Հունիսի 9-ին Նիդերլանդական Օրագիրը հրապարակեց վերլուծական հոդված, որը շոշափում էր պետական և հոգևոր ինստիտուտների փոխհարաբերությունների ներկա փուլը՝ համատեքստում ՀՀ վարչապետի կողմից կատարված աղմկահարույց հայտարարության, որով Գարեգին Բ Կաթողիկոսին մեղադրում է կուսակրոնության ուխտի խախտման մեջ։ Մեր հոդվածը միտված էր բարձրաձայնել այն ռիսկերն ու հետևանքները, որոնք այս հայտարարությունն ունի պետություն-եկեղեցի հարաբերությունների, իրավական գործընթացների և ամբողջ Սփյուռքի համար։ Մեր Հրապարակմանն արձագանքել է Ամստերդամի Սբ. Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի ԱԼԻՍԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ
Բոլորովի հաճելի չէր այս թեմայով խոսելը, բայց իմ պարտքն եմ համարում արձագանքել հրապարակմանը՝ տեսնելով այն վնասը, որ հասցվում է Հայ Առաքելական Եկեղեցուն: Կան հարցեր, որոնց քննարկումը ցանկալի չէ, իսկ դրանց գոյության դեպքում պետք է լուծվեն լուռ՝ չվնասելով կարևորն ու արժեքավորը:
Այսօր հայ իրականությունը հայտնվել է չափազանց ծանր վիճակում: Դիտարկենք ի՞նչ ունենք այսօր. Հայկական պետականությունը և Հայ Առաքելական եկեղեցին:
Հայկական պետականությունը (ոչ իշխանությունը) բացարձակ արժեք է և այն հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության երաշխավորն է: Սակայն մեր պետությունը այսօր չի կարողանում կատարել իր ստեղծման հիմնական գործառույթը՝ հայ ժողովրդի անվտանգության ապահովումը սեփական հայրենիքում 2020 թ. պատերազմի (դեռևս չվերականգնված բանակով), արտաքին հարվածների, ներպետական ուժերի միմյանց ոչնչացնող պայքարի, նախկին ու ներկա իշխանությունների (բոլորն էլ ունեն չափազանց ցածր վարկանիշ) կատարած սխալների կամ անկարողության պատճառով ու հետևանքով:
Երկրորդը Հայ Առաքելական եկեղեցին է, այն ազգային եկեղեցի է, մեր ինքնությունը կերտող հազարամյա կառույց , որ միշտ եղել է իր ժողովրդի կողքին և պետք եղած դեպքում տեր կանգնել նրան: Նա այսօր էլ (մասնավորապես վերջին տարիներին) շարունակում է պատվով կատարել իր առաքելությունը, ունի բարձր վարկանիշ և հարգվում է սեփական ժողովրդի կողմից: Այսօր այն Սփյուռքում տարբեր համայնքային կազմակերպությունների հետ զբաղված է միլիոնավոր հայերի ինքնության պահպանման գործով: Համախմբելով իր շուրջ երիտասարդությանը՝ նրան պաշտպանում է զանազան այլասերումներից: Եկեղեցին կատարում է նաև բարեգործական հսկայական աշխատանք:
Պետք է շատ լավ հասկանալ, որ Հայ ազգային հազարամյա եկեղեցին չի կարող լինել սովորական կրոնական մի կազմակերպություն, ինչպես աղանդավորական այս կամ այն կազմակերպություններն են, որ, օգտվելով անկախության տարիներին ժողովրդի սոցիալ-տնտեսական ծանր վիճակից, օտար երկրներից մուտք գործեցին Հայաստան:
Հայ Եկեղեցին կարող է և պարտավոր է մասնակից լինել իր ժողովրդի առջև կանգնած մարտահրավերների լուծմանը, իր հեղինակությունն օգտագործել ցեղասպանված արցախահայության իրավունքների պաշտպանության գործին՝ դրանով փորձելով կանխել նոր ահավոր աղետը, որ հյուսվում է մեր ժողովրդի շուրջ:
Խրախուսելի է տեսնել, որ այն ջանք չի խնայում իր հնարավորություններն օգտագործել միջազգային հարթակներում՝ պաշտպանելով մեր ազգին ու պետությանը հուզող խնդիրների հարցում: Հենց սա էլ դուր չի գալիս Ադրբեջանի իշխանությանը, որը ցանկանում է թուլացնել ու քայքայել մեր ինքնությունը պահպանող այս կարևոր կառույցը: Կարևոր է նշել վերջին օրերի դեպքերի հաջորդականությունը, որ նախորդեցին ներքաղաքական այս իրավիճակին: Մայիսի 22-ին եղել էր Ալիևի կողմից հայտարարություն 300000 ադրբեջանցիներ իրենց ժառանգներով Հայաստանում բնակեցման մասին:
Այնուհետև եղել էր Կովկասի մուսուլմանների ղեկավար Փաշազադեի հայտարարությունն այն մասին, որ «Հայ Առաքելական Եկեղեցին վտանգ է հանդիասանում տարածաշրջանի երկրների համար», Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը գտնվում է «պատմական ադրբեջանական հողերում» և իրենք պատրաստվում են ադրբեջանցիների բնակեցումից հետո իսլամական թեմեր բացել Երևանում և Էջմիածնում: Միաժամանակ կասկածի տակ էր դնում Էջմիածնում Մեր Եկեղեցու պահպանման հարցը: Հայոց կաթողիկոսը պատշաճ կերպով պատասխանել էր Փաշազադեին:
Այնուհետ մայիսի 26-ին վեհափառի առաջարկով Շվեյցարիայում կայացավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի կազմակերպած համաժողովը, որտեղ նրա կողմից ներկայացվեց 2020 թվականի պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունների, իր բնօրրանում հայ ժողովրդի էթնիկ զտման, Արցախի քրիստոնեական ու պատմամշակութային հուշարձանների ոչնչացման և հայ գերիների մասին: Եվ ահա միջազգային համաժողովի հենց հաջորդ օրը երկրի ղեկավարը և կինը (հաջորդ օրերին նրանց են միանում իշխանության մյուս անդամները) արշավ են սկսում հայ եկեղեցու նկատմամբ: Ինչպես երևում է կնոջ գրառումից՝ շատ վրդովվել էին Արցախի մասին անցկացված համաժողովում վեհափառի ելույթից: Կինը հոգևորականներին անվանում է «մանկապիղծներ» ու «մոլագարներ»: Վարչապետը եկեղեցիներն անվանում է «չուլանացած», արվում են անպարկեշտ ու հայհոյախառն, պետության ղեկավարին անհարիր արտահայտություններ, և հանկարծ մեջտեղ է բերվում կաթողիկոսի կողմից եկեղեցական կարգի խախտման հարցը: Մի երկու օրվա ընթացքում այն ամբողջովին արհեստականորեն հասցվում է «ազգային անվտանգության սպառնալիք»-ի մակարդակի խնդրի և պահանջում անմիջապես ստեղծել խմբեր, գործուն միջոցներով եկեղեցին ազատել կաթողիկոսից, փոխել սահմանադրությունը, կազմակերպել նոր ընտրություններ, որին անպայման պետք է մասնակցի իշխանությունը: Արդեն մի շաբաթ է իշխանության նախաձեռնությամբ երկիրը խառնվել է իրար՝ նորից խորացնելով ժողովրդի բաժանումը տարբեր խմբերի (արդեն որերորդ անգամ): Հիշեցնենք, որ Հայ Եկեղեցին սահմանադրությամբ անկախ է պետությունից:
Իսկ հիմա մի քանի հարց. այս ծանր իրավիճակում, երբ պատերազմը թակում է երկրի դուռը, ո՞րն է ավելի մեծ վտանգ մեր պետության և ազգի անվտանգության համար. օրեցօր անխուսափելի դարձող պատերազմը և «խաղաղության» պայմանագիրը, որի համաձայն, (ինչպես փաստում է իշխանությունը) 300000 ադրբեջանցիներ բնակվելու են Հայաստանում, թե՞ կաթողիկոսի կողմից եկեղեցական կարգի խախտումը: Եվ այդ ֆոնի վրա որքանո՞վ է երկրի քաոսացումը և ժողովրդի էլ ավելի մասնատումը նպաստում նրա անվտանգությանը: Եվ վերջապես, ի՞նչ նպատակ է հետապնդում վարչապետը՝ վարկաբեկելով եկեղեցին: Խանգարո՞մ է նրան եկեղեցու բարձր վարկանիշը, խանգարո՞ւմ է «խաղաղության» պայմանգրի կնքմանը, «մեղավո՞ր» է փնտրում գալիք նոր աղետների համար, նախընտրական արշավում միավոր է ուզում հավաքե՞լ, ուզու՞մ է հաճոյանալ թշնամուն ՝ հերթական անգամ հարձակվելով մեր սրբությունների և ինքնության վրա, զբաղվա՞ծ է երկրի առջև առաջնահերթ խնդիրների լուծման գործով, եկեղեցու ուշադրությունն է հրավիրո՞ւմ նրանում առկա խնդրի վրա, թե՞ ուզում է քաղաքական շանտաժի ենթարկելով փոխարինել կաթողիկոսին իրեն հլու-հնազանդ այնպիսի մեկով, որը ևս կուրանա և կասկածի տակ կդնին ցեղասպանությունը, պատմությունը, լեզուն կիջեցնի փողոցային, հայհոյախառն մակարդակի, հայրենիքը կանվանի «մնացորդ», կհրաժարվի հայի արժեհամակարգը համարվող բոլոր սրբություններից և այլն: Եզրակացությունը թող ընթերցողն անի: Վարչապետի գործերի և արտահայտությունների տպավորությունն այն է, որ նրան օտար և անընդունելի է հայի ինքնությունը կազմող ողջ համակարգը:
Նա լծվել է թուլացած պետականության կողքին Հայ Առաքելական Եկեղեցին արժեզրկելու և թուլացնելու գործին՝ ի ուրախություն թշնամու: Եթե կա խնդիր եկեղեցու ներսում, կա կարգի խախտում, ապա այն պետք է լուծվի միայն եկեղեցու ներքին կանոնադրության սահմաններում: Դրա համար եկեղեցին ունի բոլոր հնարավորությունները:
Իշխանությունը, ըստ Հայաստանի սահմանադրության, տարանջատված է եկեղեցուց, նա այդտեղ ոչ մի գործ չունի և իրավասու չէ անելու: Իսկ ի՞նչ վերաբերում է Ձեր վերլուծությանն ու նրա հրապարակմանը:
Ի՞նչ նպատակ ունի այն: Ի՞նչ է շահում թերթը, Դուք, բոլորս: Եթե տեղեկացնում եք Հայաստանի ներքաղաքական կյանքին, ապա ավելի լա՞վ չէր լինի այն ներկայացնել ամբողջությամբ, ոչ թե՝ կիսատ՝ հարվածելով Սփյուռքի միակ կառույցին, որի շուրջ են համախմբված միլիոնավոր հայեր, առանց որի մեր երեխաներն ու թոռները շատ արագ կբռեն ուծացման ճանապարհը: 1918 թվականից հետո առանց այն էլ մեր քաղաքական էլիտան(ներկա և նախկին) հաջողությամբ մասնատել է ազգին բոլոր մակարդակներով, հնարավոր գրեթե բոլոր ձևերով, անգամ իրենց ընտանիքներում: Երևի վերջին մասնատումը պահված էր եկեղեցու համար: Չնայած բոլորս ունենք տարբեր կարծիքներ, այնուամենայնիվ փորձում ենք այն չբերել համայնքներ՝ դրանց նորմալ գործունեությունը չխաթարելու համար: Ինչու եք դո՞ւք լծվել հոլանդահայության մասնատման գործին՝ շատ լավ իմանալով, որ հոլանդահայերի շրջանում կան նաև այլ կարծիքներ: Հուսամ թերթը մաս չի դարձել ստեղծվող «նոր Սփյուռքի» ծրագրին, որի մեջ պետք է լինեն միայն իշխանական կողմնորոշում ունեցողները:
2018 թվականից հետո կատարվածը պետք է մեզ դաս լիներ: Ափսոս է թերթի խմբագրության տարիների աշխատանքը: Այն արդեն դարձել է բոլոր հոլանդահայերինը՝ իր շուրջ համախմբելով հազարավոր ընթերցողների: Պետք չի թերթը դարձնել ներազգային, երկրի և ազգային եկեղեցու հեղինակությանը միայն վնասող խառնակությունների հարթակ՝ ըստ ձեր անձնական քաղաքական կողմնորոշման (դրա համար կան անձնական էջեր): Արդեն շատ ցավալի է այն, ինչ կատարվում է մեր երկրում: Եվ մեզ լրիվ բավարար են արտաքին մարտահրավերները: Այս ծանր իրավիճակում թերթի հրապարակումներում հարցին պետք է նայել ոչ թե անձնական նախընտրությունների տեսանկյունից, այլ նայել թե ինչ է կատարվում մեր ազգի ու երկրի շուրջ և ովքեր են այս ամենի շահառուները:
Թող միշտ կանգուն մնան Հայոց պետականությունը և Հայ Եկեղեցին: Իշխանությունները կգան ու կգնան, միայն նրանց լավ ու վատ գործերը կմնան:
Հարգանքով՝ Ալիսա Մովսեսյան
Ֆեյսբուքյան հարթակում Տիկին Ալիսա Մովսիսյանը «Հայոց Աշխարհ» օգտատիրոջ անվամբ նաև այսպիսի մեկնաբանություն էր թողել:
Ո՞վ է այս հոդվածի հեղինակը: Նման թեմա վերլուծողը պարտավոր է գրել իր անունը հոդվածի տակ: Հոլանդահայ թերթում խնդրի նման հապճեպ ու մակերեսային մեկնաբանությունը ՝ առանց պատճառահետևանքային վերլուծության (որտեղից թելադրվեց այս «հոգևոր ճգնաժամի» օրակարգը, ինչու՞ հիմա, ինչպե՞ս առաջ քաշվեց այս հարցը և ի՞նչ նպատակով) աներևակայելի էր և չափազանց վնասակար: Սա ուղիղ հարված է Հայ Առաքելական Եկեղեցուն: Այն եկեղեցուն, որ հայ ինքնության անբաժանելի մասն է հազարավոր տարիներ: Սա հարված է մեր ինքնության հիմնասյուն հանդիսացող միակ, դեռևս ամուր պահպանված կառույցին: Սա բոլորովին էլ անմեղ վերլուծություն չէ հայաստանյան այսօրվա իրականությունն իմացողի համար: Անհնար էր պատկերացնել, որ Սփյուռքում հային հայ պահող հիմնական կառույցի դեմ կլիներ նման հրապարակում: Մինչ այժմ կարծել ենք, թե« Նիդերլանդական օրագիրը» միտված է հոլանդահայերին համախմբելու և նրա հաջողություններն ու խնդիրները ներկայացնելու և հարգանք ունի Հայ Եկեղեցու նկատմամբ: Եթե սա ինչ-որ մեկի անձնական թերթն է, ասեք իմանանք: Ի միջի այլոց, Հայ Առաքելական Եկեղեցու հարցերը վերաբերում են միայն ու միայն այդ եկեղեցու հետևորդներին, մյուսները կատարել են իրենց ընտրությունը:
(Սույն հոդվածը զուտ Ալիսա Մովսեսյանի անձնական տեսակետն է, որի վերաբերյալ Նիդերլանդական օրագրիրն իր նկատառումներն ունի):
«Նիդերլանդական Օրագրի» պարզաբանումը՝ Ալիսա Մովսիսյանի արձագանքին
«Նիդերլանդական Օրագրի» կողմից,- Հունիսի 9-ի`«Նիկոլ Փաշինյանի կաթողիկոսին ուղղված նոր հայտարարությունն ու դրա օրինական հիմքերը» վերնագրով հոդվածին Ալիսա Մովսիսյանի արված արձագանքին
«Նիդերլանդական Օրագրի» հունիսի 9-ի վերլուծական հրապարակումը, որը նվիրված էր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի մասին արված հայտարարությանը, նպատակ ուներ լուսաբանել պետություն-եկեղեցի հարաբերությունների մեջ առաջացած նոր իրողությունը։ Վերլուծությունը խարսխված էր բացառապես հրապարակային հայտարարությունների, իրավական կարգավորումների, բարոյական-հասարակական ընկալումների վրա՝ առանց ուղղակի մեղադրանքների կամ որևէ անձի վարկաբեկման։
Ցավոք արձանագրեցինք, որ տիկին Լարիսա Մովսիսյանի արձագանքը, ի հեճուկս ներբողային տեքստի, փաստացի խորապես հեռանում է մեր հոդվածի բովանդակությունից, չի անդրադառնում հոդվածում զետեղված վերլուծական շեշտադրումներին, և փոխարենը կենտրոնանում է մեր նկատի չառնված ենթադրությունների, քաղաքական կողմնորոշման վերաբերյալ անհիմն մեղադրանքների և Հայոց Առաքելական Եկեղեցու շուրջ այլընտրանքային մեկնաբանությունների վրա։ Այս դիտանկյունով ավելի տեղին ու շահեկան կլիներ, որ տիկին Ալիսան հանդես գար առանձին հոդվածով, քան այն ներկայացներ, որպես մեր հոդվածին արձագանք:
Ինչի մասին է մեր հոդվածըՄեր հրապարակման առանցքը հետևյալ հարցադրումներն էին.Ինչու և ինչ համատեքստով է վարչապետը նման հայտարարությամբ հանդես եկել։Ի՞նչ իրավական և քաղաքական հետևանքներ կարող է ունենալ այդ հայտարարությունը։Ինչպե՞ս է սա անդրադառնալու պետություն-եկեղեցի սահմանազատված հարաբերությունների վրա՝ ՀՀ Սահմանադրության շրջանակում։Եվ, ամենակարևորը, ինչպե՞ս է այս խնդիրը ազդելու սփյուռքի կառույցների վրա, որոնցից շատերը գործակցում են հենց եկեղեցու միջոցով։Հոդվածը կառուցված է փաստերի, իրավական հիմնավորումների, գործող Սահմանադրության սկզբունքների և բարոյական, քաղաքական վերլուծության վրա։ Այն ներառում է նաև լուծումների մատնանշում, ոչ թե միակողմանի պիտակավորում։Հոդվածը չեզոքության պահպանմամբ փորձ էր հստակեցնել պետություն-եկեղեցի սահմանազատման շրջանակներում ի հայտ եկող խնդիրների ազդեցությունը ոչ միայն ներպետական, այլև Սփյուռքի համայնքային կազմակերպվածության վրա։ Խնդիրի քաղաքականացումը և հասարակական բևեռացումը հիմք տվեցին վեր հանելու այն ռիսկերն ու հետևանքները, որոնք կարող են առաջանալ, երբ կրոնական կառույցի ներքին ճգնաժամը դառնում է լայն հանրային դիսկուրսի թեմաԻնչի մասին չԷ մեր հոդվածը
Մենք չենք թիրախավորել Հայ Առաքելական Եկեղեցու արժեքները, նշանակությունը, պատմական դերը և չենք բարձրացրել անձնական մեղադրանքներ։ Հոդվածը կասկածի տակ չի դնում հավատքի և հոգևոր կառույցների կենսունակությունն ու անհրաժեշտությունը։ Ավելին՝ մենք անդրադարձել ենք դրանց կարևորությանը, Սփյուռքի համախմբման գործում դրանց բացառիկ դերին և նշել ենք, որ այս նոր իրավիճակը կարող է ստեղծել ճգնաժամ, եթե չգտնվեն ողջախոհ և իրավական ճանապարհներ իրավիճակը կարգավորելու համար։
Թերևս այսքանով կարող էինք պատասխանել տիկին Ալիսային 2-3 անգամ ավել արված արձագանքին, բայց անցնենք առաջ`ավելի հասկանալի դարձնելու ամեն բան:
Անհամաչափ արձագանք և թեմայից շեղումներ
Տիկին Ալիսա Մովսիսյանի արձագանքն ակնհայտորեն շեղվում է «Նիդերլանդական Օրագրի» հոդվածի բովանդակությունից՝ այն վերածելով ընդհանրական հակաիշխանական հայտարարության, որտեղ բացակայում է բուն վերլուծված նյութին առնչվող կոնկրետ հակափաստարկները։ Տիկին Մովսիսյանի արձագանքի հիմնական մասը նվիրված է Եկեղեցու՝ ազգային նշանակության ու համազգային գործունեության նկարագրությանը, ինչը մենք նույնպես բազմիցս ընդգծել ենք մեր նախորդ հոդվածներում։ Բայց մեր սույն հոդվածի հետ ուղիղ արձագանք գրեթե չկա։ Որոշ դեպքերում արված է հակասական կամ պարզաբանման կարիք ունեցող պնդումներ։
Մինչդեռ մեր հոդվածը չէր առնչվում ոչ Հայ Առաքելական Եկեղեցու բարեգործական առաքելությանը, ոչ էլ նրա միջազգային գործունեությանը։ Մովսիսյանի անդրադարձը՝ սկսած Արցախյան հարցից մինչև միջազգային հարթակներում Վեհափառի ելույթները, որևէ կերպ չի կարող դիտվել որպես համարժեք արձագանք հունիսի 9-ի մեր հոդվածին։ Ավելին՝ նա փոխարինում է մասնագիտական քննախույզ վերլուծությունը ենթադրություններով, հուզական գնահատականներով և կոշտ քաղաքական դիրքորոշումներով։
Անհասկանալի է, օրինակ, ինչպես է համեմատվում պետության ազգային անվտանգության սպառնալիք համարվող «խաղաղության» պայմանագիրը 300,000 ադրբեջանցու վերաբնակեցման ենթադրությամբ՝ կաթողիկոսի անձնական վարքի մասին հայտարարության հետ, երբ մեր հոդվածը բացառում էր անձնական պիտակումներ։ Սա ոչ թե համեմատություն է, այլ թեմատիկ խառնաշփոթ, որը շեղում է ընթերցողին բուն քննարկումից։
Եկեղեցի և պետություն՝ ճգնաժամի նոր փուլ
Մեր հոդվածում առանց գնահատողական լեզվի շեշտադրվել էր այն, որ վարչապետի հայտարարությունն ինքնին կրում է քաղաքական ծանրություն։ Այլ խոսքով՝ բարձրացվել է հարց, որը դուրս է գալիս անձնական բարոյականության գնահատականների շրջանակից և մտնում է սահմանադրական կարգավորման դաշտ։ Եվ այդ հարցադրումը՝ որպես իրավական և բարոյական խնդիր, պահանջում է քննարկում՝ պետական, հասարակական և համայնքային շրջանակներում։ Չկա անձին թիրախավորող արտահայտություն, այլ փորձ է՝ վերլուծելու հետևանքները, որոնք կարող են ի հայտ գալ, եթե եկեղեցու ղեկավարի վերաբերյալ նման մեղադրանքներ ներսում մնան անլուծելի և հանգեցնեն հանրային ցնցումների։
Տիկին Մովսիսյանի մեկնաբանությունն այս առումով փորձում է լուսաբանել միջազգային քաղաքական ֆոնն ու աշխարհաքաղաքական զարգացումները՝ որպես հնարավոր դրդապատճառ իշխանության՝ եկեղեցուն քննադատելու համար։ Սակայն նրա «թեզերն» առավելապես հիմնված են հիպոթետիկ շղթաների վրա, որոնք չունեն փաստական կապ հոդվածի բուն թեմայի հետ։
Չնայած Ալիսա Մովսիսյանի անհամաչափ արձագանքին ու թեմայից շեղումներին
Մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ տիկին Մովսիսյանն անդրադառնում է Սփյուռքի ներսում կարծիքների գոյությանը՝ հարցադրելով նույնիսկ թերթի նպատակը և խմբագրական արժեհամակարգը։ Սա արդեն դուրս է գալիս լրագրողական կամ փորձագիտական վեճի սահմաններից և վերածվում է ուղիղ ակնարկի՝ կարծիքի ազատության սահմանափակման։ «Նիդերլանդական Օրագրի» առաքելությունն է սփյուռքահայության խնդիրների անաչառ ներկայացումը՝ համահայկական շահի տեսանկյունից։ Հրապարակումն առաջին հերթին միտված էր պաշտպանելու եկեղեցու հեղինակությունը այն վտանգներից, որոնք կարող են ի հայտ գալ, երբ ներքին խնդիրները չեն լուծվում ներքին կարգով։
Ավելին՝ մեր հոդվածում հստակ շեշտադրված էր եկեղեցու՝ որպես ինքնության հենասյան, անփոխարինելի դերը Սփյուռքի պահպանման և ինքնության շարունակության համար։ Այս մասին նույնպես Մովսիսյանը լռում է՝ փորձելով ներկայացնել «Նիդերլանդական Օրագիրը» որպես եկեղեցուն դեմ հանդես եկող կառույց, ինչը ակնհայտ խեղաթյուրում է փաստերը։ Օրինակ.
Մովսիսյանը բարձրացնում է հոդվածի հեղինակի հարցը՝ փորձելով դրա վրա կառուցել ամբողջ հրապարակման անվստահելիության պնդումը։
Միևնույն ժամանակ, ներկայացնում ենք մեր հրապարակման նպատակներն ու մոտեցումը՝ ի պատասխան տիկին Մովսիսյանի հնչեցրած հարցադրումների։
«Ո՞վ է հոդվածի հեղինակը»-Նշված վերլուծությունն իսկապես հրապարակվել է խմբագրական ձևաչափով, ինչը նշանակում է՝ այն ներկայացնում է թերթի խմբագրի կամ խմբագրության տեսակետը։ Դա ընդունված և սովորական ձև է համաշխարհային մամուլում, երբ լրատվամիջոցի վերլուծությունը հրապարակվում է առանց անձնական ստորագրության, սակայն ամբողջ պատասխանատվությամբ՝ խմբագրության անունից։
Եվ այո՝ մենք հավատում ենք, որ ոչ մի հաստատություն՝ որքան էլ սուրբ լինի, չի կարող վեր կանգնել հանրային քննարկման, երբ հարցերը վերաբերում են հանրային վստահությանը, հաշվետվողականությանը կամ սահմանադրական լիազորություններին։
Պատասխան հարցերին
Անդրադառնանք առկա այլ դիտարկումներին.
«վերլուծել, թե որտեղից է գալիս հոգևոր ճգնաժամի օրակարգը»- մեր վերլուծության մեջ տեղ էր գտել այդ բաղադրիչը ևս, և մենք բաց ենք թեման խորացնելու, առավել բազմակողմ ներկայացնելու համար։
«Հայ Եկեղեցու հարցերը միայն նրա հետևորդներին են վերաբերում»-Սա կարևոր դիտարկում է, սակայն երբ Հայ Եկեղեցու վերնախավի շուրջ քննարկումները տեղափոխվում են պետական մակարդակ և դառնում ներքաղաքական դիսկուրսի թեմա, հարցը դադարում է փակ լինել։ Երբ ՀՀ վարչապետը ուղիղ կերպով հայտարարում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ գահից հեռանալու հարցը և դա դառնում է արտակարգ հաղորդագրություն բոլոր լրատվամիջոցների՝ այդ թվում միջազգային, ապա հարցը դառնում է հանրային, իսկ մամուլը՝ պարտավոր է այն վերլուծել։
«Թերթը պետք է միավորի, ոչ թե պառակտի»- Համաձայն ենք։ Բայց իրական համախմբում կարող է լինել միայն այն դեպքում, երբ ձայները չխեղդվեն, երբ բազմակարծությունը դիտվի որպես արժեք, երբ հարցերը չծածկվեն հարթ հռետորաբանությամբ։ Հետևաբար, մենք չենք կարող մեր ընթերցողներին առաջարկել միայն միահունչ գովեստներ՝ խուսափելով բարդ թեմաներից։ Դա կլինի մոլորեցնող և ոչ օգտակար։
«Հապճեպ ու մակերեսային վերլուծություն»:- Ձեր գնահատականը՝ որպես ընթերցող, հարգում ենք։ Բայց պիտի փաստենք՝ մեր նպատակն էր թեմայի հանդեպ իրավական, ինստիտուցիոնալ և քաղաքական տեսանկյունից բովանդակալից մեկնաբանություն տալը, ոչ թե՝ հոգևոր հարցերի քննարկումը։ Մենք չքննադատեցինք ոչ եկեղեցին, ոչ հավատքը։ Մենք անդրադարձանք պետության և եկեղեցու հարաբերությանն՝ այն պահին, երբ թեման դարձել էր հանրային շահի հարց։
Մենք՝ որպես լրատվամիջոց, շարունակում ենք հավատարիմ մնալ մեր առաքելությանը՝ ծառայել հոլանդահայ համայնքին՝ ոչ թե կարծիք պարտադրելով, այլ կարծիք ձևավորելու հնարավորությունը ընձեռելով։
📌 Մեր վերլուծության նպատակը
Մենք չենք առաջնորդվում անձնական կամ քաղաքական նախընտրություններով։ Մեր վերլուծությունը անդրադառնում էր մի հանրային և բարձր մակարդակի հայտարարության, որն արվել է ՀՀ վարչապետի կողմից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին։ Նման լուրջ հայտարարությունն արդեն ինքնին դուրս է բերվում փակ սենյակներից՝ դառնալով համազգային քննարկման թեմա։
Հրապարակման նպատակն էր ոչ թե հարվածել եկեղեցուն, այլ բացատրել իրավական և սահմանադրական այն շրջանակը, որի ներսում կարող է զարգանալ նման իրադարձությունը։ Մենք փորձել ենք հարցին մոտենալ հավասարակշռված՝ ներկայացնելով ինչպես պետության, այնպես էլ եկեղեցու իրավասությունները։
Ինչո՞ւ չենք «լռել»
«Չխաթարել համայնքների նորմալ գործունեությունը»՝ Ձեր այս միտքը խորապես հարգում ենք։ Բայց երբ հարցը դուրս է գալիս ներքին դռների հետևից և դառնում է համազգային քննարկման առարկա՝ այդ թվում մամուլում, հրապարակային ասուլիսներում և քաղաքական հարթակներում, լրատվամիջոցը չի կարող լռել։ Լռությունն այս պարագայում կնշանակի խուսափել ճշմարտության որոնումից։
Մենք չենք մեղադրել, չենք դատել, չենք արդարացրել որևէ կողմ։ Մեր հոդվածը վերլուծական էր՝ ոչ թե դատողություն կամ քարոզչություն։
Հակառակ կարծիքների տարածման բաց լինելը
Համաձայն ենք, որ հոլանդահայությունը մոնոլիթ չէ, և կան տարբեր կարծիքներ։ Մենք հրապարակում ենք նաև այլ տեսակետներ՝ և այդ հնարավորությունը բաց ենք պահում բոլորի համար՝ այդ թվում Ձեր։ Մենք չենք պատկանում «նոր Սփյուռքի» կամ որևէ ծրագրի։ Թերթը անկախ է, և դա մեր տարիների ամենաթանկ ձեռքբերումն է։
«խառնակության հարթակ ենք բացում»- կրկին կարդացեք հունիսի 9-ի մեր հոդվածը` կտեսնեք, որ այն հիմնված է փաստերի վրա։
«խախտում ենք Սփյուռքի միասնությունը»- իրականում բարձրացնում ենք այն խնդիրները, որոնք հենց Սփյուռքի վրա կարող են բացասաբար ազդել։
«անցել ենք անձնական քաղաքական դիրքորոշման»- մեր հոդվածում բացակայում է կուսակցական դիրքորոշում։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն անդրադառնալիս պահպանել ենք չեզոքությունը, վերլուծելով դրա հնարավոր հետևանքները։
«ներկայացրել ենք թեման մակերեսային»- իրականում հոդվածը կշռադատված էր իրավաբանական, բարոյական, քաղաքական և եկեղեցաշինական շերտերով։
Ավելին` մեր հոդվածը ընդհանուր լավ արձագանք ու հետաքրքրություն է ունեցել, առկա են հակադիր կարծիքները: Այս պահի դրությամբ միայն ֆեյսբուքում 12,000-ից ավելի դիտում ունի, ընթերցողներից միայն չնչին տոկոսն է (4հոգի) արտահայտել բացասական վերաբերմունք։ Հակադիր մեկնաբանությունները գալիս են տարբեր կողմերից, այդ թվում՝ նրանք, ովքեր փաստում են Կաթողիկոսի գործողությունների անհամատեղելիությունը հոգևոր առաջնորդի վարքականոնին և պաշտպանում են իշխանության առաջ քաշած հարցը:
Սա հուշում է, որ հոդվածը դիպել է իրական քննարկման կիզակետին։ Դա է լրագրության և հանրային վերլուծության նպատակը։
Եզրակացություն
«Նիդերլանդական Օրագրի» հունիսի 9-ի վերլուծությունը եղել է փաստառատ, զուսպ ու կառուցողական՝ ոչ որևէ անձի կամ կառույցի դեմ։ Տիկին Մովսիսյանի արձագանքում առկա են զգայական, քաղաքականացված ու երբեմն մանիպուլյատիվ հարցադրումներ, որոնք չեն համադրվում վերլուծության բովանդակության հետ և զուրկ են հավասարակշռվածության սկզբունքից։
Մենք մնում ենք մեր սկզբունքին՝ լինել հարթակ ոչ թե քարոզչության, այլ՝ գաղափարական քննարկման, տարբեր կարծիքների ազատ արտահայտման, որոնք պետք է նպաստեն ոչ թե համայնքների պառակտմանը, այլ՝ համախմբմանն ու արժանապատիվ երկխոսությանը՝ պետության, եկեղեցու ու Սփյուռքի միջև։
«Նիդերլանդական Օրագիրը» չի ծառայում որևէ քաղաքական ուժի, եկեղեցական ֆիգուրի կամ անհատի շահերին։ Մենք ծառայում ենք տեղեկատվությանը, Սփյուռքի իրազեկմանը և մեր ժողովրդի՝ իրավունքի, պետականության, հավատքի ու ինքնության մասին արժանապատիվ քննարկմանը։
Եթե ինչ-որ կառույցում կան խնդիրներ, դրանք պետք է բարձրաձայնվեն պատասխանատու ձևով։ Լռությունն ու քողարկումը հարված են ողջ համակարգին՝ լինի դա պետություն, լինի Եկեղեցի։
Մենք չենք ընտրել կողմ, մենք բարձրացրել ենք հարց։ Եվ ակնկալում ենք, որ դրա պատասխանները կհնչեն ոչ թե կասկածի, պիտակումների կամ անձնական վրդովմունքի տեսքով, այլ փաստարկված վերլուծությամբ, որը կնպաստի թե՛ պետության, թե՛ Եկեղեցու առողջացմանը։ Ամենայն հարգանքով Ձեր անձը, թերևս մեջբերենք Ձեր արձագանքում հնչեցրած խոսքերը`«Թող միշտ կանգուն մնան Հայոց պետականությունը և Հայ Եկեղեցին»:
---------------------------
ԽՈՍՔՆ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵՐ ԱՅՍ ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍԻՆ ԷՐ