Օտար, ամայի ճամփեքի վրա» ծրագիրն այս անգամ Նիդերլանդներին նվիրված 3 ֆիլմ է թողարկել: Նախ երկու մասով անդրադարձել է Ամստերդամին, հետո` պատմել է Հաագայի մասին: Ֆիլմերում մեկնաբանություններով հանդես է եկել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը: Հիշեցնենք, որ «Օտար, ամայի ճամփեքի վրա» ծրագիրը նախկինում էլ է հաղորդումներ պատրաստել` նվիրված Նիդերլանդներին ու  հայ համայնքին:
Ընթերցողին ենք ներկայացնում Նիդերլանդների մասին պատմող վերջին երեք ֆիլմերը:

Օտար, ամայի ճամփեքի վրա. Հոլանդիա, Ամստերդամ (մաս 1)


Մաս 2


Օտար, ամայի ճամփեքի վրա. Հոլանդիա, Հաագա (մաս 3)

Օտար, ամայի ճամփեքի վրա. Նիդերլանդներ, Մաաստրիխտ




Տոնվել է Ամստերդամի «Սուրբ Հոգի» պատմական եկեղեցու վերաբացման 30-ամյակը






Նոյեմբերի 24-ի կիրակի օրը Ամստերդամում տոնվել է «Սուրբ Հոգի» հայ Առաքելական պատմական  եկեղեցու վերաբացման 30-ամյակը` այդ մասին տեղեկացնում է եկեղեցու ֆեյսբուքյան էջը:
Միջոցառմանը ներկա են եղել Նիդերլանդներում  ՀՀ դեսպան, Նորին Գերազանցություն Տիգրան Բալայանը , արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Վատիկանում հայ եկեղեցու ներկայացուցիչ, գերաշնորհ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան Ամերիկայի թեմի  առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանը, այլ պատվավոր հյուրեր:
Սուրբ պատարագի ընթացքում նախաձեռնվել են  երեք նոր սրբապատկերների  տեղադրում և օծում զոհասեղանի վերևում:  Այս սրբապատկերները  նկարվել են Հայկ Սարկավագ Ազարյանի կողմից`հատուկ եկեղեցուն նվիրաբերելու  համար: Սուրբ Պատարագի տոնակատարության վերջում հանդիսությանը միացան Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Արքեպիսկոպոսները օրհնեցին երեխաներին կիրակնօրյա դպրոցի 5-ամյակի կապակցությամբ:

2008 թվականից ի վեր  Եկեղեցու շենքը  մանրակրկիտ վերակառուցման է ենթարկվել` սկսած պատերի ներսի  ու արտաքին  հատվածներից մինչև  հիմքը: Վերջերս ավարտվել է  պատուհանների վերանորոգումը և շրջանակների դրսի ներկման աշխատանքները: Եկեղեցին Նաև ներսից է գեղեցկացել` խոսքը գնում է եկեղեցական նստատեղերին, մկրտության ավազանին, ներքին ձևավորումներին: Բոլոր մանրամասնությունների մասին հրապարակվելու է առաջիկայում` եկեղեցու կայքում և ֆեյսբուքյան էջում:
Ամստերդամում գտնվող «Սուրբ Հոգի» եկեղեցին պատմական մեծ արժեք ունի, այն Արևմտյան Եվրոպայի առաջին հայկական եկեղեցին է, առաջին անգամ իր դռները բացել է 1714 թվականին : 1989 թվականի նոյեմբերի 29-ին Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Գյուտ Արքեպիսկոպոս Նագգաշյանի ձեռամբ վերաօծվել է, իսկ սկսած 2008թվականից` հիմնովին վերանորոգվել է:
Ընդհանրապես Ամստերդամում հայերի պատմական  ներդրումն անգնահատելի է: Հայերեն լեզվով Աստվածաշունչն առաջին անգամ` ավելի քան 350 տարի առաջ, տպագրվել է Ամստերդամում:
Այսօր վտանգված է Էջմիածնի Մայր տաճարի շենքը և «Սուրբ Հոգի» եկեղեցու անդամները` «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի տնօրեն Վահան Ավագյանի և եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանի նախանձախնդիր ջանքերով պատրաստակամ են միանալ Մայր Եկեղեցու տաճարը փրկելու դրամահավաքի արշավին: Այդ մասին եկեղեցու խնամակալները հանդես կգան լրացուցիչ բացատրություններով: Սուրբ Հոգի եկեղեցու ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
« Մենք աղոթում ենք Աստծուն և խնդրում` Երկնային Հայր, պահպանիր մեր եկեղեցիները խաղաղության մեջ. Ամեն»:

NID.Oragir

https://www.facebook.com/Armeens-Apostolische-Kerk-SURP-HOKI-Amsterdam-240372692698949/
Telefonisch: +31 (0)206201107
E-mail: info@armeensekerk.org
IBAN: NL44 INGB 0005 5965 16









Նիդերլանդներում ցուցադրվում են Հայկական գինիներ



Նոյեմբերի 23-ին Ռոտեդրամի սրտում գտնվող Design Studio Armeni նորաձևության սրահում տեղի ունեցավ Նիդերլանդներում ՀՀ դեսպանության, Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Royal Beverages (Drinkrituals) ընկերության կողմից կազմակերպած հայկական գինու համտես-շնոհրանդես, որին ներկա էին Ռոտերդամի հյուրանոցների, ռեստորանների և մասնագիտացված խանութների ներկայացուցիչներ, մշակութային և գործարար շրջանակների, հայ համայնքի անդամներ։

Ողջունելով ներկաներին Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Tigran Balayan շնորհակալություն հայտնեց Maison d'Armeni-ի հիմնադիրներին հայկական գինիների համտեսը հյուրընկալելու և հրաշալի մթնոլորտ պարգևելու համար։ «Հայկական կոնյակը հայտնի է ողջ աշխարհում, այժմ մեր նպատակն է նույն համբավը բերել հայկական գինուն, քանի որ այն իր որակական հատկանիշներով կարող է գոհացնել ամենախստապահանջ մարդկանց։ Պատահական չէ, որ 6100 տարվա վաղեմություն ունեցող աշխարհի առաջին գինու արտադրամասը հայտնաբերվել է Հայաստանում», ասաց դեսպան Բալայանը։

Հայաստանի դեսպանի բնորոշմամբ այն փաստը, որ Նիդերլանդներ հայկական գինու արտահանումը մի քանի տարվա մեջ շեշտակիորեն աճել է և անցյալ տարվա տվյալներով կազմում է 15000 շիշ վկայում է, որ կա մեծ ներուժ ու նման միջոցառումները նպաստում են այդ ներուժի բացահայտմանը։

Այնուհետև Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի միջազգային կապերի վարչության ղեկավար Լիանա Աբելյանը ներկայացրեց Հայաստանում գինեգործության պատմությունը, գինեգործության տարածաշրջաններն ու գինու տեսակները։
Ջազի հնչյունների ներքո հայկական գինու համտեսի մասնակիցները հնարավորություն ունեցան այն օգտվելու հայկական խոհանոցի խորտիկներով։

 Էստաֆետն ընդունել է Հաագան: Նոյեմբերի 25-ին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հայկական գինիների շնորհանդես  տեղի ունեցավ Հաագայի Crown Plaza հյուրանոցում ։
Հայկական գինիների շքահանդեսը Նիդերլանդներում շարունակվում է:




Saturday 23 November 2019

Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ


 Այս նյութը գրվել է Ամատունիների իշխանական տոհմի մասին  նախագծի շրջանակներում.

Իշխան Նիկոդիմոս Ամատունի.Ռուսաստանի ազգագրական թանգարանը (1914)


Ներկայիս Ռուսաստանի ազգագրական թանգարանը  նախկինում  մինչև` 1917 թվականը կրել է «Կայսր Ալեքսանդր III-ի ռուսական թանգարան» անվանումը:

Ալեքսանդր 3-րդ
 Թանգարան ստեղծելու գաղափարը` ներկայացնել Ռուսաստանի կայսրությունում բնակվող ժողովուրդների մշակույթի  բազմազանությունը, պատկանել է  կայսեր Ալեքսանդր III-ին (1845-1894):  Նրա մահից հետո այն կյանքի  կոչվեց 1895-ի  ապրիլի 13-ին(25) կայսերական գերագույն հրամանով ՝ կայսեր Նիկոլայ II-ի (1868-1918) կողմից` ի  պատիվ իր հոր, Ալեքսանդր III- ի  կամքի ու վառ հիշատակի: Ապագա թանգարանը դրվել է խորը գիտական ​​հիմքի վրա: Համալսարանի առաջատար ազգագրագետները, հետազոտողները և գիտնականները ներգրավված էին դրա ստեղծման հայեցակարգի մշակման և հետագա գործունեության մեջ:  Համաձայն կազմակերպիչների ծրագրի, ազգագրական բաժանմունքը պետք է դառնար կենտրոնական պետական ​​ազգագրական հաստատություն ՝ պահպանելով և ուսումնասիրելով Ռուսաստանի ժողովուրդների ազգային կյանքը, մշակույթը և արվեստը:

 Նիկոլայ Բ
Բացի  ազգագրական  և գեղարվեստաարդյունաբերական բաժանմունքից`  թանգարանը ունեցել է նաև Ալեքսանդր III- ի հիշատակի և գեղարվեստական բաժինները: Թանգարանի շենքը կառուցվել է ռուսական նեոկլասիցիզմի ոճով`1902-1913 թվականներին, ճարտարապետ Վ.Ֆ.Սվինինի (1865—1939) նախագծով: Այսպիսով Սամուել Դուդինի  (1863 — 1929)  նախաձեռնությամբ և ղեկավարությամբ ազգագրական բաժանմունքի  հիմնադրման տարեթիվը համարվում է 1895 թվականը: Այն հանրային  այցելությունների համար բացվեց միայն 1923 թվականին:
Ներկայումս Սանկտ Պետերբուրգում գտնվող Ռուսաստանի ազգագրական թանգարանը Եվրոպայում ամենամեծն է:  Այն պահում է Եվրասիայի Ռուսաստանին առնչված 157 ժողովուրդների մոտ կես միլիոն միավոր մշակութային ժառանգություն: Այս հանրաճանաչ թանգարանում ներկայացված իրերն  ընդգրկում և ցույց են  տալիս 19-20-րդ դարերի  սկսած 200 մարդ բնակչություն ունեցող փոքր, վերջացրած` մեծ  բնակչություն ունեցող ազգերի կենցաղը,  տեղական ճարտարապետությունն ու արվեստը,  կյանքը, կրոնը, ծնողներին վերաբերող ավանդույթները:
Թանգարանային ֆոնդի համակարգված ձևավորումը սկսվում է 1902 թվականից `ազգային բնօրինակ իրերի հավաքման և պահպանման համար մշակված հատուկ ծրագրի համաձայն:
ճարտարապետ Վ.Ֆ.Սվինին
Թանգարանի հավաքածուների համալրման առաջին նվիրատուները  եղան Նիկոլայ Երկրորդը և նրա ընտանիքի անդամները, որոնք թանգարանին տրամադրեցին Ռոմանովի դինաստիայի անձնական հավաքածուներից: Կայսր Ալեքսանդր III- ի Ռուսական թանգարանի ազգագրական բաժինը  բավականին հայտնի ռուս քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներից բացի  համալրել  ու արժեքավոր ցուցանմուշներ են տրամադրել նաև անվանի   հայազգի գիտնականներ` Ա.Ա. Լորիս Քալանթարը, Ս.Վ. Տեր-Ավետիսյանը, պաշտոնյա Ն.Ե Ամատունին և ուրիշներ: Վերջինս հետևողականորեն համագործակցել ու ակտիվ աշխատել է  թանգարանի հետ ստեղծման առաջին իսկ օրվանից:

Սա չի վրիպել նույն թանգարանի  Միջին Ասիայի և Կովկասի բաժնի առաջատար գիտնական,  պատմական գիտությունների թեկնածու  Սերգեյ Վասիլևիչ Դմիտրիևի (1957-2013) աչքից: Ամատունին ազգագրական թանգարանի ֆոնդը համալրած ամենաակտիվ մասնակիցներից մեկն է եղել: Դմիտրևը Ամատունու գործունեության  մասին ծանոթացել է 2011 թվականից մինչև իր հանելուկային մահը` 2013 թվականը, երբ անհետ կորավ Ղազախստանի տափաստաններում...
Աշխարհբեկ Քալանթար (1884-1942)

Դմիտրևի ուսումնասիրությունն ավելի շատ վերաբերվում էր ազգագրական թանգարանի ազգագրական բաժնի հավաքածուների պատմությանը, նրա համալրման գործում Ամատունու  ունեցած ներդրմանը:   «Իշխան Ն.Ե.Ամատունին և նրա արշավախումբը Պարսից ծոցում (1904-1907 թթ.)» ուսումնասիրության առաջաբանում, հատուկ շեշտադրությամբ է նշում թանգարանի հետաքրքիր հավաքածուների ձեռք բերման մեջ իշխան Նիկոդիմոս Ամատունու ունեցած ներդրումը: Նա հետևյալն է գրել.  « Ռուսական թանգարանի (ներկայումս ռուսական ազգագրական թանգարան) ազգագրական բաժնի օտարերկրյա ասիական ֆոնդերի ձեւավորման պատմության մեջ շատ հետաքրքիր էջեր կան, որոնք
Սմբատ Տեր-Ավետիսյան (1875-1943)
տարբեր պատճառներով հատուկ ուսումնասիրության չեն արժանացել: Դրանց թվում ամենահետաքրքիրներից մեկն անկասկած Հարավպարսկական հավաքածուներն են, որոնք կապված են իշխան Ամատունու անվան հետ, նրա անունն անհայտ է գիտական աշխարհին»:
Դմիտրիևը Նիկոդիմոս Ամատունուն դասում է այն արևելագետ-տեսաբանների շարքը, ովքեր այս բնագավառում թեև հատուկ գիտական աշխատություններ չեն թողել, բայց իրենց պրակտիկ գործունեությամբ հսկայական ներդրում են ունեցել, նպաստել են Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի ազդեցության ընդլայնմանը: Նրա գործունեության մասին նյութերը պահվում են Պետերբուրգում Ռուսաստանի պետական պատմական արխիվում, իսկ հավաքածոները՝ ազգագրական թանգարանում:
« ... Ազգագրական բաժնի հավաքածուների պատմության համատեքստում մենք հիմնականում հետաքրքրված ենք Ն.Ի. Ամատունու  նավարկությամբ կազմակերպած արշավը Հարավային Պարսկաստան»- իր աշխատության մեջ եզրակացրել է գիտնականը և  ավելացրել.
Ն.Ե. Ամատունու ձեռագրերից

«Ամատունին իր արշավի հաշվետվություններին կցել էր  «Պարսկաստանի քաղաքական վիճակը» նկարագրող փաստաթուղթ, որտեղ նա արտահայտել էր իր վերաբերմունքը Իրանում տեղի ունեցող բարեփոխումների շուրջ: Բացի այդ, Ամատունին փոխանցեց իր կողմից Հարավային Պարսկաստանում հավաքագրած նյութերը Ալեքսանդր Երրորդի ռուսական թանգարանի ազգագրական բաժնին: 1906թ. հոկտեմբերի 28-ին հայտնի արևելագետ Կ.Ինոստրանցևը, ով ղեկավարում էր Կովկասի և Միջին Ասիայի շրջանի ազգագրական բաժինը,Ամատունու  ձեռագրերը ներկայացրեց բաժինների խորհրդի նստաշրջանի, որոնք նկարագրում էին Պարսկաստանի բնակչության նյութական մշակույթը: Նա հայտնեց, որ բացի ազգագրական հավաքածուն, որ Ամատունին հավաքագրել է ազգագրական բաժնի միջոցներով, կա նաև Ամատունու սեփական միջոցներով 250 առարկայից կազմված հավաքածուն: Նոյեմբեր ամսին այդ իրերը դիտարկվել են խորհրդի անդամների կողմից և արժեվորվել են որպես թանգարանային  նմուշներ: Հավաքածուն կազմված էր տղամարդու, կանացի, մանկական հագուստի, կաշեգործության գործիքների, ճանապարհին օգտագործվող ծխելու պարագաների, սեղանի ճանապարհորդական պարագաների, ընտանի կենդանիների լծասարքերի տարբեր տեսականիներ:Հավաքածուն ներկայացված էր անձամբ Ամատունու կողմից:  Իրանական տերմինաբանությունը ճշտվել էր գրանցման ժամանակ` հայտնի արևելագետ Ա.Ն.Սամոյլովիչի կոմից » :



Հիշեցնենք, որ 1934-ին ազգագրական թանգարանը դարձավ ինքնուրույն ու կոչվեց` ազգագրության պետական ​​թանգարան: 1948-ի օգոստոսին, Մոսկվայում ԽՍՀՄ ժողովուրդների թանգարանի հավաքածուները հանձնելուց հետո, այն վերանվանվեց ԽՍՀՄ ժողովուրդների ազգագրության պետական ​​թանգարան: 1992 թվականից ՝ Ռուսաստանի ազգագրական թանգարան (SEM):

Հաջորդ անգամ մանրամասը կանդրադառնամ Դմիտրևի ու նրա` «Իշխան Ն.Ե.Ամատունին և նրա արշավախումբը Պարսից ծոցում (1904-1907 թթ.)»  աշխատությանը:

Hay Azian

ՈՒշադրություն
Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող այս նախագծը նպատակ ունի սփյուռքի և Հայաստանի մեր ընթերցողներին ծանոթացնել հայ ազնվական դասին, բացահայտել նրանց մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Նախագծի իրականացման համար պահանջվում է ժամանակ և միջոցներ` տեղային ու արխիվային ուսումնասիրությունների համար: Առանձին ուսումնասիրություններ ծախսատար են (օրինակ` Նիկոդիմոս Ամատունու մասին, ծնվել է Օշականում, ապրել և աշխատել է Վրաստանում, Ռուսաստանում : Նրա աճյունը գտնվում է Փարիզում` ամփոփված է ռուս նշանավոր գործիչների կողքին:

Ամատունիների իշխանական տոհմի մասին  «Նիդերլանդական օրագրի» նախագծի այլ հոդվածները

Ամատունիների շառավիղները

Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Իշխան Նիկոդիմոս Ամատունու կենսագրությունից (1903-1913)

Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում

Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում

Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված

Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին


Թեմային առնչվող այլ նյութեր`
Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից

Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին

Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է
Հոդվածի այլ հղումներ.

ԺԱՄ (ռուս.)

Thursday 21 November 2019

Սփյուռքում առաջին անգամ կանցկացվի «Մեղու» հայերենի մրցույթը




 Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակից (Diaspora High Commissioner's Office) տեղեկացնում են, որ արտերկրի հայ գաղթօջախներում առաջին անգամ կանցկացվի «Մեղու» հայերենի մրցույթը: Նոյեմբերի 23-ին Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում հայ երեխաները կմրցեն հայերենի վերաբերյալ իրենց գիտելիքներով: «Այբ» կրթական հիմնադրամն այս մրցույթով նպատակ ունի մեծացնելու հայոց լեզվի նկատմամբ սփյուռքահայ երեխաների հետաքրքրությունն ու սերը, նպաստելու սփյուռքում հայապահպանությանը, ազգային արժեքների և մայրենի լեզվի պահպանմանը։ 

[ENG] 🐝📚For the first time, the Ayb Educational Foundation is launching the “Meghu” (“Bee”) Armenian Language Contest in the Diaspora. On November 23rd, Armenian children in Georgia, Iran, Russia and the US will compete with their knowledge of Armenian. The aim of the contest is to promote interest and love for the Armenian language amongst children in the Diaspora, contribute to the preservation of the Armenian identity, and promote national values.
While registration for Georgia, Iran and the US has now been completed, 3-12th graders residing in Moscow can still register by contacting meghu@ayb.am by November 20th.


Հիմնվելով «Կենգուրու» և «Ռուսական արջուկ» մրցույթների անցկացման բազմամյա դրական փորձի վրա` «Այբ» հիմնադրամը ստեղծել և 2014 թվականից Հայաստանում և Արցախում անցկացնում է «Մեղու» հայերենի մրցույթը, որի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել հայոց լեզվի հանդեպ, այն առավել գրավիչ դարձնել երեխաների համար, զարգացնել նրանց լեզվամտածողությունը և լեզվագիտական ունակությունները, օգնել աշակերտների ներուժի բացահայտմանը և ինքնադրսևորմանը, նպաստել հայոց լեզվի զարգացմանն ու տարածմանը: 6 տարիների ընթացքում «Մեղուն» ունեցել է 232.000-ից ավելի մասնակից՝ ամբողջ Հայաստանի և Արցախի 1001 դպրոցներից։

Հաշվի առնելով նախորդ տարիներին «Մեղու»-ի գրանցած հաջողությունները և հիմնվելով «Այբ» կրթական հիմնադրամի առաքելության վրա՝ մենք սկսում ենք «Մեղու» մրցույթի միջազգայնացման փորձնական ծրագիրը՝ մրցույթը հասանելի դարձնելով սփյուռքում ապրող մեր հայ երեխաների համար։ «Այբ»-ը «Մեղու»-ի միջազգայնացմամբ  նպատակ ունի իր գաղափարները և կրթական նախաձեռնությունները տարածելու նաև Հայաստանի և Արցախի սահմաններից դուրս։

 Հայոց լեզուն հիմնարար միջոց է հայապահպանության համար: Մենք հավատում ենք, որ «Մեղուն» հենց այն նախաձեռնություններից է, որը, նպաստելով մայրենիի նկատմամբ հայ երեխաների հետաքրքրության աճին, կամրապնդի նրանց կապը հայրենիքի հետ։ Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո սփյուռքում լավագույն արդյունքներ արձանագրած երեխաների համար «Այբ» կրթական հիմնադրամը մտադիր է կազմակերպել ճանաչողական այց Հայաստան։



Wednesday 20 November 2019

Տիգրան Բալայան` Հաագայում ՀՀ դեսպան. «Հայաստանը բացօթյա թանգարան և ուխտագնացության վայր է»

Այս վերնագրով հրապարակվել է  Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանի հարցազրույցը   ընթերցողի լայն շրջաններին հայտնի  «Nederlands Dagblad» հանդեսին:  Այն լույս է տեսել նոյեմբերի 19-ին` թերթի առցանց և տպագիր տարբերակներով: Ներկայացնում ենք նյութի հայերեն թարգմանությունը:




Հոլանդիան հավանաբար հաջորդ տարի դեսպանություն կունենա Հայաստանում ՝ աշխարհի ամենահին քրիստոնյա ժողովուրդը և Կովկասում միակ երկիրն  առանց Հոլանդիայի ներկայացուցչության է: Դեսպանատան բացումը շատ կարևոր է, ասում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանը: «Հայաստանը ժողովրդավարական կղզի է ավտորիտար երկրների ծովում»:

ՀԱԱԳԱ
Հայ դիվանագետ Տիգրան Բալայանին (42 տարեկան), անցյալ տարի առաջարկել էին դեսպան նշանակել. «Երբ ցանկում տեսա Հաագան, արագ համաձայնությունս տվեցի»:

Նա հավատում է Նիդերլանդներին, Բալայանն այդ մասին դեսպանատան իր աշխատասենյակում խանդավառությամբ է բարձրաձայնում: Դիվանագետը տարիներ շարունակ այդ ուղղությամբ աշխատանքներ է տարել հայրենի երկրում: Մասամբ նրա շնորհիվ ավելի քան տասը տարի առաջ Նիդերլանդներում Հայաստանի հյուպատոսություն բացվեց, հետո արդեն 2011-ին՝ դեսպանատուն:

Անցյալ տարի դեսպան դառնալուց ի վեր Բալայանը ակտիվորեն քարոզում, աշխատում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում Նիդերլանդների դեսպանատուն բացելու համար: Այժմ Հայաստանին ամենամոտ նիդերլանդական եռագույնը ծածանվում է հարևան Վրաստանում՝ դեսպանության շենքին: Եթե իրագործվի Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կոալցիոն կուսակցությունների առաջարկությունը, ապա իրավիճակը մի քանի ամիսների ընթացքում կփոխվի:

 Հինգշաբթի ChristenUnie-ի, CDA- ի, D66- ի և VVD- ի պատգամավորները լրացում առաջարկեցին արտաքին գործերի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Այս բյուջետային փոփոխությունը հնարավորություն կտա 2 միլիոն եվրո տրամադրել Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան բացման ծախսերի համար:

 «Դեսպանատան միջոցով մենք ուզում ենք աջակցել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը», - պարազբանում է ChristenUnie- ի պատգամավոր Ջուլ Ֆորդևինդը: «Դա խրախուսանք է ներկայիս կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում, օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը ամրապնդելու ճանապարհին։»


Պատմական կապեր

Բալայանը վերջին մեկ տարվա ընթացքում հաճախ է շփվել Ֆորդևինդի և խորհրդարանի մյուս պատգամավորների` ներառյալ CDA-ի անդամներ Պիտեր Օմտզիխտի և Մարտին ֆան Հելֆերտի հետ: «Կոալիցիայի այս առաջարկը դրական քայլ է: Մենք ունենք դարերի խորքից եկող պատմական կապեր, որոնք միայն ավելի կուժեղանան, երբ Երևանում դեսպանատուն բացվի»:


-Կոալիցիոն կուսակցությունների ներկայացրած փոփոխություններում աջակցություն է հայտնվում Հայաստանում ժողովրդավարական նորացմանը: Դեսպանատան ներկայությունը հանդիսանալու՞ է կարևոր քաղաքական գործոն:

 «Այո, շատ կարևոր: Անցյալ տարվանից ի վեր Հայաստանի կառավարությունը իրականացնում է տնտեսական և քաղաքական խոշոր բարեփոխումներ: Մենք ապացույց ենք, որ երկիրն առանց մի կաթիլ արյան կարող է անցում կատարել դեպի ժողովրդավարական հասարակություն: Իհարկե մեր տարածաշրջանում, որը տեսել է բռնություններ և ցեղասպանություն, դա ակնհայտ չէ: Հայաստանը ժողովրդավարական կղզի է ՝ շրջապատված ավտորիտար երկրներով. Արևելքում ՝ Ադրբեջանն է, իսկ արևմուտքում ՝ Թուրքիան: Ահա թե ինչու է կարևոր, որ Նիդերլանդները `մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում աշխարհի առաջատար երկիրը, աջակցեն մեզ իր ներկայություն ապահովելով մեր երկրում»:

-Նիդերլանդներն ու Հայաստանը միմյանց առաջարկելու որևէ բան ունե՞ն:

«Անկասկած, վերցնենք տուրիզմը. Այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստան այցելած հոլանդացի զբոսաշրջիկների թիվը աճել է 40 տոկոսով: Մի գեղեցիկ պատմություն ներկայացնեմ. Վերջերս հոլանդացի զբոսաշրջիկների բախտը բերեց, երբ անծանոթ մի տղամարդ բարձրացավ նրանց տեղափոխող երկհարկանի ավտոբուս: Նա վերցրեց խոսափողը և ասաց. «Հարգելի հյուրեր, ես Հայաստանի վարչապետն եմ և ձեզ այսօր կուղեկցեմ Երևանի տեսարժան վայրերով»: Դրանից հետո վարչապետը նրանց հրավիրեց իր աշխատավայր գինի համտեսելու համար: Իհարկե, բոլոր զբոսաշրջիկները ցանկություն հայտնեցին շուտով կրկին վերադառնալու »:

-Ի՞նչ են տեսնում Հայաստանում զբոսաշրջիկները քրիստոնեական պատմության մասին:

«Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ` յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար, բայց քրիստոնյաների համար դա իսկական ուխտագնացության վայր է: Հայաստանը աշխարհում առաջին պետությունն է, որ 301թ. քրիստոնեությունը դարձրեց պետական կրոն: Այն վեց դարերի ընթացքում, երբ Հայաստանն անկախ պետություն չէր, Հայ առաքելական եկեղեցին և դարերից եկած մեր այբուբենն ու լեզուն այն երկու ինստիտուտներն էին, որոնք պահպանեցին մեր ինքնությունը: Երբևէ կառուցված ամենահին եկեղեցիները Հայաստանում են, և Հայաստանում կան Հիսուս Քրիստոսի հետ կապված մասունքներ, ինչպիսիք են Գեղարդը, որով խոցվեց Հիսուս Քրիստոսի խաչելության ժամանակ: Դուք կարող եք տեսնել Հայաստանում քրիստոնեության հետ կապված ողջ պատմությունը»:

-Հայաստանը սահմանակից է Թուրքիային և Իրանին, իսկ հյուսիսում կանգնած է Ռուսաստանը: Ի՞նչ է կարող է հետաքրքրել Նիդերլանդներին զբոսաշրջությունից բացի: 

«Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ է և, հետևաբար, հսկայական շուկաների դարպաս: Միջազգային առևտուրը ներկայումս բնութագրվում է տնտեսական պատժամիջոցներով, ինչպես, օրինակ, Եվրոպական միության և Ռուսաստանի միջև: Բայց եթե Հայաստանում ձեռներեցները ապրանք են արտադրում, ապա նրանք կարող են դրանք արտահանել Ռուսաստան ՝ ներմուծման 0,0 տոկոսով: Եվ մի մոռացեք հսկայական իրանական շուկան, որի հետ ԵԱՏՄ-ն ունի ազատ առեւտրի պայմանագիր»:

Նիդերլանդներն են որոշել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել, իսկ Իրանն էլ իր խնդիրներն ունի:
«Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ լավ են գոնե միայն այն պատճառով, որ այնտեղ 2,5 միլիոն հայ է ապրում: Ես ի գիտություն եմ ընդունում հոլանդացիների դիրոքորոշումը, բայց ես իրավասու չեմ մեկնաբանելու՝ ընդունում եմ դրանք, թե՝ ոչ։


-Դուք խոսեցիք մի տարածաշրջանի մասին, որը բնութագրվում է բռնություններով և ցեղասպանություններով: Նիդերլանդները երբեք չեն ճանաչել ավելի քան մեկ միլիոն հայերի զանգվածային սպանությունը որպես ցեղասպանություն, բայց խոսում է ցեղասպանության «հարցի» մասին: Արդյոք դա ստվեր չի գցում դեսպանատուն բացելու գաղափարի վրա: 

«Թույլ տվեք պարզ լինել. Այդ ճանաչումը լինելու է: Այն, որ մենք դեռ պետք է պայքարենք ճանաչման համար երեսպաշտությո՞ւն է։

Հստակ է, որ Օսմանյան կառավարության կողմից հայերի սպանությունը` ցեղասպանություն է, և կարևոր է դա այդպես անվանելը: Ոչ թե այն պատճառով, որ այդ տերմինը կարևոր է, այլ հետագայում ցեղասպանությունները կանխարգելելու համար: Այդ իսկ պատճառով Հայոց ցեղասպանությունը պետք է նաև ավելի կարևոր տեղ ունենա կրթական նյութերում: Ինչու՞ այդ մասին դպրոցական դասագրքերում այդքան քիչ բան կա, բայց շատ բան ուսուցանում են Շոայի մասին: Կարո՞ղ եք դա երկակի ստանդարտ համարել:

Ճանաչումը կարևոր է երիտասարդությանը տեղեկացնելու կատարված վայրագությունների մասին: Երբ Ադոլֆ Հիտլերը հրամայում էր ոչնչացնել հրեաներին, նա վստահորեն ասաց. «Ո՞վ է այսօր խոսում հայերի կոտորածների մասին»: Դա տեղի է ունենում, երբ մենք մոռանում ենք այդ վայրագությունները: Մենք կարող ենք միայն անցյալից սովորել, եթե ընդունենք անցյալը»:

-Ի՞նչ կարող են սովորել հոլանդացիները Հայաստանից:

«Սա մի ընկալեք որպես բողոք, բայց ՝ մարդկանց միջև փոխադարձ շփումները: Հայաստանում անհավանական է, որ դուք էլեկտրոնային նամակն անպատասխան  թողնենք, կամ ամեն անգամ հետաձգեք նշանակված հանդիպումը: Սա հավասարապես վերաբերում է պետական կառույցներին ու մասնավոր ընկերություններին: Խնդրում եմ ինձ ճիշտ հասկացեք . Հոլանդացիները շատ լավ ու քաղաքավարի մարդիկ են, այստեղ հիանալի է ապրել»:

Թարգ.` Նիդ.օրագիր
------------------------------



Monday 18 November 2019

Սարիղամիշի մերձակայքում թուրքական բանակի ջախջախման 105 տարին




Ամեն ինչ սկսվեց Սևաստոպոլի, Օդեսայի, Ֆեոդոսիայի և Նովոռոսիյսկի վրա 1914թ. հոկտեմբերի 29-ի գերմանա-թուրքական ջոկատի դավաճանական հարձակումից: Նիկոլայ II կայսրը բառացի 3 օր հետո` նոյեմբերի 2-ին պաշտոնապես պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրության դեմ, և նույն օրը կովկասյան ռազմաճակատի զորքերը հատեցին թուրքական սահմանը: Նոյեմբերի 3-ին ռուսական զորքերը գրավեցին Բայազետի ամրոցը, իսկ չորս օր անց ՝ Քեփրի-Կեյսկը:
Կովկասյան բանակի գլխավոր հրամանատարը 78-ամյա կոմս Ի. Վորոնցով-Դաշկովն էր, բայց իրականում բոլոր ուժերը ղեկավարում էր գեներալ Ա.Զ. Միշլաևսկին: Շտաբի պետն էր գեներալ Ն.Ն. Յուդենիչը:
Նիկոլայ 2-րդի ձեռնարկած Թուրքիայի դեմ այս ճակատամարտը վերջին` խորտակիչ հարվածն էր լինելու: Այդ մասին վկայում է պատմությունը: Այդ մասին վկայում են Ցարական պետության մեջ ծառայած հայազգի գործիչները (նրանցից` գեներալ Թովմաս Նազարբեկովը, իսկական խորհրդական, իշխան Նիկոդիմոս Ամատունին և մյուսները):
Ռուսաստանը թուրքերից հետ էր վերցնելու Հայաստանի մնացյալ մասը: Այդ ուղղությամբ, ցարի ու նրա բարձր շրջապատում, միշտ շոշափվել էր այդ հարցը ու հարմար առիթ էր ստեղծվել: 1914-16թթ ռուսական բանակի հաղթանակը Երրորդ թուրքական դաշտային բանակի դեմ ծրագրված, մշակված էր ու կասկած չէր հարուցում: Ռուսական բանակի կազմում շատ հայեր կային, ձևավորվել էին ռուսական բանակի մաս կազմող 3-րդ և 4-րդ հայկական կամավորական ջոկատները` Համազասպ Սրվանձտյանի և Արշակ Գավաֆյանի (Քեռի) հրամանատարությամբ:

Այդ ժամանակ իշխան Նիկոդիմոս Ամատունին Կարմիր Խաչի միավորման գլխավոր տնօրինության հյուսիս արևմտյան Ճակատի դաշտային Պահեստի պատասխանատու ղեկավարի պաշտոնից՝ 1916 թվականին նշանակվել էր Գերագույն Խորհրդի Պետրոգրադյան հատուկ հանձնաժողովի Հասարակության բաժնի մշտական անդամ, ավելի սերտ հարաբերություն ուներ ցարական ընտանիքի հետ և հետևում էր իրադարձությունների զարգացմանը: Ամատունին, որն այդ տարիներին ցարական Ռուսաստանի բանակի կազմում էր, շատ առիթներով է բարեկամներին ու իր ընկերներին պատմել, որ թուրքերը մեծամասամբ չեն էլ դիմադրել ռուսական բանակին: Այս պատերազմի մասնակիցների թվում է եղել նրա հորեղբորորդին` Գառնիկ Ավագի Ամատունին (լուսանկարում ձախից առաջինը):
Վավերագրի մեջ հետևյալն ենք կարդում. սկզբում ամեն բան հեշտ չի եղել, 1914 թ. նոյեմբերին կովկասյան բանակը հարձակման է անցել 350կմ շառավիղով: Ռուսներին սկզբում հաջողվել է ճեղքել թուրքական դիմադրությունը, այնուհետև իրենք են հաջողությամբ պաշտպանվել ու հակահարձակման անցնել: Էնվեր փաշան, փորձել է փրկել իրավիճակը, թողնելով Սարիղամիշում ջախջախված 9-րդ և 10-րդ կորպուսի մնացորդներին` միացել ու անձամբ գլխավորել է Կարաուրգանի տակ գտնվող 11-րդ կորպուսը, փորձելով կոտրել ռուս զորքերի առաջխաղացումը: Նրա ղեկավարած այս կորպուսը ևս ռուս զինվորների կողմից լիակատար ոչնչացվել են: Հազարավոր թուրքեր գերի են հանձնվել: Արդյունքում, թուրքական բանակի մնացորդները ստիպված են եղալ նահանջել:

Գեներալ Ն.Ն. Յուդենիչը հրաման է տվել հետապնդել 30-40 կմ հեռավորության վրա գտնվող 3-րդ թուրքական բանակի մնացորդներին, ռուսները դադարեցրել են հետապնդումները, որովհետև հետապնդելու բան էլ չի եղել, գրեթե ոչ ոք չկար. 90,000-րդ թուրքական բանակից 78000 մարդ զոհվեց:

Նիկոլայ II -ը իր օրագրում հետևյալ գրառումն է արել «...Թուրքական ջախջախված զորամիավորումների մնացորդների հետապնդումն ավարտվեց. նրանք քշվեցին սահմանից շատ հեռու. Ահա այսպես ավարտվեց մեր սահմանների ներսում արկածներ փնտրող` իրեն Նապոլեոն Էնվեր Փաշա անվանողի հրամանատարության տակ գործող բանակի շարժը».

3-րդ թուրքական բանակի պարտությունը հիմնական պատճառ, առիթ և պատրվակ հանդիսացավ, որպեսզի թուրքերը` ի դեմս Էնվեր Փաշայի, հայերին մեղադրեն անհավատարմության ու ռուսներին օժանդակելու մեջ: Օսմանյան Թուրքիայի տարածքում իշխանությունների կողմից հայ բնակչությունը ենթարկվեց համընդհանուր հետապնդման և վատ վերաբերմունքի: Ականատեսների վկայությամբ ՝ Սարիղամիշի ճակատամարտից հետո սկսվել են զինաթափված հայերի զանգվածային կոտորածները, որը մաս կազմեց Հայոց Ցեղասպանության:

Ցավոք, ժամանակները բարենպաստ չդասավորվեցին 1917 թ. ձմռանը Ռուսաստանում տեղի ունեցած բոլշևիկների հեղափոխության ու մինչ այդ էլ տեղի ունեցած Ռուսաստանի անկայունության պատճառով: Կանգնեցվեց ռուսական բանակի առաջխաղացումը՝ Արևմտյան Հայաստանում, ապա և քայքայվեց Ռուսաստանի կովկասյան բանակը։ Խառը օրեր էին, անտերության պատճառով ռուս-հայկական զորամիավորումներին պարզապես հրաման տվող չեն ունեցել և զինվորներից շատերը ինքնակամ լքել են ծառայությունը: Հենց այսպես բոլշևիկները տապալեցին Ցարական պետության ծրագրերը: Պետության ղեկն իրենց ձեռքը վերցնելուց հետո թե ինչ արեցին նրանք Հայաստանի հետ` բոլորին է հայտնի:
Օսմանյան III դաշտային բանակը օգտվելով ժամանակի ընձեռած հնարավորությունից 1917-1918 թթ. ընթացքում հետ բերեց բոլոր այն տարածքները, որոնք կորցրել էր ռուսական և հայկական զորքերի հետ 1915-16 թ. մարտերում։ Ավելին՝ արդեն անխուսափելի պարտության եզրին կանգնած օսմանյան կայսրության զորքերը գրավեցին Կարսը, որը ռուսներն ազատագրել էին դեռ 1877 թվականին:
Այնուհանդերձ Սարիղամիշի, Էրզրումի մոտ Թուրքիայի բանակի ջախջախումը կանխեց նրանց մեծապաշտական ցանկության իրականացումը ՝ կառուցելու Մեծ Թուրանի պետությունը՝ Կազանից մինչև Սուեզ, Սամարղանդից ՝ Ադրիանուպոլիս: Այս գաղափարի հիմնական շարժիչ ուժը Թուրքիայի պատերազմի նախարար Էնվեր փաշան էր, որի մուրազը փորում մնաց :)

Լուսանկարներում.
-Սարիղամիշի մարտերում զոհված, կամ ցրտահարված թուրքերը:
-Էնվեր Փաշան:
-Հայ կամավորական ջոկատներից մեկը:
-Նիկոլայ 2-րդը անձամբ է եղել կովկասյան ճակատում ու պարգևատրել զինվորներին:
-Թուրք ռազմագերիներ:
-Հետաքրքիր է, որ Սարիղամիշի պարտության 100 տարվա կապակցությամբ Թուրքիայում շրջանառության է դրվել դրամական միավոր:
-Թուրքիայում կանգնեցված հուշարձան զոհվածներին:
-Այս պատերազմի մասնակիցների թվում է եղել նրա հորեղբորորդին` Գառնիկ Ավագի Ամատունին
-Գեներալ Ն.Ն. Յուդենիչը:
(լուսանկարում ձախից առաջինը):
ՆԻԴ.ՕՐԱԳԻՐ


Էնվեր Փաշան

Հայ կամավորական ջոկատներից մեկը

Նիկոլայ 2-րդը անձամբ է եղել կովկասյան ճակատում ու պարգևատրել զինվորներին

Թուրք ռազմագերիներ

Սարիղամիշի պարտության 100 տարվա կապակցությամբ Թուրքիայում շրջանառության է դրվել դրամական միավոր

Թուրքիայում կանգնեցված հուշարձան զոհվածներին


Սարիղամիշի մարտերի մասնակից, նիկոդիմոսի  հորեղբորորդի` Գառնիկ Ավագի Ամատունին (ձախում)

Գեներալ Ն.Ն. Յուդենիչը

Saturday 9 November 2019

Վիլդերսի ֆեյսբուքյան ուղերձը նիդերլանդացի թուրք պատգամավորներին




Վիլդերսի ֆեյսբուքյան ուղերձը թուրք պատգամավորներին

«Հեռացեք!
Նիդերլանդները լրիվ զզվել է ձեզանից
Վերադարձեք Թուրքիա/Մարոկո և երբեք հետ չգաք».
Այս գրությամբ Նիդերլանդների «Ազատություն» կուսակցության (PVV) նախագահ և խորհրդարանի համանուն կուսակցության խմբակցության ղեկավար, հոլանդացի քաղաքական գործիչ Geert Wilders-ը քիչ առաջ ֆեյսբուքյան ու թվիթերյան իր էջերում ԴԵՆԿ երեք հոգանոց խմբակցության ազգությամբ թուրք պատգամավորների այս լուսանկարն է տեղադրել:

Wegwezen!
Nederland is jullie spuugzat.
Ga lekker terug naar Turkije/Marokko en kom NOOIT meer terug.

#DenkNaDenkWeg #Wegwezen

Վիլդերսը հայտնի է որպես իսլամի քննադատ: Նա հայտնի է նաև Եվրամիության վերաբերյալ իր ակնհայտ դիրքորոշումներով, եվրոյի , ներգաղթի և խոսքի ազատության հարցերով :

DENK-ը հիմնադրվել է Ներկայացուցիչների պալատի երկու թուրք-հոլանդական անդամներ Թունահան Կուզուի (Tunahan Kuzu) և Սելչուկ Օզթյուրքի (Selçuk Öztürk At Çiftliği) կողմից , Լեյբորիստական կուսակցությունից դուրս գալուց հետո 2014-ի նոյեմբերի 13-ին: 2015-ի փետրվարի 9-ին, նրանք իրենց խորհրդարանական խմբին տվեցին Denk անվանումը :
2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Դենկը ապահովեց երեք տեղ ՝ ազգությամբ թուրք Կուզուին և Օզթյուրքին ավելացավ մարոկացի Ֆարիդ Ազարկանը (Farid Azarkan) :
Թեև Նիդերլանդների խորհրդարանը ընդունել է Հայոց Ցեղասպանությունը, խորհրդարանական այս փոքր խմբակցությունը պաշտպանել է Թուրքիայի կառավարության դիրքորոշումը` հարցը թողնելու պատմաբաններին:


Thursday 7 November 2019

«Գլաձոր» ուսանողական երիտասարդական միությունը նոր ղեկավար կազմ ունեցավ




Արդեն 14 տարի է ինչ Նիդերլանդներում  գործում է հայկական  «Գլաձոր» ուսանողական երիտասարդական կազմակերպությունը: Պարտադիր ամեն տարի կազմակերպության ղեկավարության նոր կազմ է ընտրվում: Անցնող  տարիները  եղել են ուսանողական  միության կայացման ու նոր ձեռքբերումների ժամանակաշրջան:  Սա լավագույն  հնարավորություն է ստեղծում, որպեսզի հայ  ուսանողները համախմբվեն մեկ հարկի  ներքո, ի մի
 բերեն իրենց գաղափարները, մտահաղացումները ու նոր ասելիքով   նպաստեն միության կայացմանը: Օրերս 14-րդ  անգամ «Գլաձոր» միության ուսանողները հավաքվեցին նոր` ղեկավար  կազմ ընտրելու համար: Ամիսների երկարատև քննարկումներից հետո և նախկին 13-րդ խորհրդի կազմի մասնակցությամբ ձևավորվեց 14-րդ խորհրդի նորընտիր կազմը: Այն այսպիսին է`


  • Նախագահ (Voorzitter)` Անի Չուկասյան
  • Փոխնախագահ` Արսինե Մարկոսյան
  • Գանձապահ (Penningmeester)` Աշխեն Բակլաչյան
  • Ներքին համակարգող (Interne coördinator)` Արման Ավակյան
  • Արտաքին համակարգող` Ռուբինա Սարգիսյան
  • Քարտուղար` Վերոնիկա Հակոբյան


Նոյեմբերի 15-ին ՈՒտրեխտի սրահներից մեկում ( Vredenburgkade 11, 3511 WC Utrecht, Nederland) տեղի կունենա «Գլաձոր» ուսանողական երիտասարդական միության նոր  ղեկավար կազմի հանդիպումն ու ծանոթությունը միության  բոլոր անդամների հետ: Ինչ խոսք,  հաճելի կլինի Նիդերլանդներում սովորող շատ հայ ուսանողների մասնակցությունը: Սա հրաշալի առիթ է  միմյանց  մոտիկից  շփվելու  և ծանոթանալու համար, նաև հիանալի հեռանկարներ է բացում երկխոսության ու  նոր նախագծերի իրականացման առումով:  Նոր կազմում նախագահ ընտրված Անի Չուկասյանը մեկ տարի է, որ  «Գլաձորի» անդամ է, ու  բացատրում է` թե ինչու է իրեն տեսնում կազմակերպության ղեկավար կազմում:  «Գլաձորի» ֆեյսբուքյան էջում Անին ներկայանալով հետևյալն է գրել.  «Թե ինչու՞ եմ ուզում  նախագահ դառնալ, պայմանավորված է նախկին խորհրդի անդամներով ու անցած տարվա անմոռանալի իրադարձություններով, անշուշտ նաև մարդկանցով, ովքեր հնարավորն  են անում  «Գլաձորի» կայացման գործում: Մտնելով «Գլաձորից» ներս ու մասնակից  լինելով  իրադարձություններին` ավելի մոտեցա իմ ազգային  մշակույթին, պատմությանը և ժողովրդին: Որպես նախագահ ՝  կցանկանամ նույն փորձը կիսել «Գլաձոր» ժամանող բոլոր նոր անդամների ու անծանոթների հետ: «Գլաձորը» մարդկանց միավորում ու համախմբում է ՝ անկախ բնակության վայրից: Այստեղ նոր ընկերներ ես ձեռք բերում ու կերտում գեղեցիկ հիշողություններ, այստեղ այնքան շատ բան կարելի է սովորել կազմակերպվող տարբեր միջոցառումների միջոցով: «Գլաձորը» եզակի ուսանողական կառույց է և ես հպարտ եմ, որ նրա մի մասնիկն եմ...
Հաջորդ տարի հույս ունեմ, որ մենք կարող ենք ընդլայնել այն հարթակը, որը ստեղծվել է տարբեր հայ երիտասարդների համար, որպեսզի նրանք կարողանան ավելի հաճախակի հաղորդակցվել,  զվարճանալ, ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել, ավելին իմանալ մեր մշակույթի մասին, ավելի շատ վայելել երաժշտությունը, ծանոթանալ պատմությանը, ի վերջո  Նիդերլանդներում ստեղծել  մեր փոքրիկ Հայաստանը` հայրենիքի հետ մեր ընդհատված կապը ամբողջացնելու  համար...»:

Արդեն նախանշվում են նոր միջոցառումների կազմակերպչական աշխատանքները` Գլաձորցիները դեկտեմբերին ծրագրել են այցելել Բրյուսել: Առջևում բազմաթիվ անելիքներ կան, սպասվում են նոր անակնկալներ,  հետաքրքիր ու  բազմազան մշակույթային և կրթական  ծրագրեր, հավաքներ,  հավաքույթներ ու տոնակատարություններ։
«Նիդերլանդական օրագրը» շնորհավորում և  բարի  երթ է ասում «Գլաձորի» 2019/2020 թվականների  նորակազմ խորհրդին ու ողջ նիդերլանդահայ ուսանողությանը:
ՆԻԴ. ՕՐԱԳԻՐ

«Գլաձոր» ուսանողական երիտասարդական միության էջերը
ֆեյսբուքյան էջ
Կայք էջ

https://www.facebook.com/asvgladzor/
https://gladzor.nl/