The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday 29 April 2024

Ամստերդամի հայկական գրադարանը համալրվել է ևս մեկ արժեքավոր գրքով. «Գիրք աշխարհաց եւ առասպելաբանութեանց»

 

Ամստերդամի հայկական գրադարանը համալրվել է ևս մեկ արժեքավոր  գրքով։  Դա1668-1669 թ․ Ամստերդամում տպագրված «Գիրք աշխարհաց եւ առասպելաբանութեանց» աշխատությունն է, այդ մասին տեղեկանում  ենք գրադարանի կայքից ։ Ոսկան Երևանցին, Աստվածաշնչի տպագրումն ավարտելուց հետո ձեռնամուխ է լինում այս գրքույկի տպագրությանը, որը պարունակում է Մովսես Խորենացու աշխարհագրությունը, և «Աղվեսագիրք» անվան տակ հայտնի դարձած առակների հավաքածուն։

Կազմը կաշվից է, և պատրաստվել է նույնպես Ամստերդամում, տասնյոթերորդ դարի վաթսունական թվականներին։ Կազմի երեսի կաշվի մեջ դրոշմված է Քրիստոսի խաչելության տեսարան, և կազմի հակառակ երեսին՝ Լուսնամահիկի վրա կանգնած Սուրբ Աստվածածին։ Պակասում է տիտղոսաթերթը։

Armenian Library Amsterdam




Բեմում Արցախն է. «Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»

 

Տաթև Ղազարյանը

«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը

«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված դերասանուհի Տաթև Ղազարյանը ներկայացրեց դրամատուրգ Վովա Արզումանյանի «Տուն տանող երջանկությունը» մոնոպիեսը, որը հեղինակը գրել է սկսած 2020 թվականից։  

Մոնոպիեսի հերոսուհին հայրական տնից հեռացած Կատալեան է։ Վերջինս վերապրման ու հետևանքների անցման հարթության մեջ փորձում է ընկալել նոր իրականությունը։ Սակայն այդ ընթացքում տեղի է ունենում անբացատրելին․ մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունն իրար հերթ չտալով աղջկան հասցնում են մի կետի, որտեղ նա հասկանում է՝ որն է իրական երջանկությունը։ 

Լեփ-լեցուն դահլիճում անցած երեկոն իրական ճանապարհորդություն էր դեպի Արցախ՝ կորսված հայրենիք։ 

Հանդիսատեսի անդադար ծափահարությունները հավաստեցին՝ մոնոպիեսը կյանք կունենա բեմում։

  «Արմմոնո» 22-րդ միջազգային թատերական փառատոնն անց է կացվում    ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ` ապրիլի 17-ից մայիսի 3-ը Երևանում և Աշտարակում։ 

Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Փառատոնի գլխավոր գործընկերը ՎՏԲ - Հայաստան Բանկը։ 

Փառատոնն ունի 50 մասնակից հինգ երկրներից, վեց ներկայացում և 20 մոնոներկայացում:



Saturday 27 April 2024

Շնորհավո՜ր Թագավորի օրը

 

Նիդերլանդներում որպես ազգային տոն հանդիսավոր նշվում է Թագավորի օրը: Այս տարի թագավորական ընտանիքը ժամանել է Դրենթե նահանգի Էմմեն քաղաք: Վիլեմ-Ալեքսանդրը այս տարի նշում է ծննդյան 57-ամյակը։ Էմմենում  նրանց  ընդունեցին քաղաքապետ Էրիկ վան Օսթերհաուտը և Դրենթե նահանգի թագավորի հանձնակատար Ջետտա Կլինսման: Ավելի քան երկու տասնամյակի ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Օրանժները Դրենթեում նշում են Թագավորի կամ Թագուհու օրը: Վերջին անգամ 2002-ին էր, երբ արքայադուստր Բեատրիքսն ապրիլի 30-ին այցելեց Մեպել և Հուգուին, երբ նա դեռ իշխող միապետն էր:

Հարյուրավոր մարդիկ էին երթուղու երկայնքով հավաքվել տեսնելու թագավորական ընտանիքը,  սեղմելու Վիլեմ-Ալեքսանդրի ձեռքը: Ժամերի ընթացքում հագնված նարնջագույն հագուստով և ծածանելով հոլանդական դրոշները մարդկանց հոսքը Էմմեն երկաթուղային կայարանից հասավ դեպի կենտրոն: Օրն ավարտվելու է  Raadhuisplein-ի գլխավոր բեմում: Շատերն էլ թագավորին, նրա ընտանիքին ողջունել են շենքերի պատուհաններից:

Թագավորի օրը երեկ հանդիսավոր նշել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը բազմաթիվ բարձրաստիճան հյուրերի՝ Հայաստանի կառավարության, երկրում գործող դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, գործընկերների ու ընկերների հետ միասին:  Ինչպես  Embassy of the Netherlands in Armenia էջն է հայտնում #Koningsdag-ը՝ Թագավորի օրը կամ Թագավորի ծննդյան օրը՝ ազգային տոն է, որն ուղղակիորեն կապ ունի միապետի ծննդյան օրվա հետ, ու ազգային միասնություն և համերաշխություն է խորհրդանշում։ Նիդերլանդացիներն այդ օրը հագնում են նարնջագույն հագուստ, որը Օրանական Նասաու արքայատոհմի ընտանեկան գույնն է։

Թագավորի օրվա տոնակատարությունն անցել է ջերմ ու բարեկամական մթնոլորտում, հյուրերը հնարավորություն են ունեցել առնչվելու նիդերլանդական հյուրասիրությանն ու համտեսել հոլանդական պանիրը, գարեջուրը և բիթեռբալլենը:

Երկա՜ր կյանք արքային, ուռա, ուռա, ուռա՜...

Lang leve de koning! Hoera, hoera, hoera!

Նարնջագույնը առաջնային:

Oranje boven!

Շնորհավո՜ր Թագավորի օրը

Fijne Koningsdag!

Prettige Koningsdag!

Gezellig Koningdag!

---

Լուսանկարներում` Վիլեմ-Ալեքսանդրը, թագուհի Մաքսիման և նրանց դուստրերը՝ Ամալիան, Ալեքսիան և Արիանեն: (լուսանկարները մամուլից, Հայաստանում Նիդ.դեսպանության էջից)

ՀՀ նախագահն ու արտգործնախարարը շնորհավորել են Թագավորի օրը


ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X–ի իր միկրոբլոգում շնորհավորել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Հանկե Բրյունիս Սլոթին` թագավորի ծննդյան օրվա կապակցությամբ:
«Լավագույն մաղթանքներ եմ հղում իմ գործընկերոջը` Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Հանկե Բրյունիս Սլոթին։ Հիմք ընդունելով մեր նախորդ քննարկումները՝ ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր համատեղ օրակարգը ՀՀ–Նիդեռլանդներ, ՀՀ–ԵՄ նախաձեռնություններով»,– գրել է նա:
Ծննդյան օրվա առթիվ Նիդերլանդների թագավորին շնորհավորել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Հայաստանին և Նիդերլանդներին միավորում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքները: Երկու երկրների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն»,- ասվում է Խաչատուրյանի ուղերձում:



Մեր բոլորիս ԱԶՆԱՎՈւՐԸ

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում, Two Arc ցուցասրահում, Սայաթ-Նովա 5, բացվեց Մկրտիչ Մազմանյանի աշխատանքների՝ ինտերակտիվ դիմաքանդակների, կոմպոզիցիոն աշխատանքների ու գծանկարների ցուցահանդեսը, որ կգործի մինչև մայիսի 10-ը։ Ցուցանմուշները ներկայացվեցին քանդակագործի աշխատանքների ու ստեղծագործական կյանքի մասին պատմող ալբոմի շնորհանդեսի ուղեկցությամբ։ Այցելուների քանակը շատ մեծ էր։ Ներկա էին Մազմանյանի արվեստի և Ազնավուրի երկրպագուները, արվեստի գործիչներ։ Պատվավոր հյուրն էր՝ Ազնավուր հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը։

Ցուցահանդեսի հովանավորն է Team Telecom Armenia կազմակերպությունը։ Հավաքածուի մեջ ներառված էին քանդակագործի վերջին տարիների աշխատանքների մի մասը։ Զրույցի ընթացքում պարզվեց, որ աշխատանքների որոշ մասը, որոնց չափերը սրահի չափերին չէին համապատասխանում՝ ներառված չէին։ Հայոց արվեստասեր հասարակությանը, նաև սփյուռքահայ արվեստասերներին հիացրեցին Մազմանյանի ստեղծագործական յուրահատուկ լուծումները, ըստ էության Մկրտիչ Մազմանյանի կերտած Ազնավուրն այսօր դարձավ բոլորինը։

ՆիդՕրագրի համար՝ Երևանից

Նաիրա Հ․ Գասպարյան, բ․գ․թ․, դոցենտ, ԵՊՀ

Շնորհակալություն ԻՐԱՏԵՍ հասարակական,քաղաքական թերթին` աջակցության համար








Լաճիկյանական գծանկարների ողջ հմայքը

Մտորումներ Լևոն Լաճիկյանի արվեստի ու ցուցահանդեսի առնչությամբ

Թեքեյան կենտրոնի ցուցասրահում (Երեւան, Խանջյան 50) բացվեց տեսաբան, լրագրող, նկարիչ Լևոն Լաճիկյանի  աշխատանքների անհատական ցուցահանդեսը՝ «Գյումրի և ավելին» խորագրով:

Դիտելով ներկայացված պատկերները ակամայից փորձում ես պարզել՝  արվեստագետ ծնվու՞մ են, թե դառնում`  աշխարհն ու սեփական «ես»-ը գեղեցիկի միջոցով ճանաչելով։ Լաճիկյանն այն երջանիկներից է, ում հակումներն  արվեստի նկատմամբ ձևավորվել են  վաղ հասակից։ Ապրելով արվեստագետների ընտանիքում  հնարավոր չէ սեփական գեղագիտական ճաշակն ու կողմնորոշումը չունենալ։ Լաճիկյանի ներկայացրած գծանկարները հսկայական տեղեկատվություն են տալիս լայն մտահորիզոնի տեր տաղանդավոր արվեստագետի մասին։ Դիտել նրա աշխատանքներն առանց խորանալու ամեն հատվածի մեջ՝ հնարավոր չէ։ 

Խնամքով ու մաթեմատիկական ճշգրտությամբ տարված ամեն գիծը որոշակի համատեքստում ստեղծում է եզակի պատկերային կատարելություն, որտեղից հառնում է ոչ միայն արվեստագետն ու գծանկարի վարպետը,  որքանով հրաշալի տիրապետում է պատկերաստեղծման արվեստին, ապահովում է իրականի ամենադիպուկ ընկալում ՝ մեկնաբանումը թողնելով դիտողին։ Լաճիկյանի արվեստն առնչվում է ոչ միայն բազմաշնորհ գեներին ու գեղագետի կատարյալ ընկալմանը, այլև իր մարդկային  բնույթին։ Ծնված լինելով Կույսի համաստեղության տակ, նրա գեղագիտական հայացքները ձևավորված են  մաքսիմալիզմի սկզբունքով՝ արվեստագետը ցանկանում է իր ստեղծած գեղեցիկին հաղորդակից դարձնել հասարակությանն ու իր արվեստի երկրպագուներին։ 

Զարմանալին այն է, որ արվեստագետ չլինելով, ինձ համար հայտնություն արեցի՝ Լաճիկյան գծանկարչի կատարելության ձգտումը գրաֆիկայի հիասքանչ աշխարհն է տանում։  

Լաճիկյանն իր աշխատանքներում իր խորաթափանց դիտարկումն ու սեփական մեկնաբանությունն ունի ազգային եկեղեցական ճարտարապետության նկատմամբ, մի քանի տարի առաջ լրագրողներից մեկն այն անվանել է «գծանկարչական եկեղեցապատում», որն հայրենասիրության վառ դրսևորում է։ Նա իրավամբ համոզված է, որ բազմաթիվ հայ տաղանդներ, արվեստագետներ ծնած ու աճեցրած իր ծննդավայր Գյումրին թե՜ մշակույթով ու թե՜ կոլորիտով, արվեստի նկատմամբ սիրով ու արվեստները զարգացնելու յուրահատուկ ունակությամբ, վաղուց արդեն արժան է գտնվելու ՅՈՒՆԵՍԿՈ-ի հովանավորության ներքո։ 

Այն գեղեցիկը, որ փոխանցում է Լաճիկյանի գծանկարչությունը իր թեմատիկ յուրահատուկ ուղղվածությամբ, լավատեսությամբ, գեղագիտական նրբագեղությամբ հզոր ուղերձ ունի արվեստասեր հասարակությանը հատկապես այսօր, երբ ազգի մեջ երբեմն նկատելի են ընճվածության տարրեր։ Լաճիկյանի արվեստը արեգակնային հզոր ուժ ունի և ոգևորելու ունակություն։ Այդպիսի արվեստագետներ ծնող ազգը դեռ որոշակի առաքելություն ունի հարստացնելու համաշխարհային արվեստի գանձարանը։

THE ARMENIAN MASTER OF DRAWING

(reflections on Levon Lachikyan's art and exhibition)

Studying the presented graphic art pencil drawings, you are unwittingly trying to find out whether artists are born or they become artists by percieving the world and their own self through beauty. Lachikyan is one of the lucky ones whose inclinations towards art were formed at an early age. Living in a family of artists, it is impossible not to have one's own aesthetic taste and orientation. The drawings presented by Lachikyan provide a lot of information about the talented artist with a wide range of world perception. It is impossible to look at his works without delving into every part of each of the drawings.

Every line, drawn with care and mathematical precision, creates a unique pictorial perfection in a certain context, from which not only the artist - the MASTER of drawing- who has a wonderful mastery of the art of image creation, ensures the most accurate perception of the real world, leaving the interpretation to the viewer. Lachikyan's art is related not only to the gifted genes and the perfect perception of an aesthete, but also to his human nature. Being born under the constellation of Virgo, his aesthetic views are shaped by the principle of maximalism: the artist wants to communicate the beauty he has created to society and fans of his art.

Lachikyan's insightful observation and his own interpretation of the national church architecture, which in 2021 one of the journalists called "drawing church-painting" is a vivid manifestation of patriotism. He is rightly convinced that his birthplace Gyumri, which has given birth and raised many Armenian talents and artists, with its culture and color, love for art and unique ability to develop the arts, deserves to be under the patronage of UNESCO.

The beauty conveyed by Lachikyan's drawing art with its unique thematic orientation, optimism, and aesthetic elegance has a powerful message to the art-loving society, especially today, when elements of disappointment are sometimes noticeable in the nation. Lachikyan's art possesses a powerful solar energy and an ability to inspire. The nation that gives birth to such artists still has a certain mission to enrich the treasury of world art.

Նիդ.Օրագրի համար՝ Երևանից

Նաիրա Գասպարյան, ԵՊՀ դոցենտ













Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին ընդառաջմիջոցառում Դոտրեխտում


Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին ընդառաջմիջոցառում Դոտրեխտում

Դորտրեխտի Անի միությունը ֆրանսահայ  շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին ընդառաջ Cascade մշակութային կենտրոնում մեծ միջոցառում էր կազմակերպել:
Այսպիսով դպրոցի սաները, մանկավարժական կազմը իրենց ամենայն հարգանքն ու նվիրվածությունը դրսևորեցին մեծ հային:

Thursday 25 April 2024

Նիդերլանդներում Հայոց Ցեղասպանության ոգեկոչման 109-ամյակին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան


Ամստերդամ 21.04.2024

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան, Նիդերլանդներում գործող հայ համայնքները  Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների շարքն սկսեցին ապրիլի 18-ին: Նախ FAON-ի ակտիվիստները Հաագայի միջազգային քրեական դատարանի մոտ միացան ԱՄՆ-ում գործող «Ճշմարտության և արդարության» կենտրոնի  (Center for Truth and Justice, CFTJ) պատվիրակությանը: Այդ օրը միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ)հանձնվեց մերօրյա Ադրբեջանի ղեկավարների ցեղասպանական գործողությունների հայցը։ Սա հայկական կողմի Հաագայի տրիբունալին ուղղված առաջին հայցն էր` այս տարվա սկզբին Հայաստանի միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո:

FAON-ի ակտիվիստները Հաագայի միջազգային քրեական դատարանի մոտ

Այնուհետև նույն օրը` երեկոյան, Հաագայի գերմանական ավետարանչական եկեղեցում, Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության բարձր հովանու ներքո տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն` «Արդարություն հաստատել` այն ժամանակ և այժմ» խորագրով:  Ելույթներ ունեցան Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ն.Գ. պրն. Վիկտոր Բիյագովը, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ  պրն. Իսա Քահրամանը (Նոր սոցիալական պայմանագիր) ,  պրն. Դոն Սեդերը (Քրիստոնեական միություն), Նախկին պատգամավոր պրն. Հարի Վան Բոմելը: Միջոցառմանը մասնակցում էր և ելույթ ունեցավ «Հանուն ճշմարտության և արդարության կենտրոնի (CFTJ, Կալիֆորնիա)» ղեկավար, դատավոր Գասիա Աբգարյանը, միջոցառմանը ներկա էր խորհրդարանական Դերկ Բոսվայքը, արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության տնօրեն Էրիկ Վեսթստրատեն: Նիդերլանդների տարբեր համայնքների ներկայացուցիչներ:

«Ծիրանի ծառ» երգչախմբ

Երաժշտական ծրագիրը ևս հագեցված էր: Ելույթներ ունեցան «Աբովյան» միության երգչախումբը` Սվետլանա Աղաջանյանի ղեկավարությամբ, արցախցի երգչուհի, սոպրանո Միլենա Բեգլարյանը, դաշնակահար` Ալեքսանդր Զավիալովի նվագակցությամբ: Ներկաների վրա տպավորություն թողեց նիդերլանդացիներով համալրված Իվո Բոսվեյկի և Ռուզաննա Հակոբյանի ղեկավարած «Ծիրանի ծառ» երգչախմբը: համույթը բացառապես հնչեցրեց հայկական երգ-երաժշտություն:Միջոցառումից դրվագներ էր նկարահանում «Ավրորայի արևածագը» անիմացիոն ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանը, որի ցեղասպնության թեմայով ֆիլմն ուշադրության է արժանացել  Եվրոպայի հանդիսատեսի կողմից: Երեկոյի հասույթը փոխանցվեց Արցախցի հայ երեխաների կարիքներին:

Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագով

Ամստերդամի քաղաքապետ Ֆեմեկե Հալսեմա

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման արարողության տրամաբանական շարունակությունը ապրիլի 21-ին` Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում էր: Միջոցառման հանձնառությունը ստանձնել էր «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամը և Ամստերդամի «Սուրբ Հոգի» Հայ Առաքելական Եկեղեցին: Եկեղեցու արտաքին պատին տեղակայված  հուշարձան-խաչքարի մոտ  1915 թվականի սրբադասված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար հոծ բազմություն էր հավաքվել: Եկեղեցու հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Տարոն Թադևոսյանի աղոթքից հետո միջոցառումը բացեց  հիմնադրամի նախագահ Վահան Ավագյանը, այնուհետև ելույթներ ունեցան Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը, դեսպանն  իր ելույթում կրկին վերհաստատեց Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման կարևորությունը՝ հիշատակելով Նիդերլանանդերի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման կարևորությունը։ Այնուհետև ելույթներ ունեցան Ամստերդամի քաղաքապետ Ֆեմեկե Հալսեման, խորհրդարանի պատգամավորներ Դոն Սեդերը (CU), Կարոլինա վան դեր Պլասը, եկեղեցական խորհրդի ատենապետ Նշան Սարիջանը: Միջոցառմանը մասնակցում էին նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը, քարտուղար Ինգա Դրոստը, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ, երկրի հունական, ասորական, եզդիական համայնքների ներկայացուցիչներ, հյուրեր, հայ համայնքի անդամներ: 

Ապրիլի  22-ին տպավորիչ պահ էր Ալմելոյում: Նոր վայրում իր վերջնական հանգրվանը գտավ Նոյան տապանը: Հսկայական կռունկը այն տեղադրեց հայաշատ Ալմելո քաղաքի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում: Տապանը կառուցվել էր  2022թ Դրենթեի նահանգային թանգարանի (Drents Museum) «Արարատի ստվերի ներքո» խորագրով  Հին Հայաստանի գանձերը ցուցահանդեսի կապակցությամբ` Ռոմաշուկների ընտանիքի աջակցությամբ: Այն հասցրել են դիտել հազարավոր այցելուներ:

Հաջորդ օրը` ապրիլի 23-ին, տեղի ունեցավ ամենամյա ջահերով երթը, որը կազմակերպել էր  Հ.Յ.Դ. Գարեգին Նժդեհ երիտասարդական միությունը:

Խնդրագիր է ներկայացվում Նիդերլանդների խորհրդարան

 Ապրիլի 23-ին, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը) խնդրագիր է ներկայացրել Նիդերլանդների խորհրդարան՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը և Հայաստանում առկա իրավիճակին: Խնդրագիրը փոխանցվել է Հոլանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռայմոնդ դե Ռոնին (PVV): Խնդրագրի Ներկայացմանը ներկա էին պատգամավորներ Դոն Սեդերը (ChristenUnie), Ռուբեն Բրեկելմանսը (VVD), Իսա Քահրամանը (NSC) և Գեյս Թոյնմանը (BBB): Պատգամավորներին այս տարի էլ է հանձնվել է «Անմոռուկ» կրծքանշաններ: Ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարի նրանք այն կրել են ապրիլի 24-ին: Դա անգամ տեսանելի էր  հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ Քարոլայն վան Պլասի մոտ:

Երևան, Ծիծեռնակաբերդ 24.04.2024

Ապրիլ 24-ին` միջոցառման բուն օրը,  Ծիծեռնակաբերդում 1915թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղկեպսակներ են դրվել նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON)-ի և Հայաստան Համահայկական հիմնադրամի Հոլանդիայի մասնաճյուղի անունից:

Հայկական խաչքար Մաստրիխտում

Այդ օրը  Մաստրիխտի խաչքարի մոտ  կատարվել է մոմավառություն  և բարեխոսական արարողակարգ ի ՝ հիշատակ  սրբոց նահատակաց: 

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը Հաագայում գտնվող Հայաստանի իրավաբանական թիմը` Եղիշե Կիրակոսյանի և դեսպան Վիկտոր Բիյագովի մասնակցությամբ այցելել ու լուսանկարվել են  Արդարադատության միջազգային դատարանի առջև տեղադրված խաչքարի մոտ:


Հայաստանի իրավաբանական թիմը ՄԱԿ-ի արդարադատության դատարանի խաչքարի մոտ

Նիդերլանդների հայաշատ քաղաքներում, մասնավորապես Ասենի Դե Բոսկամպ գերեզմանատան առաջին խաչքար-հուշարձանի մոտ և Ալմելոյի ամենամեծ հուշ համալիր են այցելել հայ, հոլանդացի ու տարբեր ազգությունների քաղաքական, հասարակական գործիչներ,  հայկական կազմակերպությունների, հայ հասարկության անդամներ, տարբեր համայնքների ներկայացուցիչներ` ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել անմեղ զոհերի հիշատակին:

Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունեցել Նայմեխենում, Դոտրեխտում, Խրոնինգենում, Նիդերլանդների հայ համայնք ունեցող մյուս քաղաքներում, որտեղ կազմակերպչական ակտիվ աշխատանք են կատարել   հայ «Գլաձոր» ուսանողական միության անդամները: 

Միջոցառումները պարբերաբար լուսաբանվել են «Նիդերլանդկան օրագիր»  էլ.թերթի էջերում, նիդերլանդական մամուլում:

Hay Azian

«Նիդերլանդկան օրագիր»  էլ.թերթի խմբագիր

«ԻՐԱՏԵՍ»  թերթ


Ալմելո 24.04.2024

Ալմելոյի հայ համայնքի ատենապետ Օնիկ Գելեջին քաղաքապետի հետ հարգանքի տուրք են մատուցում

Ալմելոյի Հայոց Ցեղասպանության հուշհամալիրը

 Նիդերլանդներուում Ասեն քաղաքում առաջինը տեղադրված Հայոց Ցեղասպանության խաչքարը


Հնդկաստանի Կալկաթա քաղաքի Սուրբ Նազարեթ հայոց եկեղեցում ոգեկոչվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը



Բազմահազար հայեր Հայաստանում և աշխարհի բոլոր ծագերում հարգանքի տուրք են մատուցում 20-րդ դարասկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակին` այցելելով վերջիններիս հիշատակը հավերժացնող հուշահամալիրներ։
Այդ կապակցությամբ էլ, տարվույս `ապրիլի 24-ին,Հնդկաստանի Կալկաթա քաղաքի Սուրբ Նազարեթ հայոց եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որին էլ հաջորդեց Բարեխոսական կարգ։
Նյու Դելիից Կալկաթա էր ժամանել և արարողությանը ներկա գտնվել նաև Հնդկաստանում ՀՀ դեսպան տիար Վահագն Աֆյանը` տիկնոջ հետ։
Հոգևոր հայրերը, ճեմարանի ուսուցիչները, սաներն ու կալկաթաբնակ հայերը հյուրերի հետ միաձայն աղոթք բարձրացրեցին առ Աստված, որպեսզի Ամենակալ Տերը, Հայոց Ցեղասպանության ընթացքում հանուն Քրիստոսի և հայրենիքի նահատակված հայորդիների աղոթքների շնորհիվ և բարեխոսությամբ, Իր առատ ողորմությունն ու երկնային խաղաղությունը պարգևի հայոց աշխարհին և հայ ժողովրդին: Այնուհետև արարողության մասնակիցները լուռ խոնարհումով ծաղիկներ դրեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի առջև։
Ոչինչ չի մոռացվում...
Լիանա ՓԻՐՈւՄՅԱՆ
Կալկաթա, Հնդկաստան, Նիդ.օրագրի համար







Saturday 20 April 2024

Հայոց Ցեղասպանության ոգեկոչման արարողություն Հաագայում


Հաագայում Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) կազմակերպությամբ, Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության բարձր հովանու ներքո տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 109-ամյակի  ոգեկոչման արարողություն` «Արդարություն հաստատել` այն ժամանակ և այժմ» խորագրով: Միջոցառումը տեղի ունեցավ Հաագայի Գերմանական Ավետարանական եկեղեցում: Ելույթներ ունեցան Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ն.Գ. պրն. Վիկտոր Բիյագովը, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ պրն.Դերկ Բոսվայքը,   պրն. Իսա Քահրամանը (Նոր սոցիալական պայմանագիր) ,  պրն. Դոն Սեդերը (Քրիստոնեական միություն), Նախկին պատգամավոր պրն. Հարի Վան Բոմելը, արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության տնօրեն Էրիկ Վեսթստրատեն: Միջոցառմանը մասնակցում էր և ելույթ ունեցավ «Հանուն ճշմարտության և արդարության կենտրոնի (CFTJ, Կալիֆորնիա)» ղեկավար, դատավոր Գասիա Աբգարյանը, Նիդերլանդների տարբեր համայնքների ներկայացուցիչներ:

Երաժշտական ծրագիրը ևս հագեցված էր: Ելույթներ ունեցան «Աբովյան» միության երգչախումբը` Սվետլանա Աղաջանյանի ղեկավարությամբ, արցախցի սոպրանո երգչուհի Սոպրանո Միլենա Բեգլարյանը, դաշնակահար` Ալեքսանդր Զավիալովի նվագակցությամբ: Ներկաների վրա տպավորություն թողեց նիդերլանդացիներով համալրված Իվո Բոսվեյկի և Ռուզաննա Հակոբյանի ղեկավարությամբ  «Ծիրանի ծառ» երգչախմբը: համույթը բացառապես հնչեցրեց հայկական երգ-երաժշտություն:

Երեկոյի հասույթը փոխանցվելու է Արցախցի հայ երեխաների կարիքներին:

Ոգեկոչման երեկոն ուղիղ հեռարձակվեց «Նիդերլանդկան օրագրի» ֆեյսբուքյան ալիքով: ( https://www.facebook.com/NidOragir/videos/795021308797236/ )

Հայոց Ցեղասպանության ոգեկոչման արարողություններ տեղի կունենան Նիդերլանդների հայաշատ մյուս քաղաքներում: