The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 17 December 2025

Ինչու Թոքմաջյանի աշխատանքն արժանացավ բուռն քննադատության

Խմբագրի սյունակ



Hay Azian / Նիդ. օրագիր / 17.12.2025
Լևոն Թոքմաջյանի հեղինակած՝ Պարույր Սևակին նվիրված «Անլռելի զանգակատուն» քանդակի շուրջ առաջացած լայն արձագանքն ու սուր քննադատությունը պատահական չեն և չեն բխում պարզապես ճաշակի կամ սուբյեկտիվ ընկալումների տարբերությունից։ Սկզբում գիտակցաբար ձեռնպահ էի մնում Լևոն Թոքմաջյանի ստեղծած՝ Պարույր Սևակին նվիրված «Անլռելի Զանգակատուն» քանդակի շուրջ ծավալված քննադատական քննարկումներին մասնակցելուց, փորձելով պարզել, որտեղ կարող էր այդքան փորձառու քանդակագործը սայթաքել։ Խնդիրը շատ ավելի խորքային է․ խոսքը գաղափարի, կերպարի և դրանց մարմնավորման միջև առկա ակնհայտ անհամապատասխանության մասին է։ Քննադատության հիմնական պատճառը դարձավ այն փաստը, երբ պարզ դարձավ, որ վերջնական քանդակը չի համապատասխանում ներկայացված էսքիզին։
Թոքմաջյանը, որպես քանդակագործ, ունի ճանաչելի ձեռագիր և իր ստեղծագործական ուղում՝ նաև հաջողված աշխատանքներ։ Դրանց թվում է նրա կատարմամբ Երևանում տեղադրված՝ հոլանդահայ համայնքի նվերը Հայաստանին՝ գամփռի արձանը, որը հանրային տարածքում ընդունվեց որպես լիարժեք, թեմատիկորեն հիմնավորված և հաջող լուծում։ Սակայն այս դեպքում ակնհայտ է, որ հեղինակը չի կարողացել համարժեք կերպով մարմնավորել այն գաղափարական ու հոգևոր բեռնվածությունը, որն իր մեջ կրում է Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» հասկացությունը։
Քանդակը անհամապատասխան է թե՛ անվանը, թե՛ կերպարին, թե՛ այն խորհրդանշական մեծությանը, որը ենթադրում է Սևակի անունը։ Էսքիզի և վերջնական իրականացված քանդակի միջև առկա տարբերությունն այստեղ երկրորդական դիտարկում չէ, այլ էական փաստ, որը բացահայտում է ստեղծագործական ձախողումը։ Եթե նախնական պատկերացման մեջ աշխատանքը ամբողջապես հաջողված էր, և զգացվում էին ներքին դրամատիզմն ու գաղափարական լարումը, ապա վերջնական քանդակում այդ շեշտադրումները կորցրել են իրենց իմաստն ու ուժը։
Հենց այս անհամապատասխանությունն էլ դարձել է հանրային լայն քննադատության հիմնական պատճառը։ Աղմուկը մեծ է, քանի որ խոսքը սովորական ստեղծագործության մասին չէ, այլ ազգային նշանակություն ունեցող հանրային հուշարձանի։ Երբ նման մասշտաբի գործը չի արդարացնում ձևավորված սպասելիքները, հասարակական դժգոհությունը դառնում է անխուսափելի։
Այս պարագայում քննադատությունը դժվար է համարել անհարկի կամ չարամիտ։ Այն ունի հստակ հիմք․ կոնկրետ այս քանդակը պարզապես «չի ստացվել», այն թերի է, որովհետև գաղափարն ու իրականացումը չեն համապատասխանել միմյանց։ Եվ որքան էլ հեղինակի նախորդ աշխատանքները հարգանքի արժանի լինեն, տվյալ դեպքում արդյունքը չի արդարացնում ո՛չ անվանումը, ո՛չ թեման, ո՛չ էլ հանրային վստահությունը։
Հանրային հուշարձանը անհատական փորձարկումների դաշտ չէ։ Այն պահանջում է առավելագույն պատասխանատվություն, գաղափարական խորություն և ձևային ճշգրտություն, հատկապես երբ խոսքը վերաբերում է Պարույր Սևակի նման բացառիկ անհատականությանը։

No comments:

Post a Comment