The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday 7 April 2017

Ծիրանենին

Ծիրանենին  

Filed under: Հոդվածներ — Vahan Amatuni @ 4:30 pm
(Էտյուդ)
IMG_1479
Գարնան զով առավոտը կանաչի ու ծաղիկների բույրով է լցրել շրջապատը: Ամեն անգամ բնության հետ մերձենալու հաճելի պահ ես ապրում, երբ անցնում ես մեր քաղաքի հրաշալի հետիոտն կամրջով: Մինչ կամրջին հասնելը, ճանապարհը ձգվում է գետի երկայնքով: Գեղատեսիլ բնությունն ու գարնան թարմ օդը տրամադրող են: Շուրջն ամեն բան վերափոխվել, կենդանություն է առել: Հորդառատ Քասաղի խշշոցը, ասես, մեղեդի լինի: Այդ համաչափ մեղեդու մեջ նոր երգ է ծնվում, երբ սկիզբ է առնում թռչունների ուրախ ծլվլոցն ու դայլայլը: Գետի ռիթմիկ մեղեդին թարմ ծաղկաբույլով օծված օդը լիցքավորում, թեթևացնում է հոգիդ, այդ զգացումից կարծես ուզում ես գոչել. «Որքա՜ն լավն ես դու, գարու՜ն»:
Թեև բոլոր գարունները նման են միմյանց, բայց այս մեկը ինչ-որ ուրիշ է թվում: Ահա ինձ ծանոթ նկարիչը ճիշտ նույն տեղում, ինչպես անցած գարնանը, մտասույզ իր կտավի հետ է: Մոտենում եմ: Կտավն ասես երգ լինի՝ իր մեջ ընդգրկված գույներով՝ շռայլ Քասաղի կիրճի տեսարանով: Կտավում գրեթե ամեն ինչ բնական է: Գետը կարծես հոսում է, երկնասլաց բարդիները և նրանց արանքում թաքնված տները իրական են թվում: Տեսարանն այնքան ընդհանուր ու միաձույլ է, որ թվում է՝ մեկը մյուսի շարունակությունն է: Այնտեղից ինչ-որ բան զատել, առանձացնել շատ դժվար կլինի: Այնուհանդերձ աչքս չի վրիպում: Կտավում այդքան գույների մեջ տանիքներից մեկը կարմիրի փոխարեն թողնվել էր սպիտակ գույնի: Գուցե նկարիչը չէ’ր հասցրել, կամ վրիպե՞լ էր: Սպիտակն ընդգծվել էր կողքի կարմիր և կանաչ գույների մեջ: Ինձ այն շատ գեղեցիկ թվաց, այնքան, որ ստեղծագործությունն ամբողջացնելու նպատակով փակում եմ աչքերս: Ահա վրձնի մի հարված, և իմ երևակայության մեջ տանիքի կողքին տեսնում եմ իմ ծանոթ ծիրանենին իր սպիտակ, սպիտակ ծաղիկներով: Ուշքի եմ գալիս, հիշում եմ հաստաբուն ծիրանենին, որ հպարտ իր ճյուղերը հառած կիրճին, անցած գարնանը բավական առատ ծաղկաբերել էր: Պահը չկորցրի, հանձնելով լուսանկարչական ժապավենին՝ ծիրանենուն պարգևելով անմահություն իր ճերմակ զգեստով հանդերձ:
Գետի մյուս ափ հասնելու համար քայլերս ինքնաբերաբար արագանում են: Անհամբերությամբ եմ ապրում րոպե շուտ հանդիպելու ծիրանենուն՝ զարդարված սպիտակ հեքիաթային ծաղիկներով: Նայում եմ ծառի կողմը, մի պահ հապաղում եմ, քայլերս աստիճանաբար դանդաղում են: Գուցե տեսիլք է: Օ՜, ոչ, ոչ: Իմ դեմ է նույն ծիրանենին՝ թեքությամբ հպված կիրճին, միայն այլ տեսքով՝ չկար ծաղիկների ճերմակը նրա պսակին: Գարնան նոր կանչին անզոր է եղել պատասխանել ծիրանենին՝ մնալով հավերժ քնի մեջ: Չնայած իր մերկությանը, ծառը գեղեցիկ էր: Մուգ, դեպի անդունդը ձգվող ճյուղերը, ասես, քարացել էին գետի հետ կայացած զրույցի պահին: Գարնանային գույներով հարուստ շրջապատում առանձնացել էր իմ ծիրանենին: Եվ այնքան էր ընդգծուն դարձել շրջակայքում, ինչպես ծանոթ նկարչի կտավի սպիտակ տանիքը՝ շրջապատող գույների այդքան շռայլ աշխարհում:
Վահան Ամատունի
Աշտարակ N44 1987 թ., 11 ապրիլի, էջ 3

Thursday 6 April 2017

Հոլանդացի քաղաքական գործիչը՝ հայաստանյան ընտրությունների մասին



ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴ ՀՈԼԱՆԴԱՑԻ ՀԱՐՐԻ ՎԱՆ ԲՈՄԵԼԻՆ ԶԱՐՄԱՑՐԵԼ է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀՈԾ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ








2017թ. ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան 6-րդ գումարման խորհրդարանական ընտրություններ։ Exit poll-ի արդյունքների համաձայն՝ ընտրություններին մասնակցող կուսակցություններից և դաշինքներից («Ելք», «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան», «Կոնգրես- ՀԺԿ», Հայաստանի Հանրապետական, «Ազատ դեմոկրատներ», Հայաստանի կոմունիստական, «Հայկական վերածնունդ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն») Ազգային  Ժողով անցան 4 ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։
ԵԱՀԿ-ի կողմից (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը հանդիսանում է աշխարհի խոշորագույն տարածաշրջանային անվտանգության կազմակերպությունը, որի գործունեության հիմքում ընկած են կայունությունը, խաղաղությունն ու ժողովրդավարությունը) Հայաստան ժամանած դիտորդների շարքում էր նաև նախկինում հոլանդերեն և անգլերեն լեզուների ուսուցիչ, այժմ արտաքին քաղաքականության և Եվրոպական միության հարցերում մասնագիտացած, Սոցիալիստական կուսակցության (Socialistische Partij) ներկայացուցիչ, հոլանդացի քաղաքական գործիչ Հարրի Վան Բոմմելը։ Թեպետ նա դեռ Հայաստանում էր, բայց սիրով համաձայնեց պատասխանել մեր  հարցերին:

 Ստորև «Նիդերլանդական օրագրի» բացառիկ հարցազրույցը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից գործուղված դիտորդական առաքելության Նիդերլանդացի պատվիրակ Հարրի Վան Բոմմելի հետ:
- Պրն. Բոմել, որքան ժամանակով էիք ժամանել Հայաստան և ո՞վքեր էին Ձեր դիտորդական թիմում ընդգրկված։
- Ուղիղ մեկ շաբաթ է, ինչ Հայաստանում եմ։ Ես կարճաժամկետ դիտորդների շարքում էի. երկարաժամկետ դիտորդները 8 շաբաթ են անց կացրել ՀՀ-ում։ Իմ թիմը բաղկացած էր 10 ներկայացուցչից։  Դիտորդներ կային Եվրոպական երկրներից, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ից և ՌԴ-ից։ ԵԱՀԿ անդամ բոլոր 57 պետությունները կարող են մասնակցել ընտրությունների դիտարկման գործընթացին, բացառությամբ այն երկրի, որտեղ ընթանում են ընտրություններ։

- Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել Ձեր և Ձեր թիմի կողմից այս յոթ օրվա ընթացքում։
- Մենք վերահսկել ենք տեղամասի բացման պահից մինչև արդյունքները տարածքային ընտրական հանձնաժողով բերվելը: Սկսել ենք աշխատել առավոտյան 7։30-ից և դադարեցրել աշխատանքները հաջորդ օրը առավոտյան ժամը 11-ին։ Ստուգել ենք ամեն ինչ՝ սկսած կնիքներից մինչեւ քվեատուփեր, քվեների գաղտնիություն: Մենք վերահսկել ենք քվեների հաշվարկը եւ հետեւել, թե ինչպես են արդյունքները ընտրատեղամասից տեղափոխվում տարածքային ընտրական հանձնաժողով։

- Դուք՝ Ձեր դիտորդական առաքելությունն իրականացրել եք Արմավիրի մարզում։ Քանի՞ ընտրատեղամաս եք այցելել, ի՞նչ տպավություն եք կազմել և ո՞րն է Ձեր եզրակացությունն Արմավիրի մարզում տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ընթացքից։ Նկատ՞ել եք, արդյոք, խախտումներ։
- Ես աշխատել եմ հինգ ընտրատեղամասերում, դիտարկվել են մուտքային քվեատուփերը գիշերը 23։00-ից մինչեւ հաջորդ օրն առավոտյան 7։00: ԵԱՀԿ-ի եզրակացության համաձայն՝ ընտրություններն անցել են սահուն. ընտրողները հնարավորություն են ունեցել օգտվել իրենց հիմնարար ազատությունից: Այնուամենայնիվ, ԵԱՀԿ-ն գրանցել է ընտրակաշառքի արժանահավատ դիտարկումներ: Ես նաև գաղտնիության պակաս  նկատեցի.  ընտրողներն ինը քվեաթերթիկները ստանալու պահից մինչ քվեախցիկ մտնելը` կանգնած հերթի մեջ, նկատելի կերպով առանձնացնում էին այն թերթիկը, որով պատրաստվում էին քվեարկել:
- Որեւէ մեկը փորձե՞լ է ազդեցություն գործադրել Ձեր կամ Ձեր թիմի վրա։
- Ո՛չ, ավելին՝ մեզ ամենուր ընդունում էին սրտաբաց։

- Ի՞նչ եք կարծում, Հայաստանում, իրո՞ք, թափանցիկ է անցնում ընտրական գործընթացը, եթե համեմատենք Նիդերլանդների թագավորության հետ։ Ի՞նչ նմանություններ և տարբերություններ ունեն  ընտրությունները Հայաստանում և Նիդերլանդներում։ Անձամբ Դուք ի՞նչ կփոխեիք հայաստանյան ընտրություններում։
- Հայաստանում առավել լավ է իրականացվում մարդկանց ինքնության հաստատման վերահսկողությունը՝ էլեկտրոնային տարբերակով. ID քարտեր, մատնահետքեր, տեսախցիկներ։ Բոլոր ցանկացողները կարող են առցանց հետեւել ընտրությունների ընթացքին՝ ներառյալ հաշվարկը։ Հայաստանում վստահված անձդ քո փոխարեն քվեարկելու իրավունք չունի, իսկ Նիդերլանդներում ընտրության նման տարբերակը թույլատրելի է։ Նաեւ Հայաստանում կան շատ ավելի տեղական դիտորդներ, քան Նիդերլանդներում: Նիդերլանդներում մենք չենք լսել ընտրակաշառքի դեպքերի մասին. մեզ մոտ գրանցված չեն արժանահավատ զեկույցներ՝ ընտրակաշառքի վերաբերյալ, իսկ Հայաստանում` գրանցվել են: Այլ տարբերություն. Հայաստանում միշտ կնկատես տղամարդկանց խմբեր՝ հավաքված ընտրատեղամասի բակում. նման տեսարանի երբեք չես հանդիպի Նիդերլանդներում։
Նմանությունները. ընտրողները մոտիվացված են գալու ընտրատեղամաս և ընտրելու, ընտրական հանձնաժողովում և՛ Նիդերլանդներում, և՛ Հայաստանում նկատվում է գենդերային հավասարություն; ընտրական հանձնաժողովի անդամները լավ են հրահանգված և պատրաստված:
Եթե խոսենք հնարավոր բարելավումից, ապա լավ կլիներ տարածքապես մեծացնել ընտրատեղամասերը. 28.000 տեղական դիտորդներ եւ միայն 2.000 ընտրատեղամաս: Շատ ընտրատեղամասեր լեփ-լեցուն էին՝ մարդկանցով գերծանրաբեռնված։


Հարկ է նշել, որ Հարրի Վան Բոմելն ավելի, քան տասը տարի համագործակցում է Նիդերլանդներում հայկական համայնքի հետ։ 2015թ.-ին նա գլխավորել է խորհրդարանական պատվիրակությունը դեպի Հայաստան, մասնակցել է ՆԱՏՕ-ի սեմինարին Երեւանում և այլն: Նա նաեւ այցելել է Արցախ, վարպետության դաս տվել Առեւտրի միության ուսուցիչներին։
Մայիսի 13-ին ժամը 19:00 Ալմելոյում Հարրի Վան Բոմմելը հանդես կգա հայաստանյան խորհրդարանական ընտրությունների մասին իր զեկույցով։ Բոլոր հետաքրքրված անձիք հրավիրված են։
Նիութը պատրաստեց՝ ՄԱՐԻՇԱ ՇԻԿ