The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 3 June 2018

Նիդերլանդներում եզրափակվում է հայազգի Սուրբ Սերվատիուսին նվիրված միջոցառումները

ՊԱՏԱՐԱԳ ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԵՎ ԲԵԼԳԻԱՅՈՒՄ
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾԱԾ ՀԱՅԻ ՊԱՏՎԻՆ

Այսօր՝ Շաբաթ օրը ժամը 11.00-ից Մաաստրիխտի Սուրբ Սերվատիուսի Տաճարում (Հասցեն keizer Karelplein-3. 6211 TC Maastricht) մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր  Գերմանիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդ, հոգեշնորհ Տեր Սերովբե վարդապետ Իսախանյանը, որը Գերմանիայից բավականին ուխտավորների հետ Նիդերլանդներ էր ժամանել: Լեփ լեցուն սրահում եկեղեցական նվագակցությունը կատարում էր  Քյոլն քաղաքի «Կոմիտաս» երգչախումբ` Արտակ Ոսկանյանի գլխավորությամբ։
Լուսանկարում՝ հոգեշնորհ Տեր Սերովբե վարդապետ Իսախանյանը (կենտրոնում)
Լուսանկարում՝ Սերվատիուսի աճյունը




Քյոլն քաղաքի «Կոմիտաս» երգչախումբ` Արտակ Ոսկանյանի գլխավորությամբ
Սա եզակի այն միջոցառումներից էր, ուր «Սուրբ Սերվատիուսի» Տաճարում մատուցվում էր հայկական պատարագ, իսկ ավելի պատվելի էր, երբ  սրահ տեղափոխվեց մեծն հայի՝ Սուրբ  Սերվատիուսի աճյունը:
Ինչպես «Նիդերլանդական օրագրին» հավաստեց «Անի» հայ համայնքի ղեկավար Լևոն Սարգիսը, նման բան դեռ տեղի չէր ունեցել և դա արվել էր Սուրբ Սերվատիուսի հայրենակիցների նկատմամբ հատուկ հարգանքի դրսևորումից ելնելով:
Միջոցառմանը մասնակցեցին  տարբեր համայնքների ներկայացուցիչներ, պետական,քաղաքական, համայնքային,եկեղեցական և այլ ոլորտների բարձրաստիճան  այրեր: Մասնավորապես Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ Գարեգին Մելքոնյանը, Նիդերլանդների Թագավորության  Լեմբուրգ նահանգի թագավորի հանձնակատար, սոցիալ-տնտեսական խորհրդի մշտական անդամ, Լիմբուրգի մարզպետ Տեո Բովենսը: Վերջինս այդ
մասին նաև իր թվիթերյան  էջում էր  գրառում  կատարել:

Լուսանկարում՝ (ձախից-աջ) Հայաստանի  Պատվո  հյուպատոս  պարոն Զիկը, Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ  դեսպան Ն.Գ Գարեգին Մելքոնյանը, Նիդերլանդների Թագավորության  Լեմբուրգ նահանգի թագավորի հանձնակատար, սոցիալ-տնտեսական խորհրդի մշտական անդամ, Լիմբուրգի մարզպետ Տեո Բովենսը, Նիդերլանդներում ՀՀ հյուպատոս Անդրանիկ Գրիգորյանը, Մաստրիխտի Հայ Առաքելական «Սուրբ Կարապետ» եկեղեցու ծխական խորհուրդի անդամ, «Անի» հայ համայնքի ատենապետ Լևոն Սարգիսը:


Պատարագից հետո տպավորիչ էր «Աբովյան» մշակութային միության երգչախմբի ելույթը:
Միջոցառմանը պատվելու էին եկել նաև  Նիդերլանդներում Ռուսաստանի ուղափառ եկեղեցու ներկայացուցիչները, Հայաստանի և Ռուսաստանի Պատվո  հյուպատոսներ  պարոնայք Զիկը և    դը  ֆլոտը, գործող հյուպատոս Անդրանիկ Գրիգորյանը, հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը,   «Ապրիլ 24 կոմիտեի» (FAON) քարտուղար Ինգա Դրոստը, «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի վարչության անդամ, նույնանուն դպրոցի տնօրեն Վահան Ավագյանը:
Հիշեցնենք, որ Սուրբ Սերվատիուսի պատվին տեղի ունեցող միջոցառումները Մաստրիխտում սկսվել են դեռ մայիս ամսից: Արարողակարգերի գլխավոր մասը՝ «Սուրբ տաճարի բանալու փոխադրման երթի» 55-րդ արարողությունն էր, որին ներկա էին հազարավոր ուխտավորներ։ Վաղը՝ հունիսի երեքը   Սուրբ Սերվատիուսին նվիրված միջոցառումների շարքի վերջին օրն է: Այն ավարտվելու է հազարավոր հավատացյալ ուխտավորների թափորի երթով: Ինչպես անցյալ անգամ Լիմբուրգի մարզային հեռուստատեսությունը կրկին լուսաբանելու է ուխտավորների քայլերթը:






Այս արժանահիշատակ տոնակատարության շրջանակներում Մաստրիխտի Հայ Առաքելական «Սուրբ Կարապետ» եկեղեցու ծխական խորհուրդը  ևս անմասը չմնաց և կազմակերպչական բավականին ծավալի աշխատանքներ կատարեց՝ նաև վաղվա միջոցառմանն է համայնքը պատրաստվում: Ընդհանրապես լավ կլինի, երբ հատկապես օտարներն են հիշում և երախտապարտ են անվանի հայ զավակներին, հայկական մյուս համայնքների հայեր ևս գան ու մասնակցեն նման միջոցառումներին: Դրանով ոչ միայն ինքներս մեզ ենք հարգում, այլև գնահատում ենք օտարներին, որոնք հարգանքի տուրք են մատուցում մեր զավակներին:
Հիշեցնենք դեռ 2016 թ  «Սուրբ Սերվատիուս» եկեղեցու հարակից մասում հայ համայնքը  խաչքար էր տեղադրել։
Խաչքար-հուշարձանի բացումը խորհրդանշական էր: Մաստրիխտում է  սրբացվել հայազգի Սերվատիուսը, ում անունով կա հնադարյան եկեղեցի ու շատ տեսարժան վայրեր քաղաքում: Լեգենդն ասում է, որ ներկայիս Հոլանդիայի և Բելգիայի տարածքներում Սերվատիուսն է հանդիսացել  քրիստոնեության առաջին տարածողն ու ջահակիրը: Նրա ծննդյան թիվն անհայտ է, մահացել և թաղվել է  Մաստրիխտում 384 թվականին:«Սուրբ Սերվատիոսի կյանքը» 1170 թվականին գրի է առել հոլանդացի առակագիր Հենդրիկ վան Վելդեկեն: Թերևս  Սուրբ Սերվատիոսի կյանքի  շատ էջեր սպասում են իր ուսումնասիրողին: Նրան նվիրված տոների շարքը կաթոլիկ եկեղեցիներում նշվում է մայիսի 13-ից՝ մեծ շուքով ու հանդիսությամբ:

Hay Azian
«Նիդերլանդական օրագիր»



No comments:

Post a Comment