The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday 15 May 2017

Երգում են Նիդերլանդահայ երեխաները




Նիդերլանդների Նայմեխեն քաղաքի «Միացյալ Հայերը Հոլանդիայում» միության և  «Վան» հայկական կիրակնօրյա դպրոցի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հայկական երգերի մրցույթ: Համահոլանդական այս նախաձեռնությանը, բացի Նայմեխենից, մասնակցության հայտ էին ներկայացրել Հաագայի, Ալմելոյի Արնեմի՝ հինգից տասներկու տարեկան հայ համայնքների ինը երեխա, ովքեր ընդգրկվել էին տարիքային երեք խմբերում:

Վերջապես բոլոր մասնակիցները  բարձրանում են գեղեցիկ ու ճաշակով  կահավորված, մանկական վառ գույներով ողողված  բեմ, որտեղ նրանց հետ աշխույժ, անկաշկանդ ու մտերմիկ շփման մեջ է մտնում հաղորդավարը՝ «Միացյալ Հայերը Հոլանդիայում» միության հիմնադիր Գայանե Աբրահամյանը: Մասնակիցները՝ Տիգրանը, Մարիամը, Մասիսը, Անահիտը, Նանեն,Ալեքսը, Մարիամը, Ռիտան և Նաիրին կատարեցին 3-ական երգ, որոնցից երկուականը հայ հեղինակների ստեղծագործություններ էին:



Ժյուրիի կազմը ևս պրոֆեսիոնալ էր. Սվետա Աբրահամյան՝ մանկավարժ, «Վան» հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն, Սետա Սարկիսյան՝ մանկավարժ, Արնեմի երգչախմբի անդամ, Սվետլանա Աղաջանյան՝ մանկավարժ, Հաագայի «Աբովյան» մշակութային միության մանկապատանեկան երգչախմբի գեղ. ղեկավար, Փերի Կնյազյան՝ օգնություն հայ երեխաներին Dear Angel կազմակերպության տնօրեն:
Skype հեռակապով ժուրիի կազմում էր նաև  Երևանի «Մանուկների Մոլորակ» գեղագիտական կենտրոնի հ/կ գեղ.ղեկավար, մանկավարժ՝ Զառա Սարիբեկյանը:
Ժյուրին մասնակիցների գնահատման համար յուրահատուկ ձևաչափ էր ընտրված: Առավելագույն միավորը՝ ըստ նոտաների քանակի յոթն էր, որի սահմաններում պետք է գնահատվեր  երգը, մասնակիցների բեմական պահվածքը, վարպետությունը և երգի ճիշտ ընտրությունը:
Երբ ամփոփվեցին արդյունքները, գլխավոր մրցանակի արժանացավ Մասիս Դավթյանը (Հաագա): Ի դեպ Մասիսը հաճախ է մասնակցում Նիդերլանդներում կազմակերպվող հայկական միջոցառումներին՝  որտեղ հանդես է գալիս հայրենասիրական երգերի կատարումներով: Մրցույթի երգացանկում Մասիսը կատարեց գուսան Հայկազունու «Հայեր միացեք», Առնո Բաբաջանյանի «Այստեղ եմ ծնվել,այստեղ մեծացել» երգերը:

 Հայկական երգի նման  կարգի մրցույթի անցկացումը  յուրատեսակ ստուգատես էր  թե' մասնակիցների, և թե կազմակերպիչների համար:
Մրցության ընթացքը պետք է ցույց տար, արժե՞ այն շարունակական դարձնել, թե ոչ...
 Երեք ժամից ավելի տևած հայ երեխաների ելույթները՝ ուղիղ եթեր տրվեց «Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան էջով:
  Արժանին մատուցելով կազմակերպիչներին և  ի հեճուկս մեկնարկային ու կազմակերպչական  զանազան դժվարությունների, մրցույթը կարելի է կայացած ու հաջողված համարել:


Միահամուռ որոշվեց այն շարունակական դարձնել: «Մանուկների Մոլորակ» գեղագիտական կենտրոնի հ/կ գեղ.ղեկավար, մանկավարժ, բազմաթիվ մանկական հաջողված երգերի սիրված հեղինակ՝ Զառա Սարիբեկյանը գոհ էր  հատկապես մասնակիցների հայկական երգերի ընտրությունից,  խոստացավ իր հեղինակած մի երգ  նվիրել հաղթողին, պատրաստակամություն հայտնեց հաջորդ անգամ արդեն ներկա գտնվել
Նիդերլանդներում հայ մանուկների երգերի  կատարմանը:
Նա  նաև իրենց կենտրոնի պատվոգրի արժանացրեց գլխավոր մրցանակակրին:

 Հաղթեցին մեր երեխաները, հաղթեց հայ երգը: Բոլոր մասնակիցները ստացան  հուշամեդալներ և  պարգևատրվեցին առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակներով:

HAY AZIAN
«Նիդերլանդական օրագիր» հատուկ ՕՐԵՐԻ համար
Նայմեխեն,Նիդերլանդներ









No comments:

Post a Comment