Երբ «Կյանք-աշխատանք բալանսը» դառնում է բանաձև․ հայ դեսպանի պատմությունը Հաագայից․ «Դիվանագիտական գործ»
Երբ խոսում ենք միջազգային անվտանգության մասին, հաճախ մտածում ենք սահմանների, բանակների կամ քաղաքական հակասությունների մասին։ Սակայն կան լուռ ու անտեսանելի սպառնալիքներ, որոնք նույնքան վտանգավոր են․ դրանցից մեկն էլ քիմիական զենքն է։
Վիկտոր Բիյագովը Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչն է, նաև Նիդերլանդների թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։ Նրա հետ խոսել ենք մանկության կոմպլեքեներից, թագավորական կառքերից և, իհարկե, անվտանգային մարտահրավերներից։
***
-Դա իմ մանկության կոմպլեքսն է։ Այդ ազգանունը միշտ տարբերվում էր իմ ընկերների ազգանունից, և երբ ինչ-որ տեղ էի գնում, ու հարցնում էին՝ տղա ջան, դու ինչյա՞ն ես, ես շատ երկար բացատրում էի, որ ես ինչ յան չեմ, այլ Բիյագով եմ, ու շատ էին զարմանում, մանավանդ այն տարիներին, երբ ոչ յանազգանունով մարդիկ շատ չկային։
Նիդերլանդերի Թագավարությունում ՀՀ արտակագ և լիզոր դեսպան Վիկտոր Բիյագովը իմ առաջին զրուցակիցն է, ում ազգանունը «յան»-ով չի ավարտվում։
***
-Դա իմ պապիկի ազգանունն է, ով Հայաստան է եկել Մարիուպոլից, բայց իմ պապիկը ազգությամբ հույն էր, և հենց Մարիուպոլում շատ մեծ հունական համայնք կար, ընդ որում՝ Մարիուպոլիսը հունական քաղաք էր, որը ստեղծել էին հույները։ Իմ պապիկը 30-ականներին տեղափոխվել էր Հայաստան և մնացել էր այստեղ։
1990-ականներին, ինչպես գիտենք, Հայաստանում, դիվանագետ դառնալը հազվադեպ էր հանդիպում որպես նախապես պլանավորված երազանք։ Անկախության առաջին տարիների անորոշ ու արագ փոփոխվող իրականության մեջ դա հաճախ դառնում էր իրադարձությունների անսպասելի ընթացքի արդյունք։
-Մանկության երազանք հաստատ չէր, որովհետև այն տարիներին նույնիսկ չէինք կարող երազել, որ կունենանք անկախ Հայաստան, որը կունենա իր դիվանագիտական ծառայությունը։ Ու մի քիչ պրագմատիկ լինելով՝ այդ երազանքի մասին ընդհանրապես չէինք էլ մտածում, ու չէինք կարծում, որ այդպսի բան հնարավոր կլինի։ 1994 թվականին գործի անցա ՀՀ արտգործնախարարությունում։ Ուղղակի այդպես ստացվեց, ոչ մի պլանավորած բան չկար։
***
Քիմիական զենքի անվտանգ ոչնչացման և արգելման նպատակով 1997 թվականից գործում է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը։ Այն միջազգային անվտանգության պահպանման կարևոր կառույցներից մեկն է, ինչի համար էլ 2013 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Կազմակերպությանն անդամակցում են ավելի քան 190 պետություն՝ նաև Հայաստանը՝ Վիկտոր Բիյագով մշտական ներկայացուցչով։
Ի՞նչն է այս կազմակերպությունում Վիկտոր Բիյագովին ամենաշատը զարմացրել։
-Ինձ համար շատ զարմանալի էր, բայց այն քիմիական նյութերը, որոնք ոստիկանությունը կարող է օգտագործել, օրինակ՝ միտինգների ժամանակ, թույլատրելի չեն պատերազմի ժամանակ։ Ինձ մինչև հիմա դա մի քիչ անհեթեթ է թվում, բայց քանի որ դա սահմանված է քիմիական զենքի կոնվենցիայով, ուստի ընդունում ենք։
![]() |
| Վիկտոր Բիյագովը և ՔԶԱԿ գլխավոր տնօրեն դեսպան Ֆերնանդո Արիասը |
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը միջազգային անվտանգային ճարտարապետության մի կարևոր մասն է կազմում։ Դատելով նրա ունեցած հաջողություններից՝ գուցե մի օր այս կազմակերպությունը մասից դառնա հենասյուն։
-Ընդհանուր առմամբ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը բավականին հաջողակ կազմակերպություն է՝ 190-ից ավելի երկրներով, որոնց նպատակն է քիմիական զենքի ոչնչացումը, ու փաստորեն 2023 թ․-ին ԱՄՆ պետքարտուղարը ազդարարեց քիմիական զենքի պաշարների ամբողջական ոչնչացման ավարտի մասին, ինչը նշանակում է, որ հայտարարված քիմիական զենք այլևս այս մոլորակում գոյություն չունի։
***
Թեպետ Վիկտոր Բիյագովի կենսագրությունը հարուստ է աշխարհագրական կանգառներով՝ Ռուսաստան, Գերմանիա, Ռումինիա, Բրյուսել, Նիդերլանդներ, բայց այս պատմության կենտրոնական կանգառը Հաագան է՝ Արդարդատության ու խաղաղության այս փոքրիկ քաղաքը։
1995 թվականին, որպես երիտասարդ դիվանագետ, Վիկտոր Բիյագովը մասնակցեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համար նախատեսված դասընթացին Նիդերլանդների Քլինգենդալ միջազգային հարաբերությունների ինստիտուտում՝ Հաագայում։
-Ես որոշեցի ինձ համար, որ պետք է անպայման մասնագիտական ուսում ստանամ, ընդ որում՝ հետաքրքիր է, որ առաջին դիվանագիտական ուսումը, որը Քլինգենդալի՝ երիտասարդ դիվանագետների համար դասընթացն էր, հենց Հաագայում էր՝ 1995-ին։ Դիվանագիտական առաջին կուրսերն էին, որոնք մեզ համար բավականին ինտենսիվ էին, սովորում էինք իրավունք, տնտեսագիտություն, դիվանագիտություն, բանակցային տեխնիկա, և դրանից հետո արդեն դիվանագիտական արվեստի ուսանումը ինձ սկսեց դուր գալ։
Եվ ինչպես ասում են՝ մեկ անգամ Հաագա, ընդմիշտ Հաագա։ 28 տարի անց Վիկտոր Բիյագովը վերադառնում է այստեղ՝ արդեն Նիդեռլանդների թագավորությունում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպանի կարգավիճակով՝ Հաագայում սովորածը Հայաստանի շահերին ծառայեցնելու համար։
-Ես Մոսկվայում էի ու ինձ ասացին, որ մյուս նշանակումը լինելու է Նիդեռլանդներ: Սկզբում դա ինձ անհավատալի կատակ թվաց, բայց շատ ուրախացա։ Եվ քանի որ մեր դասընթացն այն ժամանակ կազմակերպել էր Նիդեռլանդների կառավարությունը, և այն մինչ օրս էլ կա, ես իմ գործընկերներին ասել եմ՝ դա ձեր կառավարության ֆանտաստիկ ներդրումն է, որով դուք ծանոթացնում եք ձեր երկրին, շփում եք ստեղծում և այնպես եք անում, որ սիրեն ձեր երկիրը։
Հետագայում սակայն պարզվեց, որ Հաագան իրեն սիրելու այլ ձևեր ու առիթներ նույնպես կարողանում է ստեղծել։ Այդ առիթներց մեկն էլ դեսպանի հավատարմագրերի հանձման արարողություն էր՝ ֆիլմից դրավագներ հիշեցնող տեսարաններով։
-Նախ գալիս է երկու կառք՝ մեկը քեզ համար, մյուսը՝ անձնակազմի։ Առաջին կառքը մի քիչ ավելի շքեղ էր, երկրոդը թեպետ համեստ էր, բայց՝ թագավորական համեստ։ Առաջին կառքի մեջ նստեցի ես, երկրորդի մեջ՝ իմ գործընկերները, որոնք նույնպես շատ տպավորվել էին, ու գնացինք թագավորի մոտ։
Եվ այստեղ տեղի է ունենում մի բան, որը Նիդեռլանդների թագավորության պատմության մեջ նախկինում երբեք տեղի չէր ունեցել։ Պաշտոնական արարողության նվագախումբն ուշանում է, և հիմնը երգում են ոչ թե սկզբում, այլ՝ վերջում։
-Արարողակարգի տնօրենն ինձ ասում է՝ դու միակ դեսպանն ես, որին մեր նվագախումբը ողջունեց ոչ թե հանձնելուց առաջ, այլ արդեն քեզ որպես դեսպան ողջունեցին։
Հավատարմագրերի հանձնումը Նիդեռլանդների թագավոր Վիլլեմ Ալեքսանդրին տեղի ունեցավ թագավորական պալտում։ Զգացմունքային առումով հեշտ չէ բարձրացնել գլուխդ ու քո դիմաց տեսնել մի մարդու, որը սովորաբար թագով է ու իշխանական խորհրդանիշներ է կրում։
-Շատ լարված էի, դե կյանքում առաջին անգամ էի թագավոր տեսնում, ձեռք մեկնում, խոսում։ Հա, ի դեպ, ինձ ասել էին, որ՝ ձեռք չմեկնես թագավորին, բայց ինքը մեկնեց իր ձեռքը ու այդպես բարևեցինք իրար, տեղի ունեցավ հանձնման արարողությունը, հետո առանձնազրույց, որի ժամանակ նա այնպիսի խորքային հարցեր էր տալիս մեր երկրի ու պետության մասին, որ ես, ճիշտն ասած, զարմացած էի, ու շատ լավ զրույց էր։
Վան Գոգի՝ խիտ ու արևային դեղինով հայտնի Նիդեռլանդներից միայն պոստիմպրեսիոնիզ չէ, որ կարող ենք սովորել։ Այս երկիրը նաև բոլորիս հայտնի՝ կյանք-աշխատանք բալանսի ուղեցույց է։
—Փիլիսոփայական առումով ինձ միշտ զարմացնում է իրենց՝ կյանք-աշխատանք բալանսը, այսինքն՝ նրանք երբեք իրենց կյանքը չեն զոհաբերում աշխատանքին և կամ հակառակը։ Ու սկզբից մեզ թվում էր՝ ինչպե՞ս կարող են իրենք այդպես աշխատել, բայց արի ու տես, որ աշխատելով այդ բալանսով, իրենք ստացել են այսպիսի երկիր։ Հավանաբար, դա է բանաձևը, որ չխախտելով բալանսը կյանքի և աշխատանքի՝ ստանում ես բավականին լուրջ արդյունք։
***
Ջրանցքների, հեծանիվների, փարթամ այգիների ու փոքր սրճարանների քաղաք լինելուց բացի, Հաագան նաև մի քաղաք է, որտեղ աշխարհն իր վեճերը փորձում է լուծել, ոչ թե ուժով, այլ խոսքով ու օրենքով: Այդ առաքելությամբ գործում են Արդարադատության միջազգային դատարանը, Միջազգային քրեական դատարանը և Միջնորդ դատարանի մշտական պալատը։
—Վերջին երկուսին մենք նոր ենք անդամակացել։ Միջազգային քրեական դատարանին Հայաստանը անդամակցեց 2023 թ․-ին, Միջազգային քրեականին՝ 2024-թ․-ին, իսկ արբիտրաժայինին՝ այս տարի, ընդ որում արբիտրաժայինը ամենահին միջազգային դատարանն է, ու ես շատ հպարտ եմ, որ իմ աշխատանքային գործունեության օրոք եղավ այդ երկու անդամակցությունը։
![]() |
| Վիկտոր Բիյագովն ու ՄՔԴ նախագահ Պյոտր Հոֆմայսկին |
Այս անդամակացության շնորհիվ Հայաստանը կարող է մասնակցել դիվանագիտական ճանապարհով չհարթված միջազգային վեճերի լուծմանը, առաջին ձեռքից տեղեկանալ միջազգային գործընթացներին և նոր դիվանագիտական կապեր կառուցել։ Պարզ ասած՝ դա մեզ ուժ ու հեղինակություն է տալիս՝ առանց մեծ ռեսուրսների։ Այն նաև հերթական առիթն է՝ հեղինակավոր արդարդատական հարթակից Հայաստանը ներկայացնելու համար։
—Դա շատ պատասխանատու, նաև էմոցիոնալ առումով շատ լուրջ ազդեցություն է ունեցել ինձ վրա, երբ գրված է Հայաստան՝ «Արմենիա», այսինքն՝ դու քո դիմաց նախ տեսնում ես այդ ցուցանակը ու հետո մնացած ամեն ինչը, այսինքն՝ առաջնահերթ քեզ համար գալիս է քո երկիրը, ու դու զգում ես, որ դու այդ պահին ներկայացնում ես այն՝ ամբողջ համապատասխան պատասխանատվությամբ։ Կոնցենտրացնում ես քո բոլոր ուժերը, գիտելիքները, որպեսզի այդ պահին դու ներկայացնես քո պետությունը քո ուզած լավագույն կերպով։
Անի Պողոսյան
Հանրային ռադիո
24 Դեկտեմբերի, 2025
Հաղորդումը կարող եք լսել՝ https://shorturl.at/iejPx





No comments:
Post a Comment