Նորայր Զուլոյանի հանդիպումը Շառլ Ազնավուրի հետ
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։ Մեծն հայը, որ իր կյանքը նվիրեց երաժշտությանը և հայրենիքին, թողեց նաև անմոռանալի մարդկային պատմություններ։ Նրանցից մեկը՝ Նորայր Զուլոյանի կողմից այսօր հիշվում է հուզմունքով ու հպարտությամբ։
![]() |
Նորայր Զուլոյանը |
1992 թվականին Նորայր Զուլոյանը հանդիպում է Շառլ Ազնավուրին։ Այդ մեկ ժամանոց զրույցի ընթացքում Ազնավուրը անկեղծ ցանկություն է հայտնում՝ «բզդիկ խաչքար մը ունենալու իրեն պարտեզին համար...»։ Զուլոյանը խոստանում է՝ և իր խոստումը կատարում է։
Այդ տարի հունիսին, վանաձորցի հռչակավոր խաչքարագործ Սերգեյ Դանիելյանի կերտած խաչքարը բեռնվում է վարորդ Տիգրան Մալումյանի KAMAZ-ի վրա։ Ճանապարհն ուղիղ դեպի Ֆրանսիա էր։ Խաչքարը ընդունում է Ազնավուրի օգնական՝ Ժիրայր Մարկոսեանը, իսկ շուտով այն զարդարում է մեծանուն երգչի պարտեզը։
Ազնավուրը, որպես երախտիքի նշան, Նորայր Զուլոյանին նվիրում է ստորագրությամբ պաստառ՝ գրելով. “INTERKAP-ին մեծ սիրով ու հարգանքով”։ Հանդիպումն անմահացվում է նաև մի լուսանկարով, որտեղ Ազնավուրը պատկերված է խաչքարի մոտ՝ հայացքը տված հեռուներին։
Այս պատմական հանդիպման միջնորդն էր Վենետիկի Մուրադ-Ռափայելեան քոլեջի 1991-1993 թթ. տնօրեն Հ. Ռափայել Վրդ. Անդոնեանը։
Այս պատմությունը միայն մի օրինակ է, թե ինչպես էր Ազնավուրը կապված իր ազգի մշակույթի, հոգևոր ժառանգության ու հայության հետ։
Հիշատակդ վառ, Մեծն Հայ:
։
Շառլ Ազնավուր․ Հայ ժողովրդի մշակութային համաստեղության գերաստղը (101-ամյակի առթիվ)
Հեղինակ՝ Hay Azian /Նիդ.օրագիր
«Ո՞վ կարող է մի բառով ամփոփել Ազնավուրին» — Այս հարցի պատասխանը միայն լռությունը կարող է լինել։ Քանզի Շառլ Ազնավուրը միայն անուն ու անձ չէ։ Այն զգացմունք է ու մի ամբողջ աշխարհ։ 101 տարի առաջ՝ 1924-ի մայիսի 22-ին, ծնվեց մեկը, որը պիտի դառնար մարդկության պաշտելի երանելիներից մեկը` շանսոնի վարպետ, դիվանագետ, հումանիստ և ամենակարևորը՝ իսկական հայի խտացված կերպար։
Ազնավուրի պատմությունը սկսվում է ոչ թե Փարիզում, այլ Կարսում ու Սեբաստիայում՝ իր նախնիների կորցրած հայրենիքում։ Նրա ծնողները փրկվեցին ցեղասպանությունից և նոր կյանք սկսեցին Ֆրանսիայում։ Այդ ցավի ու վերածննդի ժառանգությունը եղավ նրա արվեստի հիմնաքարը։ Շառլը պատվով կրում էր ոչ միայն իր անունը, այլ իր փշրված ազգի մի բեկորն էր։ Նա յուրաքանչյուր երգ դարձնում էր համամարդկային արժեք` զգացողության հայելի։
Նա ոչ միայն երգում էր, այլ պատմում էր բեմից՝ սրտով, անկեղծությամբ։ Երգն Ազնավուրի շուրթերով դարձավ խոստովանություն։ Նրա ձայնը՝ երբեմն խռպոտ, երբեմն փխրուն, բայց միշտ ճշմարիտ՝ հնչում էր աշխարհի ամենահեռու անկյուններում։
«La Bohème», «She», «Comme ils disent», «Emmenez-moi»` լսվեցին այնտեղ, որտեղ սիրեցին արվեստը, ուր հարգեցին ցավը` գրված հույզերով։
1988 թվականի երկրաշարժից հետո Ազնավուրը դարձավ ոչ միայն բարեգործ, այլ՝ շարժիչ ուժ։ Նա հիմնեց «Aznavour pour l’Arménie» հիմնադրամը, հավաքեց համաշխարհային արտիստների՝ աջակցելու ավերված հայրենիքին։
2009-ին դարձավ Հայաստանի դեսպան Շվեյցարիայում և ՄԱԿ-ում՝ ապացուցելով, որ արվեստագետը կարող է լինել նաև դիվանագետ՝ առանց վերածվելու քաղաքական գործչի։
Ազնավուրը գրեց նաև գրքեր, հանդես եկավ կինոյում, աջակցեց երիտասարդ արվեստագետների։ Նա երբեք չմոռացավ իր ինքնությունը։ Ազնավուրն ապացուցեց՝ «հայ» լինելը չի նշանակում սահմանափակվել ազգությամբ, այլ ընդարձակել մարդկային տեսակի հոգևոր սահմանները։
Մահից հետո էլ Ազնավուրն ապրում է
2018-ի աշնանը աշխարհը հրաժեշտ տվեց Ազնավուրին, հազարավոր պատուհաններից հնչեց «Hier encore»։ Սա հրաժեշտ էր ֆիզիկապես։ Իրականում դա հնարավոր չէ։ Ազնավուրն ամենուր է։ Նա ապրում է՝ Երևանում գործող Ազնավուրի կենտրոնում, Փարիզի փողոցներում, և ամենայն հայության մեջ՝ որպես ժամանակի, ցավի և վեհության ձայն։ Նա որպես գերաստղ լուսավորում է մոլորակը։
Շառլ Ազնավուրը հայ ժողովրդի արվեստի, բարոյականության և համամարդկային արժեքների հպարտ ցուցանակն է։ Նրա 101-ամյակը սոսկ թիվ չէ։ Դա հիշեցում է՝ երբ հայը երգում է, աշխարհը լսում է։
Ամենավերևի լուսանկարում` Ազնավուրը Ինտերկապի(Հիմնադիր տնօրեն` Նորայր Զուլոյան) իրեն նվիրած խաչքարի մոտ (խաչքարի պատմությունը այս էջի վերևի գրառման մեջ)։
Արցախի մշակութային ժառանգության պահպանության պետական խորհուրդը հայտարարություն տարածեց՝ փաստելով, որ «ադրբեջանցի» զավթիչները ոչնչացրել են Շառլ Ազնավուրի կիսանդրին
101 տարի առաջ այս օրը ծնվեց հայ ժողովրդի ականավոր զավակը՝ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Շառլ Ազնավուրը (իրական անունը՝ Շահնուր Վաղինակի Ազնավուրյան):
Ազնավուրի անունը ոսկե տառերով է գրվել համաշխարհային երգարվեստի պատմության էջերում՝ նրան արժանի տեղ ապահովելով ոչ միայն որպես հանճարեղ երգիչ, այլև որպես հասարակական և մշակութային գործիչ։ 1995–2018 թվականներին նա հանդիսանում էր ՀՀ դեսպանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում, որտեղ ակտիվորեն մասնակցում էր հայկական մշակութային ժառանգության պաշտպանության գործին։
Շառլ Ազնավուրը ոչ միայն փայլուն արվեստագետ էր, այլև՝ հայ ժողովրդի մշակութային հիշողության նվիրյալ պահապանը։ Թեև մասնագիտությամբ ճարտարապետ կամ հնագետ չէր, նրա հումանիտար և մշակութային գործունեությունը մեծապես նպաստել է հայկական պատմամշակութային կոթողների, այդ թվում՝ եկեղեցիների, պահպանմանն ու վերականգնմանը։
2021 թվականի մայիսի 22-ին Ստեփանակերտում կանգնեցվեց Շառլ Ազնավուրի կիսանդրին՝ որպես հայ-ֆրանսիական բարեկամության և մշակութային կապերի խորհրդանիշ։ Կիսանդրու հեղինակներն են ճարտարապետ Մամիկոն Ֆարսիյանն ու քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը։ Այն տեղադրված էր Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տարածքում՝ Պոլ Էլյուարի անվան Ֆրանկոֆոնիայի կենտրոնի հարևանությամբ, հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում։
Սակայն, 2023 թվականի սեպտեմբերին «Ադրբեջանի» կողմից Արցախի ամբողջական բռնազավթումից և հայաթափումից հետո, Ազնավուրի կիսանդրին ևս հայտնվեց ոչնչացման վտանգի տակ՝ ինչպես արցախյան մյուս մշակութային ժառանգության օրինակները։
Շառլ Ազնավուրը մեծագույն հայ էր` ամենից առաջ Հայ Դատի նվիրյալ զինվոր, ում ազդեցիկ կերպարից զգաստանում էին բոլոր ժամանակների ֆրանսիական իշխանությունները և դրական ընթացք տալիս Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևերին, խոսում էր Արցախի ինքնորոշման, արցախցի ժողովրդի իրավունքներից։ Արդյո՞ք նաև սա չէ պատճառը, որ այսօր Արցախը բռնազավթած «ադրբեջանական» պետությունը (իր թիկունքին ունենալով Թուրքիայի պես հայատյաց ու ցեղասպան երկրի աջակցությունը)` իրականացնում է այս մեծամասշտաբ մշակութային ցեղասպանությունը` չշրջանցելով նաև Մեծն Ազնավուրի կիսանդրին։ Փաստորեն , իրեն «եվրոպական ժառանգության մաս» համարող բարբարոս երկիրին իր մշակութային ցեղասպան քաղաքականությունը իրականացնելու ճանապարհին կանգ չառավ նաև այն փաստի առաջ, որ Շառլ Ազնավուրը ոչ միայն հայ է, այլև առաջին հերթին ֆրանսիական մշակույթի` համաշխարհային երգարվեստի անբաժան մասն ու հարստությունն է։
2024 թվականի փետրվարի 27-ին Արցախի մշակութային ժառանգության պահպանության պետական խորհուրդը հայտարարություն տարածեց՝ փաստելով, որ «ադրբեջանցի» զավթիչները ոչնչացրել են Շառլ Ազնավուրի կիսանդրին
Ինչպիսի՞ն է լինելու Ֆրանսիայի արձագանքը, որի նախագահը Մեծն Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ, խոնարհվելով նրա վիթխարի մեծության առաջ, ասում էր, թե իրենց երկրում պոետները չեն մահանում։ Մենք`որպես համաշխարհային մեծության Ազնավուր ծնած ազգի սերունդ, համարժեք պատասխան ու արձագանք ամենից առաջ հենց Ֆրանսիայից ենք սպասում։
Ombudsman of Culture of the Armenian HighlandsՀայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն` Հովիկ Ավանեսով
No comments:
Post a Comment