(Սատիրա)
Մի ժամանակ մեր երկրում շատ մանկապարտեզներ կային։
Հետո եկավ մի «լուսավոր» գաղափար՝ ամեն ինչ սեփականաշնորհել։
Շենքերը դարձան բնակարան, սրճարան, ավտոլվացման կետ, բուքմեյքերական գրասենյակ, խաղատուն։
Բոլորը գոհ էին։
- Երեխան ի՞նչ մանկապարտեզ, տանը կմեծանա։
Հենց սա էլ դարձավ դժբախտության սկիզբը։
Երեխաները մեծացան առանց մեկի, ով պիտի սովորեցներ ամենապարզ ճշմարտությունները․ «Եթե քո խաղալիքը ինչ–որ մեկը շատ հեշտ է ուզում վերցնել, ուրեմն մի բան այն չէ»։
«Անծանոթը հենց այնպես կոնֆետ չի տալիս»։
Տարիներ անց այդ նույն երեխաները մեծացան, դարձան ավանդատու, ներդրող, «ֆինանսապես գրագետ քաղաքացի» և բացեցին ինտերնետը՝ չհասկանալով, որ փողը չեն վստահում «ինտերնետի բարի քեռուն» առանց տարրական հմտության՝ սեփական ունեցվածքը պահելու։
Ինտերնետն էլ, ինչպես դաստիարակ չունեցած բակը, շշնջաց․
- Տու՛ր փողդ, որ փող աշխատես։ Վաղը կրկնապատիկը կտանք։
Եվ քանի որ ոչ ոք ժամանակին չէր ասել, որ հեքիաթներն ավարտվում են մանկության հետ, նրանք տվեցին։
Ոմանք՝ խնայողությունները։
Ոմանք՝ վարկը։
Ոմանք էլ հարևանի խորհրդին հետևեցին ու տվեցին ինչ ունեին–չունեին՝ կրկնապատիկի ու եռապատիկի հույսով։
Ավելի հետաքրքիրն այն էր, որ խաբվածները միմյանց ոգևորում էին։
- Մի՛ վախեցիր, ես արդեն տվել եմ։
- Եթե ես տվել եմ, դու էլ տուր։
- Անքաղն ենք ընկել։
- Սա ապագայի ներդրում է։
Այսպես ձևավորվեց համազգային ագահության ցանց, որտեղ ամեն խաբվածը դառնում էր հաջորդի մոլորեցնողը։
Երբ առաջին խաբեությունը բացահայտվեց, ինտերնետի մյուս կողմից նոր ձայն լսվեց․
- Տվե՛ք ևս մի փոքր գումար, մենք կգտնենք ձեր կորած փողերը և հետ կվերադարձնենք։
Եվ մարդիկ… կրկին տվեցին։
Այդ պահին սա արդեն ֆինանսական սխալ չէր։ Սա աշխարհայացք էր՝ ամեն գնով կորցրածը հետ բերելու մոլուցք։
Մարդիկ հավատում էին ոչ թե որովհետև խաբված էին, այլ որովհետև ուզում էին հավատալ, որ գոնե իրենց ներդրածը կվերադարձնեն։
Երբ փողերը վերջնականապես անհետացան, նույն մարդիկ խաղալիքը ձեռքից խլված երեխայի պես դուրս եկան հրապարակ։
Բողոքեցին ոչ այնքան խարդախից, որքան պետությունից։
- Բա սա երկի՞ր է։
-Ու՞ր է նայում ղեկավարը։
- Ինչո՞ւ մեզ չպաշտպանեցիք։
- Ինչո՞ւ չարգելեցիք մեզ հավատալ։
- Ինչո՞ւ չկանխեցիք մեր ագահությունը։
- Մեզ խաբել են։ Գտե՛ք խարդախներին։ Տվեք մեր փողերը և վերջ։ Պետությունը պարտավոր է։
Պետությունը հայտնվեց տարօրինակ իրավիճակում։ Շփոթվեց ոչ թե պահանջից, այլ տրամաբանությունից։
Իրեն մեղադրում էին այն բանի համար, որ մարդիկ կամովին, ոգևորությամբ, առանց հարկադրանքի, առանց սպառնալիքի, օրը ցերեկով իրենց գումարները տվել էին անծանոթ մեկին, ով խոստացել էր շատ, արագ և առանց աշխատանքի հարստանալ։
Տվել էին մեկին, ում հասցեն «հղում» էր, իսկ անունը՝ «վստահություն»։
Բայց սրանով պատմությունը չավարտվեց։
Իրավապահները գործ սկսեցին։ Սակայն համացանցային խարդախը բակ չունի, որ մտնես ու հարցնես։ Դուռ չունի, որ թակես։ Նա անուն–ազգանունով նստած չէ մի անկյունում։ Նա պարզապես կոճակ է սեղմում մի երկրում, իսկ փողը թռնում է մեկ այլ տեղ։ Եվ նույնիսկ եթե մի օր նրան գտնեն, հաճախ պարզվում է՝ փողը վաղուց չկա։
Իսկ հրապարակում շարունակում էին գոռալ․
- Պետությո՛ւն, արա մի բան։
Եվ եթե անկեղծ լինենք, պետությունը իսկապես մի բան պետք է անի։ Եվ անում է։Բայց ոչ փող վերադարձնելու միջոցով։
Այս պատմության խրատը պարզ է, բայց ցավոտ․
եթե դու հավատում ես հեշտ փողին, դու արդեն վճարել ես դրա գինը։
Պարզապես դեռ չգիտես՝ երբ է հաշիվը փակվելու։
Պետությունը կարող է և պետք է անի մի բան՝
կառուցի մանկապարտեզներ ու դպրոցներ։
Որ վաղը մեծահասակ մարդիկ սովորեն այն, ինչ պետք է սովորեին հինգ տարեկանում։
Ձրի պանիրը միշտ թակարդում է։
Իսկ ով չի սովորել իր ունեցվածքը պահել, միշտ կգտնի մեկին, ով կօգնի իրեն կորցնել այն։
Հետգրություն
Կիբերզեղծարարության զոհ դարձած քաղաքացիները կրկին քննչական կոմիտեի առջեւ են՝ այս անգամ պահանջելով հստակ ժամկետներ իրենց կորցրած գումարների վերադարձի համար։
Ի դեպ, մարդիկ երկու անգամ են խաբվել։
Առաջին անգամ՝ երբ հավատացել են հեշտ հարստանալուն։
Երկրորդ անգամ՝ երբ հավատացել են, որ նույն ինտերնետը, որն իրենց փողը վերցրել է, հիմա էլ այն կվերադարձնի։
Եվ երկու դեպքում էլ բողոքել են պետությանը։
Հիմա էլ հավատում են, որ պետությունն այս հարցը հեշտ ու արագ լուծելու է:
Թերևս ամենամեծ խարդախությունը սա է՝
մարդուն համոզել, որ իր ագահության համար պատասխանատուն ուրիշն է։
Մինչ այդ համոզմունքը կա, խարդախները երբեք չեն սովի։
Hay Azian
«Նիդերլանդական օրագիր»
Լուսանկարը` «Առավոտ» թերթից

No comments:
Post a Comment