The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday 29 September 2017

Հոկտեմբերյան համերգային հագեցված ծրագիր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախությանը


Երեք համերգ Նիդերլանդներում Կոմիտասի անվան քառյակի և «Աշոտ Տիգրանյան մշակութային երաժշտական» հիմնադրամի մասնակցությամբ:


Հոկտեմբերի 5-ին՝ Հաագայի Diligentia թատերասրահում, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարելիցի, Հայաստանի ու Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների
հաստատման  25-րդ ամյակի կապակցությամբ, ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո և աջակցությամբ Նիդերլանդների թագավորությունում, մշակութային ծրագրերի շրջանակներում բազմաթիվ հրավիրված հյուրերի առջև պատիվ կունենա Հայաստանը ներկայացնել աշխարհահռչակ  Կոմիտասի անվան ազգային քառյակը: Այն աշխարհի հնագույն ու յուրահատուկ նվագարաններից է, որը ներկայացնում է փառահեղ ու անմահ, անկրկնելի Կոմիտասի ստեղծագործությունները:

Արդեն հաջորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին, Կոմիտասի անվան ազգային քառյակը հյուրընկալվելու է
Նիդերլանդների մեծ համայնք ունեցող քաղաքներից մեկում Մաստրիխտում: Տեղի Սուրբ Կարապետ եկեղեցում առաջին անգամ հնչելու է ավելի քան 50 երկրներում հյուրախաղերով հանդես եկած քառյակի կատարումները:
Կոմիտասի անվան լարային քառյակը հիմնադրվել է Մոսկվայում 1924 թվականին, տեղի կոնսերվատորիայի հայ ուսանողներ Ավետ Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լևոն Օհանջանյանի (2-րդ ջութակ), Միքայել Տերյանի (ալտ) և Սերգեյ Ասլամազյանի (թավջութակ) նախաձեռնությամբ (ղեկավար Ե. Գուզիկով)։ Հայաստանի կառավարության որոշմամբ 1932 թվականին քառյակին շնորհվել է մեծն Կոմիտասի անունը:
Տարիների ընթացքում Խումբն ավելի ու ավելի է կատարագործել կատարողական վարպետությունը և մեծ ճանաչման հասել աշխարհում: Կայուն և համակուռ այս կոլեկտիվում մեկ գեղարվեստական ղեկավար է փոխվել: Ավետ Գաբրիելյանին փոխարինել է Էդուարդ Թադևոսյանը, որի 70-ամյա հոբելյարն այս տարի նշվեց: Նրան կոլեկտիվ էր հրավիրվել Ավետ Գաբրիելյանը :
Կոմիտաս քառյակը հարուստ տարեգրություն ունի: Դեռ 1934 թվականին քառյակին շնորհվել Է ՀԽՍՀ վաստակավոր կոլեկտիվի կոչում, ստացել է պետական մրցանակներ, բազմաթիվ մրցույթների հաղթող է ու դափնեկիր:
Այժմ քառյակն այսպիսի կազմ ունի. առաջին ջութակն ու գեղարվեստական ղեկավարը , ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և  միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյան է: 2-րդ ջութակ - Սյուզի Երիցյան, միջազգային մրցույթների դափնեկիր,Ալտ - Ալեքսանդր Կոսեմյան, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր,Թավջութակ - Հասմիկ Վարդանյան, միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր:





ani_hayhgf.JPGԱյս գեղեցիկ համերգով սակայն չի սահմանափակվում Մաստրիխտում տեղի ունեցող հոկտեմբեր ամսվա համերգային միջոցառումները: Ինչպես «Նիդերլանդական օրագրին» տեղեկացնում է Մաստրիխտի Անի հայ համայնքի ղեկավար Լևոն Սարգիսը՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 15-ին «Աշոտ Տիգրանյան մշակութային երաժշտական» հիմնադրամը ևս համերգ է ունենալու Մաստրիխտում՝ Սուրբ Կարապետ եկեղեցու սրահում:
Այս հիմնադրամը գործում է Հայաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Համերգներով հյուրախաղերի է եղել մի շարք երկրներում: Հիմնադրամը ստեղծել է 2016թ. United American and Armenian Chamber Orchestra-ն («Հայ-ամերիկյան կամերային միացյալ նվագախումբը»), որի կազմում ընդգրկված են ինչպես հայազգի երիտասարդ շնորհալի, տաղանդավոր երաժիշտներ, այնպես էլ օտարերկրացիներ։
խումբը ղեկավարում է Աշոտ Տիգրանյանը: Նա փորձում է արվեստի ու երաժշտության միջև սկիզբ դնել նոր երկխոսության : Այս նոր ոճը լինելու է հանդիսատեսի հետ շփման նոր հարթակ, որն ապահովվելու է նոր ոճ և ուղղվածություն: Աշոտ Տիգրանյանը երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում , ծնվել է Հայաստանում, սովորել Մոսկվայի պետական կոնսերվատորիայում՝ աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդ Կոգանի դասարանում:
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարելիցի
և Հայաստանի ու Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման  25-րդ ամյակի կապակցությամբ Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքի Սուրբ Կարապետ եկեղեցու սրահում տեղի ունեցող այս երկու միջոցառումների մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:

«Նիդերլանդական օրագիր»


Ani_masx.png

Monday 25 September 2017

Մարտահրավեր սփյուռքահայերին, թե՞ հարված Հայաստան-Սփյուռք կապերին

ԱՆԴՐԱԴԱՐՁ
« Հայկական ժամ »



Շները երբեմն գլուխները բարձրացնում են և կաղկանձախառը հաչում՝ անորոշ, օդի մեջ ու ոչ ոքի վրա: Պարզապես օդը լցվում է ձայնային ազդանշանով: Ժամանակ ծախսեցի վերծանել այս կաղկանձախառը վայրահաչոցը ՝  ապարդյուն, բան չստացվեց:
Անհասցե, անմիտ, անհիմն, փուչ փամփուշտներով, անհասցե կրակոցներ:
ՈՒ՞մ է ուղղված սա.  որոշ սպյուռքահայերի, թե՞ Հայաստան-Սփյուռք կապերին ընդհանրապես... Անորոշ է: Չկա հստակություն: ՈՒ՞մ է ասվում և  ինչու՞ '  չկա հասցեատեր: Թ՞ե ում է տեսնում գրելով «Հայրենիքը վաճառած վիժվացքներ»՝   ևս  անհայտ ծագման  ուղղվածություն ունի: Ո՞ր սփյուռքահայն է, որ  « Տարվա մեջ մի անգամ Հայաստանին 50  ԱՄՆ-ի դոլար  է ուղարկել ու իրեն մեծ բարերար է զգացել » և  դրան ավելացրած ՝ «Հայաստանի տերն ու տիրակալ են իրենց զգացել Հայաստանի անկախության ներքո»  ևս անհայտ է: Հայտնի է , որ  անգամ օդում հնչած անհասցե շան հաչոցը, եթե կոնկրետ չէ'  նշանակում է  զրպարտանք ու զառանցանք:
Բայց սպասեք. անհասցե բացահայտումը ինչ որ եզրեր էլ ունի:  «Հայրենիքն ու կրոնը, ՙՙթրքացած հային՚՚ » բան  կա հիշեցնելու. «պետք է հիշեցնել, որ ինքը արդեն Հայ չէ, այլ օտար երկրներին ծախված նաև Հայաստանում ապրող անհայտ ծագումի դավաճան» , նրանց պետք է ցույց տալ իրենց տեղը, «տեղ որտեղից միայն գարշահոտության հոտ է գալիս այլ ոչ թե Հայրենասիրության…»
Բան հասկացա՞ք: Մտքերի փայլուն կերտվածք ու շարահյուսության ինչպիսի՚ փայլուն ձևակերպում:
 Այնուամենայնիվ այս պատմության  մեջ մի  հայտնի կետ առկա  է ՝   ՏԵՂԸ, որտեղից  գարշահոտության և ոչ թե Հայրենասիրության հոտ է գալիս ՝  հիշեք սա:
Մի  անհասցե ուղերձ էլ «Հայաստանի շահերը օտար երկրների շահերի համար զոհաբերող»  պաշտոնյաներին է ուղղված: Կա  «արդարադատության թուր» և նրանց (պաշտոնյաներին,-Ծանոթ. հեղինակի) մատաղացու գառան պես պետք է զոհաբերել այդ թրի տակ: Այստեղից  բացվում է իրական, փայլուն հնարավորությունների  կախարդական դռնակը:  «Հայրենասերներն ու Հայերը» հնարավորություն են  ստանում ապրել իրենց   «ազատ ու անկախ Հայաստանում, այլ ոչ թե արտագաղթել Հայաստանից և դառնան ավելի  կախյալ  օտար երկրում, օտար հողում, օտարի լծի տակ»:
Նեղանալով  « Ամերիկամետ, Եվրոպամետ, Ռուսամետ » սփյուռքահայերից ' այս անհասցե ու  սին  փրկության բաղադրատոմսը սփյուռքահայերի ներվերի ու իր ճղճիմ ինքնահաստատման հաշվին հայտնող  ոմն Էմիլ Մարկոսյանը ( « Հայկական ժամ » կայքէջ:) նեղացել է ոչ ավել, ոչ պակաս  Հայաստանից ու չի շնորհավորել Անկախության տարեդարձը:
 Դե հիմա, հարգելի ընթերցող ե'կ ու գտի, թե որտեղից է գարշահոտության և ոչ թե Հայրենասիրության հոտ փչում:
Hay Azian
Հ.Գ- Մենք չէինք անրադառնում այս գրառմանը,եթե այն չհանրայնացվեր այլ կայքէջերի կողմից: Այն պարզապես Հայրենիք-Սփյուռք կապը խարխլելու միտում ունի:
Հայրենիքից չեն նեղանում, Հայրենիքը ոչ մեկի համար փորձաքար չէ:

Wednesday 20 September 2017

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով ` միասնության հասնելու ձգտումով




Սեպտեմբերի 18-ին` Հայաստանի մայրաքաղաք Երևանում մեկնարկած Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովին իրենց մասնակցությունն են ապահովել նաև Նիդերլանդների Թագավորության հայ պատվիրակները: Նախօրոք հայտագրվել են 13  մասնակից: Ըստ այբբենական հերթականությամբ նրանք են` Արա Աբրահամյան («Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության վարչության անդամ),  Սվետա Աբրահամյան («Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության նախագահ), Անդրանիկ Այվազյան (ՀԲԸՄ), Մինաս Արսենյան (ՀՀԴ), Քրիստիան Գելիջի («ՎԿՍ Արմենիա» ընկերության նախագահ),Պողոս Թեքեյան (ՌԱԿ Եվրոպայի շրջանակի անդամ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնախմբի պատասխանատու), Ալիս Թովմասյան (Հայ տիկնանց միության ղեկավար), Հայկ Խանամիրյան (ՀԲԸՄ Եվրոպայի գործադիր մարմնի անդամ), Անուշավան Կիրակոսյան («Աբովյան մշակութային միության»վարչության անդամ), Մաթո Հախվերդյան (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ), Հարություն Հայրապետյան (Հայ-հոլանդական առևտրային պալատի նախագահ,գործարար), Լիպարիտ Սիմոնյան (ՀՄԸՄ Առնեմ քաղաքի մեկուսի շրջանի վարչության ատենապետ) , Նաիրի Օհանյան  (ՀՀԴ անդամ):
Վերջին տարիներին Նիդերլանդահայ կառույցներն ու կազմակերպությունները լուրջ քայլեր են ձեռնարկել միմյանց հետ մերձենալու, համախմբվելու, միասնաբար գործելու ուղղությամբ: Միասնության հասնելու այս ձգտումը  շոշափելի ու զգալի արդյունքներ է ապահովել: Դրանք առնչվում են  տարբեր ոլորտներին`  սկսած հայապահպանության,  ընդհուպ ուսումնառության խնդիրներից` մինչև տեղի օրենսդիր  մարմիների առջև Հայոց Ցեղասպանության թեման մշտարթուն  դարձնելը, այն ժխտողաբար հանդես եկողներին դատական մարմինների առջև պատասխանատվության ենթարկելը:  Համատեղ ջանքերով բազմիցս է զանազան ու հաջողված միջոցառումներ  կազմակերպվել: Միասնության այս դրսևորումը տարեցտարի դրական է անրադառնում Նիդերլանդների համայնքային կյանքին, ձևավորում փոխադարձ վստահության մթնոլորտ:
Զուր չէ, որ  Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը կրում է  «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագիրը: Այն լրիվ համահունչ է Նիդերլանդահայ համայնքներում իրականացվող համահայկական ծրագրերին: Թեմատիկ նիստերը ևս շատ հետաքրքիր են: «Նիդերլանդական օրագիրը» հետևում է Հայաստան-Սփյուռք համաժողովի աշխատանքներին և մշտական կապի մեջ է մեր պատվիրակների հետ:

Մեծ սիրով հրապարակում ենք համաժողովին մասնակից մեր պատվիրակների լուսանկարը:


Լուսանկարում` Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի Նիդերլանդների հայկական պատվիրակությունը.(ձախից-աջ)  «Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության վարչության անդամ Արա Աբրահամյանը, Նաիրի Օհանյանը (ՀՀԴ անդամ), Լիպարիտ Սիմոնյանը (ՀՄԸՄ Առնեմ քաղաքի մեկուսի շրջանի վարչության ատենապետ) Սվետա Աբրահամյանը («Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության նախագահ), Նատալի Դանիելյանը (ՀՀ սփյուռքի նախարարության Արևմտյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ) , Մինաս Արսենյանը (ՀՀԴ), Անուշավան Կիրակոսյանը («Աբովյան մշակութային միության»վարչության անդամ) և Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը: