The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 26 December 2025

Միասին ՀԿ/Miasin NGO«Խաղաղ Ամանոր» բարեգործական ծրագրին մասնակցել են նաև Նիդերլանդներից

 

«Միասին» համահայկական հասարակական կազմակերպությունը դեկտեմբերի 20-ին չորրորդ անգամ իրականացրեց իր ավանդական դարձած «Խաղաղ Ամանոր» բարեգործական ծրագիրը՝ նպատակ ունենալով տոնական ուրախություն և ջերմություն փոխանցել Հայաստանում ապրող երեխաներին։

2025 թվականի միջոցառումն ուղղված էր սոցիալապես անապահով ընտանիքների, Արցախյան պատերազմում զոհված հայորդիների ընտանիքների և Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների երեխաների համար։ Այս տարի տոնական միջոցառումը կազմակերպվեց Արարատի մարզի Արարատ համայնքում՝ Արարատի համայնքապետարանի և Արարատի Երիտասարդական Նախաձեռնությունների Կենտրոնի հետ արդյունավետ համագործակցությամբ։

Տոնական միջոցառումը, որի հանդիսավարն էր Համեստ Բեգլարյանը, մեկնարկեց երաժշտությամբ և պարերով՝ ստեղծելով ջերմ ու ուրախ մթնոլորտ։ Սկզբում ելույթ ունեցան «Lilit Dance Studio» պարային ստուդիայի սաները (գեղարվեստական ղեկավար՝ Լիլիթ Գևորգյան), ապա հանդիսատեսին իրենց կատարումներով ուրախացրին երգիչ Արմեն Հովսեփյանը և Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի ու «Արևներ» անսամբլի սան Էլեն Մարտիրոսյանը։

Այնուհետև սկսվեց զվարճանքի հատվածը՝ «Գայլուկ»-ի մանկական շոու-ծրագրով, որը երեխաների համար դարձավ լիարժեք ուրախության ու խաղի պահ։ Միջոցառման ամենասպասված պահը Ձմեռ Պապի այցելությունն էր․ նա երեխաներին փոխանցեց տոնական շնորհավորանքներ և բաժանեց նվերներ, որոնք հատուկ պատրաստվել էին Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ երեխաների, կազմակերպությունների և անհատ բարեկամների կողմից։

Միջոցառման ընթացքում «Միասին» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Գևորգ Չիչյանը հանդես եկավ շնորհավորական խոսքով՝ մաղթելով խաղաղություն, համերաշխություն և բարգավաճ նոր տարի։ Նա իր խորին երախտագիտությունը հայտնեց բարեգործական ծրագրին աջակցած բոլոր նվիրատուներին և գործընկերներին՝ ընդգծելով, որ նրանց մասնակցության շնորհիվ հնարավոր եղավ այս տոնական օրը կազմակերպել և երեխաներին պարգևել ժպիտ ու հույս։ Արդյունավետ համագործակցության համար Գևորգ Չիչյանը շնորհակալագրեր հանձնեց Արարատի համայնքապետարանի և Արարատի Երիտասարդական Նախաձեռնությունների Կենտրոնի ներկայացուցիչներին։

2025 թվականի «Խաղաղ Ամանոր» ծրագրի աջակիցները եղել են «Միասին» ՀԿ-ի հայաստանյան և սփյուռքյան բազմաթիվ գործընկերներ՝ համահայկական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ, կիրակնօրյա դպրոցներ, մշակութային խմբեր և անհատ բարեկամներ, ովքեր աջակցել են թե՛ նվիրատվություններով, թե՛ անձնական ներգրավվածությամբ։

Ծրագրին աջակցել են՝

🔹Թեհրանի հայ մշակութային «Արարատ» կազմակերպությունը

🔹Էջմիածնի «Վարդգես Համազասպյանի» անվան պետական քոլեջը

🔹ՀՕՄ-ի Նիդեռլանդների «Շուշի» մասնաճյուղը

🔹Մյունխենի «Անուշ» հայ-գերմանական պարի և մշակույթի կենտրոնը

🔹Դոնի-Ռոստովի «Հայաստանի փայլը» պարախումբը

🔹Դոնի-Ռոստովի Երեխաների և պատանիների մշակույթի զարգացման կենտրոնը

🔹Դոնի-Ռոստովի հայկական ազգային պարերի «Նաիրի» պարախումբը

🔹«Շտադա Արմենիա» դեղագործական ընկերության մի շարք աշխատակիցներ

🔹Տեր և Տիկին Սեպուհ և Շողիկ Բաղդոյանները (Ավստրիա)

🔹Դանիելյան ընտանիքը (Նիդերլանդներ)

🔹Հերմինե Ագարճալեանը (ԱՄՆ)

🔹Մանուշ և Մարո Հովհաննիսսյանները (Նիդերլանդներ)

🔹Փոլ Մանուկը (Իռլանդիա)

🔹«Արարատականներ» նախաձեռնությունը

Առանձնահատուկ երախտագիտություն է հայտվում նաև Արարատի Երիտասարդական Նախաձեռնությունների Կենտրոնին՝ ջերմ և արդյունավետ համագործակցության համար։

«Միասին» ՀԿ-ն կարևորում է նման համախմբվածությունն ու վստահությունը՝ ընդգծելով, որ հենց միասնական ջանքերով է հնարավոր իրականացնել մարդասիրական ծրագրեր և ամրապնդել համահայկական համերաշխությունը։









No comments:

Post a Comment