The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday 16 July 2018

Նաիրի Հախվերդյանի սցենարով գրված ֆիլմն արժանացել է վարչապետի մրցանակին

«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնին Հայաստանի վարչապետի մրցանակին արժանացավ «Սինե Միտք» ծրագրի երկու  ֆիլմեր: Դրանցից մեկը  ռեժիսոր Լուսինե Սարգսյանի «Վարորդը» ֆիլմն էր: Այն ներկայացրեց սցենարիստ Նաիրի Հախվերդյանը։  Սա Նաիրիի  առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմի համար գրված սցենարն է , իսկ Լուսինե Սարգսյանն արդեն  երեք ֆիլմ է նկարահանել։   «Նիդերլանդական  օրագրի» ընթերցողներին հայտնում ենք, որ  Նաիրի Հախվերդյանը նիդերլանդահայ  կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանի և իրավաբան Ինգա Դրոստի դուստրն է, ով նաև իր հետաքրքիր հոդվածներով հանդես է գալիս նիդերլանդական մամուլում:
 Նաիրի Հախվերդյանի սցենարը վերաբերվում է կնոջ կերպարին:
Ֆիլմում  ներկայացված է կինը, որտեղ ցույց է տրվում նրա ներքին  ապրումները՝ հոգեբանական վիճակը,  ազատության ու պայքարելու  կերպը, ներքին  մղումն ու ցանկությունը: Միառժամանակ կնոջ ներքին հոգեկան տագնապներով լի իրավիճակը, ներքին վախերը։  Ի վերջո կինը իր մեջ գտնվող իրարամերժ էմոցիաները կարողանում է կառավարել: Ֆիլմը վերջանում է այն խոսքերով, որ այդ պահից հերոսուհին իր ձեռքն է վերցնում կյանքի ղեկը և  հստակ այն կառավարում է: Ճիշտ է, բավական սիմվոլիկ է մրցանակային գումարը՝ 2000 ամերիկյան դոլար, բայց ոգևորող է ու խթանիչ դեր ունի: Դե գումարն էլ ինչ որ փուլի կարող է ծառայել, ասենք թարգմանության, ֆիլմը այլ տեղեր ներկայացնելու, կամ ճանապարհածախսերի վրա:

«Վարորդը» ֆիլմը ներկայացնում է սցենարիստ-պրոդուսեր Նաիրի Հախվերդյանը

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» փառատոնը հիմնվել է ՀՀ մայրաքաղաք Երևանում 2004-ին: Այն հիմնել են «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիան` ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանն է` «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ»: Այն նաև Հայաստանի պատմության արտացոլումն է, որը դարեր շարունակ մրցակցող աշխարհաքաղաքական ուժերի համար բռնկման կետ է հանդիսացել: Փառատոնը հատկապես ողջունում է այնպիսի ֆիլմեր, որոնցում ներկայացված են զանազան էթնիկ, ազգային խմբեր, տարբեր կրոններ, սովորական և հայտնի մարդկանց առօրյա կյանքը, նրանց հոգսերն ու ուրախությունները: Փառատոնի նպատակն է ստեղծել համընդհանուր մարդասիրական սկզբունքներին համապատասխանող կինոյի մթնոլորտ և կինոդաշտ։
 «Ոսկե ծիրան» 15-րդ հոբելյանական փառատոնի հիմնական մրցանակակիրներն ու  հաղթողներն են.
Միջազգային խաղարկային մրցույթ անվանակարգում «Ոսկե ծիրան» մրցանակը տրվեց ռեժիսոր Ռոման Բոնդարչուկին՝ ​«​Հրաբուխ​»​ ֆիլմի համար, «Արծաթե ծիրան»-ը՝ Ժերմինալ Ռոոյի ​«​Ֆորտունա​»​ ֆիլմին։
Միջազգային վավերագրական ֆիլմեր անվանակարգում «Ոսկե ծիրան» մրցանակի արժանացավ Շևաուն Միզրահի ​«​Հեռավոր Համաստեղություն​» ֆիլմը, «Արծաթե ծիրան» մրցանակի՝ Այնարա Վերայի ​«Կհանդիպենք վաղը, եթե Աստված տա» ֆիլմը։
«Ժյուրիի հատուկ հիշատակում» մրցանակը տրվեց ​ռեժիսոր Վախթանգ Կունցև-Գաբաշվիլին՝ «​Հստակ աշխարհ​» ֆիլմի համար։
«Հայկական համայնապատկեր» հատուկ ծրագրի լավագույն ֆիլմ ճանաչվեց Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը, իսկ «Հայկական համայնապատկեր»-ի լավագույն դեբյուտային ֆիլմը Արթուր Սահակյանի «​Քամու հետ​»​-ն է։
Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը լավագույն սցենարի համար տրվեց ​ ռեժիսոր Աբուֆազլ Սաֆարին՝ «Մայրամուտի Բեռնատարը​»​ ֆիլմի համար։
Սոս Սարգսյանի անվան մրցանակը լավագույն դերակատարման համար տրվեց Շանթ Հովհաննիսյանին՝ ​«Եվա​»​ ֆիլմում մարմնավորած կերպարի համար։
«Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն սփյուռքահայ կինոգործիչ ճանաչվեց Առնո Խայաջանյանին։

No comments:

Post a Comment