The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 17 January 2026

«Խաղաղ Ամանոր»՝ համերաշխության և հոգատարության դրսևորում

14.01.2026/Նիդ.օրագիր

«Միասին» համահայկական  հասարակական կազմակերպությունը՝ Վաղարշապատի համայնքապետարանի հետ համագործակցությամբ, հունվարի 10-ին Էջմիածնում իրականացրեց «Խաղաղ Ամանոր» բարեգործական ծրագրի երկրորդ փուլը։ Միջոցառումը տեղի ունեցավ Հովհ. Հովհաննիսյանի տուն-թանգարանի հանդիսությունների սրահում՝ ջերմ, տոնական և հոգատար մթնոլորտում։

Ծրագրի շահառուներն էին 44-օրյա արցախյան պատերազմի ընթացքում Վաղարշապատ համայնքի զոհված հայորդիների, անհետ կորածների ընտանիքների, ինչպես նաև համայնքում հաստատված արցախցի ընտանիքների 25 երեխաներ։ Նախաձեռնության նպատակն էր ոչ միայն երեխաներին պարգևել ամանորյա տրամադրություն, այլև փոխանցել ուշադրություն, ջերմություն և հոգատարություն՝ կարևոր ուղերձ հղելով, որ նրանք միայնակ չեն։

Միջոցառման շրջանակում երեխաները դիտեցին «Խարիսխ Թատրոն»-ի գունեղ ու ուսուցողական «Կախարդական տոնածառը» ներկայացումը, որը մեծ հետաքրքրությամբ ընդունվեց փոքրիկների կողմից։ Այնուհետև Ձմեռ պապը երեխաներին հանձնեց նվերներ՝ տաք հագուստ, խաղեր, խաղալիքներ և քաղցրավենիք։ Օրվա ավարտին կազմակերպվեց նաև հյուրասիրություն։

Միջոցառմանը ներկա էին Վաղարշապատ համայնքի ղեկավարի օգնական Մանվել Մելիքյանը, Հովհ. Հովհաննիսյանի տուն-թանգարանի տնօրեն Քրիստինե Թորոսյանը և այլ հյուրեր։ Նախաձեռնությունն իր բովանդակությամբ դարձավ Հայաստան–Սփյուռք համագործակցության հերթական օրինակելի դրսևորումը։

Էջմիածնում կայացած ծրագրին նշանակալի աջակցություն էր ցուցաբերել Ստամբուլի «Հրանտ Դինք» հայկական վարժարանը։ Վարժարանի աշակերտները մեծ նվիրումով պատրաստել էին ձեռագիր տոնական բացիկներ՝ ամանորյա բարեմաղթանքներով՝ ուղղված Հայաստանի իրենց հասակակիցներին։ Բացիկները կրում էին անկեղծ հոգատարության, կարեկցանքի և համերաշխության շունչ։ Բացի այդ, վարժարանը ծրագրին ցուցաբերել էր նաև նյութաբարոյական աջակցություն։

Նախաձեռնությանը միացել էր նաև Ստամբուլում գործող «Ալյուր» սրճարան-ռեստորանը՝ Արշալույս Պալմումճույանի գլխավորությամբ, որի ջանքերով կարճ ժամանակում պատրաստվել և Հայաստան էին ուղարկվել ամանորյա թխվածքաբլիթներ։ Նվերների պատրաստման գործում իրենց ներդրումն էին ունեցել նաև Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի ուսանողները, ինչպես նաև «Մարտին Սթար» ընկերությունը։

Իր ողջույնի խոսքում «Միասին» ՀԿ հիմնադիր նախագահ Գևորգ Չիչյանը նշեց, որ նման ծրագրերը մշտապես կազմակերպության ուշադրության կենտրոնում են։ Նրա խոսքով՝ կազմակերպությունը հետևողականորեն ձգտում է համախմբել Հայաստանի և Սփյուռքի գործընկերների ուժերը՝ երեխաներին ուրախություն, ուշադրություն և ժպիտ պարգևելու համար։

 Գևորգ Չիչյանը (Gevorg Chichyan)   հատուկ շնորհակալություն հայտնեց Ստամբուլի «Հրանտ Դինք» վարժարանին՝ տնօրեն Արեգնազ Ավագյանի գլխավորությամբ՝ ընդգծելով, որ կարճ ժամանակում կարողացել են համախմբել թե՛ աշակերտներին, թե՛ ծնողական համայնքին նախաձեռնության արդյունավետ իրականացման շուրջ։ Նրա խոսքով՝ վարժարանի ներգրավվածությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ անկախ տարածքային հեռավորությունից՝ հնարավոր է լինել միասնական։

Նա նաև իր երախտագիտությունը հայտնեց Վաղարշապատի համայնքապետարանին աջակցության համար, Էջմիածնի պետական քոլեջի ուսանողներին՝ նվերների պատրաստման, ինչպես նաև «Martin Star LLC – От Мартина» ՍՊԸ-ին՝ իրենց ապրանքատեսականուց տրամադրելու համար։

Վաղարշապատ համայնքի ղեկավարի օգնական Մանվել Մելիքյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց նման նախաձեռնությունների կարևորությունը համայնքային համերաշխության և սոցիալական աջակցության տեսանկյունից՝ վերահաստատելով համայնքապետարանի շարունակական ներգրավվածությունը նման ծրագրերում։

Միջոցառման ավարտին Գևորգ Չիչյանը շնորհակալագրեր հանձնեց Վաղարշապատի համայնքապետարանին, Ստամբուլի «Հրանտ Դինք» վարժարանին, «Ալյուր» սրճարան-ռեստորանին, «Մարտին Սթար» ՍՊԸ-ին և ծրագրի իրականացմանը նպաստած բոլոր գործընկեր կառույցներին։

«Խաղաղ Ամանոր» բարեգործական ծրագիրն իրականացվում է 2022 թվականից՝ Հայաստանի և Սփյուռքի գործընկեր կազմակերպությունների, հայկական դպրոցների, երիտասարդական միությունների, մշակութային խմբերի, հանրային դեմքերի և անհատ բարեկամների աջակցությամբ։ Տարիների ընթացքում այն իրականացվել է Երևանում, Վաղարշապատում, Լճաշենում, Գագարինում և Արարատ համայնքում։

Ծրագրի առանցքային առաքելություններից մեկն է Սփյուռքում ապրող երեխաներին հաղորդակից դարձնել Հայաստանում բնակվող իրենց հասակակիցների խնդիրներին՝ նրանց մեջ ձևավորելով աջակցելու և հոգ տանելու պատասխանատվության զգացում։ Ընդհանուր առմամբ, նախաձեռնությունից օգտվել է շուրջ 180 երեխա։

Նշենք, որ սա «Միասին» համահայկական ՀԿ-ի գործունեությանը նվիրված Նիդերլանդական օրագրի երկրորդ հրապարակումն է, ինչը ևս մեկ անգամ վկայում է կազմակերպության գործունեության միջազգային արձագանքի և կարևորության մասին։






No comments:

Post a Comment