Մայր Աթոռում տեղի ունեցած դեկտեմբերի 18-ի իրադարձությունների շուրջ
Մի խումբը բացականչում էր «հեռացիր», մյուսը՝ «վեհափառ»
18.12.2025/Նիդ.օրագիր/
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր լարվածություն էր՝ կապված Հայաստանի Առաքելական Եկեղեցու ներսում ընթացող տարաձայնությունների և կազմակերպական գործընթացների հետ:
Հավաքված էր քաղաքացիների հոծ բազմություն: Նրանց մի մասը աջակցություն ցուցաբերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին, մյուս մասը՝ պահանջում էր նրա հրաժարականը։ Հավաքի ընթացքում տեղի ունեցավ ժամերգություն, որի ընթացքում կաթողիկոսը կոչ արեց հավատացյալներին և հոգևորականներին պահպանել կանոնական կարգն ու խաղաղությունը։ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Վրթանես Բադալյանի առողջական վիճակը վատացավ. նրան շտապ հոսպիտալացրին ստենտավորման համար։ Նմանատիպ խնդիր նկատվեց նաև լրագրողներից մեկի մոտ, ով տեղափոխվեց հիվանդանոց։
Զուգահեռ Հավաքի ընթացքում կաթողիկոսի դեմ բողոքարկող 10 եպիսկոպոսները ներկայացրեցին Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով նամակ։ Ոստիկանությունը նշեց, որ հավաքի ընթացքում առկա են եղել ոչ համազգեստային անձինք, որոնք փորձել են վերահսկել իրավիճակը, սակայն միջադեպերը կանխվեցին։
Այսօր Մայր Աթոռում նաև քննարկվեցին Գերագույն հոգևոր խորհրդի կազմի փոփոխությունները, որոնք կատարվել էին որոշ անդամների առողջական խնդիրների, բացակայության և ազատազրկված լինելու հանգամանքների պատճառով։ Հրաժարականը պահանջող եպիսկոպոսները դեմ արտահայտվեցին այդ փոփոխություններին՝ համարելով դրանք անօրինական։
Վարչապետի գրառումները և քաղաքական շրջանակների մեկնաբանությունները ևս ընդգծեցին, որ այս իրադարձությունները հետևանք են եկեղեցու ներսում և հասարակությունում ձևավորված խորը տարաձայնությունների՝ հոգևոր, կազմակերպական և քաղաքական շերտերով։
Իրավիճակը կաթողիկոսի շուրջ մնաց էլ ավելի անորոշ:
Անտվերպենում բացվել է նոր հայ համայնքի հոգևոր կենտրոն՝ «Սուրբ Գրիգոր Նարեկացի» եկեղեցի
17.12.2025/Nid.oragir
Դեկտեմբերի 9-ը պատմական օր դարձավ Անտվերպենի հայ համայնքի կյանքում։ Համայնքը ստացավ նոր հոգևոր կենտրոն՝ նախկին Կաթոլիկ Սուրբ Հովսեփ եկեղեցու շենքը, որը ստացել է նոր անուն՝ «Սուրբ Գրիգոր Նարեկացի», Հղում անելով Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությանը այդ մասին հայտնում է ORER Armenian European Magazine ամսագիրը:
Անտվերպենի ու Մեխելենի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տիրայր վարդապետ Հակոբյանի և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի օրհնությամբ, համայնքը համախմբեց իր ջանքերը՝ ձեռք բերելով այս կարևոր հոգևոր և մշակութային կենտրոնը։
Համայնքի հավատացյալների նվիրատվություններն ու ծխական խորհրդի անձնվեր ծառայությունը հնարավորություն տվեցին, որ եկեղեցին դառնա համայնքի սեփականություն և ծառայի որպես հոգևոր, մշակութային և կրթական կենտրոն՝ պահպանելու հայկական ինքնությունը և բարոյահոգևոր արժեքները։
Համայնքի ղեկավարներն ու հոգևոր հայրերը ընդգծում են, որ նոր եկեղեցին կդառնա ոչ միայն աղոթքի և հոգևոր զարգացման վայր, այլև համայնքի միասնության և համագործակցության խորհրդանիշ։
Համայնքը խորին շնորհակալություն է հայտնում բոլոր նվիրատուներին և աջակիցներին՝ իրենց նվիրվածության և աջակցության համար։ Այս ձեռքբերումը վկայում է հայ ժողովրդի համախմբվածության, ինքնագիտակցության և հավատքի ուժի մասին։
Նռան օրհնության արարողություն Նիդերլանդների հայկական եկեղեցիներում
Անցած կիրակի օրը Նիդերլանդների հայկական եկեղեցիներում, Սուրբ Պատարագից հետո, տեղի ունեցավ նռան օրհնության ավանդական արարողությունը։ Այն կատարվեց աղոթքի, հավատքի և միասնականության մթնոլորտում։
Նռան օրհնությունը խորհրդանշում է կյանքի, պտղաբերության և Աստծո առատ օրհնությունը։ Հավատացյալները օրհնված նռները տարան իրենց տները՝ որպես օրհնություն ընտանիքների և տոնական սեղանների համար։
Արարողությունները ևս մեկ անգամ ընդգծեցին Նիդերլանդների հայ համայնքների համախմբվածությունն ու եկեղեցական ավանդույթների պահպանման կարևորությունը։
No comments:
Post a Comment