The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday 7 November 2019

«Գլաձոր» ուսանողական երիտասարդական միությունը նոր ղեկավար կազմ ունեցավ




Արդեն 14 տարի է ինչ Նիդերլանդներում  գործում է հայկական  «Գլաձոր» ուսանողական երիտասարդական կազմակերպությունը: Պարտադիր ամեն տարի կազմակերպության ղեկավարության նոր կազմ է ընտրվում: Անցնող  տարիները  եղել են ուսանողական  միության կայացման ու նոր ձեռքբերումների ժամանակաշրջան:  Սա լավագույն  հնարավորություն է ստեղծում, որպեսզի հայ  ուսանողները համախմբվեն մեկ հարկի  ներքո, ի մի
 բերեն իրենց գաղափարները, մտահաղացումները ու նոր ասելիքով   նպաստեն միության կայացմանը: Օրերս 14-րդ  անգամ «Գլաձոր» միության ուսանողները հավաքվեցին նոր` ղեկավար  կազմ ընտրելու համար: Ամիսների երկարատև քննարկումներից հետո և նախկին 13-րդ խորհրդի կազմի մասնակցությամբ ձևավորվեց 14-րդ խորհրդի նորընտիր կազմը: Այն այսպիսին է`


  • Նախագահ (Voorzitter)` Անի Չուկասյան
  • Փոխնախագահ` Արսինե Մարկոսյան
  • Գանձապահ (Penningmeester)` Աշխեն Բակլաչյան
  • Ներքին համակարգող (Interne coördinator)` Արման Ավակյան
  • Արտաքին համակարգող` Ռուբինա Սարգիսյան
  • Քարտուղար` Վերոնիկա Հակոբյան


Նոյեմբերի 15-ին ՈՒտրեխտի սրահներից մեկում ( Vredenburgkade 11, 3511 WC Utrecht, Nederland) տեղի կունենա «Գլաձոր» ուսանողական երիտասարդական միության նոր  ղեկավար կազմի հանդիպումն ու ծանոթությունը միության  բոլոր անդամների հետ: Ինչ խոսք,  հաճելի կլինի Նիդերլանդներում սովորող շատ հայ ուսանողների մասնակցությունը: Սա հրաշալի առիթ է  միմյանց  մոտիկից  շփվելու  և ծանոթանալու համար, նաև հիանալի հեռանկարներ է բացում երկխոսության ու  նոր նախագծերի իրականացման առումով:  Նոր կազմում նախագահ ընտրված Անի Չուկասյանը մեկ տարի է, որ  «Գլաձորի» անդամ է, ու  բացատրում է` թե ինչու է իրեն տեսնում կազմակերպության ղեկավար կազմում:  «Գլաձորի» ֆեյսբուքյան էջում Անին ներկայանալով հետևյալն է գրել.  «Թե ինչու՞ եմ ուզում  նախագահ դառնալ, պայմանավորված է նախկին խորհրդի անդամներով ու անցած տարվա անմոռանալի իրադարձություններով, անշուշտ նաև մարդկանցով, ովքեր հնարավորն  են անում  «Գլաձորի» կայացման գործում: Մտնելով «Գլաձորից» ներս ու մասնակից  լինելով  իրադարձություններին` ավելի մոտեցա իմ ազգային  մշակույթին, պատմությանը և ժողովրդին: Որպես նախագահ ՝  կցանկանամ նույն փորձը կիսել «Գլաձոր» ժամանող բոլոր նոր անդամների ու անծանոթների հետ: «Գլաձորը» մարդկանց միավորում ու համախմբում է ՝ անկախ բնակության վայրից: Այստեղ նոր ընկերներ ես ձեռք բերում ու կերտում գեղեցիկ հիշողություններ, այստեղ այնքան շատ բան կարելի է սովորել կազմակերպվող տարբեր միջոցառումների միջոցով: «Գլաձորը» եզակի ուսանողական կառույց է և ես հպարտ եմ, որ նրա մի մասնիկն եմ...
Հաջորդ տարի հույս ունեմ, որ մենք կարող ենք ընդլայնել այն հարթակը, որը ստեղծվել է տարբեր հայ երիտասարդների համար, որպեսզի նրանք կարողանան ավելի հաճախակի հաղորդակցվել,  զվարճանալ, ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել, ավելին իմանալ մեր մշակույթի մասին, ավելի շատ վայելել երաժշտությունը, ծանոթանալ պատմությանը, ի վերջո  Նիդերլանդներում ստեղծել  մեր փոքրիկ Հայաստանը` հայրենիքի հետ մեր ընդհատված կապը ամբողջացնելու  համար...»:

Արդեն նախանշվում են նոր միջոցառումների կազմակերպչական աշխատանքները` Գլաձորցիները դեկտեմբերին ծրագրել են այցելել Բրյուսել: Առջևում բազմաթիվ անելիքներ կան, սպասվում են նոր անակնկալներ,  հետաքրքիր ու  բազմազան մշակույթային և կրթական  ծրագրեր, հավաքներ,  հավաքույթներ ու տոնակատարություններ։
«Նիդերլանդական օրագրը» շնորհավորում և  բարի  երթ է ասում «Գլաձորի» 2019/2020 թվականների  նորակազմ խորհրդին ու ողջ նիդերլանդահայ ուսանողությանը:
ՆԻԴ. ՕՐԱԳԻՐ

«Գլաձոր» ուսանողական երիտասարդական միության էջերը
ֆեյսբուքյան էջ
Կայք էջ

https://www.facebook.com/asvgladzor/
https://gladzor.nl/

1 comment:

  1. Շատ շնորհակալ ենք Ձեր հաղորդագրության համար: Որպես 14-րդ խորհուրդ, խոստանում ենք այս տարին հիանալի գլաձորյան տարի դարձնել:

    Ani Choekasjan
    ASV Gladzor

    ReplyDelete