The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday 16 August 2016

Ի՞նչ առնչություն ունի Նիդերլանդներում հայ դեսպանը' «Սասնա ծռեր»-ի հետ


Վերջերս,  Հայաստանում գործող  որոշ լրատվամիջոցներ'  երևի առաջինը Ժուռնալիստների Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նույնանուն կայքը հրապարակել  է հոդված, որը քննադատության թիրախում է պահել Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի կեցվածքը: Հիշյալ  նյութը  սկսել են վերահրատարակել այլ կայքեր և համացանցում այն արագ թափով տարածում է գտել:
Ընդհանրապես նիդերլանդահայության խնդիրները բավարար չափով իր արտացոլումն է գտնում Նիդերլանդական Օրագրում և Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և  լիազոր Դեսպանը այն բացառիկ հայ դեսպանների թվում է, ով գոնե մեծ ուշադրություն է դարձնում հայապահպանության խնդիրներին և այս երկրում Հայաստանի հեղինակությանն ուղղված աշխատանքներ է կատարում: Այդ մասին մեր ձեռքի տակ եղած փաստերը բավականին է, որ ի ցույց պետք է դրվի շատ այլ դեսպանների: ՈՒստի տարօրինակ ու խորթ թվաց,  որ դեսպանը կարող է այդքան կոշտ, միևնույն ժամանակ իր կեցվածքին հակառակ արտահայտություններ  թույլ  տալ:Կասկածելի էր փաստը, որ դեսպանատունը Հայաստան մեկնելու խնդիրն է դժվարացնում, այն դեպքում, որ բոլորին է հայտնի , որ լավ հիմքերի վրա է դրված նաև քաղաքացիների հետ դեսպանատան աշխատանքը ' բացառելով անգամ նվազագույն կոռուպցիոն ռիսկերը: Այս կոնտեքստում Նման կարգի մեկը մյուսին հաջորդող հեղինակազրկող' հուզական ենթատեքստերով հոդվածները չէին կարող մեզ անտարբեր թողնել: Որոշեցինք եղելությունը պարզելու նպատակով կապ հաստատել մի կողմից Հոդվածում հիշատակված  անձանց , մյուս կողմից  դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ:
Դեսպանն արդեն պատասխանել էր armtimes.com «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքի հարցերին որը կարծես  լույս է սփռում եղելության վրա:

- Տիկին դեսպան, ըստ «asparez» պարբերականի՝ Ձեզ դուր չեն եկել հոլանդահայերի խաղաղ հավաքները՝ կապված Հայաստանում հուլիսի 29-ից հետո տեղի ունեցած դեպքերի հետ: Տարբեր քաղաքացիներ ասել են, որ Դուք սպառնալիքներ եք հնչեցրել ցույցի մասնակիցներին, ելույթ ունեցողներին առանձին-առանձին կանչել եւ հրահանգել եք դադարեցնել  ցույցերը: Արդյո՞ք այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը եւ եթե այո, ապա ո՞րն է Ձեր նման դիրքորոշման պատճառը:
- Ներկայացված տեղեկատվությունը խեղաթյուրված է, եւ մեծամասամբ՝ իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում: Բավարար է միայն նշել, որ խնդրո առարկա հանդիսացող ցույցը տեղի է ունեցել կիրակի՝ հուլիսի 31-ին, երբ ՀՀ դեսպանությունը, որն, ի դեպ, գտնվում է Հաագայում, փակ էր: Ցույցն արտնոված չի եղել, հետեւաբար դեսպանությունը Նիդերլանդների ոստիկանության կողմից չէր կարող տեղեկացված լինել դրա անցկացման մասին: Ավելին, ես այդ օրը, լինելով արձակուրդում, գտնվել եմ երկրից դուրս, հետեւաբար չէի կարող որեւէ մեկին կանչել եւ ինչ-որ բան հորդորել, առավել եւս՝ հրահանգել: Ինչ վերաբերում է սպառնալիքներին կամ ինձ վերագրվող այլ խոսքերին, ապա նման վարվելակերպը կամ խոսելաոճն ինձ բնորոշ չեն:
- Չե՞ք կարծում, որ ցանկացած քաղաքացի իրավունք ունի իր կարծիքն արտահայտել որեւէ երեւույթի նկատմամբ՝ ընդհուպ նաեւ բողոքի ցույցի մասնակցել:
- Խոսքի ազատությունն ու կարծիքի արտահայտման ազատությունը մարդու անքակտելի իրավունքներ են: Այնուհանդերձ, համաձայն Նիդերլանդներում գործող կարգի՝ ցույց անցկացնելու համար պետք է նախապես թույլտվություն ստանալ իշխանություններից, որի ժամանակ պարզաբանվում են ցուցարարների իրավունքները եւ պարտականությունները: Ըստ Դիվանագիտական ծառայության մասին կոնվենցիայի՝ բոլոր դեսպանությունները, այդ թվում նաեւ՝ Հայաստանի դեսպանության շենքը, անձեռնմխելի են, եւ վերջինիս անվտանգության ապահովումը մտնում է դեսպանի պարտականությունների մեջ: Հետագայում հնարավոր միջադեպերից խուսափելու նպատակով՝ ես, վերադառնալով Նիդերլանդներ, համապատասխան քննարկում եմ անցկացրել ոստիկանության ներկայացուցիչների, ինչպես նաեւ զրուցել ցույցի կազմակերպիչներից մեկի հետ:
- Ըստ հոլանդահայերի կողմից տարածված տեղեկատվության՝ դուք «Սասնա ծռերի» տղաներին ահաբեկիչներ եք անվանել եւ ասել եք, որ «դրանց պետք է սատկացնեին»: Ինչպե՞ս կբացատրեք այսպիսի դիրքորոշումը: Տեղյա՞կ եք «Սասնա ծռեր» խմբի պահանջների, նրանց գործողությունների բնույթի մասին: Գիտե՞ք, թե իրականում ինչն է նրանց դրդել նման քայլի:
-Եվս մեկ անգամ շեշտեմ, որ նման խոսելաոճն ինձ բնորոշ չէ: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա նշեմ, որ միշտ ուշադրությամբ հետեւում ենք մեր երկրում տեղի ունեցող բոլոր զարգացումներին: Գտնում եմ, որ նրանց մտադրությունների մասին ես իրավազոր չեմ խոսելու: Այդ մասին կարող են արտահայտվել իրենք, կամ իրենց իրավական ներկայացուցիչները:
- Ըստ քաղաքացիների հայտնած տեղեկությունների՝ Ամստերդամում կազմակերպած ցույցին մասնակցել է նաեւ տեր Արամ քահանա Մելքոնյանը, ում ցույցից հետո Մայր Աթոռից զրկել են Եվրոպայում հովվություն անելու իրավունքից: Ունե՞ք նման տեղեկություն: Ինչպե՞ս եք վերաբերում այս երեւույթին:
- Կցանկանայի նշել, որ որպես դեսպան իրավասու չեմ մեկնաբանել եկեղեցու հետ կապված հարցեր: Այս հարցերը պետք է ուղղել համապատասխան կառույցին:
- Հոլանդահայերը նաեւ նշել են, որ ցույցերի օրերին Հոլանդիայից Հայաստան մեկնողների մուտքը արգելվել է արհեստական եղանակներով: Կասե՞ք որն է պատճառը:
- Այս տեղեկությունը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում: Դեսպանությունն անխափան կերպով տրամադրել եւ շարունակում է տրամադրել մուտքի արտոնագրեր բոլոր այն անձանց, ովքեր դիմել են Հայաստան մեկնելու արտոնագիր ստանալու համար: Այդ գործընթացում որեւէ ընդհատում չի եղել: Ինչ վերաբերում է Նիդերլանդների քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցներին, ապա նրանք կարող են Հայաստան մուտք գործել առանց մուտքի արտոնագրի՝ ելնելով 2014թ.-ի հունվարի 1-ից ԵՄ երկրների հետ ուժի մեջ մտած վիզաների դյուրացման մասին պայմանագրի դրույթներից:
- Հոլանդահայերը պատրաստվում են շարունակել իրենց ակցիաները: Խնդրում եմ տեղեկացնել, թե այդ կապակցությամբ դեսպանատունն ինչ-որ քայլեր նախաձեռնո՞ւմ է: Ի՞նչ եք պատրաստվում անել ցույցերի շարունակության դեպքում:
- Հոլանդահայերը, ինչպես Նիդերլանդներում բնակվող յուրաքանչյուր անձ, իրավասու են իրացնել իրենց իրավունքները՝ առաջնորդնելով այս երկրում գործող օրենքներով եւ կարգերով: Ինչ վերաբերում է դեսպանությանը, ապա այն կշարունակի իր բնականոն աշխատանքը՝ իրականացնելով իր վրա դրված գործառույթները:


Հ.Գ-Այո, իրոք  հոլանդահայերի մի խումբ  ի զորակցություն «Սասնա ծռեր»-ի  Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան մոտ փոքրաթիվ հավաք էր կազմակերպել, բայց դա նշանակում էր արդյո՞ք, որ սա դեսպանի դուրը  չի եկել և նա կարող էր թույլ տար իրեն  սպառնալիքներ հնչեցնել: Ինչպես պարզվեց դեսպանն այդ օրը աշխատավայրում էլ չի եղել: Սովոր ենք քարեր նետել' չճշտելով ուղղությունը: Տարիներ առաջ դեսպանատունը հանդիպում էր կազմակերպել Սերժ Սարգսյանի հետ և հենց դեսպանն էր խոսքի իրավունք տալիս  և  խրախուսում նրանց, ովքեր ներհայաստանյան կյանքի սուր հարցադրումներ էին ուղղում նախագահին: Անհնար է անգամ հավատալ, որ ազնիվ և օբեկտիվ, հավասարակշռված մոտեցում ու տեսակետ ունեցող դեսպանը նման ագրեսիվ հայտարարություն աներ: Նիդերլանդահայ կազմակերպություններին հայտնի է դեսպանի կառուցողական,  նորովի աշխատավոճով  խնդիրները  լուծելու եղանակները: Նա պարտադիր ներկա է լինում հանդիպումների, որտեղ հայությանը հուզող հարց է քննարկվում :
Ամենատարօրինակը սակայն այն լրատվամիջոցներն են, ովքեր սենսացիոն արագությամբ կարող են տարածել ու թշնամու  կերպարով  հանրությանը ներկայացնել գոնե իրենց համար անծանոթ մարդուն: Այդ երբվանի՞ց իշխանության օղակներում աշխատող մեր հայրենակիցներին թշնամի պետք է համարել: Ամենազավեշտալին մեկը մյուսից արտատպող կայքերի տողատակերի ընթերցողների որոշ մեկնաբանություններն են, որոնց հեղինակները անվայելուչ արտահայտություններ են թույլ տվել մարդու հասցեին, ում չեն էլ ճանաչում: Գոնե դեսպանի աշխատանքը ավելի տեսանել է այստեղ' Նիդերլանդներում, քան նրան ծուռ հայելու մեջ ներկայացրել են  հայրենական լրատվամիջոցները:
Ինչ վերաբերում է  Նիդերլանդների Հայ առաքելական եկեղեցու Մաստրիխտի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Մելքոնյանին կարգազուրկ անելուն, ապա Մայր աթոռ Էջմիածինը չի կարող դա անել, քանի, որ նա  ենթարկվում է Կիլիկիո կաթողիկոսարանին: Այնուհանդերձ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Արխիվի եւ ձեռագրերի պահոցի տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանի գրությունից հետո նրան պաշտոնազուրկ անելու գրություն են ուղարկել: Հատկապես մաստրիխտահայերը միշտ էլ գոհ են հոգևորականի աշխատանքից: Կարծում ենք այս հարցում  ով, եթե ոչ Մայր Եկեղեցին պետք է հանդուրժող գտնվի  իր հովվի նկատմամբ'  չեղարկի որոշումը:
 Հուլիսյան միջադեպերը իրոք թեժ էին, բոլորին անտարբեր չթողեցին, հանգիստ  շունչ առանք, երբ հայը հայի արյուն չհեղեց, իսկ եղածից հետևություններ պետք է անել: Մեզ պետք է ուժեղ Հայաստան' բոլորիս միասնությամբ, մի բան, որ դեռ երազանք է անկախության տարիներից մինչև հիմա: Հավատացեք պառակտումը մեր ուղին չէ' այն վնասներ կբերի: