The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 27 April 2024

Շնորհավո՜ր Թագավորի օրը

 

Նիդերլանդներում որպես ազգային տոն հանդիսավոր նշվում է Թագավորի օրը: Այս տարի թագավորական ընտանիքը ժամանել է Դրենթե նահանգի Էմմեն քաղաք: Վիլեմ-Ալեքսանդրը այս տարի նշում է ծննդյան 57-ամյակը։ Էմմենում  նրանց  ընդունեցին քաղաքապետ Էրիկ վան Օսթերհաուտը և Դրենթե նահանգի թագավորի հանձնակատար Ջետտա Կլինսման: Ավելի քան երկու տասնամյակի ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Օրանժները Դրենթեում նշում են Թագավորի կամ Թագուհու օրը: Վերջին անգամ 2002-ին էր, երբ արքայադուստր Բեատրիքսն ապրիլի 30-ին այցելեց Մեպել և Հուգուին, երբ նա դեռ իշխող միապետն էր:

Հարյուրավոր մարդիկ էին երթուղու երկայնքով հավաքվել տեսնելու թագավորական ընտանիքը,  սեղմելու Վիլեմ-Ալեքսանդրի ձեռքը: Ժամերի ընթացքում հագնված նարնջագույն հագուստով և ծածանելով հոլանդական դրոշները մարդկանց հոսքը Էմմեն երկաթուղային կայարանից հասավ դեպի կենտրոն: Օրն ավարտվելու է  Raadhuisplein-ի գլխավոր բեմում: Շատերն էլ թագավորին, նրա ընտանիքին ողջունել են շենքերի պատուհաններից:

Թագավորի օրը երեկ հանդիսավոր նշել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը բազմաթիվ բարձրաստիճան հյուրերի՝ Հայաստանի կառավարության, երկրում գործող դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, գործընկերների ու ընկերների հետ միասին:  Ինչպես  Embassy of the Netherlands in Armenia էջն է հայտնում #Koningsdag-ը՝ Թագավորի օրը կամ Թագավորի ծննդյան օրը՝ ազգային տոն է, որն ուղղակիորեն կապ ունի միապետի ծննդյան օրվա հետ, ու ազգային միասնություն և համերաշխություն է խորհրդանշում։ Նիդերլանդացիներն այդ օրը հագնում են նարնջագույն հագուստ, որը Օրանական Նասաու արքայատոհմի ընտանեկան գույնն է։

Թագավորի օրվա տոնակատարությունն անցել է ջերմ ու բարեկամական մթնոլորտում, հյուրերը հնարավորություն են ունեցել առնչվելու նիդերլանդական հյուրասիրությանն ու համտեսել հոլանդական պանիրը, գարեջուրը և բիթեռբալլենը:

Երկա՜ր կյանք արքային, ուռա, ուռա, ուռա՜...

Lang leve de koning! Hoera, hoera, hoera!

Նարնջագույնը առաջնային:

Oranje boven!

Շնորհավո՜ր Թագավորի օրը

Fijne Koningsdag!

Prettige Koningsdag!

Gezellig Koningdag!

---

Լուսանկարներում` Վիլեմ-Ալեքսանդրը, թագուհի Մաքսիման և նրանց դուստրերը՝ Ամալիան, Ալեքսիան և Արիանեն: (լուսանկարները մամուլից, Հայաստանում Նիդ.դեսպանության էջից)

ՀՀ նախագահն ու արտգործնախարարը շնորհավորել են Թագավորի օրը


ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X–ի իր միկրոբլոգում շնորհավորել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Հանկե Բրյունիս Սլոթին` թագավորի ծննդյան օրվա կապակցությամբ:
«Լավագույն մաղթանքներ եմ հղում իմ գործընկերոջը` Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Հանկե Բրյունիս Սլոթին։ Հիմք ընդունելով մեր նախորդ քննարկումները՝ ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր համատեղ օրակարգը ՀՀ–Նիդեռլանդներ, ՀՀ–ԵՄ նախաձեռնություններով»,– գրել է նա:
Ծննդյան օրվա առթիվ Նիդերլանդների թագավորին շնորհավորել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Հայաստանին և Նիդերլանդներին միավորում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքները: Երկու երկրների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն»,- ասվում է Խաչատուրյանի ուղերձում:



No comments:

Post a Comment