The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 26 December 2025

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը և գլխավոր հանձնակատարը ամանորյա ուղերձ են հղել

 

26.12.2025/Nid.oragir

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ջերմ շնորհավորանքներ է հղում հայրենակիցներին և գործընկերներին՝ մաղթելով առողջություն, հաջողություններ և երջանիկ օրեր։

Այս առիթով գրասենյակի կողմից սփյուռքահայ կառույցներին և անհատներին փոխանցվել է ինչպես պաշտոնական շնորհավորական նամակ, այնպես էլ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի անձնական շնորհավորական ուղերձը։

Գրասենյակի շնորհավորական ուղերձում, որի ստորագրողն է Սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանը, ընդգծվում է նոր տարվա բարեմաղթանքն ու շարունակական համագործակցության պատրաստակամությունը` ուղղված Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը։

Իր հերթին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը իր ուղերձում անդրադարձել է անցնող տարվա կարևոր ձեռքբերումներին և առաջիկա տեսլականին։

Նրա խոսքով` 2025 թվականը Հայաստանի համար նշանակալի էր միաժամանակ մի քանի ռազմավարական ուղղություններով արձանագրված առաջընթացով։ Տարվա ընթացքում շարունակվել են պետական կառավարման, տնտեսության, կրթության և ինստիտուցիոնալ զարգացմանն ուղղված բարեփոխումները, որոնք միտված են ավելի կայուն, արդյունավետ և կանխատեսելի պետության կառուցմանը։

Խաղաղության օրակարգի շրջանակում իրականացված քաղաքական և դիվանագիտական քայլերը վերահաստատել են Հայաստանի հանձնառությունը` տարածաշրջանում արժանապատիվ և երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ։ Այդ գործընթացները նպաստում են անվտանգ միջավայրի ձևավորմանը, ներդրումային վստահության ամրապնդմանը և տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը։

Զարեհ Սինանյանը ընդգծել է, որ խաղաղությունն ու բարեփոխումները փոխկապակցված են տնտեսական աճի, տարածաշրջանային համագործակցության և մարդկանց կյանքի որակի բարելավման հետ։ Զարգացող ենթակառուցվածքները, կրթական և տեխնոլոգիական նախաձեռնությունները, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը ձևավորում են այն հիմքը, որի վրա կառուցվում է Հայաստանի բարեկեցիկ ապագան։

Ուղերձում առանձնահատուկ տեղ է հատկացվել սփյուռքի դերին։ Գլխավոր հանձնակատարի խոսքով՝ սփյուռքը Հայաստանի համար ոչ միայն պատմական հիշողություն և մշակութային ինքնություն է, այլև վստահելի գործընկեր՝ իր գիտելիքով, փորձով և նախաձեռնություններով։ Միևնույն ժամանակ, կարևոր է, որ յուրաքանչյուր սփյուռքահայ զգա պետության շարունակական ուշադրությունն ու աջակցությունը՝ թե՛ համայնքներում իրականացվող ծրագրերում, թե՛ Հայաստանում ապրելու, աշխատելու, ներդրումներ կատարելու կամ գործունեություն սկսելու գործընթացներում։

«Մեր առաքելությունն է ստեղծել բաց և վստահելի միջավայր, որտեղ սփյուռքի ներուժը բնական կերպով կներառվի Հայաստանի զարգացման օրակարգում, իսկ յուրաքանչյուր նախաձեռնություն կստանա գործընկերային և պետական աջակցություն», - նշել է Զարեհ Սինանյանը` վստահություն հայտնելով, որ համատեղ և երկարաժամկետ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի արձանագրել նոր հաջողություններ և ձևավորել խաղաղ, զարգացող ու բարեկեցիկ Հայաստան։

Ուղերձի ավարտին գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել բոլոր անհատներին, կազմակերպություններին և կառույցներին, որոնք իրենց մասնակցությամբ նպաստում են Հայաստանի խաղաղությանը, Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացմանը և համահայկական համերաշխության ամրապնդմանը` բոլորին մաղթելով խաղաղ, առողջ և հաջողություններով լի տարի։


Լուսանկարներում` ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ամանորյա ուղերձը, գլխավոր հանձնակատարը Նիդերլանդներում`  (արխիվ) Մաստրիխտում և Հաագայում:

No comments:

Post a Comment